Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»
Ես սիրում եմ քեզ, Արցախ
Ի˚նչ է հայրենիքը: Հայրենիքը ոչ միայն հողն ու քարն է, այլև այդ հողին ու քարին շաղախված դարերն է ու մշակույթը` երգը, գիրը, ճարտարապետությունը: Հայրենիքն այս ամենի ճառագայթումն է մարդու շուրջը, մարդու հոգու մեջ:
Իմ հայրենիքն Արցախն է` աշխարհից հեռու մի փոքրիկ անկյուն, մի սրբացած հող, րի մեջ են մեր` դարեր շարունակ թափած արյունը, քրտինքն ու արցունքը,մեր ամբողջ կյանքն ու մեր մահը, մեր հանճարեղ նախնիների սուրբ աճյունները, որից ինքն էլ է սրբանում ու իմաստանում: Արցա’խ, իմ աստվածացա’ծ հայրենիք, որքա~ն հպարտ եմ, որ զավակն եմ քո հերոսացած ժողովրդի, մի ժողովրդի, որի փառահեղ պատմությունն ու անունը, դարերի խորքից են գալիս, որի արմատներն ամուր են կառչած սեփական որդիների արյամբ սրբացած հողին: Հպարտ եմ, քանզի զավակն եմ մի ժողովրդի, որն իր բազմադարյա կյանքի ճանապարհին երբեք չի ավերել, չի խլել օտարինը, անարդար ձևով օտարի ոչ մի կաթիլ արյուն չի թափել և առաջնորդվել է մի սկզբունքով.
<<Օտարի հողին մի’ հետամտիր,
Բայց քո երկիրն էլ նոցա մի’ մատնիր>> …
Մեր հազարամյա կյանքի երկար ճանապարհին, որի վրա փռված են մեր անհուն տառապանքները, ո’չ բանակներ ունեինք մեր պաշտպանության համար, ոչ’ ուժ, բայց հարատևեցինք: Հարատևեցինք, որովհետև օժտված էինք անհնարին վիճակում հնար գտնելու զարմանալի հատկությամբ, որից էլ տարիների ընթացքում թրծվել ու սրվել են մեր միտքը, ձիրքը, ձեռքը, բորբոքվել կառուցման ու ստեղծման տենչը:
Այսօր մենք ունենք մի հզոր բանակ, որն իր ասպետական նկարագրով ցնցում է ողջ աշխարհը և ի լուր ամենքի`հայտարարում.
— Մենք չենք հանդուրժում ստրկությունը և ոչ մեկից ոչինչ չենք ուզում, գնացե’ք ու ապրե’ք խաղաղ ու երջանիկ: Եթե դուք սիրում եք Կյանքը, մենք սիրում ենք կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը:
Ամեն անգամ, թերթելով իմ ժողովրդի, առանձնապես Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների կյանքի պատմությունը, սիրտս լցվում է անսահման հպարտությամբ, անզուսպ հրճվանքով, և ուզում եմ բացականչել. <<Ես սիրում եմ քեզ,հայրենի’ք: Վստահիր ինձ, և ես կլինեմ արժանի հետնորդն Ավոյի ու Բեկորի, Վահանի ու Վարդանի և բազու~մ-բազու~մ այլ հերոսների>>:
Պատերազմի ուրվականը մեր հայրենի հողից դեռ չի հեռացել, բայց համոզված եմ, որ ինչ էլ լինի, Արցախը կպայքարի, կտոկա, կհարատևի և Հայկ նահապետի ժառանգների անմար ոգով կենսահաստատ կքայլի’ դեպի հավերժություն…
Կորչի պատերազմը
Աստղիկ Ասրյան
ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի
__________________________
Нахичеваникская средняя школа, с. Нахичеваник Аскеранского района НКР
Директор — Межлумян Галина Ваняевна
Педагог — Даниелян Марине Суриковна