online

«Վերջ չկա, կա միայն սկիզբ»- Զարուհի Խաչատրյանը

ИНТЕРВЬЮ

«Наша Среда online» Երջանկությունն ի՞նչ է, դուք տեղյակ չե՞ք: Երջանկությունն այն է, երբ դժբախտ չեք: Խոսքեր, որոնք հնչել են և դեռ երկար կհնչեն ճանաչված դերասանուհու շուրթերից: ԱՐԽԱ բլոգին հյուրընկալվել է  Երևանի  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանն, ով մեզ հետ զրույցում անկեղծացավ, ժպտաց և հիշեց վարագուրված անցյալը: 

Ի՞նչ է անհրաժեշտ արտիստին երջանիկ և գնահատված ապրելու համար:

— Հենց գնահատված լինելը՝ լայն իմաստով:

— Կոչումներին կարևորություն տալի՞ս եք:

— Ոչ, կոչումն այնպիսի մի բան չէ, որ խփես ճակատիդ և բեմ բարձրանաս։ Եթե ես կոչումով դերասան եմ, հանդիսատե՛ս, ինձ սիրի՛ր։ Բեմում երևում է ով՝ ով է, և նույն այդ կոչումը չի փրկում անտաղանդին:

— Արտիստը բեմում և էկրաններին ինչպիսի՞ն պետք է լինի, որ Դուք հավանեք:

— Միանշանակ հավաստի, օրգանական, տանել չեմ կարողանում սուտ ,կեղծ խաղը, այն պետք է լինի այնպիսին, որ ես մոռանամ խաղի մասին, և իհարկե արտիստական մեծ հմայքին եմ կարևորություն տալիս:

— Իսկ կա՞ այդպիսի մի կերպար, որով կցանկանայիք հանդես գալ:

— Այսպես ասեմ՝ բարդ հոգեբանական անցումներով լի կերպար…

— Ո՞ր ռեժիսորի հետ` հայ կամ արտասահմանյան, կցանկանայիք համագործակցել:

— Կցանկանայի աշխատել այն ռեժիսորի հետ, ով սիրում է դերասանին, ով կարող է բացատրել և հավատացնել, թե ինչո՞ւ դերասանը պիտի գլխի վրա կանգնի, և արտիստը կվստահի ու կհավատա նրան:

— Ներկայացումներից ո՞րը կառանձնացնեիք` Ձեր խաղացանկից:

— «Վերադառնում եմ, մոռացեք», «Ես կորցրել եմ ձայնս»  և իհարկե՝ բոլորը: (ժպտում է)

— Թատրոնը ևս ընտանիք է, սակայն անձնական կյանքում՝ ընտանիքում ի՞նչն եք կարևորում։

— ԵՎ՛ սերը ,և՛ փոխադարձ հարգանքը,առանց, որի ամեն ինչ անիմաստ է:

— Ձեր կյանքի օրինակից վերցնելով խնդրում եմ ասեք, թե ի՞նչն է կյանքում ամենաթանկ բանը:

— Առանց վարանելու ասեմ՝ Սերը` Հայրենիքի, զավակի, ծնողի, կյանքիդ, ընկերոջդ, արվածդ աշխատանքի հանդեպ, և վերջապես, սերն Աստծո հանդեպ:

— Հավատքը Ձեր կյանքում մեծ դեր ունի, ուստի հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ եք հասկանում հավատք ասելով:

— Հավատքն այնքան զորավոր բան է, որն ինձ փրկում է անհուսությունից։ Այն շնորհ է, որ տրվում է մարդուն Աստծո կողմից։ Մեծ զգացմունք է՝ սեր, հավատարմություն, որդիական նվիրում՝ Աստծո հանդեպ:

— Ի՞նչ եք հասկանում կարդալով Սևակի հետևյալ տողերը. «Նորից չեն սիրում, սիրում են կրկին»:

— Տարիների ընթացքում,երբեմն թվում է, թե սերը մարեց, բայց բավական է մի կայծ և այն բորբոքվում է կրկին։ Սա է իմ մեկնաբանությունը։ Սևակի փիլիսոփայությունը շատ ավելի խորն է ու երբեմն անթափանց:

— Իսկ կա՞ սիրո առաջարկության օրիգինալ ձև, որը կցանկանայիք լսել կամ լսել եք:

— Հիմա շատ օրիգինալ ձևեր կան, էլ երկնքում՝օդապարիկով, էլ օվկիանոսի հատակում՝ջրասուզակներով, էլ լեռան գագաթին, և բազում այլ օրիգինալ ու խելահեղ խոստովանություններ…Որտեղ էլ որ լինի առաջարկությունը, կարևորը մեծ և անդավաճան սեր լինի:

— Ձեր ապրելու քաղաքականության բանաձևը ո՞րն է:

— Ամեն տեսակ հարաբերություններում լինել ազնիվ, շիտակ, նրբանկատ և անդավաճան: 

— Պատկերացրեք հայտնվել եք մի իրավիճակում, երբ դիմացինին ինչ-ինչ պատճառներով պետք է մերժեք, սակայն չեք կարողանում: Ի՞նչ խորամանկության եք դիմում այդ ժամանակ:

— Ես ընդհանրապես խորամանկության չեմ դիմում, շատ մեղմ, սիրալիր մերժում եմ, շնորհակալություն հայտնելով:

— Համբերության բաժակը լցվելուց պատրաստ եք…

— Արհամարել, անցնել առաջ, առանց ետ նայելու:

— Հանդիպման գնալիս առաջինը ուշադրություն եք դարձնում դիմացինի…

— Պարտաճանաչությանը, լրջությանը:

— Կյանքում և արվեստի մեջ ինչպիսի՞ն է Զարուհին` նմանությունները և տարբերությունները:

— Կյանքում և արվեստում … կյանքն այլ բան է, արվեստը այլ, բայց երկու դեպքում էլ կարծում եմ  ազնիվ եմ: Տարբերությունը՝ եթե արվեստում սխալը կարելի է ուղղել,կյանքում՝ այլևս ոչ:

— Հետաքրքիր դեպք Ձեր կյանքից, որի մասին դեռ չեք բարձրաձայնել:

— Օ, սա կարճ չի ստացվի…Կարծում եմ, մեր բոլորի կյանքը կազմված է հետաքրքիր դեպքերի շարանից, դրանցից մեկը ՝ տարիներ առաջ մեկնել էի փառատոնի՝ Ուկրաինայի Խմիլնիցկի քաղաք, մի քանի օր այնտեղ էի և չէի հանդիպել ոչ մի հայի, և մտածում էի , ափսոս, երևի թե հայեր չկան, մի՞թե… բայց շատ կուզեի, որ ներկյացումը դիտեին նաև տեղի հայերը, թեև այն խաղալու էի ռուսերեն լեզվով… և ահա, փողոցով քայլելիս, հանկարծ հայերեն խոսք լսեցի, անկախ իմ կամքից սիրտս թրթռաց և ես հայերենով բարևեցի ու անցա: Քիչ հետո մեկը հետևիցս գոռում է.
 -Ալլա,Ալլա,- այդ ընթացքում հեռուստատեսությամբ մի սերիալ էր գնում, որտեղ իմ կերպարը Ալլա անունով կին էր, բայց ես չմտածեցի, որ ինձ են դիմում: Շնչակտուր կինը հասավ իմ ետևից, գրկել է ինձ և անընդհատ կրկնում էր . «Մի՞թե դուք եք: Քիչ առաջ ձեզ տեսա հեռուստատեսությամբ և կես ժամ էլ չի անցել՝ հիմա փողոցում, այն էլ Խմիլնիցկիի, աչքերիս չեմ հավատում, ի՞նչ եք անում այստեղ»:- Իմանալով, որ մասնակցում եմ մոնոներկայացումների փառատոնին, շատ ուրախացավ, հատկապես, երբ իմացավ, որ վաղն է կայանալու իմ ներկայացումը: 
Ես խաղալու էի բավական մեծ բեմում և բնականաբար դահլիճն էլ մեծ էր, իսկ փառատոններին երբեմն շատ քիչ հանդիսատես է լինում: Ամբողջ դահլիճը լեփ լեցուն էր՝ և՛ տարբեր ազգերի ներկայացուցիչներով, և՛ հայերով: Այդ կինը ամբողջ հայ համայնքին տեղեկացրել էր, որ «Ալլան» այստեղ է, և բոլորը ցանկացել էին տեսնել … Մի առանձնակի ջերմություն կար, զգացմունքայնություն, կարոտ կար… արտիստը բեմում զգում է հանդիսատեսի շունչը և նրա շնչառությունից հասկանում, որ ինքն ու հանդիսատեսը մեկ են դարձել, միասին կատակում են, միասին տանջվում, միասին այրվում… ծաղիկներով ողողել էին ինձ, գրկում էին, համբուրում, անընդհատ լուսանկարվում: Այդպիսի ընդունելություն փառատոնի շրջանակում դեռ չէր եղել: 

Դահլիճում իմ հայրենակիցների ներկայությունը ինձ թևեր էր տվել և ես ճախրում էի: ժյուրին և հյուրերը հիացած էին, շատ բարձր գնահատեցին և՛ ներկայացումը, և՛ ինձ, որպես դերասանուհու: Ներկայացման քննարկումից և գնահատումից անմիջապես հետո, հենց այդ օրը մենք վերադարձանք Երևան, և ես չհասցրեցի իմ երախտագիտության խոսքն ասել մեր հայրենակիցներին, ովքեր իրենց դրական էներգիայով մեծ լիցքեր հաղորդեցին ինձ. «Շնորհակալ եմ սիրելիներս»:

— Իսկ դպրոցական տարիներից ի՞նչ կհիշեք:

— Դպրոցական տարիներս եղել են շատ վառ և հիշարժան, քաղցր և անմոռանալի՝ առ այսօր դպրոցական ընկերներով հավաքվում ենք: Դպրոցում հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում, ներկայացումներ բեմադրում և ես միշտ կենտրոնում էի: Մեր տնօրենը վստահ էր, որ ես դերասանուհի պիտի դառնամ և ամեն միջոցառումից հետո, հոր պես գրկում էր և ասաում. «Հայ բեմի ապագա դերասանուհի, երբեք չկասկածես քո ուժերին…»:  

— Հաճելի է անդադար լսել Ձեզ, բայց մեր զրույցը մոտենում է վերջաբանին։ ­Ինչի՞ մասին կցանկանայիք խոսենք մեր հաջորդ զրույցի ժամանակ:

— Ինչի՞մասին…պատրաստեմ յուրաքանչյուր թեմայի շուրջ զրուցել,սիրելի Արամ: Թողնում եմ ձեր հայացողությանը:

— Իսկ վերջու՞մ…

— Վերջ չկա, կա միայն սկիզբ, ամեն մի վերջաբան ինչ որ բանի սկիզբ է: Ուրեմն սկսենք սկզբից… Ողջույն, իմ սիրելի՜ հանդիսատես: Եկե՛ք ապրենք հավատով և աստվածային սիրով: Սիրո պակասից մարդը դառնում է չար ու դաժան, սիրո պակասից են ծնվում պատերազմները, արհավիրքները… թող բոլորիս սրտերը սիրով լցվեն և խաղաղությունն իշխի մեր հայրենիքում:

— Անսահման շնորհակալ եմ, որ տրամադրեցիք ձեր ժամանակից մեզ: Բուռն ծափեր ձեզ: 

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top