online

«-Որդեղացի՞ ես, -պատասխանը` Այսինչ տեղից… Հարգելիներ՜րս, մենք հայ ենք»

ИНТЕРВЬЮ

«Наша Среда online»ԱՐԽԱ բլոգի հյուրն այս անգամ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն է: Հաճելի զրույց, որի ընթացքում նորովի բացահայտեցինք նրան: Զրույցի ընթացքում բազմիցս եղավ մտորումներ, իսկ վերջում հումորով հավելեց.
-Երևի հարցերը դիտմամբ էիք այսպիսին ընտրել: (ծիծաղում է)

Այսպես մինչև ե՞րբ և որտե՞ղ․․․

— Լուսահոգի Երվանդ Ղազանչյանն ասում էր․ «Ես համոզված եմ, որ մեր հիմնական թշնամին մնում է տգիտությունը»,- ինքս էլ կիսում եմ այս կարծիքը։ Ուզում եմ բոլորս ինքնակրթվենք, և ես սկսում եմ ինձնից։ Ասածս խնդրում եմ չվերագրեք կոչի կամ խորհրդի՝ ինչպես շատերն են անում, պարզապես լավագույն ապացույցը սեփական օրինակովս եմ ուզում ցույց տալ։ Հարցին ի պատասխան․ «Վատ» իմաստով այն նաև կունենա վերջ, էսպես չի կարող շարունակվել։

Համոզված եմ ժամանցի շատ լավ ընկեր ես։ Այս օրերին ինչպե՞ս ես անցկացրել հանգիստդ։

— Գուցե կրկնվեմ, բայց նորից նույնն ասեմ՝ միանշանակ, անկախ ոլորտից, մարդը պետք է միշտ կատարելագործվի ։ Երբ որ համատեղում ես ժամանցդ և առօրյադ՝ շատ լավ արդյունք է տալիս։ Այս օրերին դիտել եմ բազմաթիվ ֆիլմեր, լսել եմ որակյալ երաժշտություն, գրքեր եմ կարդացել, կարճ ասած՝ մեծացրել եմ աշխարհայացքս։

— Կարո՞ղ եմ ասել, որ երազկո՞տ անձնավորություն ես։

— Այո, և նույնիսկ չափի՜ց շատ։

— Այդ դեպքում ասա խնդրեմ, կա՞ մի դեր, որի մասին երազել ես։

— Ուպս․․․/մտածում է/ Երազում եմ երկու դերի մասին՝ «Պապ թագավորի»՝ չնայած կարծում եմ արդեն տարիքային առումով ուշ է, բայց մյուս կողմից հաշվի առնելով մեր օրերի հնարավորությունները, մտածում եմ՝ տեխնիկապես կարելի է դա թաքցնել, և կուզեի «Տասներկու աթոռները» ներկայացման մեջ՝ Օսկար Բենդեր։

— Ունե՞ս էլի երազանք․․․

— Երազում եմ, որ այս վիրուսը շուտ անցնի և դուրս գանք ուրախ, առողջ , հաղթանակած, և անցնեք մեր բնականոն գործին։ Երբ մեջդ կուտակվում է մի բան, դա պետք է դուրս հանես՝ իմ դեպքում պոռթկումը բեմում կլինի, որն անպայման լինելու է։

— Իսկ կա՞ խաղընկեր, ում հետ բեմում կամ էկրանին կարող եք իրագործել անհավանականը։ Կնշե՞ս անուններ։

— Լավ խաղընկերներ շատ եմ ունեցել, և վստահ եմ՝ դեռ կունենամ։ Փորձեմ առանձնացնեմ նրանց, որոնց հետ բեմում ինձ շատ ազատ, հանգիստ եմ զգում։ Կարող եմ նրանց հետ աշխատել և անել այն, ինչը գուցե անհավանական լինի։ Իհարկե այս պահին դժվարությամբ եմ առանձնացնում, բայց փորձեմ․ Մարատը Խաչատրյան՝ իմ ուսանողական ընկերը, Վարդանը Կուղյանոսյան՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից, և կամերային երաժշտական թատրոնից կառանձնացնեմ Զարուհուն Հակոբյան, ում հետ բախտ եմ ունեցել նաև աշխատել՝  որպես ռեժիսոր, ի դեպ ապշելու դերասանուհի է։ Նրա տաղանդի մասին կարելի է անվերջ խոսել։

— Դերասանն ինքն իր տեսակով խենթ արարած է։ Իսկ կյանքում, որևէ  խենթ քայլի դիմե՞լ ես հանուն սիրո։

— Նախևառաջ եկեք հասկանաք ի՞նչ ասել է խենթություն, խենթ արարք։ Արդյո՞ք կան սահմաններ կամ չափորոշիչներ։ Յուրաքանչյուրիս համար այդ քայլերը տարբեր են։ Կարող եմ վստահաբար ասել՝ հանուն սիրո խենթության չեմ դիմել։

— Իսկ գուցե համարձակորեն սիրո խոստովանություն անես կնոջդ․․․յուրօրինակ տարբերակ կառաջարկես, թե՞․․․

— Էքսպերիմենտներ սիրում եմ անել, բայց եկեք չփայլեմ օրիգինալությամբ ու ոչինչ չասեմ։ Նա ինձ առանց խոսքերի կհասկանա։

— Արմեն, այսօր և՛ երեխա ես, և՛ ծնող։ Դեռ մանուկ հասակում, հաճախ լսում ենք հետևյալ հարցը՝ հայրիկիդ ես շատ սիրում, թե մայրիկիդ։ Բնավ այս հարցը չեմ պատրաստվում տալ, բայց հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Ո՞րն է ավելի բարդ՝ ծնող, թե՞ երեխա լինելը։

— Երկու դեպքում էլ կա առավելություններ և դժվարություններ։ Բայց, երբ երեխա ես ունենում, հասկանում ես, որ ծնող լինելն ավելի բարդ է։ Երկուսն էլ շատ քաղցր բաներ են։ Ես երկուսի մեջտեղում եմ՝ ծնող՝ երեխայիս համար, և երեխա՝ ծնողներիս համար։

— Ի՞նչ ես հասկանում Հայրենիք ասելով։

— Հայրենիքն ինձ համար՝ իմ փողոցն է, իմ տունը, իմ Հայաստանը։ Հայրենիքն ինձ համար մեծ, չէ՜, շա՜տ-շա՜տ մեծ հասկացություն է։ Կարող եմ նույնիսկ էսպես ասել՝ Հայրենիքն իմ ծնողն է, իմ կրոնը։ Ի դեպ մի նկատառում․տանել չեմ կարողանում հետևյալ զրույցները, մեջբերում եմ․ «Որդեղացի՞ ես», իսկ հարցին ի պատասխան ակնկալում՝ «Այսինչ տեղից»։ Հարգելիներ՜րս, մենք հայ ենք։

— Հարենիք, կրոն, հավատք-կարելի է ասել մեկ ամբողջություն է։ Ի՞նչ է քեզ  համար հավատքը։

— Հայրենիքի ամենամեծ մասը։

— Ի՞նչ հարց կցանկանայիր, որ ուղղեինք  մեր հաջորդ հյուրին։

— Ինչպե՞ս կգնահատի այսօրվա երիտասարդության արժեհամակարգը, և, եթե  համեմատական փորձի տանել մոտ երեսուն տարի առաջ և հիմա, ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալ։ Եվ  ի՞նչ խորհուրդ կտա, որպեսզի ամեն բան դեպի լավը գնա։

— Մեր մեջ ասած Քո կյանքից գաղտնիք կլուսաբանե՞ք։

— Գաղտնի՞ք․․․չէ՜, չունեմ։ Մասնագիտությանս մեջ թափանցիկ եմ՝ ամեն բան  արդեն իսկ հանրայնացված է։

— Որպես զրույցի ավարտ ի՞նչ կհավելեիր։

— Ուզում եմ աշխարհի բոլոր մարդկանց մաղթել անսահման առողջություն, ցանկանում եմ չընկճվեն։ Պատմության մեջ շատ ավելի սարսափելի դեպքեր են եղել, բայց մարդկությունը ուժ է գտել և դուրս են եկել այդ իրավիճակից։ Մնանք խաղաղությամբ։

Հարցազրույցը՝ Արամ Խաչատրյանի/ԱՐԽԱ

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top