online

«Երբեմն հյուր եմ լինում անցյալին, բայց նրանով չեմ ապրում» Քնարիկ Սասունյան

ИНТЕРВЬЮ

«Наша Среда online» «Նայիր աչքերիս» նախագծի շրջանակներում այսօր զրուցակիցս է մշակույթի քոլեջ թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քնարիկ Սասունյանը

Քնարի՛կ, մեր զրույցն ուզում եմ սկսենք մանկության տպավորիչ դեպքերից մեկով։ Ինչպիսի՞ն եք Ձեզ հիշում։

— Ակտիվ էր մանկությունս՝ հագեցած բակային խաղերով ու միջոցառումներով, որտեղ գլխավոր հերոսները՝ մասնակիցները, ես և ընկերներս էինք, իսկ հանդիսատեսի դերում մեր ծնողներն էին։ Միջոցառումների ընթացքում կրկնօրինակում էինք երգիչ-երգչուհիների, մասնակցում էինք կազմակերպված բակային ճամբարներին։ Էսպես ասեմ, մանկությունս երգ-երաժշտության մեջ է անցել։

Կա՞ բնավորության գիծ, որը եկել է մանկությունից և կցանկանայիք ձերբազատվել, սակայն մինչ օրս չի ստացվել։

— Չափից ավելի վստահելն ու նվիրվելը։

Ձեր կարծիքով ո՞րն է կատարյալ երջանկությունը։

— Եկեք հումորով պատասխանեմ․ երջանկությունը փողի մեջ չէ, շա՜տ փողի մեջ է։ (Счастье не в деньгах, а в больших деньгах)
Շրջապատիս մարդկանց երջանկությունը նաև իմն է։ Ծնողներիս, ընկերներիս առողջությունն ու ձեռքբերումները, հաջողությունները` իմ երջանկությունն է։ Մի՞թե երջանկութուն չէ, որ կարող ես տեսնել աղջկա կամ տղայի, ով քիչ առաջ սիրելիից արժանացել է գեղեցիկ խոսքերի կամ սիրո խոստովանության, ու երջանիկ քայլում է։
Երջանկությունն ամեն պահի մեջ է, պետք է այն գնահատել և վարակել դիմացինին։

Անցում կատարենք երտասարդական խանդավառ տարիներին, ուսանողական կյանքին։ Այդ օրերից ի՞նչ եք հիշում։

— Այդ շրջանում սկսվել է ինձ համար դժվար, բայց անչափ հաճելի ուղին, որը սկսել եմ փոքր քայլերով։ Հավելեմ նաև, որ դպրոցին համատեղ սովորում էի արվեստի դպրոցի թատերական բաժնում, և դեռ այդ տարիներից մի շարք ներկայացումներում եմ խաղացել և գումար վաստակել։ Ուսանողական կյանքն ինձ նվիրել է վառ հուշեր։ Հենց այդ տարիներից էլ սկսել է իմ ստեղծագործական ճանապարհը։ Մասնակցելով մրցույթների, համերգային ծրագրերի՝ սկսեցի ստեղծագործել որպես երգահան-երաժիշտ։

Իսկ Ձեզ ինչպիսի՞ արվեստագետ եք համարում։

— Սովորաբար ինքս իմ մասին չեմ սիրում խոսել, կարծում եմ իմ ստեղծագործություններից արդեն հասկանալի է ինչպիսի՞ արվեստագետ եմ։ Դա նաև գալիս է ճիշտ դաստիարակությունիցս, որը տվել են ծնողներս, ինչի համար նրանց անչափ շնորհակալ եմ։ Հպարտորեն կարող եմ ասել, որ ստեղծագործություններս կատարում են ներկայիս հանրային երգիչները։ Իսկ առաջին գործը՝ «Դու զավակն ես Աստծո տան» երգը, մեծ արձագանք ունեցավ, որն էլ նվիրված էր ոստիկանությանն ու ոստիկաններին։ Երգը կատարում էին Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը և Անգելինա Գասպարյանը։ Այդ ընթացքում էր, որ բոլոր ԶԼՄ-երը բարձրաձայնեցին, որ երգի երաժշտությունն ու խոսքերը պատկանում էին ինձ՝ Քնարիկ Սասունյանիս։ Կարող եմ վստահ ասել, որ այն եզակի երգահանն եմ, ով ունի հատուկ երգացանկ՝ գրված ոստիկանական համակարգի համար։

Հագեցած տեղծագործական  կյանքի մասին միշտ չէ, որ լուսաբանել եք։ Պատճառն ինչու՞մ է կայանում։

— Հաճելի էր, որ դրականն էին խոսում, սակայն առաջին անգամ, երբ բախվեցի բացասական կարծիքների, որոնք անում էին գործից անտեղյակ մարդիկ,  ովքեր տանը նստած լսում էին մի քանի րոպեանոց երգ ու  չէին պատկերացնում, թե ինչ բարդ աշխատանք է կատարվել, գրում էին բաներ, որոնք պարզապես ազդում էին մարդու հոգեվիճակի վրա։ Հենց սա էլ  հանգեցրեց այն բանին, որ սկսեցի հեռու մնալ լրատվական դաշտից ու ոչ տեղին քննարկումներից։

Երբևէ պատկերացում ունեի՞ք, որ կգա մի օր, և դասախոսի աթոռին նստած կլինեիք։

— Ասեմ, որ մինչև դասախոս լինելս, աշխատել եմ առաջատար մասնագետ ոստիկանության մշակույթի բաժնում, որտեղ ստեղծագործելուց բացի, դասավանդել եմ, կրթել երեխաների։ Որոշ հեղինակային ստեղծագործություններ հնչել են նաև այնտեղ։ Բայց եկավ մի ժամանակահատված, որ զգացի պետք է փորձս փոխանցեմ այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը, չափից ավելին են ուզում սովորել։ Եվ քանի որ մասնագիտությունս և ունակություններս թույլ են տալիս կրթել և գիտելիքներս փոխանցել մատաղ սերնդին, ովքեր հետագայում ներկայանալի և լավագույնս հանդես կգան իրենց տաղանդով՝ տարբեր բեմահարթակներում և միջազգային հարթակներում, ուստի, լինելով մշակույթի քոլեջ թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար, կարևորում եմ իմ փորձը փոխանցել երեխաներին։

Հնարավորության դեպքում կփոխեի՞ք մասնագիտությունը։

— Սիրել և ուսումնասիրել եմ խորացված իրավաբանությունը։ Մասնագիտություններս մի քանիսն են, որպես էդպիսին՝ գեղեցկության հետ է առնչվում, և արհեստն ու արվեստը գումարելով, կարող եմ փաստել, որ մեկը մյուսին լրացնում է, իսկ ես դրանից գերագույն հաճույք եմ ստանում։

Հետևելով ձեր սոցիալական կայք էջերին, պարզ է դառնում, որ հավատքն առ Աստված առաջնային տեղում է։ Հարց, որը տալիս եմ իմ բոլոր հյուրերին՝ ի՞նչ է Ձեզ համար հավատքը և հավատու՞մ եք «կյանք մահից հետո» տարբերակին (եթե այո, ինչպե՞ս եք պատկերացնում)։

— Հավատում եմ, որ կա մահից հետո կյանք, և այդ ուղղությամբ նաև երազներ եմ տեսնում, իսկ երազներս երբեք չեն ստում։ Հավատքն այն միակ բանն է, որ չեմ կարող խոսքերով բացատրել։ Երբևէ եկեղեցի չեմ գնացել Տիրոջից մի բան խնդրելու համար, քանզի նա արդեն ամեն բան որոշել է։ Միայն աղոթում եմ բոլորիս հոգիների խաղաղության, երջանկության և առողջության համար։ Հավատքից այն կողմ միայն՝ հավատ առ Աստված։

Իսկ տարիներ անց ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում։

— Երբեմն հյուր եմ լինում անցյալին, բայց նրանով չեմ ապրում։ Նայելով ապագային՝ վստահաբար կարող եմ ասել, որ շատ լավ է լինելու։ Չեմ կարող բավարարվել այնքանով, ինչ ունեմ, միշտ պետք է առաջ գնամ։ Մի արտահայտություն կա՝ եթե վախեցար առաջ գնալուց, դա քո փոխարեն կանի մեկ ուրիշը։

Մինչ կանցնենք բլից հարցմանը, ակնկալում եմ բացահայտենք մի նոր Քնարիկի կամ բարձրաձայնենք որևէ գաղտնիք։ Կհանրայնացնե՞ք։

— Որպես էդպիսին գաղտնիք չէի ասի՝ երազանքը էս դեպքում տեղին կլիներ․ երազում եմ ունենալ սեփական գեղեցկության սրահ, երազում եմ ունենալ արվեստի դպրոց, որտեղ տաղանդավոր փոքրիկներին կկարողանամ առաջ տանել, կրթել նրանց, քանի որ շատ երեխաներ ֆինանսապես ապահովված չեն։ Տա Աստված, որ լինի այս նպատակս, ու մեծ ցանկություն ունեմ, որ միջազգային մրցույթներին մասնակցելու համար ոչ թե մեկնենք, այլ կազմակերպենք Հայաստանում և հրավիրենք այստեղ այլ երկրներից ներկայացուցիչներ, իսկ իմ անցած ճանապարհը թույլ է տալիս, որ վստահաբար ասեմ՝ ես կանեմ դա։

ԲԼԻՑ

Ի՞նչ հարց կցանկանայիր ուղղել մեր հաջորդ հյուրին։

/խորը մտորելուց հետո․․․/
— Այս կյանքում՝ կյանքը դասավորվել է այսպես, մյուսում իրեն ինչպե՞ս է պատկերացնում։

Այսպես մինչև ե՞րբ և որտե՞ղ։

— Մինչև կհասնեմ իմ գերնպատակին։

Երգը ձեզ համար․․․

— Առանց երաժշտության մենք ոչինչ ենք։

Եթե հնարավորություն լիներ փոխեիք մի բան․․․

— Չէի ցանկանա փոխել իմ կյանքը, պարզապես  կցանկանայի ավելացնել էն մարդկանց, ովքեր իմ կյանքում հայտնվել են հիմա։ Ափսոսում եմ, որ նրանց ուշ եմ հանդիպել։

Ի՞նչ է ուզում կինը։

— Երջանկություն, հոգու հանգստություն, ներդաշնակություն և փոխադարձ սեր, չլինեն դավաճանություններ՝ բոլոր առումներով։

Նեղսրտած ժամանակ ո՞վ է Ձեր հենարանը և ո՞ր խորհուրդն է, որ Ձեզ ոտքի կարող է կանգնեցնել։

— Մենակ եմ մնում այդ պահին․․․ծնողիս կամ ընկերներիս երբեք չեմ ասում, քանի որ, եթե մի բան եղել է, դա ինքս պետք է հարթեմ։ Այդ պահին մտքերս ի մի բերելու համար կարող եմ լսել ցանկացած երաժշտություն։

Կոչումներին ինչպե՞ս եք վերաբերվում։

— Այն մարդը, ով պետության և պետականության համար  արել է ինչ-որ բան, արժանի է ուշադրության։ Եթե չի լինում այդ ուշադրությունը, դա նվաստացուցիչ է։

Սիրուց ատելություն մեկ քայլ է, ո՞րն է ձեր աֆորիզմը։

— Եթե սիրում ես, չես կարող ատել։ Օրինակ բերեմ՝  եթե ասում են, ներու՞մ ես այս մարդուն՝․ ես չէ, որ պետք է ներեմ՝ Աստված տեսնում է։ Անսխալական մարդ չկա։ Անսխալական միայն Աստվածն է։

Ինչի՞ց կամ ումի՞ց եք վախենում։

— Միայն Տիրոջից։

Երբ հանդիպեք Աստծուն՝ կճանաչե՞ք նրան։

— Միանշանակ, ես նրան հաճախ եմ տեսնում երազներումս։ Հաճախակի եմ ընթերցում Աստվածաշունչ, ու ամեն անգամ կարդալուց մի նոր բան եմ բացահայտում։

Իսկ նրան ի՞նչ կասեք։

— Գուցե չկարողանամ խոսել՝ անբացատրելի զգացումից։

Ուժեղ կնոջ կերպարից չե՞ք հոգնել։

— Վերջերս լացկան եմ դարձել։ Հասկանում եմ, որ արտասվելիս ցավն ավելի եմ խորացնում, հոգեպես ծանրանում եմ։

Ի՞նչ տարաք հարցազրույցից։

— Գիտե՞ք, երբ հարցազրույց ես տալիս, հարցադրումից ու հարց տվողից շատ բան է կախված։ Ինքս ինձ բացահայտեցի, վերհիշեցի շատ բան։  Շնորհակալ եմ։

Ես նույնպես․․․

Զրույցը՝ Արամ Խաչատրյանի/ԱՐԽԱ

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top