ИНТЕРВЬЮ

«Наша Среда online» — Հաճելի հարցազրույց, որը ծնվեց մի ակնթարթում: Մարդու տեսակ, ում ուզում են նմանվել շատերը: Մեծ սրտի և հոգու տեր Ջավահիր Եղիկյանն, ով հանդիսանում է «Ես կամ» նախագծի սցենարիստ — հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը, անկեղծացել է մեզ հետ: Իսկ թե ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիի մանկատներից մեկում, ընկերները բնավորության ո՞ր գծի համար են շփվում նրա հետ և ինչպիսի՞ն է Ջավահիր Եղիկյանի տղամարդու իդեալը, կիմանաք կարդալով հարցազրույցը: Համոզված եմ, որ նյութին ծանոթանալուց հետո էլ ավելի շատ եք սիրելու նրա մարդ տեսակը:
— Ջավահիր Եղիկյանն ինչպիսի՞ն է կյանքում, և ինչպիսի՞ն է աշխատավայրում:
— Կյանքում հումորով եմ և հանգիստ, իսկ աշխատավայրում՝ պահանջկոտ և խիստ:
— Բնավորության գիծ, որը արժևորում եք Ձեր մեջ:
— Պատասխանատվությունն ու աշխատասիրությունը
— Ի՞նչ է նշանակում «Ես կամ»:
— ԵՍ ԿԱՄ- նկատի՛ր ինձ և մի՛ եղիր անտարբեր:
— Սերը Ջավահիրի պատկերացմամբ:
— Սերն անմնացորդ նվիրվելն է, անսահման հավատալն է ու անվերջ վստահելը։
— Երեխաների հետ աշխատելով կարևորությունը տալիս եք…
— … որ երեխաները վստահեն ու հավատան ինձ
— Արարք, որի մասին դեռևս չեք բարձրաձայնել:
— Հիմա չեմ ասի, որովհետև դրա մասին մի օր հաստատ խոսելու են մարդիկ:
— Ո՞վ կամ ի՞նչը կարող է ստիպել Ջավահիրին լքել սիրելի հայրենիքը:
— Երևի սերն ու սիրած անձնավորությունը
— Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ապրելու մեկ օր (բնականաբար ցանկանում ենք երկար տարիների կյանք Ձեզ), ի՞նչ կանեիք այդ մեկ օրում:
— Կգեղեցկանայի, կհանգնեի ամենավառ գույներով շքեղ զգեստս, կբարձանայի տանիք, բարձր երաժշտություն կմիացնեի ու մինչև վերջին պահը կպարեի:
— Ո՞րն է Ջավահիրի երազանքների ասպետի իդեալը:
— Իմ տղամարդը պետք է լինի խելացի, հումորով և նվիրված /թե ինձ, թե սեփական սկզբունքներին/
— Ի՞նչ է հավատքը Ձեզ համար:
— Աստծո հետ ավելի մոտ լինելու ձգտումը:
— Ընկերների հետ շփման արդյունքում նկատե՞լ եք, թե ո՞ր բնավորության գծի համար են շփվում Ձեզ հետ:
— Այո… ասում են դա իմ հումորի զգացողությունն է և դիմացինին որևէ կերպ օգնելու ցանկությունը:
— Համբերությունը սպառվելու դեպքում ի՞նչ կարող եք անել:
— Արել և շարունակում եմ անել… ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ /դեռ չգիտեմ դա լավ է, թե՞ վատ/
— Տխուր պահերին ո՞ւմ եք վստահում առաջին հերթին:
— Տխուր պահերին խնայում եմ բոլորին և դրա համար էլ չեմ կարողանում կիսվել:
— Ի՞նչ եք հասկանում «բարեգործ» ասելով:
— ԲԱՐԵԳՈՐԾ – ը ուժեղ ու ազնիվ մարդն է, ով օգնում է առանց սպասելիքների:
— 3 բան, որոնք ձեր կյանքը փոխել են լիարժեք:
— Ընտանիքիցս թաքուն ընդունվեցի թատերական ինստիտուտ /ընտանիքս դեմ էր/
— Վստահություն ձեռք բերեցի երեխաների մոտ
— Հավատ ձեռք բերեցի մարդկանց մոտ /հեռուստադիտողների/
— Խնդրում եմ շարունակել միտքը. «Իմ կյանքը լիարժեք չէր լինի, եթե …»
— Եթե… չլիներ իմ «Ես կամ» երազանքներ իրականացնող նախագիծը:
— Հանգիստն անցկացնելու Ձեր տարբերակը:
— Ինձ համար, եթե հանգիստ, ուրեմն՝ ծովափնյա:
— Կա՞ բան, որի մասին կցանկանայիք բարձրաձայնվեր զրույցի ընթացքում:
— Մի անգամ Գյումրիի մանկատներից մեկում ԵՍ ԿԱՄ-ի թիմով նկարահանման էինք, երբ լսեցի հերթական երեխայի տխուր ու ազդեցիկ պատմությունը, հենց իր մոտ, անկախ ինձնից լաց եղա: Երեխան մոտեցավ ինձ ու ասաց.
— Այ քեզի բան, ես էլ գիդեի ղայդով, ուժեղ աղջիկ ես, ընգերուհիներիս կըսեի ըմբես գուզեմ իրա նման էղնիմ օր… ամո՛թ է, ամոթ, քեզի չի սազե: Հավատացեք, շատ տպավորվեցի այդ խոսքերից, ու հենց Էդ օրվանից սկսած դարձա ավելի կամային ու փորձեցի լինել էդ փոքրիկի պատկերացրած ՈՒԺԵՂ ՈՒ ՂԱՅԴՈՎ ԱՂՋԻԿԸ…
— Ձեր մաղթանքը ուղղված համայն հայությանը և մեր ընթերցողներին:
— Ցանկանում եմ, որ մարդիկ հաշտ ապրեն սեփական անձի հետ, այդ ժամանակ կլինեն և՛ խաղաղ, և՛ երջանիկ: Եվ երբե՛ք չմոռանան ՇՆՈՐՀԱԿԱԼ լինել…
— Եվ վերջո՞ւմ…
— Եվ վերջում բոլորս կհամոզվենք, որ «ԵՍ ԿԱՄ» նախագիծը, իսկապես, ճակատագրեր է փոխում…
— Շնորհակալ ենք հաճելի զրույցի համար: Ձեզ ստեղծագործական նորանոր վերելքներ:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ