online

«Թատրոնը կենդանի արվեստ է» — Անի Քոչարյանին

ИНТЕРВЬЮ

«Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումն առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումներն առաջին հերթին լինեն ուրախ: Այո՛, ուրախ: Խելամիտ և ուրախ:»

Կարպ Խաչվանքյան

«Наша Среда online»Ի վերուստ որոշված էր. Նա պետք է դառնար դերասանուհի: Հանդիսատեսն ու հեռուստադիտողները արվեստագետին ընդունեցին գրկաբաց: Դերասանուհին ֆիլմերում կրկնօրինակում էր մի շարք կերպարների,  մուլտֆիլմներում ստանձնում էր խոսնակի դերը, որն էլ կատարում էր  ավելի մեծ հաճույքով: 

Ապա Անի Քոչարյանին  հեռուստադիտողները հնարավորություն են ունենում տեսնելու հաղորդավարուհու կարգավիճակով, սակայն նա պետք է վերադառնար  հեռուստասերիալներ, ֆիլմեր, և բնականաբար, թատրոնի հանդիսատեսն առանց Անիի չէր կարող: 

«Թատրոնը կենդանի արվեստ է»,- հաճախակի նշում է դերասանուհին: Էլ ի՞նչ է պետք հարցազրույց վարողին, երբ իր դիմաց նստած է մեկը, ով ներկայացնում է կենդանի արվեստը և ինքն իրենով շունչ և հոգի է հաղորդում դիմացինին: Ժպիտով լցված դերասանուհին բացեց իր հոգու դռներն իմ առջև, դե իսկ ես փորձեցի «Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում զրուցել նրա հետ, և բացահայտել Անի Քոչարյանին բլից հարցերի միջոցով: 

— Աստծուն հանդիպելիս ի՞նչ կասեիք նրան:

— Առաջին հերթին շնորհակալություն կհայտնեի՝ ինձ տրված կյանքի համար, երկրորդը՝ ներողություն կխնդրեի բոլոր գործածս  մեղքերի համար, իսկ երրորդը՝ կասեի, որ ամենամեծ սերն ու հավատը տածել եմ իր նկատմամբ:

— Իսկ կասեք, թե ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

— Ապրելակերպ, ուրիշ ոչինչ:

— Սիրելի եղանակը:

— Աշուն

— Սիրելի քաղաքը, որտեղ կերազեիք լինել:

— Սիրելի քաղաքս միմիայն Երևանն է, իսկ երազել չեմ սիրում: Ցանկությունն ու երազանքը դրանք տարբեր բաներ են: Կուզեի լինել մի շարք քաղաքներում:

— Ո՞ր ֆիլմին  կամ ստեղծագործությանը կնմանեցնեիք Ձեր կյանքը:

— /մտածում է/ … չգիտեմ, այս հարցի շուրջ պետք է մտածեմ:

— Ինչպիսի՞ կատարյալ հանգիստ եք նախընտրում:

— Միայն երաժշտություն լսելով եմ հանգստանում:

— Արդյո՞ք պունկտուալությունը ճիշտ և կոռեկտ մարդու վարկանիշ է:

— Միանշանակ այո: Ըստ իս, պունկտուալությունը  նաև դաստիարակություն է:

— Հպա՞րտ եք, որ հայ եք, և ինչու՞:

— Իհարկե հպարտ եմ, որովհետև հայ եմ: Չեմ կարող տալ մեկ այլ պատասխան: 

/ժպտում է/

Խենթ արարք, որն արել եք հանուն սիրո:

— Իմ կյանքում խենթ արարքները բազմիցս են եղել, առանձնացնել չէի ցանկանա:

— Ո՞ր խորհուրդն եք հաճախակի տալիս դիմացինին:

— Սիրել… եթե սիրում ես, նշանակում է և՛ ներաշխարհդ է մաքուր, և՛ հոգիդ է հանգիստ, և՛ կյանքդ է հրաշալի: Զգացմունքային սիրո մասին չեմ բարձրաձայնում, այլ առհասարակ՝ սիրել շրջապատն ու ամեն ինչ:

— Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա: Ինչպիսի՞ն է այն Ձեր պատկերացման մեջ:

— Հավատում եմ… պարզապես հրաշալի կլինի:

— Եթե հնարավորություն լիներ ժամանակը ետ տալու, Ձեր կատարած քայլերից ի՞նչը չէիք անի հետագայում:

— Տերյանն ասում էր. «Արածներիդ համար երբեք չես ասելու. «ա՜խ ու ափսո՜ս», չարածներիդ համար պիտի՛ ասես. «Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…»»: Կյանքումս չեմ արել նման բան, որի համար ափսոսում եմ: Կանեի ամեն բան  նույն ձևով:

— Գաղտնիք, որը կբարձրաձայնեիք մեր զրույցի ընթացքում:

— Չեմ բարձրաձայնի: /ծիծաղում է/

— Մարմնի ո՞ր մասը փոփոխության կենթարկեիք:

— Ոչ մի հատվածը, քանզի մարմինս ևս Աստծո պարգևն է՝ թերություններով և առավելություններով հանդերձ:

— Երբևէ Ձեզ հարցրել եք, թե ի՞նչ է ուզում կինը:

— Ցանկացած կին ուզում է լինել երջանիկ, սիրել և սիրվել: Կնոջ համար դա է ամենակարևորը, իսկ  ինքս ինձ այս հարցը տալու կարիք երբեք չեմ ունեցել: 
/ժպտում է/

— Ո՞ր կնոջից առհասարակ պետք է վախենալ:

— Իմ տարբերակում վախենալը բացառում եմ: Երբեք չեմ վախենում կամ վախեցել կնոջից: Վախ ասվածն ինձ համար չէ, առավել ևս՝ մարդկանցից: Կարող եմ վախենալ միայն նրանց  անտարբերությունից:

— Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում կնոջը, և հակառակը:

— Թե ինչու՞, այդ հարցին պատասխանել կդժվարանամ: Առհասարակ «դավաճանություն» բառի հանդեպ բացասական վերաբերմունք ունեմ: Դա վախկոտ մարդու արարք է, այն էլ ոչ մարդկային:

— Հարց, որը կցանկանայիք լիներ մեր բլիցի շարքում:

— /մտածում է/ Կյանքում ի՞նչն են գնահատում և կարևորում մարդու մեջ:

— Փորձեք պատասխանել Ձեր հարցին:

— Մարդ լինելը միմիայն:

— Դիմացինին ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել, և հենց այդ  մարդիկ ինչպե՞ս կցանկանայիք Ձեզ տեսնեին:

— Պարզ և շիտակ

— Դերասանը մինչև ներկայանա հանդիսատեսին ի՞նչ պետք է անի:

— Դերասան չեն դառնում, այլ ծնվում են: Եթե մարդու մեջ կա այդ տաղանդը, ուրեմն այն ի վերուստ արդեն կա, փորձել  դառնալ դերասան՝  չեն կարող: Իսկ գիրք կարդալով, սովորելով, ցանկացած մասնագետ կարող են դառնալ՝ և՛ բժիշկ, և՛ ուսուցիչ, և՛ մեկ այլ մասնագետ: Պետք է Աստվածատուր շնորհը լինի: Կարպ Խաչվանքյանն էլ հաճախ ասում էր, որ դերասան չեն դառնում, դերասանին ստեղծում են հայրն ու մայրը: Դուք պատկերացնու՞մ եք, 100 տարի գիրք կարդալով մարդ դերասան դառնա… հնարավոր չէ: /ժպտում է/

— Ձեր զենքը ո՞րն է:

— Հավատքս

— Ի՞նչ կհավելեիք վերջում:

— Մնանք խաղաղությամբ:

— Շնորհակալ ենք պարզ և անմիջական զրույցի համար:

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top