online

ԶԱՐՈՒՀԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

zara_dolukhanova1«Այդ սքանչելի կնոջ ձայնը, արտասովոր, թովիչ, դեկորատիվության աստիճանի գեղեցիկ, արտահայտիչ՝ այդ բառի նախասկզբնական իմաստով, ուղեկցում է արդեն ոչ մեկ սերնդի գեղարվեստական կյանքը, շարունակելով մնալ 20-րդ դարի արվեստի կենդանի, բնականորեն զարգացող , փոփոխվող և իրեն չդավաճանող երևույթը, ժամանակակից վոկալ աշխարհի սքանչելի-հաստատուն գեղարվեստական մեծություն:»
Ա. Զոլոտով

Տաղանդավոր ծնողների՝ Ելենա և Աղասի(Ալեքսանդր) Մակարյանների դուստր Զարուհին (Զառան) կյանքի առաջին օրերից ապրում էր երաժշտությամբ հագեցված մթնոլորտում, վաղ տարիներից հաղորդակցվում էր իսկական երաժշտական մշակույթի հետ:Հինգ տարեկանից փոքրիկ Զարուհին սկսեց դաշնամուրի վրա նվագելու դասեր առնել Օ. Ն. Կարանդաշևա-Յակովլևայի մոտ, իսկ տասնամյա տարիքում ընդունվեց Կ. Ն. Իգումանովի անվան մանկական երաժշտական դպրոցը:Արդեն ուսուցման երրորդ տարում իր մանկավարժ Ս. Ն. Նիկիֆորովայի ղեկավարությամբ նվագում էր Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի սոնատները, Բախի ֆուգաները:Շուտով Զարուհին փոխադրվեց ջութակի դասարան և մեկ տարի անց դարձավ Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի ուսանողուհի, որտեղ սովորեց 1933-1938 թթ. :Երաժշտական տեխնիկումում նրա ուսուցիչը դարձավ հայտնի ջութակահար, մրցանակակիրների մի ամբողջ աստղաբույլ դաստիարակած Պ. Ա. Բոնդարենկոն, Գնեսինների անվան ինստիտուտի պրոֆեսորը:Վերջապես, տասնվեցամյա Զարուհին, հաղորդակցվելով սկզբում երկու գործիքային մասնագիտությունների հետ , գտավ իր գլխավոր ուղին:Դա կամերային երգչուհի և մանկավարժ Վ. Մ. Բելյաևա-Տարսևիչի վաստակն էր:Մանկավարժը, հիմնվելով բնական և գեղեցիկ հնչող կրծքային նոտաների վրա, նրա ձայնը որոշեց որպես մեցցո-սոպրանո:Վերա Միքայելովնայի հետ պարապմունքները օգնեցին ապագա երգչուհու ձայնին ամրանալ, ամուր հիմք ծառայեցին հետագա ինտենսիվ զարգացման համար:
Երաժշտական տեխնիկումում Զարուհու ուսման տարինները համընկան հայրենական կոմպոզիտորական և կատարողական դպրոցի զարթոնքի հետ:Մոսկվայի կոնսերվատորիայում և Միությունների տան Սյունազարդ դահլիճում հայրենական արտիստների հետ միասին ելույթ էին ունենում արտասահմանյան հռչակավորները, ավագ սերնդի վարպետներին փոխարինում էին պատանի դափնեկիրները, երգչուհու ապագա աջակիցները:Սակայն առայժմ, 30-ականներին, նա չէր էլ երազում պրոֆեսիոնալ բեմի մասին և իր պաշտոնակից-սկսնակ ուսանողներից տարբերվում էր, թերևս, ավելի մեծ աշխատունակությամբ և լրջությամբ, նոր տպավորությունների անհագ ծարավով:

Ծնողները՝ Ելենա և Ալեքսանդր Մակարյանները

Ծնողները՝ Ելենա և Ալեքսանդր Մակարյանները

Զարուհի Դոլուխանյանի (Զառա Դոլուխանովայի) մասնագիտական կայացումը, նրա վարպետության աճն ու կատարելագործումը կապված է արդեն ոչ ուսումնական հաստատության հետ:Չավարտելով տեխնիկումը, նա մեկնում է Երևան անձնական բնույթի պատճառով:Երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր Ալեքսանդր Դոլուխանյանի հետ հանդիպումը, սերն ու ամուսնությունը կտրուկ փոխեցին ջանասեր ուսանողուհու կյանքի սովորական ռիթմը:Ուսումն ընդհատվեց ավարտական քննություններից քիչ առաջ:Ա. Դոլուխանյանը իր վրա վերցրեց մանկավարժ-վոկալիստի ֆունկցիան և կնոջը համոզեց «կոնսերվատորիայի» ընտանեկան տարբերակի նախընտրելիության տարբերակի մեջ, առավել ևս, որ նա վոկալ-տեխնոլոգիական հարցերում վերին աստիճանի մտահասու մարդ էր, ով կարողանում և սիրում էր զբաղվել երգիչների հետ, միաժամանակ նաև խորագիտակ, խոշոր մաշտաբի երաժիշտ, միշտ համոզված իր իրավացիության մեջ:Արդեն Երևանում, կոնսերվատորիայում վարելով դաշնամուրի և կամերային դասարանները, Ալեքսանդր Դոլուխանյանը շատ համերգներ էր տալիս նվագախմբում, երիտասարդ երգիչ Պավել Լիսիցյանի հետ:Զարուհի Դոլուխանյանը հիշում էր կյանքի այդ ժամանակաշրջանը, որը տրվել էր ստեղծագործությանը, վարպետության կուտակմանը, որպես երջանիկ և բեղուն:

1938 թ. աշնանը Երևանում երգչուհին ակամա հաղորդակցվում է երաժշտական-թատերական կյանքին և զգում Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակին նախապատրաստության տենդագին մթնոլորտը, հուզվելով իր ազգականների՝ համաժողովի մասնակիցների համար. չէ որ Ա. Դոլուխանյանի հետ նրա ամուսնությունից մեկ տարի առաջ հայ բեմի ծագող աստղի՝ Պավել Լիսիցյանի հետ ամուսնացել էր ավագ քույր Դագմարան:Այսպիսով երկու քույրերի ընտանիքներն էլ լրիվ կազմով 1939 թ. մեկնեցին Մոսկվա մշակութային տասնօրյակին:Ու դրանից հետո ոչ շատ ժամանակ չանցած Զարուհի Դոլուխանյանը նույնպես դարձավ Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի:
Դոլուխանյանը ելույթ է ունեցել Դունյաշայի դերում «Արքայական հարսնացուն» և Պոլինայի դերում «Պիկովայա դամա» օպերաներում:Երկու օպերաներն էլ ընթանում էին դիրիժոր Մ. Ա. Թավրիզյանի՝ խիստ ու պահանջկոտ արվեստագետի ղեկավարությամբ:Զարուհու համար նրա բեմադրություններում մասնակցությունը լուրջ փորձություն էր, հասունության առաջին քննությունը:
Ոչ մեծ ընդմիջումից հետո, որը կապված էր երեխայի ծննդյան և ամուսնու հետ անց էր կացվել Մոսկվայում, Զարուհի Դոլուխանյանը վերադաձավ երևանյան թատրոն, դա հայրենական պատերազմի հենց սկզբում էր, և շարունակեց մեցցո-սոպրանոյան երգացանկի օպերային դերերգերի վրա:Հայաստանի մայրաքաղաքի երաժշտական կյանքն այն ժամանակ ընթանում էր մեծ ինտենսիվությամբ՝ Երևան էվակուացված ականավոր երաժիշտների շնորհիվ:Երիտասարդ երգչուհին շատերից կարող էր սովորել, չդանդաղեցնելով իր ստեղծագործական աճը:Երևանի թատրոնում աշխատանքի մի քանի սեզոնների ընթացքում Զարուհի Դոլուխանյանը նախապատրաստեց և կատարեց Կոմսուհի դե Չեպրանոյի և Պաժի դերերգերը «Ռիգոլետտո» — ում, Էմիլլինը՝ «Օթելլո» — ում, Երկրորդ աղջկանը՝ «Անուշ» — ում, Գայանեյինը՝ «Ալմաստ» — ում և Օլգայինը՝ «Եվգենի Օնեգին» — ում: …Եվ հանկարծ քսանվեց տարեկան հասակում՝ հրաժեշտ թատրոնին:Ինչու… Զգալով սպասվող փոփոխությունը՝ այդ հանելուկային հարցին առաջինը փորձեց պատասխանել Երևանի օպերայի այն ժամանակվա գլխավոր դիրիժոր Մ. Թավրիզյանը:1943 թ. վերջում նա բացահայտորեն զգաց այն որակական թռիչքը, որը երիտասարդ արտիստուհու կողմից կատարվել էր կատարողական տեխնիկայի յուրացման մեջ, նշեց գեղգեղանքների յուրահատուկ փայլը, տեմբրի նոր երանգները:Պարզ դարձավ, որ երգում է արդեն ձևավորված վարպետը, որին փայլուն ապագա է սպասվում, սակայն հազիվ թե կապված թատրոնի հետ, ավելի շուտ համերգային գործունեության մեջ:Հենց երգչուհու կարծիքով, կամերային երգեցողությունը լայնարձակություն է տալիս անհատական մեկնաբանությանը և ձայնային կատարելության վրա ազատ, անկաշկանդ աշխատանքին նրա ձգտմանը:Վոկալային կատարելությանը ձգտումը Զարուհի Դոլուխանյանի գլխավոր խնդիրներից մեկն էր:Դրան նա հասնում էր առաջին հերթին Ա. և Դ. Սկառլատիների, Ա. Կալդարի, Բ. Մարչելլոյի, Ջ. Պերգոլեզիի և մյուսների ստեղծագործությունների կատարման ժամանակ:Ամենից ակնառու կերպով երգչուհու կարգը բացահայտվում էր Բախի և Հենդելի ստեղծագործությունների կատարման մեջ:
zara_dolukhanova31944 թ. երգչուհին տեղափոխվում է Մոսկվա ու արդեն նրա ստեղծագործական կյանքում սկսվում է նոր փուլ՝ սկիզբ է առնում կամերային երգչուհի կոլորոտուրային մեցցո-սոպրանո Զարուհի Դոլուխանյանի համերգային գործունեությունը: Սկզբից նա հանդես էր գալիս որպես Համամիութենական պետական հեռուստառադիոյի մեներգչուհի, 1959 թ. նաև որպես Մոսկվայի ֆիլհարմոնիայի մեներգչուհի:Ի դեպ, արդեն իսկ հայտնի երգչուհին 1952 թ. ընդունվեց և 1957 թ. ավարտեց Գնեսինների ակադեմիան:
Զարուհի Դոլուխանյանի համերգներում հնչում էին Ֆ. Շուբերտի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Ի Բրամսի, Ռ. Շտրաուսի, ինչպես նաև Մոցարտի, Բեթհովենի, Ի. Ստրավինսկու, Դ. Շոստակովիչի և այլոց ստեղծագործությունները: Երգչուհու երգացանկում ռուսական կամերային երաժշտությանը նվիրվում էին ամբողջ լայնածավալ ծրագրեր:Նա սիրով բավականին հաճախ կատարում էր նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ սկսած մեծն Կոմիտասից մինչև ժամանակակիցներ:Ժամանակակից կոմպոզիտորներից Զարուհի Դոլուխանյանը կատարում էր նաև Յ. Շապորինի, Ռ. Շեդրինի, Ս. Պրոկոֆևի, Ա. Դոլուխանյանի, Մ. Թարիվերդիևի, Վ. Գավրիլինի, Դ. Կաբալևսկու և մյուսների ստեղծագործությունները:
Համերգային գործունեության ընթացքում երգչուհին կատարել է բազմաթիվ բոլորովին նոր ստեղծագործություններ:Այսպես, Ս. Պրոկոֆևը «Խաղաղության պահապանությանը» օրատորիայում «Օրորոցային» — ը գրել է նրա ձայնի համար:Դոլուխանյանի կատարմամբ առաջին անգամ հնչեցին Դ. Շոստակովիչի «Իսպանական երգեր» — ը:Նա եղել է Մ. Թարիվերդիևի վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը, իսկ Վ. Գավրիլինը և Ռ. Շեդրինը նրան են նվիրել «Ռուսական տետր» և «Սոլֆեջիոներ» վոկալ ցիկլերը:
Անդրադառնալով երգչուհու օպերային գործունեությամը նշենք նաև, որ Զարուհի Դոլուխանյանը ԽՍՀՄ-ում դարձավ Ռոսինիի «Մոխրոտիկը» օպերայում համանուն դերերգի և նույն կոմպոզիտորի «Սևիլյան սափրիչ»- ում Ռոզինայի դերերգի յուրօրինակ տարբերակի առաջին կատարողը:
Դոլուխանյանի համերգային ծրագրերը միշտ հետաքրքիր էին, որովհետև նա մշտապես ունկնդրին էր ներկայացնում կամ հին երաժշտության նոր մեկնաբանությունը, կամ հազվադեպ կատարվող ստեղծագործություններ, կամ բոլորովին նոր, հենց նոր գրված երաժշտություն:Նա օժտված էր զանազան դարաշրջանների երաժշտական ոճերի բնորոշ առանձնահատկությունների ճշգրիտ փոխանցման, իսկ եթե պետք է ապա նաև վերականգման զարմանալի ընդունակությամբ:
Զարուհի Դոլուխանյանի արտիստական գործունեությունը ընդգրկում է քառասունամյա ժամանակաշրջան:Նա երգել է Խորհրդային Միության բոլոր երկրներում, ինչպես նաև, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի լավագույն համերգասրահներում:Նրա արվեստը բարձր է գնահատվել ամենուր:

Զարուհի Դոլուխանյանը ամուսնու՝ Ալեքսանդր Դոլուխանյանի հետ

Զարուհի Դոլուխանյանը ամուսնու՝ Ալեքսանդր Դոլուխանյանի հետ

1951 թ. Երգչուհին արժանացել է Պետական մրցանակի՝ բացառիկ համերգա-կատարողական գործունեության համար:1952 թ. նրան շնորհեցին Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1955 թ. ՝ Հայաստանի ժողովրդական արտիստի:1956 թ. Զարուհի Դոլուխանյանը ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի էր:Նույն թվականին ամերիկյան երգիչ, դերասան, իրավապաշտպան Պոլ Ռոբսոնը Դոլուխանյանին հանձնեց պատվոգիր, որը նրան շնորհել էր Խաղաղության Համաշխարհային խորհուրդը՝ «ժողովուրդների միջև խաղաղության և ընկերության ամրապնդման համար»:1966 թ. , խորհրդային երգչուհիներից առաջինը , Զ. Դոլուխանյանին շնորհվեց Լենինյան մրցանակ:1990 թ. երգչուհին ստացավ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչում:Նա իր կյանքի ողջ ընթացքում և՛ հայրենիքում, և՛ արտասահմանում արժանացել է մի շարք մեդալների, շքանշանների, գովասանագրերի ու պատվոգրերի:Նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրության մասին է խոսում նաև այն, որ, օրինակ, 1990-1995 թթ. ժամանակաշրջանում «Мелодия», «Monitor», «Austro Mechana» և «Russian Disc» ֆիրմաների կողմից լույս է ընծայվել ութ խտասկավառակ:
Երկար ու բեղմնավոր էր Զարուհի Դոլուխանյանի նաև մանկավարժական գործունեությունը. սկզբից համերգային գործունեությանը զուգահեռ, ապա բեմը թողնելով ամբողջովին իրեն նվիրեց մանկավարժությանը:1972 թ. Զարուհի Դոլուխանյանը սկսեց դասավանդել Գնեսինների ինստիտուտում՝ 1977 թ. –ից արդեն որպես դոցենտ, 1984 թ. –ից որպես պրոֆեսոր:Ասում են ինստիտուտը այդքան որդեսեր և ներողամիտ դաստիարակ չէր տեսել:Թվում էր նա իր անհուն բարությամբ ու համբերատարությամբ կարող էր տաղանդավոր դարձնել իր դասարանում հայտնված ցանկացած մեկին:Վոկալ ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանող երազում էր լինել նրա սանը:Կյանքի վերջին տարիներին Դոլուխանյանին հյուծում էր ծանր հիվանդությունը, բայց նա վերջին ուժերով շարունակում էր կրթել իր աշակերտներին:
Զարուհի Դոլուխանյանը հանդիսանում է 20-րդ դարի ականավոր կամերային երգչուհին:Նրա մեջ զարմանալի կերպով միահյուսվել էր ոչ երկրային գեղեցկությունը, ոսկե ձայնը, անբասիր ճաշակը, մշակույթը և հանրագիտակությունը:Դասական և ժամանակակից կամերային երաժշտության մեկնաբանման մեջ նրա ավանդը վիթխարի է:Նրա ստեղծագործությունը մի ողջ դարաշրջան է կամերային երաժշտության մեջ, որովհետև նա ստեղծել է դասական և նոր երաժշտության շատ ստեղծագործությունների կատարման էտալոնային նմուշներ՝ ստեղծելով կամերային կատարողականության «դոլուխանովյան» ոճը:
zara_dolukhanova5Վարպետությունը, որով Դոլուխանյանը կատարում էր վոկալ երաժշտությունը, հիմնված է, իհարկե, առաջին հերթին երաժշտական կոմպոզիցիայի և ստեղծագործության դրամատուրգիայի օրենքների վրա,սակայն շատ հաճախ երգչուհին երաժշտության մեջ էր հասցնում նաև կոմպոզիցիայի տարրեր, որոնք հատուկ են կերպարվեստին:Դրան շատ բանով նպաստում էր նրա ձայնի առանձնահատուկ հնչերանգային ներկապնակը:Արդյունքում ունկնդիրը ոչ միայն ըմբոշխնում է հիասքանչ երաժշտությամբ, ոչ միայն հուզակցում է ստեղծագործության հերոսներին, այլև ՏԵՍՆՈՒՄ Է այն միջավայրի բնորոշ մանրամասները, որում տեղի է ունենում գործողությունը:
Դոլուխանյանի կատարողական արվեստին հատուկ էր նաև գործիքայնությունը:Չնայած վոկալ տեքստի անխուսափելի «ծրագրայնությանը», նրա կատարման մեջ միշտ զգացվում էր երաժշտության մեկնաբանման խորությունը:Երբ լսում ես Զարուհի Դոլուխանյանի երգեցողությունը, քեզ բռնում ես այն մտքի վրա, որ գործ ունես ոչ թե պարզապես երաժշտության կատարման արվեստի հետ, թեկուզ և սքանչելի, այլ անմիջականորեն բուն ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ հետ, սքանչելի՝ բառի բուն իմաստով …
Երբ Զարուհի Դոլուխանյանը դուրս էր գալիս բեմ, դահլիճում անմիջապես ստեղծվում էր գեղեցկության և ուրախության մթնոլորտ:Ապա վրա էր հասնում ՀՐԱՇՔԸ՝ նրա երգեցողության հրաշքը:Ելույթների ժամանակ նա միշտ հիասքանչ էր, նրանում ամեն ինչ անկրկնելի էր. ընտիր հագուստներ, քայլվածքը, «դոլուխանովյան» խոնարհումները:Նա միշտ կրում էր կենսական ուժի հսկայական լիցք և այդ ամենն այն երաժշտության մեջ էր, որը նա կատարում էր:Հասկանալի է, թե ինչու համերգներից հետո, անվերջ կանչերի ժամանակ, հանդիսատեսը ոչ միայն ծափահարում էր, այլև բարձրաձայն վանկարկում էր՝ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» :

 

Նյութը պատրաստեց Սար Սարգսյանը

 

Տեղեկատվության աղբյուր

http://ru.wikipedia.org/
http://ru.hayazg.info/
http://www.biograph.ru/
http://www.muzcentrum.ru/

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top