online

Կինն իսլամում և քրիստոնեության մեջ

Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան

Եվ ստեղծեց Աստված կնոջը…

Կնոջ դերը կրոնական տեսանկյունից դիտարկելու վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան թե տպագիր գրականությունում և թե էլեկտրոնային բազմաթիվ հոդվածների տեսքով: Սակայն դրանց ուսումնասիրությունը հանգեցրեց մի եզրակացության` կախված նրանից, թե ով է հրապարակման հեղինակը (քրիստոնյա, թե մուսուլման), այն կրում է սեփականի գովերգման և մյուսի փնովման բնույթ:
Տվյալ հարցին անդրադառնալուց առաջ պետք է հաշվի առնել մի քանի կետեր.
1. Նախ այդ երկու կրոններն էլ ստեղծվել են այնպիսի ժամանակաշրջանում, երբ հասարակությունում տարածված էր հայրիշխանությունը
2. Երկու կրոններում էլ գլխավոր գործող անձինք տղամարդիկ են
3. Ժամանակի ընթացքում հասարակության սեկուլյարիզացիայի արդյունքում փոխվել են հասարակական գործունեության, ընտանիքի մեջ կնոջ դերի մասին պատկերացումներն ու մոտեցումները երկու կրոններում էլ:
Հիմա մի փոքր ավելի մանրամասն.
Քրիստոնեության և իսլամի հիմքում ընկած է հրեականությունը, որտեղ կնոջ հանդեպ սահմանափակումները բազմաթիվ ու բազմաբնույթ են, և առավել ևս` հրեական ունեցվածքի դասակարգման մեջ կինը դասվում է երկրորդ տեղում` տնից հետո:
Քրիստոնեության և իսլամի մեջ կինն իրավունք չունի ծիսական արարողություն կատարելու (եղել են բացառություններ քրիստոնեության մեջ` եղել են սարկավագուհիներ, այն էլ ուշ դարերում: Նրանցից մեկի մասին հիշատակություն կա Մայր Աթոռի գլխավոր մուտքի դռան վրա): Քրիստոնեության մեջ բողոքականության ի հայտ գալուց հետո հանդես եկան կին հոգևորականներ: Հայկական միջավայրում ունեցել ենք նաև կին շարականագիր` Սահականդուխդ անունով:
Կոնկրետ Քրիստոնեության մեջ ավելի շատ ենք հանդիպում կանանց, քան իսլամում: Չմոռանանք, որ քրիստոնեական սրբերի մեջ ամենամեծի և բարեխոսի տեղը զբաղեցնում է Քրիստոսի մայրը` Մարիամը, իսկ Հիսուսի ուղեկիցների մեջ ու աշակերտների կողքին բազում անգամներ հիշատակվում է Մարիամ Մագդաղենացին: Բազմաթիվ են նաև տարբեր կին սրբերը, որոնց համար կան հատուկ հիշատակության օրեր (հայերի մոտ Հռիփսիմեաց, Գայանեաց):
Իսլամում հիշատակվում են Մուհամմեդի կանայք` Աիշան և Հադիջան, որոնցից ավելի ազդեցիկ էր վերջինս: Եվ Ֆաթիման` նրա դուստրը, որից էլ առաջանում է Ֆաթիմիդների դինաստիան:

Քրիստոնեության մեջ կնոջ դերի և նշանակության փոփոխությունը նկատվում է հենց սկզբից, որը սակայն ժամանակի ընթացքում մոռացության է մատնվում:

Բավական է հիշատակել մի քանի փաստեր. Քրիստոս երբեք տուրք չտվեց հրեկան կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10):
Նոր կտակարանում Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8), որից կարելի է հետևություն անել, որ կինն ու տղամարդը անքակտելի կապի մեջ են և առանց մեկի մյուսի գոյությունը կիսատ է:

Իսլամում կնոջ իրավունքներն ու պարտականություններն ավելի սիստեմատիկ են ներկայացված:
Այժմ ներկայացնենք դրանցից մի քանիսը.

Ըստ մահմեդական ավանդույթի, կինն անվերապահորեն ենթակա է ամուսնուն: Կանանց առաջնային դերը համարվում է ընտանիքը, իսկ տղամարդկանց դերն ընտանիքի ֆինանսական ապահովումն է : Գործնականում կինը գրեթե չի կարող ստանալ կրթություն, աշխատանք ունենալ եւ շփվել մարդկանց հետ, եթե ամուսինը դեմ է:
Ընտանեկան կյանքում սերը տղամարդու և կնոջ միջև Ղուրանը համարում է Աստծո նշան: Իսլամը հանդես է գալիս ամուսնու եւ կնոջ միջև ներդաշնակ հարաբերությունների օգտին: Երկուսն էլ պետք է ձգտեն բավարարել միմյանց սեռական կարիքները: Իսլամը խրախուսում է տղամարդկանց բարի գտնվել իրենց կանանց հանդեպ , եւ կանանց` հնազանդ լինել իրենց ամուսիններին: Ղուրանը հորդորում է ընտանեկան վեճերում հետամուտ լինել փոխադարձ համաձայնություն:Իսլամը տալիս է կանանց մասնավոր սեփականության իրավունք: Կանանց ֆինանսական պարտավորությունների բացակայության պատճառով տղամարդու ֆինանսական իրավունքները որոշ չափով շատ են: Սակայն մահմեդական կանայք պատմականորեն ունեցել են գույքային իրավունքներ, որի նմանօրինակը Արեւմուտքում են տեղի է ունեցել վերջերս:
Հատկանշական է որ կնոջ վաստակը հանդիսանում է իր անձնական սեփականությունը, որը նա կարող է ծախսել իր ուզած ձևով, իսկ տղամարդու վաստակածը պետք է անպայման ծախսվի ընտանիքի վրա: Իսլամը թույլ է տալիս կանանց աշխատել որոշակի պայմաններում: Օրինակ, կինը չի կարող մենակ մնալ տղամարդկանց հետ: Նրա աշխատանքը չպետք է խանգարի ավելի կարեւոր բաների, ինչպիսին է երեխայի խնամքը: Ցանկալի է, որ կանանց դպրոցներում, սպորտային կենտրոններում աշխատեն կանայք: Այս ամենն իրենից ներկայացնում է խտրականություն` կանայք չեն կարող ընտրել բազմաթիվ մասնագիտություններ եւ աշխատել իրենց սեփական նախաձեռնությամբ որտեղ ցանկանում են, նրանց կյանքում առաջնային և երկրորդական բաներն ընտրում և որոշում են տղամարդիկ:
Ամուսնական պայմանագրով ամուսիններից յուրաքանչյուրի վրա դրվում է որոշակի պարտավորություններ..
Ամուսնական պայմանագրի առավել կարեւոր դրույթները.
1) Ամուսնության կայունություն և իրականացում , ամուսիններից յուրաքանչյուրի կողմից պայմանագրի կատարում: Ժառանգության հիմնում երկու կողմերի միջեւ:Ամուսիններից յուրաքանչյուրին թույլատրվում է վայելել միմյանց:
2) Տղամարդը պարտավոր է ըստ պայմանագրի `ա) վճարել հարսանեկան նվեր (mahr). բ) պահպանություն ստանձնել իր կնոջ նկատմամբ բոլոր ձեւերով (սնունդ, հագուստ, կացարան եւ այլն):
3) Կինը պատասխանատու է `
ա) հաստատում է իր ամուսնու իրավունքն իր դաստիարակության գործում, քանզի ամուսինը ղեկավարն է ընտանիքի.
բ) հնազանդվել իր ամուսնուն ամեն ինչում: Կինը պետք է կապված լինի իր տանը: Հետեւաբար, եթե կարիք չկա, նա չպետք է տանից դուրս գա առանց ամուսնու թույլտվության:
գ) նա չպետք է մերժի ամուսնուն վայելել իրեն, եթե չկա լուրջ պատճառ, օրինակ, ամսական արյունահոսության:

Հիջաբի (գլխաշորի և մարմնի ծածկոցի) մասին Ղուրանում ասվում է.
«Ասա հավատացյալ կանանց, որ ներքև սևեռեն իրենց հայացքը եւ պաշտպանեն իրենց սեռական օրգանները: Նրանք չպետք է ցույց տան իրենց զարդարանքները, բացառությամբ նրա, ինչն ակնհայտ է, եւ թող ծածկեն իրենց ծածկոցներով կրծքավանդակի բացվածքը եւ չբացահայտեն իրենց գեղեցկությունը բացի իրենց ամուսինների եւ նրանց հայրերիից կամ նրանց որդիներից կամ քույրերիից կամ ստրուկներից,
չափահասության չհասած երեխաներից… »
Գլուխը ծածկելու մասին Նոր Կտակարանում հետևյալն է ասված. “Ամեն մարդ, երբ աղոթք է անում կամ մարգարեանում, և գլուխը ծածկած է լինում, անպատվում է իր գլուխը:Եվ ամեն կին երբ աղոթք է անում կամ մարգարեանում գլխաբաց,անպատվում է իր գլուխը,…..” (Ա Կորնթ. 11:4-10)
Անկողմանակալ հայացք նետելով այս ամենի վրա` կարելի է մի քանի եզրահանգումների գալ:

1. Իսլամի մեջ կնոջ դերը և առհասարակ կին և տղամարդ հարաբերությունները դրված են ավելի շատ սահմանափակումների, սահմանների մեջ և ավելի չոր են, ի տարբեություն քրիստոնեության, որտեղ հարաբերությունների հիմքում առաջնայինը սերն է:
2. Երկու կրոններում էլ եղել են սահմանափակումներ, արգելքներ և օրենքներ կանանց համար, որոնք սակայն իսլամի մեջ չեն ենթարկվել ժամանակի փոփոխություններին, վերանայումներին:
3. Այն տեսակետի հետևորդները, որոնք ասում են, թե մուսուլման կանայք ավելի բարոյական են, ավելի համեստ են և ավելի նվիրված, պետք է նաև ի նկատի ունենան, որ քրիստոնյա հորջորջվողների մեջ ոչ բոլորն են ապրում և շարժվում քրիստոնեական կանոններով ու պատվիրաններով:
4. Եվ ի վերջո, վախի կամ պատժի ներքո տևող հարաբերությունները չեն կարող ճշմարիտ լինել, այլ այն հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ սիրո հիման վրա:
«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավութեան վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատումէ, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում»: (Ա.Կորնթացիս 13:4-7):

Դավիթ Սամվելյան

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top