Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԱՐՑԱ’Խ
Քո սերը, հայրենի’ք, կրակե շապիկ է,
Որ ջերմացնում է, նաև` այրում…
Օտարի համար Արցախը սկսվում է լեռների կանաչազարդ լանջին կանգնած մի ցուցանակից, որը հյուրընկալորեն ու ջերմորեն ազդարարում է` «Ազատ Արցախը ողջունում է ձեզ»: Սակայն ինձ համար Արցախը, որ իմ հայրենիքն է, սկսվում է իմ հոգուց ու մտքից, իմ սրտից ու գիտակցությունից:
Հայրենի~ք…Շշնջում եմ, և շուրթերիս ծաղկում է ժպիտը …
Հպարտության և վեհության աննկարագրելի զգացում է պարուրում հոգիս, ողջ էությունս, և սիրտս ուռչում է այդ զգացողությունից:
Գեղեցիկ ու հիասքանչ է իմ Արցախը իր բնաշխարհով: Գրիչն անզոր է նկարագրելու իմ չքնաղ երկրամասը` իմ վերածնվող լեռնակղզին: Նա մի դշխուհի է` պճնված բազմագույն հանդերձներով, լեռների ոսկեհուռ թագով, զովաշունչ անտառների զմրուխտով, երկնքի լազուրով… Նա մի թանգարան է` պատմական վանքերով, ամրակուռ եկեղեցիներով, սրբատաշ խաչքարերով ու հոյակերտ կոթողներով:
Եվ կարծում եմ, որ աշխարհի ոչ մի երկրում արևն այնպես վառ չի ճառագում, ինչպես իմ գեղատեսիլ Արցախում, և պայծառ երկնքի կապույտը այնպիսի խորհուրդ չունի իր մեջ, ինչպիսին իմ բնօրրանում:
Նորից ծաղկաբույլ գարուն է, կրկին ծիածանվել է Արցախ աշխարհս. անտառների զմրուխտը, արևի ոսկին, երկնքի լազուրը, հեռավոր լեռների մուգ մանուշակագույնը խառնվել են փոքրիկ թևավորների հոգեպարար դայլայլին: Եվ այս ամենից հիացած, արևի չարաճճի շողերից կկոցելով աչքերս` խորհում եմ. «Երևի ճիշտ են ասել, որ դրախտը հենց այստեղ է եղել»:
Արցա~խ, իմ հայրենի’ք, հայոց հողի փոքրի’կ պատառիկ… Ողջ մարմինս լի է անսպառ եռանդով, որի աղբյուրը դու’ ես: Որքա~ն թանկ ու հարազատ ես ինձ. ափիս չափ փոքր ես, բայց իմ սրտում քո նկատմամբ այնքա~ն սեր կա ու նվիրում, որ կարող է լցնել աշխարհի բոլոր օվկիանոսները: Դու’ ես իմ հայրենիքը, իմ ծնողը: Եվ ամեն անգամ ավելի եմ համոզվում, որ արժե ապրել այսպիսի հողում, որ հերոսների արյամբ է սրբագործված:
Արցա~խ…դու’, որ կռվախնձոր ես եղել, երբեմն ինձ պատկերանում ես որպես վիշտդ ու ցավդ դշխոյական հպարտությամբ ու ժպիտով սքողած անըստգյուտ գեղուհի:
Անկախությանդ համար շա~տ-շատերը իրենց նվիրական ու հերոսական կյանքն են դրել քո զոհասեղանին: Եվ հենց դարերի կորուստներն են վշտացրել քեզ, ու նահատակված զավակներիդ անփարատելի ցավն է մշուշել չքնաղ դեմքդ:
Սրբի’ր արցունքոտ աչքերդ, և թող արևի ժպիտը ծաղկի քո խաղաղ երկնքում, փառավորվի’ր անցյալի հաղթանակներով, ապրի’ր շենշող ներկայով ու ապագայի’ն պարզիր վճիտ հայացքդ: Եվ թու’յլ տուր քեզ ուղղել բանաստեղծի անմահ խոսքը, որ բոլորիս սրտից է բխում.
Դու քաղցր ես, հո’ղ իմ հայրենի,
Չկա քեզնից անուշ անուն,
Բայց վտանգի ահեղ ժամին,
Երբ սպառնում է թշնամին
Դու ավելի ես քաղցրանում:
(Ն. Զարյան)
Այո’, վտանգի պահին մենք ազգովի զինվորյալ ենք ու մարտիկ: Վտանգի պահին բռունցքներ են ծառանում, և պայքարի են ելնում աշխարհի տարբեր երկրներում ապրող նվիրյալ հայորդիները:
Սպիացող վերքերո’վ Արցախ, թող քո վերքերի մի սպեղանին էլ ես լինեմ, մի ցավդ էլ ես բուժեմ, որ շուտ ապաքինվես: Եվ չնայած փխրուն աղջնակ եմ, բայց երդվում եմ, որ առաջին անհրաժեշտության դեպքում ես ևս զենքը ձեռքս կվերցնեմ առանց հապաղելու:
Երդվում եմ լցվել քո լույսով, քո օդով, քնքշությամբ ու գեղեցկությամբ և սովորել, հասնել բարձունքների` արժանի քաղաքացիդ լինելու համար: Ես պարտավոր եմ պաշտպանել ու պահպանել իմ ժողովրդի ավանդույթները, հավատն ու պատիվը:
Լինելով Արցախ աշխարհիս նոր սերունդը` պաշտում եմ իմ հայրենիքը, որն այսօր շարունակում է աշխարհին հիացնել ու զարմացնել իր գեղեցկությամբ, հյուրասեր մարդկանցով ու անկոտրում կամքով: Պաշտում եմ նրա համար, որ ծնվել ու մեծացել եմ այստեղ, նրա համար, որ արցախյան աստվածատուր ու սուրբ հողը, մաքուր օդն ու զուլալ ջուրն են ինձ կյանք տվել, սնուցել:
Սիրում եմ քեզ, Արցա’խ, այնպիսին, ինչպիսին որ կաս…
Աննա Մուսայելյանը
__________________________
Директор школы № 11 г. Степанакерта Григорян Аида Апресовна
Конкурс сочинений курировали учителя: Бабаян Гаяне Завеновна и Балаян Мануш Эмильевна.