c8c673bf45cf5aeb
  • Пн. Дек 23rd, 2024

Лиза Мирзоян. Арцах, я люблю тебя!

Июн 26, 2015

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

 Ես սիրում եմ քեզ, Արցախ՛

Лиза Мирзоян
Лиза Мирзоян

Բարի՜ լույս…

Զարմացրի՞ ձեզ:Եթե արցախցի եք՝ մի՛ զարմացեք, որովհետև այսպես են դիմում իրար Արցախում լինի ծանոթ,թե անծանոթ:

Բարի՜ լույս,իմ Արցա’խ աշխարհ,լույսդ բարի:Թող գլուխս դնեմ քարեղեն քո ծնկներին,համբուրեմ քո լանջերի ցաված անհունները,Քիրսի,Մռովի գագաթներին ծվարած լույսերի մեջ թափառեմ ու խոստովանեմ քո հողին,քարին,ջրի շառաչին…

-Քո ցավը տանեմ,իմ մա՛յր հայրենիք…

Առավոտ է,լուսաբացի սարսուռ:Լույսը բարի հավաքվում,դառնում է  հրե գունդ, գնդակի պես գլորվում իմ հայրենիքի երկնակամարով,դառնում երկնաբերձ բարդու վերջին նազանք,համբուրում արծաթափայլ փշատենու թավշե տերևները և դառնում անդաստաններին ալիքվող հորովել:

-Հո՛արա, հո՛, ապան մատաղ…

Իմ Արցա՛խ աշխարհ ,ես քեզ հենց այդպիսին եմ սիրում՝ մաքուր ու անապական,ավանդական ու հին, նոր ու արդիական, խենթ ու խանդավառ:

Գարունը Արցախ աշխարհում  հաղթանակներով է բացվում, եռագույնով են վառվում իմ երկրի հորիզոնները:

Սո՛ւս,ակա՛նջ արա, բազմաչարչար իմ հողը նորից երկնում է, նոր ծիածաններ են ծնվում,նոր քարափներ են շիկնում, նոր արևներ խանձում աշխարհի ճակատը:ՈՒ երկունքի բոսորագույն շողի միջից հառնում է նոր մի Արցախ ՝ այնքան ծեր ու այնքան ջահել, այնքան իմաստուն ու այնքան մանկորեն պարզ :

Սիրում եմ քո խելացնոր առավոտները՝ խորհրդավոր ու հեքիաթային:Հարսանիք է իմ հայրենի բնաշխարհում:Պարում են լեռները, պարում են քոչարի՝ ուս ուսի,թև թևի տված:Չգիտեմ լեռնե՞րն են առաջինը պարել այդ պարը, թե հայերը:Տատս միշտ ասում էր,որ լեռները մեր տղամարդիկ են,իսկ դաշտերը կանայք՝ առինքնող ու պչրող:Ինչպե՞ս չխանդեն մեր լեռները,այլապես երկիրը չէր հարատևի, որովհետև մեր դաշտերը շատ երկրպագուներ ունեն:

Իմ սիրելի՛ Արցախ, ես սիրում եմ քո լեռների պարը՝ միասնական ու ներդաշնակ,խրոխտ ու ահազարհուր՝ ի տես մեր դարավոր թշնամիների:

Մենք ենք, մեր սարերը…

Խոնարհվեք արյունով և արցունքով  ջրված արցախյան հողին և ակնածանքով համբուրեք. դուք կտեսնեք՝ ինչպես է ճաքում հողի շրթունքը, ու նրա ներսում ունդերը պայթում, և դուրս է գալիս ձնծաղիկը,մանուշակը,անմոռուկը…Զգու՛յշ,  չպոկե՛ք, նրանք մեր նահատակներն են՝ ծաղիկ դարձած և օրհնում են մեր այս գարունը, վերածնված մեր աշխարհը  և ծաղկագորգի պես փռվում  մեր վերելքի ճանապարհին:

ԵՎ մանուշակվում  են մեր աչքերի մեջ  կապույտ մի կարոտ ու մի երազանք, որ ծվեն-ծվեն լուծվել են աղի արտասուքի մեջ և հավետ փակել տունդարձի ճամփան:

-Կռու՛նկ, իմ աշխարհից խաբրիկ մը չունի՞ս…

ՈՒ համառորեն ամեն գարուն բացվում են անմոռուկներն ու  պատգամում.

-Հիշե՛ք ու պահանջե՛ք, կողոպտած  մեր գարունները տուն բերեք,

Լսու՞մ եք…

Լսում եմ,իմ կորուսյա՛լ քույրեր ու եղբայրներ,ես ձեր կրտսեր եղբայր Արցախն եմ:Երդվում եմ այս եռագունված վաղորդայնով՝ես ձեզ տուն կբերեմ:Հղթանակներերի իմ դափնեպսակները կփռեմ ձեր տանջահար ոտների տակ,և ազատ  Մասիսը կլինի մեր ամենաշենշող դափնեպսակը:

Գիտե՞ք,  ես չավարտեցի Արցախի մասին իմ սիրո հեքիաթը,պարզապես օրը մայր մտավ, իսկ իմ հյուսած հեքիաթը վերջ չունի, գույները անթիվ են ու այլազան, և իմ սերը հավիտենության պես հավերժ է ու անսահման:

-Բարի՛ գիշեր,հայրենի՛ք,թույլ տուր մի քիչ էլ  նավարկեմ երազներիս օվկիանոսում և քեզ էլ տանեմ հրաշքների աշխարհը:

Լիզա Միրզոյանը

_______________________

Liza_Mirzoyan (5)

Хнацахская средняя школа (с. Хнацах Аскеранского района НКР)

Директор Гюлчора Арзуманян

Учитель Нелли Саакян