online

Ուրբաթագիրք

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

Портал «Наша среда» заканчивает публикацию перевода на ашхарабар первой армянской печатной книги «Урбатагирк», изданной в Венеции в 1512 году Акопом Мегапартом. Перевод выполнен сотрудником Института литературы НАН РА, кандидатом филологических наук Лусине Аветисян, которая любезно предоставила нам для публикации все материалы.

Շարունակություն (1), (2), (3)

Սուրբ Փոկաս հայրապետի աղօթքը

 

Յիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծոյ,
Տէ՛ր իմ եւ Աստուած,
ում անունը սուրբ է,
Տէ՛ր հրեշտակների,
Աստուա՛ծ ամէնի, ինչ անուն ունի,
ո՜վ Հովիւ բանական ոչխարների,
պահպանի՛ր հօտն այս
անարատութեամբ։
Հալածի՛ր գայլխոտն96
այն կորստաբեր,
դեւին՝ գայթակղող ու հափշտակիչ,
տեղ չտաս նրան քո ստեղծածի մէջ։
Թող այդ վայրենի վարակը չայրի
այս որթերը քո քրիստոսատունկ։
Թող չպղծի քո սրբարանները,
ինչպէս այն Նաբուգոդոնոսորը։
Չարատաւորի թող քո ծառային
օձը բազմաբիծ՝ լիրբն արատաւոր։
Վայելուչ պահիր այգիդ,
որ տնկեց աջդ ամենազօր։
Թոյլ չտաս մատնել հօտդ կորստեան,
որ քո պատուական արեամբ գնեցիր։
Չթողնես՝ սուզուի տապանակը քո,
որի նաւապետն ու առաջնորդն ես։
Փառաբանում եմ քեզ, իմ Տէ՛ր Յիսուս։
Օրհնաբանում եմ եւ փառաւորում քեզ,
ո՜վ Հայր մեր Տէր Յիսուս Քրիստոսի։
Որ Աբրահամի օթեւաններում
արժանի դարձնես ինձ՝ անարժանիս,
ցնծալ քեզանով, բերկրել քո շնորհիւ։
Որ անբիծ մտնեմ առագաստը քո
եւ արդարութեամբ քո դէմ յայտնուեմ։
Երբ գամ դէպի քեզ,
չմերժես ինձ, Տէ՛ր, մեղքերիս համար։
Հովանի՛ եղիր, Տէր Աստուած, հօր պէս,
եւ ինչպէս հովիւ,
որ չշառաչի ինձ վրայ չարիքն
իմ արարքների՝
համահունչ մեղքիս դժնի վերքերին։
Ցոյց տուր ծառայիդ շնորհներդ, Տէ՛ր,
բուժի՛ր ախտերը հոգուս եւ մարմնիս։
Մաքրագործի՛ր, Տէ՛ր,
ինձ իմ մեղքերից,
հերիւրանքներից, սայթաքումներից,
եւ ների՛ր ինձ իմ հեշտասիրութիւնն
ու ծուլութիւնը։
Պաշտպանի՛ր ինձ, Տէ՛ր,
փորձութիւններից,
առանց երկիւղի, ամուր հաւատով
դէպի քո յոյսը հանի՛ր, բարձրացրու,
քեզնից մեկնածիս դէպի քեզ դարձրո՛ւ,
ների՛ր անամօթ արարքները իմ,
հեռացածիս քո պատուիրաններից
մի՛ թող անպաշտպան,
վերցրո՛ւ, դէպի քո սէրը բեւեռիր,
Գութդ սիրուդ հետ իմ մէջ շաղախի՛ր,
մեղքերի բանտից ազատ արձակիր,
խզի՛ր կապանքը գործած մեղքերիս,
ինձ արդարութեան ուղեցոյց եղիր։
Օթեակ պատրաստիր քո յարկի ներքոյ,
եւ հաղորդ արա, Տէ՛ր,
աստուածային քո գորովանքին,
սիրելու համար պատուիրաններդ,
գնալու համար քո ճամփաներով,
մահուամբդ մեռնելու,
փառքիդ մէջ մտնելու,
սրբերիդ կարգը դասուելու համար,
ուրախանալու պաշտողներիդ հետ։
Գթա՛ ինձ, Տէ՛ր, եւ փարատիր
ցանկութիւններն իմ անառակ։

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 88

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 88

Իմ կարեվէր հոգին բուժի՛ր,
առողջացրու՛ մարմինս հիւանդ,
ցաւերս ջնջի՛ր,
չար արարքներս ի չիք դարձրու,
ժողովի՛ր միայն երախտիքներս,
ինչ պակասում է իմ մէջ, լրացրո՛ւ,
Ծնկաչոք ահա աղերսում եմ քեզ,
որ թողութիւն տաս բոլոր մեղքերիս,
Ունկնդիր եղիր պաղատանքներիս,
զանցանքս ների՛ր,
միտքս պարզեցրո՛ւ,
մտածութիւններն իմ լուսաւորի՛ր,
զօրեղ դարձրու իմ այս մարմինը,
առ քեզ աւելի ջերմեռանդօրէն
աղօթել տուր, Տէ՛ր։
Մեղապարտիս ու աւերակուածիս
վերահաստատի՛ր,
դարմանիչ եղի՛ր թշնամու նետից
վիրաւորուածիս։
Մեղքերի ցաւը իսպառ վերացրո՛ւ,
ջնջի՛ր կսկիծը սխալանքների,
յափշտակի՛ր ինձ գարշ մահիճներից
եւ տանջանքներից դժնի ազատի՛ր։
Եղի՛ր իմ անձի խնամարկուն եւ
պահապանը, Տէ՛ր,
պահի՛ր դեւերից,
փրկի՛ր մարդկային փորձութիւններից,
պարտութեան մատնի՛ր թշնամիներին,
եւ գօտէպնդի՛ր՝
ազնիւ լինելու կռուողների մէջ։
Աջակցի՛ր, որ ես մեղքերս քաւեմ,
վշտերս կրեմ վսեմ քաջութեամբ
եւ աստուածային քո շնորհներին
արժանի դառնամ։
Քանզի գոյութիւնն իմ մահկանացու
մատնեցի մահուան
եւ ապաքինում չունեմ ոչ ոքից։
Բայց եթէ ձայնդ կամ արտասուքդ,
ո՛վ Ահեղափառ,
որ հոսեցրեցիր գերեզմանի մօտ
դու Ղազարոսի,
իմ՝ կորուսեալիս աղօթքի պահին
հորդելով հոսի,
եւ եթէ ցայտի քո այն արիւնից,
որ աստուածային կողիցդ հոսեց,
եւ եթէ հասնի իմ լսելիքին,
ո՛վ Ամենազօր, շուրթիդ շնորհը,
որ այն անառակ կնոջը հասաւ,
եւ եթէ պարզուի անեղիդ մատը
յանկարծ դէպի ինձ, ինչպէս բորոտին,
թէ դէպի ինձ գայ ողորմութեանդ
ձեռքը, որ հասաւ կոյրի աչքերին,
եթէ կարկաչի դէպի եղկելիս
քո երջանկաբեր ձայնը,
որ լսեց աւազակը այն,
ապա կցնդեն կասկածանքները
իմ անյուսութեան,
եւ կբարձրանայ խորխորատներից
անձն իմ տապալուած։
Ու թէպէտեւ ես՝ այս ողորմելիս,
խիստ անարժան եմ,
եւ մոլորում ու յանդգնութիւն է
ասել քեզ սրանք,
բայց աստուածային զօրութիւնը քո
անպարագիր է,
Քանի որ այնժամ, երբ դու կամենաս,
երկինք են վիհերն,
ու երկինքների երկինք է երկիրը,
խաւարը լոյս է, եւ մէգն՝ արեգակ։
Մարդասէ՛ր Փրկիչ,
քո մեծ զօրութեամբ մօտեցի՛ր դու ինձ
եւ ինձ՝ գլորուած քո արարածին
վերահաստատիր։
Կրկին բարձրացրու՛
եւ արժանացրու՛ քո շնորհներին,
որ փափագելի բարու գանձերը
քո ժառանգորդեմ,
մտնեմ դռներից քո արքայութեան
եւ ուրախանամ, Աստուա՛ծ, իմ Փրկիչ։
Եւ գոհանալով փառաբանեմ
Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։

 


 

Գիր ամէն տեսակ հարուածի համար

Վերցրո՛ւ եռագամ պօղպատէ դանակ եւ խաչակնքի՛ր վէրքի վրայ եւ կարդա՛ այս աղօթքը

 

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 89

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 89

Մի ծառ կար երկրի վրայ, որ ո՛չ ճիւղ ունէր, ո՛չ տերեւ, եւ ո՛չ արմատ։ Մի արծիւ էր նստել նրա վրայ, որը ո՛չ գլուխ ունէր, ո՛չ թեւ, եւ ո՛չ ոտք։ Հարցրին այն արծուին. «Ինչու՞97 ես նստել այդ ծառին, որ ո՛չ ճիւղ ունի. ո՛չ տերեւ եւ ո՛չ արմատ»։ Այն զազրելի արծիւն ասաց. «Գնամ նստեմ մարդու գլխին, միսն ուտեմ, ուղեղը ծծեմ, աչքերի լոյսը պակասեցնեմ»։ Լսեցին98 հրեշտակներն ու հրեշտակապետերը, հրամայեցին եւ ասացին. «Քեզ կապում ենք երեք հարիւր եւ վաթսունհինգ սրբերով, որոնք արեգակի սրտում են, որին ո՛չ հրեշտակ է հասու, ո՛չ հրեշտակապետ, այլ միայն Հայրը»։

Եւ դարձեալ ասում են. «Կապում ենք քեզ երեք հարիւր եւ վաթսունհինգ սրբերով, որոնք ծովի մէջ են, որին հասու չէ ո՛չ մի հրեշտակ ու հրեշտակապետ, այլ միայն Հայրը»։ Եւ կրկին ասում են. «Կապում ենք քեզ քնարով Դաւթի, մատանիով Սողոմոնի, տապանակով Մովսէսի, պատմուճանով Ահարօնի, դաստառակով Քրիստոսի, Սուրբ Կոյսի քաղցր կաթով, Քրիստոսի չորս գամերով, որոնք մկրտուել են Տիրոջ արիւնով։ Կապում եմ քեզ կապանքներով Պետրոսի եւ Պօղոսի, Թաբօր լեռան վրայ Քրիստոսի այլակերպութեամբ, եռասուրբ լոյսով, որ երեւաց Քրիստոսի անմահ գլխի վերեւում։ Դու իրաւունք չունես աճելու եւ չարն իրագործելու, հզօրանալու եւ ամրանալու։ Այլ պիտի չորանաս. չկաս եւ ի չիք ես դառնում խօսքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի։ Կարդում եմ ես այս գիրը, դեղը Յիսուս Քրիստոսն է լինում. Ամէն։

Կապում եմ քեզ քսանչորս մարգարէներով, տասներկու առաքեալներով եւ եօթանասուներկու առաքեալներով, Ադամի փառքով, Դրախտի վայելչութեամբ, օդով, որ հովանի եղաւ, այն խօսքով, որ ասաց Քրիստոսը խաչի վրայ. «Էլի՛, Էլի՛, լա՛մա սաբաքթանի»99։

Կապում եմ քեզ պետութիւններով եւ իշխանութիւններով100 եւ բարձրեալ քերովբէներով։ Կապում եմ քեզ Քրիստոսի խաչով, որովհետեւ նա է լուսատուն տիեզերքի։

Կապում եմ քեզ երեք հարիւր վաթսունվեց ցաւերով, ծեծով եւ ցաւագարութեամբ, որ ալեւս չերեւաս, ինչպիսին էլ լինես՝ գլխիվայր, թէ գլխիվեր, քայլող, թէ սողուն, ուտողը, թէ կերը, քո պատճառը թէ քո հետեւանքը։ Լինես գետնառիւծ101, թէ աղուէսուկ, ծիրանիկ, պալար, թէ խլուրդ, երես, թէ աղուամազ, չարաճճի, թէ  այսահար,  գորտնուկ  թէ սեւ բշտիկ, կատկացաւ, թէ խումրան102, մրմուռ, թէ այն ցաւը, որ մարմնագոյն է։ Չկաս եւ ի չիք ես դառնում։ Այս գիրը կարդում եմ ես, Յիսուս Քրիստոսն է սպեղանի լինում. Ամէն։ Կապում եմ քեզ, որ թէ՛ երկնային ես, թէ՛ երկրային, թէ՛ ծովից ես, թէ՛ ցամաքից, թէ՛ արեւելքից, թէ՛ արեւմուտքից, թէ՛ հիւսիսից, թէ՛ հարաւից, թէ՛ դեւ ես, թէ՛ սատանայ, թէ՛ Բէհեղզեբուղանը, թէ՛ Կենդարը, Նոփիազը կամ այդ դասից, դեւերի իշխանն ես, համրն ես եւ խուլը։ Ե՛ւ աչք ես խաւարեցնում, ե՛ւ գլուխ ցաւեցնում, ե՛ւ յօրանջել տալիս, ե՛ւ թուլացնում, ե՛ւ դժգունացնում, այր ու կնոջ միջեւ ատելութիւն ես գցում։ Կապում եմ քեզ կենդանացնող նշանով եւ անմահական տնկիով։

Կապում եմ քեզ Աստծոյ խօսքով, որ ասաց. «Արարենք մարդ մեր պատկերով եւ նմանութեամբ»։ Կապում եմ քեզ Հօր իշխանութեամբ, Որդու տէրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ։ Եւ թող ուղարկի Տէրը հրեշտակներ խաղաղութեան, որ գալով հրեղէն պարիսպ են ձգում եւ պաշտպանում Աստծոյ ծառաներին։

Բարեխօսութեամբ ամէնօրհնեալ Սրբուհի Աստուածածնի, Յովհաննէս Կարապետի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, սուրբ առաքեալների եւ մարգարէների, մարտիրոսների եւ հայրապետերի, սուրբ կոյսերի եւ բոլոր սրբերի՝ թող փարատուի Աստծոյ այս ծառայի ցաւը. Ամէն. եւ թող լինի։

   

 

Սաղմոս

 

Տէրն է լոյսը եւ կեանքն իմ,
ումի՞ց պիտի երկնչեմ։
Տէրն է կեանքիս ապաւէնը,
ումի՞ց պիտի սահմռկեմ [ԻԶ,1]։
Ննջեցի ես եւ քուն մտայ, եւ արթնացայ,
եւ իմ պահապանը Տէրն է [Գ,6]։

 

Դատի՛ր նրանց, իմ Տէ՛ր,
ովքեր դատում են ինձ,
պատերազմի՛ր ընդդէմ նրանց,
ովքեր իմ դէմ են մարտնչում [ԼԴ,1]։

 

Փրկի՛ր ինձ իմ ոսոխներից
եւ ազատի՛ր նեղիչներից [Լ,16-17]։

 

Տէ՛ր, ինձ օգնել բարեհաճի՛ր,
եւ փութա՛ ինձ պաշտպան լինել [ԿԹ,2]։

 

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 108

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 108

Տո՛ւր զօրութիւն քո ծառային,
ապրեցրո՛ւ քո աղախնորդուն,
վեհանձնութեան նշան տուր ինձ.
ատողներս թող ինձ տեսնեն
եւ ամաչեն, որ դու եղար
ինձ նեցուկ ու մխիթարիչ [ՁԵ,16-17]։
Դու չես սոսկայ ո՛չ երկիւղից գիշերային,
ո՛չ էլ նետից, որ սուրում է տիւանդորրին [Ղ,6],
Նա կազատի որսացողի որոգայթից,
եւ խօսքերից վրդովեցնող [Ղ,3]։
Իմ նեցուկը Տէրն է, եւ ես չեմ վախենայ,
ի՞նչ կարող է մարդն ինձ անել [ՃԺԷ,6]։

 

Փրկեցիր անձս մահուանից,
իմ աչքերը՝ արտասուքից,
ոտքերը իմ՝ սայթաքումից։
Թող տիրոջը հաճոյ լինեմ
ողջերի երկրում [ԾԵ,13]։

 

Բարձրացրի աչքս դէպի լեռները.
որտեղի՞ց պիտի օգնութիւն գայ ինձ։
Իմ փրկութիւնը Տիրոջից կգայ,
ով երկինքը եւ երկիրն արարեց։

 

Մի՛ թող, որ ոտքս յանկարծ երերայ,
եւ պահապանը քո թող չննջի,
ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում
Իսրայէլի պահապանը։
Տէրն է քեզ պահարկու
եւ Տէրն է իր աջով պահելու։
Ցերեկը քեզ արեգակը չի վնասի,
եւ լուսինը գիշերը չի պատուհասի։
Կպաշտպանի Տէրը բոլոր չարիքներից,
Տէրը անձդ կպահպանի։
Եւ այսուհետ յաւիտեանս Նա կհսկի
քո մուտքն ու ելք [ՃԻԱ,1-8]։

 

 

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 113

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 113

Աստծոյ ծառայի այլ պահպանագիր

 

Մեր Տէր Յիսուս Քրիստոսը՝
Աստծոյ ծառայիս գլխավերեւում,
Աստուածամայրը՝ ուսի վրայ,
Սուրբ Գաբրիէլը՝ աջից,
Սուրբ Միքայէլը՝ ձախից,
եւ դո՛ւք, բոլոր սրբե՛ր՝
երկնային ու երկրային,
պահապան եղե՛ք Աստծոյ ծառայիս
եւ հովանի՝ գիշերն ու ցերեկը. Ամէն։

 

Աղերս

մեր Աստծոյ՝Քրիստոսի

հրաշագործ Սուրբ Նշաններին

 

Բարեխօսութեամբ սուրբ եւ աստուածային նշանների՝ անբարբառ բարեխօսների՝ Քրիստոսի Սուրբ խաչափայտի եւ աւազանի, երկնային Սուրբ խաչի103, Վարագայ Սուրբ Նշանի եւ Պատերազմի Սուրբ Նշանի, Երեւման Սուրբ Նշանի, Հաղպատի Սուրբ Նշանի, Վարանդայի Սուրբ Նշանի, Հռոմկլայի Սուրբ Նշանի, Վանկի Սուրբ Նշանի, Կողբի Սուրբ Նշանի, Արգինէի Սուրբ Նշանի, Սրխու Սուրբ Նշանի, Մռաւի Սուրբ Նշանի, Գանձասարի Սուրբ Նշանի, Ճալէթի Թուխ Մանուկի եւ Քրիստոսի Սուրբ Գեղարդի, Տէրունական Սուրբ Նշանի, Գուռի Սուրբ Նշանի, Գետարգելի Սուրբ Նշանի, Սքանչելագործ Սուրբ Նշանի, Ապարանի Սուրբ Նշանի, Կարմրակի Սուրբ Նշանի, Ծիծեռնի Սուրբ Նշանի, Աղթամարի Սուրբ Նշանի, Սանահինի Սուրբ Նշանի, Սաղամի Սուրբ Նշանի, Վարոսի Սուրբ Նշանի, Կիպրոսի Սուրբ Նշանի, Յեսուվանքի Սուրբ Նշանի, Կոստանդիանոսի եւ տապանակի Սուրբ նշանի, Վրաց, Հոռոմոց եւ Կոստանդնուպօլսի Սուրբ Նշանի, Երուսաղէմի Սուրբ Նշանի, Հապաշի եւ Խլաթի Սուրբ Նշանի, Հացյունեաց Սուրբ Նշանի, սուրբ եւ հրաշափառ Սուրբ նշանի, որ գալստեան պահին առաջինն է գալու, Ակլի Սուրբ Նշանի, Խրշոտի Սուրբ Նշանի, Հնուդի Սուրբ Նշանի, Ծովքի Սուրբ Նշանի, Սինամուտի Սուրբ Նշանի, Կապանի Սուրբ Նշանի, Պիզեռի Սուրբ Նշանի, Սիմայի Սուրբ Նշանի, եւ այլ սուրբ նշանների, որոնք շարժւում են տիեզերքում, եւ որոնք երկնքում են՝ խաչաձեւ աստղերի մէջ։ Այս բոլորի բարեխօսութեամբ՝ պահի՛ր, Տէ՛ր Աստուած, քո այս ծառային։ Ուրեմն՝ Սուրբ խաչը մեզ նշան է յաղթութեան, իսկ դեւերին՝ խորտակիչ։ Սուրբ խաչը մեզ վահան է, իսկ դեւերին՝ հալածող։ Սուրբ խաչը մեզ պարիսպ է, իսկ դեւերին՝ պարտութիւն։ Սուրբ խաչը մեզ կեանք է, իսկ դեւերին՝ կործանում։ Սուրբ խաչը՝ մեզ նեցուկ գաւազան, իսկ դեւերին՝ ցից ծնօտներում։ Սուրբ խաչը՝ մեզ պատերազմելու աղեղ, իսկ դեւերին՝ քառաժանի նետ սրտում։ Սուրբ խաչը՝ մեզ ազատութիւն, իսկ դեւերին՝ տարագրութիւն։ Սուրբ խաչը մեզ նորոգութիւն, իսկ դեւերին՝ անկում։ Սուրբ խաչը մեզ փրկանք, եւ դեւերին՝ տանջանք։ Սուրբ խաչը մեզ անշարժ վէմ, իսկ դեւերին՝ մոլորութիւն։ Սուրբ խաչը մեզ յոյս, ապաւէն եւ առաջնորդ, իսկ դեւերին՝ անմխիթար կորուստ անդառնալի։ Սուրբ խաչը մեզ օգնական, իսկ դեւերին՝ կշտամբանք եւ պատիժ։ Քրիստոսը մեզ հովանի, իսկ դեւերին՝ անդադար վայ ու աւաղանք։ Քրիստոս Աստուած գալով՝ իր ամբողջ զօրութեամբ հալածեց դեւերին։ Սուրբ խաչը եւ Սուրբ Աւետարանը զօրավիգ եւ պահապան թող լինեն Աստծոյ ծառայիս եւ նրա տանը. ամէն. եւ թող լինի։

 

Գիր օձի խայթոցի դէմ

Կարդա [խայթոցի] վրայ

 

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 114

«Ուրբաթագիրք» (1512 թ.), էջ 114

Ես` Պօղոսս, որ եկեղեցու հալածիչն էի բազում օրեր, այժմ ընտիր եւ պատուական անօթ եղայ։ Ելայ ծովից, հաւաքում էի չոր ճիւղ ու ոստեր, եւ յանկարծ մի իժ դուրս սողաց խռիւի միջից եւ կախուեց իմ աջ ձեռքից104։ Եւ Սուրբ Հոգուց շնորհ ունէի. իժին105 թափահարեցի եւ վառուող հրի մէջ նետեցի106։ Եւ հոգուս նուաղելու պահին Տիրոջը յիշեցի եւ այսպէս կանչեցի. «Տէ՛ր բարձրեալ, ահարկու, որ տրորեցիր սատանային եւ նրա զօրութիւնը կործանեցիր, քո այդ աստուածութեամբ օգնի՛ր նեղութեան մէջ ընկածիս»։

Այնժամ ինձ մօտ ուղարկեց մի հրեշտակի. նրա ձեռքին մի թուղթ կար, եւ ասաց ինձ. «Պօղո՛ս, Պօղո՛ս, վերցրո՛ւ այս նամակը, կգտնես նրանում այն գիրը, որ խափանում է ոչ մէկ չարիք [այլ շատերը]»։

Երդուեցնում եմ երեք հարիւր վաթսունհինգ տեսակի օձերին, (…)107 եւ բոլորին, որ սողում են երկրի վրայ եւ խայթում մարդկանց։

Երդուեցնում եմ տասնչորս տեսակի կորերին՝ մորմին, կարիճին, եւ այն կորին, որ ծագում է սատանայի թոյնից եւ ինքն է թագաւորը բոլոր զեռունների։

Երդուեցնում եմ խինին եւ արեկին, որ մահադեղ են կրում իրենց քիմքում։

Երդուեցնում եմ խիթնասողին108 եւ մանրաողին, որ թոյն են կրում իրենց աջ կզակում։

Երդուեցնում եմ օձին օղազուրկ, որ տասներկուգլխանի եւ քառասանձ է։

Երդուեցնում եմ մեծ օձին ագռաւակերպ, որ մահադեղ է կրում իր ժանիքի ասեղում, որ եթէ խայթի մարդուն կամ անասունին, անհնար է փրկուել, եթէ վրայ չհասնի Սուրբ Պօղոսի աղօթքը։

Երդուեցնում եմ այն օձին, որ երդիկում է դարանում, եւ օձին ակիւնդիոս, եւ այն օձին, որ ծառն է ելնում, եւ արեգակին սպասող օձին, եւ այն թեւաւոր օձին, որ ճնճղուկի պէս վազում է, եւ օձին թքող, եւ այն օձին բառաչող, որին հարիւր տարի մարդու աչք չի տեսնում, եւ որը վիշապ է դառնում եւ վեր բարձրանում, տասներկուգլխանի է ու քառասանձ։

Երդուեցնում եմ այն օձին, որ շանն է խայթում եւ թոյնը լեզուի մէջ է թաքցնում։ Երդուեցնում եմ այն օձին, որ թոյնը աղիքներում109 է թաքցնում, եւ սեւ քարերի տակ է ապրում։

Երդուեցնում եմ այն մեծ խուլ ու կոյր110 օձին, որ զրկուած է լոյսի քաղցրութիւնից։

Օձե՛ր թունաբեր, երդուեցնում եմ ձեզ Սուրբ Պօղոս առաքեալով։ Երդուեցնում եմ ձեզ, թունավո՛ր օձեր, սուրբ սերովբէներով եւ քերովբէներով։

Երդուեցնում եմ ձեզ, օձե՛ր թունաւոր, ամենակալ Աստծով, ումից դողում են բոլոր արարածները, եւ անդունդները սարսում են, եւ խաւարը՝ հրդեհւում։

Երդուեցնում եմ ձեզ, թունաւո՛ր օձեր, եօթնաբերան հրեղէն ջրհորով, որից ծնուել է մարդ արարածը՝ ըստ Աստծոյ պատկերի։ Օձե՛ր թունաւոր, երդուեցնում եմ ձեզ նրանով, որ Միքայէլը Բաբելոն դառնալով վիշապին սպանեց։ Տէ՛ր զօրութիւնների, օգնական եղիր ինձ եւ խայթուածին, եւ դուք լսեցե՛ք ինձ։ Երդուեցնում եմ օձին ձիւնաթոյր, որի մաշկը սպիտակ է։

Երդուեցնում եմ օձին, ցամաքային կարիճին, որ սառը վայրերում է բնակւում եւ այնտեղից է վերադառնում։

Երդուեցնում եմ թունաւոր կարիճին, որ ծովում է, եւ կորին։ Երդուեցնում եմ մեղուին եւ բոլոր տեսակի իշամեղուներին, որոնք թոյն ունեն։

Երդուեցնում եմ չար օձին յանուն Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։

Երդուեցնում եմ օձին թունաւոր, օձին նախշաւոր, տասներկուգլխանի ու քառասանձ օձին եւ (…)111 օձին՝ թփերում դարանած, նաեւ՝ օձին կանաչ եւ օձին դեղին, որ հանդիպում է երկրի երեսին բազում տեսակներով՝ թիկունքին աչքեր (՞)։

Տէ՛ր, Տէ՛ր, զօրավիգ եղիր սրան, պինայ, գազայ եւ մանեայ112, Տէ՛ր զօրութիւնների, իրագործի՛ր յանուն Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։

Երդուեցնում եմ օձին եւ օձի ձագին, կորին եւ կորաձագին, եւ բոլոր զեռուններին թունաւոր։

Տէ՛ր ամենազօր, ի բարին կատարիր աղոթքներն ու աղաչանքները մեր եւ պահպանի՛ր քո այս ծառային բոլոր փորձանքներից. Ամէն։

 

«Ուրբաթագիրք» (1512 թ.), վերջին էջը, որ կրում է Յակոբ Մեղապարտի տպարանանիշը, էջ 123

«Ուրբաթագիրք» (1512 թ.), վերջին էջը, որ կրում է Յակոբ Մեղապարտի տպարանանիշը, էջ 123

Չար աչքի գիր

 

Հոսում-գալիս էր Յորդանան գետը եւ բերում էր գեղեցիկ ու պատուական մի ծառ, որ գետի մէջ խաչի տեսք ունէր։ Սերովբէներ եւ քերովբէներ կային նրա շուրջ։ Բարձրաձայն կանչում եւ ասում էին. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ Տէր զօրութիւնների, դու ես բոլոր ցաւերի դեղը՝ այտուցի, (…)113, խոցի, խայթուածքի, չար աչքի, չար լեզուի, եւ պահապանը Աստծոյ ծառայիս»։

 

 

96 Բնագրի «գայլ» բառն այստեղ «գայլխոտ» (բսբ.) (գայլուկ) բառով թարգմանելը տեղին համարեցինք, քանի որ յաջորդ տողերում բնութագրւում է խաղողի տունկը խեղդող վարակիչ ու մակաբոյծ այդ բոյսը։

97 Բնագրում՝ որ, էջ 113։

98 Բնագրում՝ լսեցին, էջ 114։ Գրաբարում լսել բառի անցեալ կատարեալ ժամանակաձեւը կազմւում է լու հիմքով։

99 Եբրայերէն՝Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։

100 Այսինքն՝ հրեշտակների երրորդ եւ չորրորդ դասերով։

101 Գետնառիւծ՝ քամելէոն։

102 Խումրան՝ օձացաւ, կարմիր քամի։

103 Երկնային սուրբ խաչ։ 351 թ-ին Երուսաղէմում տեղի է ունեցել զարմանահրաշ մի երեւոյթ. Գողգոթայից մինչեւ Ձիթենեաց լեռ ձգուել է Փրկչի Սուրբ Խաչի նշանը։  Տես նաեւ՝ սոյն գրքի «Տեղեկատու վանքերի եւ եկեղեցիների»՝ Երուսաղէմի Ս. Նշան յօդուածը։

104 ՀամեմատելԳործք ԻԸ, 1-6, որտեղ երրորդ դէմքով պատմւում է Մելիտէում Պօղոս առաքեալի՝ իժից խայթուելու եւ անվնաս մնալու մասին։

105 Բնագրում՝ զիս, էջ 130։

106 Տե՛ս Գործք ԻԷ,5։

107 Անյայտ բառ՝ երեկն (զերեկն), էջ 131։

108 Այսինքն՝ քարանձաւներում սողացողին։

109 Բնագրում՝ աղիքն, էջ 133։

110 Բնագրում՝ զկորն, էջ 133։

111 Սանահեալ բառն անյայտ է, էջ 135։

112 Կարելի է ենթադրել, որ ընդգծուած բառերը իւրատեսակ կախարդական խօսքեր են, որոնք անհնար է թարգմանել, դրանք հնարաւոր է միայն արտաբերել։ Նման տեքստերում երբեմն հանդիպում են այդպիսի խօսքեր։ Տե՜ս էջ 136։

113 Գնայուն բառն անյայտ է, էջ 137։

 

 

Ց Ա Ն Կ

Յիշատակուած

վանքերի եւ եկեղեցիների

(կառուցման ժամանակը)

 

Ակլի Ս. Նշան-անյայտ

Աղթամարի Ս. Նշան-կառ.՝ 915-921

Ապարանի Ս. Նշան-յիշ.՝ 10-րդ դ.-ից

Արգինայի Ս. Նշան-յիշ.՝ 6-րդ դ.-ից

Գանձասարի Ս. Նշան-յիշ.՝ 10-րդ.-ից

Գեղարդ (Այրիվանք)-301 թ.

Գետարգելի Ս. Նշան-7-րդ դ.

Գռու Ս. Նշան-անյայտ

Երուսաղէմի Ս. Նշան-անյայտ

Երեւման Ս. Նշան-ըստ աւանդ.՝ 100-120 թթ.

Խլաթի Ս. Նշան-անյայտ

Խրշոտի Ս. Նշան-(՞)

Ծիծեռնի Ս. Նշան-7-րդ դ.

Ծովքի Ս. Նշան-յիշ. 7-րդ դ.-ից

Կապանի Ս. Նշան-անյայտ

Կարմրակն Ս. Նշան-անյայտ

Կիպրոսի Ս. Նշան-(՞)

Կողբի Ս. Նշան-մինչեւ 9-րդ դ.

Հապաշ Ս. Նշան-անյայտ

Հաղպատի Ս. Նշան-976 թ.

Հացունեաց Ս. Նշան-7-րդ դ.

Հնդու Ս. Նշան-անյայտ

Հնուտ վանք-անյայտ

Հոռոմայր Ս. Նշան-յիշ. 7-րդ դ.-ից

Հոռոմոսի վանք-10-րդ դ.-ի 1-ին կէս

Հռոմկլայի Ս. Նշան-հաւանաբար՝ 12-րդ դ.

Մռաւի Ս. Նշան-անյայտ

Յեսուվանքի Ս. Նշան-անյայտ

Պիզեռի Ս. Նշան-11-րդ դ.

Ջալէթի (Ճալէթ) Թուխ Մանուկ-անյայտ

Սաղամի Ս. Նշան-անյայտ

Սանահինի Ս. Նշան-966 (928) թ.

Սրխու Ս. Նշան-անյայտ

Սինամտի Ս. Նշան-անյայտ

Սիմայի Ս. Նշան-(՞)

Սքանչելագործ Ս. Նշան-յիշ. 744-ից, 7-8-րդ դդ.

Վանկոյ Ս. Նշան-10-րդ դ.

Վարագայ Ս. Նշան-7-րդ դ.

Վարանդայի Ս. Նշան-13-րդ դ.

Վարոսի Ս. Նշան-յիշ. 13-րդ դից

Վրաց Ս. Նշան-յիշ. 1575-ից (անյայտ)

Տապանակի Ս. Նշան-(՞)

Տէրունական Ս. Նշան-անյայտ

Վանքերի եւ եկեղեցիների տեղաբաշխման քարտէզ (կազմեց թարգմանիչը)

Վանքերի եւ եկեղեցիների տեղաբաշխման քարտէզ (կազմեց թարգմանիչը)

Տեղեկատու նշուած

վանքերի եւ եկեղեցիների

 

ԱԿԼԻ Ս. ՆՇԱՆ–Անգղայ Ս. Նշան, Ակլայ վանք, Ակնայ Ս. Նշան, Անգղ, Անկլայ Ս. Նշան, Էկիլի Ս. Նշան։ Վանք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում, Անգեղատուն գաւառի Անգղ բերդաքաղաքում։ Եղել է գրչութեան կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ ընդօրինակուած մի քանի ձեռագրեր, որոնցից ամենահները վերաբերում են 17-րդ դ-ի սկզբներին։ Մի յիշատակարանում գրուած է. «Արդ, գրեցաւ փրկական խորհուրդ պատարագիի թուականիս Հայոց ՌՂԸ (1649 թ.), գրեցաւ ի դուռն Ակլայ Ս. Նշանին, Ս. Աստուածածնին, որ է դիւաց հալած եւ բժիշկ ամենայն ցաւոց»։

ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ–Հայկական ճարտարապետութեան գոհարներից մէկը, որ կառուցել է ճարտարապետ, քանդակագործ ու նկարիչ Մանուէլը 915-921 թթ-ին։ Տաճարի պատերը դրսից շուրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գօտիներ, որոնք պատկերում են արաբական տիրապետութեան դէմ հայ ժողովրդի մղած պայքարը, տեսարաններ Հին ու Նոր կտակարաններից, Արծրունիների տոհմի մեծերին ու նրանց քաջագործութիւնները, հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, հաւատալիքներն ու պատկերացումները։ Եկեղեցու պատերից մէկին Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ հասակով մէկ Քրիստոսը, որի ձեռքն է արքան յանձնում եկեղեցին։ Մէկ այլ պատի պատկերուած է խաղողի մշակման ամբողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչեւ գինու պատրաստումը։ Ս. Խաչը հարուստ է կենդանական քանդակներով, որոնք գրեթէ եռաչափ են։ Տաճարը նշանաւոր է նաեւ որմնանկարներով. թմբուկի պատերին Ադամի ու Եւայի պատմութիւնն է, պատերի ցածրադիր մասերը շուրջառում են որմնանկարների երեք գօտիներ՝ յաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները։ Ս. Խաչ եկեղեցին եզակի երեւոյթ մնաց միջնադարեան հայ արուեստում։ Նրա պատկերաքանդակները ազդեցին ինչպէս հայկական քանդակագործութեան հետագայ զարգացման, այնպէս էլ 13-14-րդ դդ. Վասպուրականի մանրանկարչական դպրոցի կազմաւորման վրայ։ Եկեղեցին լքեալ է, թէեւ վերանորոգուել է 2007 թ-ին, վերաբացուել առանց խաչի։ Հետագայում տեղադրուել է խաչ, եւ թոյլատրուել տարեկան մէկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում։

ԱՊԱՐԱՆԻՑ Ս. ԽԱՉ–Ապարանի վանք, Ապարանի Ս. Նշան, Ապարանից ուխտ, Ս. Աստուածածին, Ս. Ծայատի վանք, Ծպատի վանք, Ս. Կանանց Մեծափառ անապատ, Ս. Կարապետի վանք։ Վանք Վանի նահանգի Մոկք գաւառում, Մոկք գիւղից 8-10 կմ հարաւ-արեւմուտք՝ Ապարանք, Աւնդուք եւ Սբկանց գիւղերի մօտ, անտառապատ բարձր մի լեռան փեշին։ Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր։ Միջին դարերում եղել է Մոկքի եպիսկոպոսանիստը, հայ գրչութեան նշանաւոր կենտրոն։ Պահպանուել են այստեղ գրուած մի շարք ձեռագրեր, ամենահինը՝ 14-րդ դ։ Ըստ աւանդութեան՝ հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը։ Յիշատակւում է 10-րդ դ.-ից։ Մօտ 950-ին վանահայր Դաւիթը կառուցել է վանքի Ս. Յովհաննէս Կարապետ եկեղեցին։ Վախճանուելով թաղուել է եկեղեցու խորանում, իսկ նրա գերեզմանի հողը բուժիչ է համարուել։ Հողի գործած հրաշքներից տպաւորուած՝ բիւզանդական կայսր Վասիլ 2-րդը վանքին է նուիրել ս. խաչի ոսկէզօծ եւ մարգարտազարդ երկփեղկ տապանակ, որի մէջ զետեղուած էին Կենաց փայտի եւ Փրկչի փշէ պսակի մասունքներ, Աստուածածնի հանդերձից մի կտոր։ 11-րդ դ.-ում ս. խաչը ապահովութեան համար տեղափոխել են Աղթամարի վանք։ Ըստ աւանդութեան՝ վանքի եպիսկոպոս Ստեփանոս Սիւնեցին 983 թ-ին Բիւզանդիայից այստեղ է փոխադրել Քրիստոսի մասունքը։ Մէկ այլ աւանդութեամբ՝ իբր այս վանքում է պահուել նաեւ Ս. Կարապետի ճկոյթը։ Վանքը Կանանց անապատ անուանումն ստացել է Հռիփսիմեան կոյսերի՝ այստեղ հանգրուանելու պատճառով։ Լքուել եւ ամայացել է 1915-ին։

ԱՐԳԻՆԱ–Արգին, Արգինոյ, Երգինայ, Էրկինէ։ Գիւղաքաղաք Մեծ Հայքի Անի քաղաքից հիւսիս՝ Կարս գետի ձախ ափին, ստորին հոսանքի շրջանում։ Տարբեր ժամանակներում յիշատակուած է նաեւ որպէս բերդ, ամրոց, աւան, բերդաքաղաք։ Ըստ ոմանց՝ եղել է նախաքրիստոնէական բերդ (ամրոց)։ Յիշատակւում է 6-րդ դ-ի վերջերից։ Սեբեոսի վկայութեամբ՝ յոյն-պարսկական պատերազմում յաղթած պարսկական զօրքերը վերադարձին 603 թ-ին գրաւել են Արգինայի բերդը եւ «մեծ ոճիր» գործել։ Բագրատունիների ժամանակ, երբ Հայաստանի մայրաքաղաք է դառնում Շիրակաւանը (Երազգաւորս), կաթողիկոսական աթոռը տեղափոխւում է Արգինայի մեծ վանքը։ Ասողիկի եւ Ուռհայեցու վկայութեամբ՝ Արգինան 10-րդ դ-ում կաթողիկոսանիստ մեծ աւան էր։ Արգինայի վանքի համալիրի շինարարութեան եւ վերանորոգման աշխատանքները սկսում է Անանիա Մոկացի կաթողիկոսը (946-968), ապա՝ շարունակում է նրա քրոջ որդի Խաչիկ Ա կաթողիկոսը (973-992)։ Սրանց գերեզմանները գտնւում են Արգինայի վանքում։ Վանքի եկեղեցին, գրատունն ու դպրոցը կառուցել է Տրդատ ճարտարապետը՝ Անիի Մայր տաճարից առաջ։ Վանքն ունէր մեծ ու հարուստ ձեռագրատուն։ 10-րդ դ-ից մեծ հռչակ է ձեռք բերում հոգեւոր դպրոց-վարդապետարանը։ 10-րդ դ-ի վերջերին (992 թ-ին), երբ Պետրոս Գետադարձը հայրապետական գահն ու դպրոցը փոխադրում է Անի, Արգինան եւ նրա վանքը կորցնում են իրենց նախկին դերը։ 19-րդ դ-ի վերջերին Արգինան անշուք թրքաբնակ գիւղ էր, պատմական յուշարձանների մեծ մասը ոչնչացուած էր։ Կանգուն էին միայն կաթողիկէի հիւսիսային որմը եւ արեւմտեան պատի կէսը, որոնք բաւական էին ցոյց տալու համար, որ այդ կերտուածքը Տրդատ ճարտարապետի անունը անմահացնող վսեմ մի կոթող է եղել։ Արեւմտեան դռան վրայի արձանագրութիւնները եղծուած էին, նշմարւում էին միայն կառուցման թուականը՝ 1012, եւ կառուցողի անունը։

ԳԱՆՁԱՍԱՐ–վանք Արցախի նահանգի Մեծ Առանք գաւառում, Խաչեն գետի ձախ ափին։ Իր անունն ստացել է բլրից, որի ընդերքում կան արծաթի եւ այլ մետաղների հանքեր։ Գանձասարի մասին առաջին տեղեկութիւնը յայտնում է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.)։ Ըստ Մխիթար Գօշի (12-13-րդ դդ.)՝ առաջնորդարան էր եւ Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալեան տոհմի իշխանների հոգածութեան շնորհիւ պահպանել է հոգեւոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ կրթուել են Խաչենի եւ յարակից շրջանների մտաւոր ու մշակութային կեանքին իրենց նպաստը բերած հոգեւոր գործիչներ, ստեղծուել են բարձրարժէք ձեռագրեր։ 14-րդ դ-ի վերջից դարձել է Աղուանքի կաթողիկոսութեան աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան-Ջալալեանները։ 18-րդ դ. Գանձասարը դարձել է ազատագրական շարժումների կենտրոն. կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալեանի շուրջն էին համախմբուել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչեւ 1815 թ-ը, երբ ցարական կառավարութեան հրահանգով վերացաւ Գանձասարի կաթողիկոսութիւնը, իսկ աթոռանիստը դարձաւ Շուշին։ Պահպանուել են տաճարը եւ գաւիթը։ Վանքն աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ յարդարանքով. ներսում՝ թմբուկի հիմքին տեղադրուած են բարձրաքանդակ գլուխներ (խոյի, ցուլի, մարդու), բեմառաջքը զարդարուած է երկրաչափական քանդակներով։ Դրսից թմբուկը զարդարուած է Ադամի ու Եւայի, Քրիստոսի եւ Աստուածամօր բարձրաքանդակներով։ Թմբուկի նիստերը զարդարուած են նուրբ քանդակազարդ պաննոյով։ Գաւիթն ունի խաչուող կամարներով ծածկ, որի ինքնատիպ համակարգը Գանձասարում բարձր զարգացման է հասցուած։ Համանման գաւիթներ կան Հաղպատում եւ Մշկավանքում։ Հաւանաբար նոյն ճարտարապետն է կառուցել։

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ–301 թ.-ին Ս. Գրիգոր Լուսաւորչի հիմնադրած մէնաստան։ Ի սկզբանէ կոչուել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորուած բնական այրերն իբրեւ ճգնարաններ գործածելու պատճառով։ Շրջակայքում շուրջ 140 այդպիսի այրեր կան, որոնք պահպանուած մասն են դարերի ընթացքում փլուզուած բազում ճգնարանների։ 13-րդ դ.-ից Այրիվանքը վերանուանուել է Գեղարդավանք՝ ի յարգանս նոյն դարից այստեղ պահուող ս. գեղարդի, որը այն նիզակի ծայրակալն է, որով հռոմեացի զինուորը խաչի վրայ խոցել է Քրիստոսի կողը։ Մօտ 15 սմ երկարութիւն ունեցող տափակ երկաթեայ այդ տէգն իր հետ Հայաստան էր բերել Ս. Թադէոս առաքեալը։ Այս հրաշագործ տէգով բազմիցս օրհնել են ժողովրդին, ազատել աղէտներից ու համաճարակներից։ Մինչ օրս հայոց կաթողիկոսները միւռոնն օրհնում են ս. գեղարդով եւ Գրիգոր Լուսաւորչի աջով։ 18-րդ դ.-ում ս. գեղարդը տեղափոխուել է Էջմիածին։

ԳԵՏԱՐԳԵԼԻ Ս. ՆՇԱՆ–Ձագավանք, Ձագավան, Ձագավանից մէնաստան։ Վանք Այրարատ աշխարհի Կոտայք գաւառում, այժմեան Կոտայքի մարզի Առինջ գիւղից արեւելք։ Միջնադարեան Հայաստանի նշանաւոր կրօնական կենտրոն, ճարտարապետական յուշարձան։ Ունէր երկու տաճար, որոնցից մէկը՝ Ս. Նշան, կառուցուած է 7-րդ դ-ում, միւսը՝ երկյարկ շինութիւն, 13-րդ։ Երկրորդ յարկը չի պահպանուել։ Պատերին կան բազմաթիւ վիմագիր արձանագրութիւններ։ Ս. Նշան եկեղեցին պատկանում է եռախորան, փոքր խաչաձեւ գմբէթաւոր յուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Եկեղեցուն կից կան նրա հետ ընդհանուր գետնախարիսխ ունեցող փոքրիկ մատուռներ։ Ս. Նշանից արեւելք գտնւում է վանքի՝ սրբատաշ դարչնագոյն տուֆից կառուցուած երկրորդ՝ երբեմնի երկյարկանի (երկրորդ յարկը չի պահպանուել) եկեղեցին (13-րդ դ.)։ 17-րդ դարում եպիսկոպոսանիստ էր։ Աւերուել է 1679 թ-ի Երեւանի երկրաշարժից։ Ըստ լեգենդի՝ արաբ զավթիչները ցանկանում են կողոպտել գիւղը եւ կոտորել նրա բնակիչներին։ Իմանալով այդ մասին՝ գիւղացիները պատսպարւում են վանքում եւ խնդրում Աստծուն փրկել իրենց։ Երբ զաւթիչները մոտենում են վանքին, մօտակայ փոքրիկ գետակը անսպասելիօրէն վարարում եւ քշում-կոտորում է ամբողջ զօրքը։ Այստեղից վանքի միւս անուանումը՝ Գետարգել։

ԳՌՈՒ Ս. ՆՇԱՆ–հաւանաբար վրիպակ կայ անուան մէջ, եւ թերեւս ի նկատի ունի Գռուզ տեղանունը՝ Գռուզու Ս. Նշան, որ գտնւում է Վանի նահանգում, Մոկսի շրջանում, Ասկնջուս գիւղի մօտ։ 20-րդ դ-ի սկզբներին տաճարը դեռեւս կանգուն էր։

ԵՐՈՒՍԱՂԷՄԱՅ Ս. ՆՇԱՆ–351 թ-ին Երուսաղէմում տեղի է ունեցել հետաքրքիր  ու զարմանահրաշ մի երեւոյթ։ Կիւրեղ Երուսաղէմացի հայրապետի օրօք՝ 351 թ-ի մայիսի 7-ին, առաւօտեան ժամը 9-ին երկնքում երեւում է Փրկչի խաչի նշանը, որ ձգւում էր Քրիստոսի խաչելութեան վայրից մինչեւ համբարձուելու տեղը՝ Գողգոթայից մինչեւ Ձիթենեաց լեռ։ Սուրբ խաչի երեւումից մթագնում է անգամ արեգակը։ Երկնային հրաշքի շնորհիւ շատերն են հաւատում Յիսուսին եւ մկրտւում Սուրբ Կիւրեղի ձեռքով (շուրջ 5000 հոգի, շատերը այն աւազանում, որ գտնւում է Ս. Յակոբեանց միաբանութեան Մայր տաճարում)։ Կիւրեղ հայրապետը մի նամակ է գրում Բիւզանդիայի Կոստանդին կայսերը (Մեծն Կոստանդիանոսի որդուն), որտեղ պատմում է Երուսաղէմում խաչի երեւման մասին։ Այս թուղթը 5-րդ դարում թարգմանուել է հայերէն։ Ամէն տարի Ս. Զատկի տօնին յաջորդող հինգերորդ կիրակի օրը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին յիշատակում է Սուրբ Խաչի Երեւման տօնը, եւ այդ օրը առաւօտեան ժամերգութեան աւարտին կատարուող անդաստանից առաջ ընթերցւում է Կիւրեղ Երուսաղէմացու թուղթը։

Երուսաղէմայ Ս. Նշան–Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքը գտնւում է Երուսաղէմի հարաւարեւմտեան մասում՝ Սիոն լեռան բարձունքում, ըստ աւանդութեան՝ Յակոբոս Տեառնեղբօր տան տեղում։ Այն նուիրուել է Յակոբոս առաքեալին (նահատակուած 44 թ-ին, ում գլուխն ամփոփուած է Ս. Յակոբոս մատուռում) եւ Յակոբոս Տեառնեղբօրը (նահատակուած 60 թ-ին)։ Վանքի կառուցման վերաբերեալ ստոյգ տեղեկութիւններ չեն պահպանուել։ Աւանդութիւնը վերագրում է Տրդատ Գ Մեծին եւ Գրիգոր Լուսաւորչին։ Մայր տաճարի շուրջ՝ նրան կից եւ նրանից բացուող մուտքերով 9 մատուռ կայ, որոնցից է Ս. Նշան մատուռը, որն այդպէս է կոչւում, որովհետեւ մատուռում պահւում է մի խաչ, որում Տիրոջ խաչափայտից մասունք կայ։ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքը նաեւ մշակութային կենտրոն է։ Այս համալիրում է Զաքարիա Կոփացու ջանքերով 1833 թ-ին հիմնադրուել Երուսաղէմի հայկական տպարանը, որտեղ հրատարակուել են գիտական ու գեղարուեստական բազմաթիւ գրքեր։ Վանքի ձեռագրատանն է պահւում աշխարհում երկրորդ (Երեւանի Մատենադարանից յետոյ) հայերէն շուրջ 4000 ձեռագիր պարունակող հաւաքածուն։ Ենթադրւում է, որ այն հիմնադրուել է 12-13-րդ դդ.-ում։ Վանքում գործում է Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը։

ԵՐԵՒՄԱՆ ՎԱՆՔ-Ս. Երեւման վանք, Ս. Երեւան, Ուխտ Փրկչին, Ս. Փրկիչ։ Վանք, մենաստան Խարբերդ նահանգի Արաբկիր գաւառակում, Ակն քաղաքից մօտ 30 կմ հիւսիս, սարաւանդի վրայ, Եփրատի ձախ կողմում։ Ըստ աւանդութեան՝ կառուցուել է 100-120 թթ։ Աւանդութիւնն ասում է, թէ Պլատիկոս (Ապլատիկոս) զօրավարը դուրս է գալիս որսի եւ յանկարծ հանդիպած եղնիկի եղջիւրների միջեւ նկատում է մի խաչ, որից ձայն է լսւում. «Է՞ր հալածես զիս»։ Վախեցած զօրավարը շտապ վերադառնում է, իր ընտանիքի հետ միասին ընդունում է քրիստոնէութիւն եւ տեսիլքի վայրում կառուցում այդ վանքը՝ կոչելով Ս. Փրկիչ։ Ս. Երեւումնը Ակնի առաջնորդի աթոռանիստն էր։ Տաճարից բացի ունէր օժանդակ շէնքեր, հացի փուռ, ախոռներ։ Վանքի մօտ կար հանքային աղբիւր, որը պարունակում էր պղնձի միացութիւններ։

ԽԼԱԹԻ Ս. ՆՇԱՆ–Խլաթի մասին շատ տեղեկութիւններ են հաղորդում հայ եւ օտար տասնեակ մատենագիրներ՝ Ստեփանոս Ասողիկ, Արիստակէս Լաստիւերտցի, Վարդան Արեւելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Խլաթեցի, Մատթէոս Ուռհայեցի, Եակուտ, Իբն ալ-Ասիր, Յովհաննէս Սկիլիցէս եւ այլք։ Պատմական Խլաթի յուշարձաններից պահպանուել են քաղաքի մօտակայքի ժայռերում փորուած քարանձաւները, ծովեզերքին գտնուող զանազան շէնքերի աւերակները, արաբական ժամանակների ընդարձակ գերեզմանատունը՝ տապանագիր ունեցող հսկայ գերեզմանաքարերով։ Ըստ աւանդութեան՝ այստեղ թաղուած են մեր երկրի վրայ յարձակուողները, որոնց բոլորին ոչնչացրել է Սասունցի Դաւիթը։ Հին Խլաթում է գտնւում նաեւ Ս. Խաչ եկեղեցին։ Խլաթը եղել է հայկական մշակոյթի նշանակալի կենտրոն, յայտնի է նրա գրչութեան դպրոցը։ Միայն 15-րդ դ.-ում ընդօրինակուել են բազմաթիւ ձեռագրեր, որոնցից մեզ հասել են շուրջ 10-ը։ Յայտնի էր յատկապէս Կարապետ քահանայ գրիչը, որ գործել է 15-րդ դ.-ի առաջին կէսին։ Այստեղ է ծնուել Գրիգոր Խլաթեցին (1349-1425), որ հայկական մշակոյթի ականաւոր դեմքերից է՝ մատենագիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ։

ԾԻԾՌԱՆ–Ս. Խաչ, Ս. Խաչի վանք, Ծիծեռնավանք։ Վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարօն գաւառում, Շատախի գաւառակում, Ծիծառնէ կամ Ծիծռան գիւղի մօտ։ Յովհան Մամիկոնեանի (7-րդ դ.) վկայութեամբ՝ Արջուց կողմի (երկրի) իշխան Գորգ Շատախօսը, ում անուամբ կոչուել է Շատախ գաւառը, գալիս է Տարօնի դաշտ, հանդիպում Ծիծառնէ աւանն ու Ծիծռան  վանքը հիմնած ու իր անուամբ կնքած ոմն Ծիծառնիկին, որոշում Ս. Կարապետ վանքից բերել տալ խաչափայտ եւ 659 թ-ին հաստատում է Ծիծռան (այդույետ՝ Ս. Խաչ) վանքում։

ԾՈՎՈՒՑ Ս. ՆՇԱՆ–Ծովք դղեկ, վանք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գաւառում (Խարբերդ), Ծովք լճի համանուն կղզու վրայ, Ծովք գիւղում։ Ծովք դղեակն առաջին անգամ յիշատակւում է «Աշխարհացոյց»-ում (7-րդ դ.)։ Գրիգոր Մագիստրոս Պահլաւունին մի նամակում գրում է, որ 11-րդ դ. Ծովք դղեակը պատկանում էր իր դստեր հետ ամուսնացած Պահլաւունի մի իշխանի։ Նրան յաջորդել է աւագ որդին՝ Ապիրատը։ Ըստ մի յիշատակարանի՝ Անի քաղաքում ստեղծուած անապահով կացութեան պատճառով 1106 թ-ին Անիի Հայոց Բարսեղ Ա կաթողիկոսը ապաստանում է Ապիրատ իշխանի կալուածքում եւ Ծովքի Ս. Նշան եկեղեցին դարձնում կաթողիկոսանիստ։ 1111 թ-ին Ապիրատը զոհւում է Ծովքի համար կռւում։ Ապիրատին փոխարինում է աւագ որդին՝ Վասիլը։ Մահից առաջ Բարսեղ Ա Անեցին կաթողիկոս օծեց Ապիրատի կրտսեր որդուն՝ 15-ամեայ Գրիգորիսին (Գրիգոր Գ Պահլաւունի), որը 1116-ին եղբօր՝ Ներսէս Շնորհալու հետ իշխան Գող Վասիլի հովանաւորութեամբ Կոմմագենէի Տլուք գաւառում՝ երեք լճերի ափին, հիմնեց կաթողիկոսանիստ նոր դղեակ եւ հայրենի Ծովքի անունով կոչեց Ծովք կամ Ծով։ Մինչեւ 20-րդ դ-ի սկզբները դեռեւս կանգուն էր Ծովք գիւղն իր Ս. Նշան եկեղեցով։ 1915-ին Եղեռնի ժամանակ բնակչութիւնը տեղահանուել եւ բնաջնջուել է։

Ծովուց վանք–վանք Կիլիկիայում՝ Եփրատից արեւմուտք, Հռոմկլա ամրոցի մօտ։ Կառուցել է Գրիգոր Գ Պահլաւունի կաթողիկոսը (1113-66), 1116-ին դարձրել Հայոց կաթողիկոսութեան աթոռանիստ (մինչեւ 1149 թ-ը)։ Վանքի Ս. Նշան եկեղեցում ընդօրինակուել է մի աւետարան։

ԿԱՊՆԱՅ Ս. ՆՇԱՆ–Կապանու բերդ, Կապանայ ամրոց, Մարիամշիշ։ Դղեակ, բերդ, ամրոց Կիլիկիայում՝ Զէյթուն քաղաքից հարաւ-արեւմուտք, Ֆռունզ եւ Աստուածաշէն լեռների միջեւ, սեպաձեւ ժայռի վրայ, որի առջեւ փռուած ընդարձակ հարթավայրը նոյնպէս կոչւում է Կապան։ Պաշտպանում է դաշտային Կիլիկիայի հիւսիսարեւելեան մատոյցները։ Այստեղ էր ամրացել Կիլիկիայի վերջին թագաւորը՝ Լեւոն Լուսինեանը 1375 թ.-ին, բայց վերջիվերջոյ հարկադրուած էր յանձնուել։ Մինչեւ մեր օրերը պահպանուել են Կապանի բերդապաշտպան պարիսպների աւերակները եւ միւս կառոյցների մնացորդները։

ԿԱՐՄՐԱԿՆ Ս. ՆՇԱՆ–Կարմրակ Ս. Նշան։ Վանք պատմական Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, Շապին Գարահիսարի գաւառի Ածպտեր գիւղի մօտ։

ԿՈՂԲԱՅ Ս. ՆՇԱՆ–Քուլբ, Խուլբ, Կուլպ։ Աւան Երեւանի նահանգի Սուրմալուի գաւառում՝ Արաքսի աջակողմեան վտակ Կողբ (հնում՝ Վարդամարգ) գետի ափին, Բարդող լեռան հիւսիսարեւելեան ստորոտին։ 9-11-րդ դդ.-ում եղել է Բագրատունիների արքունի տիրոյթը։ Կողբն ունէր Վերին եւ Ներքին թաղեր, որոնցում գործում էին, ըստ Ղեւոնդ Ալիշանի՝ Ս. Գեւորգ եւ Ս. Աստուածածին, ըստ այլոց՝ Ս. Խաչ եւ Ս. Երրորդութիւն եկեղեցիները։ Հարուստ էր հնութիւններով։ 19-րդ դ.-ի վերջին հին աւանի տեղում երեւում էին 3 եկեղեցիների աւերակները եւ այլ շինութիւնների մնացորդներ։ Աւանի տարածքում եւ շրջակայքում կային ուխտավայրեր, Եզնիկ հայրապետի եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի անունով մատուռներ, Թուխ Մանուկ եւ Ս. Գեւորգ անունով ուխտատեղիներ։ Կողբը Եզնիկ Կողբացու ծննդավայրն է։

ՀԱՂՊԱՏ–Հաղբատ։ Միաբանները, մերժելով աշխարհիկ կեանքի որոգայթները, գրաբարեան «հաղբ» (որոգայթ, թակարդ) եւ «ատ» (ատել, մերժել) արմատներից կազմել են վանքի անունը։ 10-13-րդ դդ-ի Հայաստանի նշանաւոր հոգեւոր ու մշակութային կենտրոններից էր։ Հիմնադրուել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագաւորութեան ժամանակ։ Համալիրի հնագոյն յուշարձանը Ս. Նշանն է, որ կառուցել է Խոսրովանոյշ թագուհին (ըստ աւանդութեան՝ Տրդատ ճարտարապետը)՝ 976-991-ին՝ իր որդիներ Սմբատի եւ Գուրգէնի արեւշատութեան համար։ Վանքն ունէր իր դպրոցն ու գրատունը։ Դպրոցը հիմնել է վանքի հիմնադիր եւ առաջին վանահայր, նշանաւոր գրիչ Սիմէոն վարդապետը վանքի կառուցումից անմիջապէս յետոյ (10-րդ դ.)։ Վանքում ծաղկել է գրչութեան արուեստը։ Ուսուցանուել են քերականութիւն, ճարտասանութիւն, աստուածաբանութիւն, երաժշտութիւն, փիլիսոփայութիւն եւ այլ առարկաներ։ Նշանաւոր ուսուցիչներից էին Յովհաննէս Իմաստասէրը, Սամուէլ Անեցին, Երեմիա Անձրեւիկը։ Այստեղ են գործել Յովհաննէս Երզնկացին, Դաւիթ Քոբայրեցին, Իգնատիոսը։ Հաղպատը յայտնի էր նաեւ իր մանրանկարչական դպրոցով։ Այստեղ է իր ինքնատիպ աքսորն ապրել Սայեաթ-Նովան։ Հաղպատի գրադարանը (11-րդ դ.) միջնադարեան ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Պահւում էին գրչագիր ու երկաթագիր հնագոյն արժէքաւոր մատեաններ։ Հետագայում ապահովութեան համար ձեռագրերը տեղափոխուել են մօտակայ քարայրները։ 1931-ին Հաղպատից 12 ձեռագիր է բերուել Երեւան։ Երկար տարիներ Հաղպատի գրադարանում է պահուել Մուղնու նշանաւոր Աւետարանը, որ հետագայում տեղափոխուել է Թիֆլիսի Մուղնու Ս. Գեւորգ վանք, ապա՝ Երեւանի Մատենադարան։ Կորած ձեռագրերից արժէքաւոր էր Հաղպատի «Քոթուկ»-ը՝ վանքի ողջ անցուդարձի արձանագրութեամբ։

ՀԱՑՈՒՆԵԱՑ ՆՇԱՆԻ ՎԱՆՔ–Վասպուրական աշխարհի Արտազ գաւառում, Մակուի շրջանում։ Ըստ աւանդութեան՝ կառուցել է Սիւնեաց Բիւրեղ տիկինը, ով 628 թ.-ին ընծաներով դիմաւորել է պարսից Խոսրով թագաւորի վրայ յարձակուած, նրան սպանած եւ գերութիւնից Տիրոջ խաչը ազատած Հերակլ կայսերը։ Որպէս հատուցում տիկնոջ բարերարութեան՝ վերջինիս խնդրանքով՝ նրան է նուիրում խաչափայտից մի մասունք։ Սիւնիք վերադառնալիս՝ Հացունեաց դաշտում մասունքի ծանրութիւնից ջորին այլեւս չի շարժւում։ Մի ճգնաւոր յայտնում է, թէ դա նշան է, որ խաչի հանգրուանը Հացունն է։ Այդտեղ Բիւրեղ տիկինը կառուցում է վանք, որին պահ է տալիս սուրբ մասունքը։

ՀՆԴՈՒ Ս. ՆՇԱՆ–Տեղանունների բառարանը նշում է երկու վանքեր՝ Հնուդ եւ Հնուտի։

Հնուդ վանք–ուխտավայր («վանք») Վանի նահանգի Հեքեարի գաւառում, Բաշկալա գիւղաքաղաքից 2-3 կմ արեւմուտք։ Այժմ աւերակ է։ Երեւում են «վանքի» եւ տների մնացորդները, խաչքարեր, գերեզմաններ։

Հնուտի վանք, Հունուտի վանք–վանք Էրզրումի նահանգի Էրզրումի գաւառում, Սպերի գաւառակում, Ճորոխ գետի ձախ ափին գտնուող Հնուտ կամ Հունուտ գիւղում։ Այստեղ 1586 թ-ին գրուել է մի Մաշտոց, որի մէջ յիշատակւում են վանքի յոյն եւ հայ հոգեւորականների հալածանքների մասին կարեւոր տուեալներ։ 1830 թ-ին Հնուտի հայերը գաղթել են Ախալցխա։ Հետագայում Հնուտում վերստին բնակութիւն են հաստատել հայեր, որոնք բռնի տեղահանուել են 1915-ին եւ մեծ մասամբ զոհուել գաղթի ճանապարհին։

ՀՈՌՈՄՈՑ Ս. ՆՇԱՆ–յիշատակուող վանքը կա՛մ Հոռոմոսի, կա՛մ Հոռոմայրի վանքն է։

Հոռոմայր–Հոռոմայրի, Հռոմայի Ս. Նշան։ Միջնադարեան Հայաստանի նշանաւոր կրոնական կենտրոն, ճարտարապետական յուշարձան Գուգարք աշխարհի Տաշիրք գաւառում, Դեբեդի ձախ ձորակողին։ Յիշատակւում է 7-րդ դ-ից։ Ըստ աւանդութեան՝ վանքը հիմնադրուել է 8-րդ դ-ում յոյն Վասիլ իշխանի ձեռքով, որը հայերի դէմ պատերազմելիս ծանր հիւանդացել է եւ միայն Յովհան Օձնեցու աղօթքով բուժուել։ Այդ «հրաշքից» յետոյ իշխանն արձակել է զօրքը, հիմնել այս վանքը, սկսել ճգնել։ Իբր՝ այս պատճառով էլ կոչուել է Հոռոմայր։ Հոռոմայրի գլխաւոր տաճարը թաղածածկ, միանաւ բազալտակերտ կառոյց է, կրում է Ս. Նշան անունը։ Կառուցել են Զաքարէ եւ Իւանէ Զաքարեանները 1187 թ-ին բազալտէ սրբատաշ քարից։ Միակ՝ հիւսիսային մուտքի ճակատակալ քարին Աստուածածնի եւ մանուկ Յիսուսի բարձրաքանդակն է։ Վանքն ունի գերեզմանատուն՝ 13-րդ դ-ի խաչքարերով ու տապանաքարերով։ Սարաւանդի վրայի երկու միանաւ եկեղեցիները 1206-ին վանահայր Սամուէլը կառուցել է տուել ճարտարապետ Գրիգոր Քարագործին։ Նրանց միջեւ գտնւում է գաւիթը, որ կառուցուած է կաթնագոյն սրբատաշ տուֆից, ունի խաչուող կամարներով ծածկ եւ հարուստ է բուսական շքեղ զարդաքանդակներով։ Շրջակայքում կան քարայրներ։ Վանքը եղել է մշակոյթի՝ յատկապէս գրչութեան կենտրոն։ Ունէր ընդարձակ գրատներ։ Լաւ վիճակում հասել է մինչեւ մեր օրերը։

Հոռոմոսի վանք–Ղոշավանք, Խորոմիզի վանք, Կարմիր վանք, Ս. Յովհաննէսի վանք, Հորոմի վանք։ Հայկական միջնադարեան վանական համալիր, Անի քաղաքից հիւսիս-արեւելք, Ախուրեան գետի աջ ափին։ Հիմնադրուել է Աբաս Բագրատունու օրօք՝ 10-րդ դ-ի առաջին կէսին, Բիւզանդիայից Հայաստան ապաստանած հայ վանականների կողմից (այստեղից էլ անուանումը՝ Հոռոմների վանք)։ Հոռոմոսի վանքից հարաւ՝ Անի տանող ճանապարհին, կանգուն են մի ինքնատիպ շինութեան՝ «յաղթական կամար» յամարուող դռան (ղոշ) գմբէթաւոր զոյգ աշտարակները (հաւանաբար՝ 10-11-րդ դդ.), ինչով բացատրւում է Ղոշավանք անունը։ Հոռոմոսի վանքը բաղկացած է մինչեւ 13-րդ դ. կառուցուած շինութիւնների երկու խմբից՝ Ախուրեանը երիզող ձորում եւ բարձրադիր լեռնադաշտի վրայ։ Վանքի հնագոյն շինութիւնները հիւսիսային կողմի յուշարձանախմբում են՝ Ս. Մինաս (930-953 թթ.) եւ Ս. Գեւորգ (1013-ից յետոյ) եկեղեցի-դամբարանները։ Նոյն համալիրի մասն են կազմում թաղածածկ մատուռը եւ Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953-977) դամբարանը։ Բարձրավանդակի վրայ տեղադրուած յուշարձանախմբի կազմում են Ս. Յովհաննէս եկեղեցին, կենտրոնական գաւիթը, հիւրատունը, մահարձաններ, մատուռներ, խաչքարեր։ Հոռոմոսի վանքը եղել է Բագրատունիների տոհմական հանգստարանը։ Վանքի հարաւ-արեւմուտքում տեղադրուած են միմեանց կից ուղղանկիւն յատակագծով շքեղ յարդարանքով երեք կառոյցներ, որոնք հաւանաբար եղել են նշխարատուն կամ գրապահոց։ Վանքում կան փոխհատուող կամարների համակարգերի հնագոյն օրինակներ։ Վանքը գործել է մինչեւ 13-րդ դ.-ի վերջը, որից յետոյ աստիճանաբար անշքացել է, իսկ պարսիկներին անցնելուց յետոյ միայն 17-րդ դ. վերջերին կրկին աշխուժացել է՝ ունենալով բազմամարդ միաբանութիւն, սակայն մինչեւ 1685 թ-ը աւերուել ու ամայացել է։ Մեզ է հասել կիսախարխուլ վիճակում։ Բագրատունիների ժամանակաշրջանում ունեցած դերով, շինարարական եւ ճարտարապետական նշանակութեամբ Հոռոմոսի վանքը հայկական ճարտարապետութեան կարեւոր իրագործումներից է։

ՀՌՈՄԿԼԱ–Բերդաքաղաք Եփրատ գետի աջ ափին՝ Եփրատեսիա նահանգում։ Շրջապատուած է դժուարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողւում է Փարզման վտակի եւ Եփրատի ջրերով։ Բերդաքաղաքի հիմնադրման մասին տեղեկութիւններ չեն պահպանուել։ Բիւզանդական տիրապետութեան շրջանում եղել է կարեւոր գետանց եւ սահմանապահ բերդ (այստեղից էլ՝ «Հռոմկլա»–«հոռոմների կամ յոյների բերդ» անուանումը)։ Գող Վասիլի մահից յետոյ (1112 թ.) Եդեսիայի դքսութեանն անցած Հռոմկլան 1151-ին կրկին գնել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլաւունին եւ 1150-ական թթ.-ին վերակառուցել Հռոմկլայի ամրութիւնները, հիմնել երկու հոյաշէն եկեղեցիներ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Աստուածածին, եւ Հայոց կաթողիկոսութեան նստավայրը Ծովք դղեակից տեղափոխել այստեղ։ Աւելի ուշ կառուցուել է նաեւ Ս. Փրկիչ եկեղեցին։ Մինչեւ 13-րդ դ-ի սկիզբը Հռոմկլան եղել է հայոց կաթողիկոսի կալուածքը։ Հայոց թագաւոր Լեւոն Բ Մեծագործն այն միացրեց արքունի տիրոյթներին։ Մինչեւ 1292 թ-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս Ներսէս Դ Կլայեցու (Շնորհալի) օրօք (1166-1173) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հաւաքուել, բազմացուել եւ ծաղկուել են բազմաթիւ հին ձեռագրեր, ստեղծուել նորերը։ Հռոմկլան հռչակուել է իր ուրոյն ու բարձրարուեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ Ներսէս Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոստանդին Ա Բարձրաբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Յովհաննէսը եւ ուրիշներ։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում են ամփոփուած Գրիգոր Գ Պահլաւունու եւ Ներսէս Շնորհալու աճիւնները։

ՃԱԼԷԹՈՒ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ–Բուն Աղուանքի Վարդաշէնի շրջանի Ճալէթ գիւղում տեղանունների բառարանը նշում է Ս. Յակոբայ վանքը։ Անտառապատ սարերով շրջապատուած գեղատեսիլ վայրում պահպանուած է Ս. Աստուածածին հռչակաւոր ու փառաւոր անցեալով նշանաւորուած վանական համալիրը։ Այն բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանութեան սենեակներից, պարսպապատերից ու գերեզմանոցից։ Վանքը երկրամասի յայտնի մշակութային կենտրոններից էր, գրչօջախ, 15-16-րդ դդ.՝ կաթողիկոսանիստ։ Վանքի հին եկեղեցին կառուցուել է 1411 թ.։ Հետագայ դարերում ենթարկուել է մասնակի նորոգումների։

«Թուխ Մանուկ» անուամբ սրբավայրեր, ինչպէս նշում է Գարեգին Սրուանձտեանցը, կան Հայաստանի գրեթէ բոլոր գիւղերում եւ քաղաքներում։ Դրանք ջրերի ակունքների մօտ, բարձունքներում կառուցուած մատուռանման կամ գերեզմանաձեւ, յաճախ առանց կաւաշաղախի շարուած քարերով փոքրիկ շինութիւններ են, որոնցում հազիւ մէկ երեխայ կարող է տեղաւորուել։ Սուրբ եւ բուժիչ են համարուել «Թուխ Մանուկ»-ների շրջապատի ջրերն ու ծառերը։ Սուրբի հրաշքների մասին անգամ թուրքերն էին պատմում, եւ «այս աւանդապահութեամբ՝ թուխմանուկներէն շատեր շինուած են եկեղեցի, ժողովրդանոց՝ նոյն անունը պահելով՝ Թուխ Մանուկ»114։ «Թուխ Մանուկ»-ների ծագումը դեռեւս պարզուած չէ։ Գիտնականների մի մասը դրանք համարում է միջնադարեան նորաստեղծ ուխտավայրեր, իսկ մի մասը՝ կապում նախաքրիստոնէական հաւատալիքների հետ։ Թուխ Մանուկը կա՛մ Յովհաննէս Մկրտիչն է (Ս. Կարապետ), կա՛մ յանուն հաւատի նահատակուած մի պատանի։ Նրա անունը կապւում է նաեւ հմուտ ռազմիկի եւ առասպելական վիշապամարտիկի կերպար մարմնաւորած եւ արբունքի նուիրագործման ծիսական արարողութիւններին ենթարկուած պատանիների հետ, երբեմն էլ ամպրոպային աստծոյ կրտսեր որդու։ Վահագնի հետ ընդհանրութիւնները երեւում են ջրի պաշտամունքի հետ «Թուխ Մանուկ»-ների առնչութեան մէջ. դրանք հիմնականում կառուցուել են գետերի ակունքների մօտ, նրանց վերագրուել է նաեւ ջուր բխեցնելու կարողութիւն, «Թուխ Մանուկ»-ների ջրերը հիւանդութիւններ են բուժում։ Մարդկութեան հնագոյն պատկերացումներում ջրի եւ մանկան անմիջական կապը հիմնական մոտիւներից է։ Մանկան արքետիպն է ընկած բոլոր տիեզերածնական առասպելների հիմքում, եւ փրկութեան գաղափարը կապւում է մանկան հետ։ «Թուխ» բառը գրաբարում նաեւ դեւ է նշանակել։ Եթէ յիշենք Մովսէս Խորենացու առասպելը, որում ասւում է, թէ մանուկ Արտաւազդին քաջքերը գողացան, տեղը դեւ դրեցին, կարելի է ենթադրել, թէ կորած իրական Արտաւազդն է Թուխ Մանուկը, որին որպէս սիրելի գահաժառանգի սպասում էր ժողովուրդը։ Իսկ գուցէ Ագռաւաքարում փակուած Փոքր Մհե՞րն է, պատումներից մէկում հանդէս եկող Փոքր Մհերի որդի Մանո՞ւկը, կամ էլ «Օձ Մանուկ, Վարդ Մանուկ» հեքիաթի հերոսը…

ՄՌԱՒԱՅ Ս. ՆՇԱՆ–Մռաւի գագաթին երկու գերեզմաններ կան, որոնք դարերով եղել են հայոց ուխտատեղի։ Այնտեղ թաղուած են ճգնաւորներ, որոնք բնակւում էին Մռաւի գագաթին։ Նրանց ճգնարանը նեղ մի կացարան է՝ հազիւ մէկ հոգու համար. ընդամէնը երեք հսկայական քարեր են՝ միմեանց մօտ դրուած, իսկ մէկ այլ հսկայ քար որպէս ծածկ դրուած է նրանց վրայ։

ՅԵՍՈՒՎԱՆԵԱՅ Ս. ՆՇԱՆ։ «Ուրբաթագրքում» յիշատակուած այս վանքը կա՛մ Յեսուանց վանքը, կա՛մ Եսուանց անապատն է։

Յեսուանց վանք–Արմէնի անապատ, Կուսանաց վանք, Յիզունանց վանք, Յոհանց անապատ, Յովհաննիսի անապատ։ Վանք Լեռնային Կիլիկիայում՝ Լամբրոն ամրոցից արեւելք, Արմէն համանուն լեռան հիւսիսային լանջին։ Այստեղ Գորգ վարդապետը (13-րդ դ.) ընդօրինակել է Յովհան Օձնեցու գործերը։ Նա ունէր աշակերտներ, որոնց քարոզում էր քրիստոնէական կրօնի հիմունքները։ Վանքի հիմնադրման ժամանակն ու կառուցուածքի ձեւն անյայտ են։ Պարսպապատ էր։ Ենթադրւում է, որ շատ հին հաստատութիւն է։ Եղել է գրչութեան կենտրոն։ Ձեռագրերից յատկապէս յայտնի է մի Կանոնագիրք, որ այժմ գտնւում է Ջուղայում։

Եսուանց անապատ–Եսուանք։ Անապատ Կիլիկիայում, Ադանայի նահանգի Մարաշի գաւառում։ Սեւ սար վանքի անապատներից էր։ Եղել է գրչութեան կենտրոն։ Յայտնի է յատկապէս 1231 թ.-ին Սարգիս գրչի ընդօրինակած Աւետարանը։ 1114-ին այստեղ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուել են շատ շէնքեր, որոնցից մէկի փլատակների տակ է մնացել յայտնի Գրիգոր Մաշկեւոր վարդապետը։ Հոգեւորականների մի մասը ցրւուել է, բայց վանքը վերսկսել է իր գործունեութիւնը։

ՊԻԶԵՌԻ Ս. ՆՇԱՆ–Ս. Յովհան Ոսկեբերանի վանք։ Վանք Եւդոկիայից ոչ հեռու՝ Պիզեռ գիւղում։ Տեղանունների բառարանում Սեբաստիայի Ս. Նշան եւ Եւդոկիայի Ս. Նշան վանքերի մասին տեղեկությունները շփոթմամբ միացուած եւ վերագրուած են մէկ Ս. Նշան վանքի։ Պիզեռի Ս. Նշանը հիմնադրուել է 11-րդ դարում. ժամանակակիցն է Սեբաստիայի Ս. Նշան վանքի։ Ըստ աւանդութեան՝ հիմնադրել են Վասպուրականի Սենեքերիմ արքայի երեք որդիները, ովքեր իրենց յիշատակը յաւերժացնելու համար վանքի եկեղեցում կառուցել են երեք խորան՝ նուիրուած Ս. Գրիգորին, Ս. Կարապետին եւ Ս. Նշանին։ Վանքի հիմնադրումից կարճ ժամանակ անց իշխանների հայրը՝ Սենեքերիմ արքան, Կոկիսոնից կամ Կոմանայից բերել է տալիս Յովհան Ոսկեբերանի տապանաքարը եւ զետեղում եկեղեցու ձախ կողմում՝ որմին կից, այստեղից՝ վանքի երկրորդ անուանումը։ Ոսկեբերանի՝ կապտականաչաւուն մարմարից գեղեցիկ քանդակագործուած տապանը եւ կափարիչը կարող էին թանկագին հնութիւններ համարուել։ Վանքը հիմնայատակ աւերուած է։

ՍԱՂԱՄԱՅ Ս. ՆՇԱՆ–հաւանաբար գտնուել է Սաղամաս գաւառում, որ Ուրմիա լճի հիւսիս-արեւմտեան կողմում գտնուող Սալմաստ, Սալամաս կամ Սաղամաստ գաւառն է։ Մինչեւ 1920-ական թթ.-ը գաւառի հայաբնակ գիւղերում գործում էր 27 եկեղեցի։ Գաւառը մտնում էր հայոց եկեղեցու Ատրպատականի թեմի մէջ։ Ս. Նշանը երեւի տեղադրուած էր Հին Սալմաստ գիւղաքաղաքում, որտեղ, ինչպես նշում է տեղանունների բառարանը, գտնւում էին Ս. Գեւորգ, Ս. Թովմաս եւ Ս. Յովհաննէս եկեղեցիները։

ՍԱՆԱՀԻՆ–վանական համալիր, որ ըստ աւանդութեան՝ հիմնել են Քրիստոսի առաքեալները, իսկ 4-րդ դ-ում Գրիգոր Լուսաւորիչը կառուցել է մի փոքրիկ խորան, որի վրայ հետագայում հիմնադրուել է Ս. Աստուածածին եկեղեցին։ Պատմութիւնը վկայում է, որ Սանահինը հիմնել է Հայոց թագաւոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ-ին։ Սանահինը դարձել է Կիւրիկեանների վարչական կենտրոնը եւ տոհմական դամբարանը, նաեւ՝ Կիւրիկեան թագաւորութեան եկեղեցական թեմի առաջնորդ եպիսկոպոսի աթոռանիստը մինչեւ 11-րդ դ-ի կէսը։ 10-11-րդ դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագոյն տիպի դպրոց, հարուստ գրադարան։ 11-րդ դ. Սանահինի վանահայրն է եղել «մեծ ճարտասան» հռչակուած Դիոսկորոսը (1037-ին՝ Հայոց կաթողիկոս), ում օրօք կառուցուել է վանքի գրատունը, բազմացուել են ձեռագրեր։ Նշանաւոր էին նրա աշակերտները՝ աստուածաբան Անանիա Սանահնեցին եւ հռետոր ու փիլիսոփայ Յակոբոս Սանահնեցին։ 11-րդ դ. վերջին եւ 12-ի սկզբին, երբ սելջուկեան թուրքերը նուաճել են Կիւրիկեան թագաւորութիւնը, Սանահինն առժամանակ կորցրել է նախկին նշանակութիւնը։ 12-րդ դ. վերջին դարձել է Զաքարեանների սեփականութիւնը եւ տոհմական հանգստարանը։ Սակայն կրկին վերածուել է գիտամշակութային կենտրոնի, նուիրատւութիւնների հաշուին ձեռք բերել ընդարձակ կալուածքներ։ 12-13-րդ դդ. Սանահինում յայտնի էին վանահայր գիտնականներ Գրիգոր Տուտեորդին եւ Յովհաննէս Խաչենցին՝ Զաքարէ եւ Իւանէ իշխանների դաստիարակը։ Մեծ համբաւ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը (Գրիգոր որդի Աբասայ), որը վանքին է նուիրել 13 ձեռագիր, գրել աշխատութիւններ։ Սանահինը ծանր հարուած է ստացել մոնղոլական արշաւանքների ժամանակ։ Զաքարեան իշխանական տոհմի քայքայումից յետոյ՝ 14-րդ դ. վերջ, մնացել է նրանց շառաւիղների՝ Արղութեանների սեփականութիւնը։ Սանահինի վանական համալիրի կազմում են Ս. Աստուածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գաւիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին։ Համալիրը իր ասիմետրիկ, սակայն միասնական ու ամփոփ յատակագծով մեծ ազդեցութիւն է ունեցել Հայաստանի 10-14-րդ դդ. ճարտարապետութեան վրայ։ Հնագոյն յուշարձանը Ս. Աստուածածին եկեղեցին է՝ կառուցուած 928-ի և 944-ի միջեւ։ Գլխաւոր տաճարը Ամենափրկիչ եկեղեցին է, որ 957-966-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանոյշը։ Հայ միջնադարեան քանդակագործութեան նշանակալի օրինակներ են ճակատների կամարաշարը, լուսամուտների ու դռների շրջակալները, արեւելեան ճակտօնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դէմառդէմ կանգնած Գուրգէն (Կիւրիկէ) եւ նրա եղբայր՝ Անիի Սմբատ Տիեզերական թագաւորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարեան աշխարհիկ շինութիւնների եզակի նմուշ է վանքի ակադեմիան՝ Մագիստրոսի ճեմարանը։ Գրատունը՝ նշխարատուն, կառուցուել է 1063-ին Դաւիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Հիմնական յուշարձանախմբից հարաւ-արեւելք՝ վանքի տարածքից դուրս, պահպանուել են Ս. Յակոբ եկեղեցու աւերակները։ 1753-ին քանդուել է, եւ քարերն օգտագործուել են Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման համար։ Սանահինում պահպանուել են 50-ից աւելի խաչքարեր, որոնք միջնադարեան Հայաստանի քանդակային արուեստի լաւագոյն նմուշներ են։

ՍԵՐԵԽՈՅ Ս. ՆՇԱՆ–Սրխու Ս. Նշան, Ս. Մարիանոս, Սրկուվանք, Սրղու Ս. Աստուածածին։ Վանք Վանի նահանգի Վան գաւառում, Հայոց ձոր գաւառակի Գէմ գիւղից 3 կմ հիւսիս, լեռնալանջի վրայ։ Ս. Մարիանոս եկեղեցին քառակուսի յատակագծով, գմբէթաւոր հոյակապ շինութիւն էր, ունէր կաթողիկէ։ Ենթարկւում էր Աղթամարի վանքին։ Այստեղ 1592-ին գրուել է մի Աւետարան։ 1648-ին վանքը երկրաշարժից աւերուել, յետոյ վերակառուցուել է։ Ըստ աւանդութեան՝ ժամանակին այստեղ մէնացել են 300 կոյսեր։ Վանքի առաջնորդ Թէոդորոս-Մարիանոսը թաղուած է եկեղեցու ներսում։ 20-րդ դ.-ի սկզբներին կանգուն էր, բայց չէր գործում։ Շրջակայքում կան քարանձաւներ։

ՍԻՆԱՄՈՒՏԻ Ս. ՆՇԱՆ–Սինամուտը թաղ է Խարբերդ քաղաքում։ Թաղի Ս. Նշան եկեղեցում 1466 թ-ին ընդօրինակուել է մի Ճաշոց։

ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ–Երաշխաւոր, Ս. Նշան, Պատերազմի Ս. Նշան։ Վանք, հայկական ճարտարապետական յուշարձան Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գաւառում, Արծկէ քաղաքից հիւսիս, Սիփան լեռան լանջին։ Նրա մասին յիշատակւում է Վահան Գողթնացու (700-737) վարքում, որ գրի է առել վանքի վանահայր Արտաւազդ վարդապետը 744 թ-ին, եւ ձեռագիր մի յիշատակարանում, որտեղ նշւում է, որ Աշոտ Ա Բագրատունի թագաւորի օծումը կատարուել է 884 թ-ին Սքանչելագործ վանքում։ Ըստ աւանդութեան՝ վանքում պահուել է մի կտոր պղնձէ այն տաշտից, որում լողացրել են մանուկ Յիսուսին, այն ունէր վարակիչ հիւանդութիւններ բուժելու յատկութիւն։ Վանքում պահուել է նաեւ Պատերազմից ս. նշանը, որ, ենթադրւում է, եղել է Բիւզանդիայի Վասիլ 2-րդ կայսեր ս. խաչը։ Ըստ Ճարտարապետական վերլուծութիւնների՝ եկեղեցին կառուցուել է 7-րդ դ-ի վերջին, 8-րդի սկզբին։ Պահպանուել են վանքի եկեղեցին եւ հատուածներ պարսպից։ Լքուած վիճակում վանքն այսօր կանգուն է։

ՎԱՆԿՈՅ Ս. ՆՇԱՆ–Վանկոյք, Մանկունք Վանգոյ վանք, Վանիկ։ Վանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գաւառում, Գաբեղեանք գաւառի սահմանի մօտ։ Կառուցուել է 10-րդ դ.-ում Թաթլոյ եւ Վարոսի վանքի վանահայր Վարդիկի նախաձեռնութեամբ։

ՎԱՐԱԳԱՅ Ս. ՆՇԱՆ–Աւագ Ս. Նշան, Աւաղավանք, Ս. Խաչի մէնաստան, Մայրավանք, Վարագ Վարի, Վարագ Ներքին, Վարագ Ստորին։ Միջնադարեան Հայաստանի նշանաւոր կրօնական եւ մշակութային կենտրոն, գտնւում է Վան քաղաքից հարաւ-արեւելք, Վարագ լեռան լանջին։ Հիմնադրուել է 7-րդ դ։ Վանական համալիրը բաղկացած է 6 եկեղեցիներից՝ Ս. Սոփիա, Ս. Յովհաննէս, Ս. Աստուածածին, Ս. Նշան, Ս. Խաչ, Ս. Սիոն, գաւիթից, նախասրահից, օժանդակ շինութիւններից։ Ս. Սոփիայի արեւմտեան պատին կայ Վասպուրականի Սենեքերիմ թագաւորի կնոջ՝ Գագիկ թագաւորի դուստր Խուշուշի 981 թ-ի արձանագրութիւնը։ Վանքի Ս. Նշան եկեղեցին կառուցել է ճարտարապետ Տիրատուրը։ Դէպի Ս. Նշան եկեղեցին բացուող դռներն ունեն ճոխ շքամուտքեր՝ զարդաքանդակներով ու վառ գոյներով։ Որպէս Ս. Խաչ եւ Ս. Սիոն եկեղեցիների բարաւոր՝ օգտագործուել են սեպագիր արձանագրութիւններով ուրարտական կոթողներ, որոնք այժմ գտնւում են Վանի թանգարանում։ Ս. Խաչը ուշ շրջանում ծառայում էր որպէս մատենադարան, որտեղ պահւում էին վանքի գրքերն ու Խրիմեան Հայրիկի՝ Եւրոպայից բերած տպագրական մեքենան։ 1857 թ-ի մարտի 1-ին վանքում հիմնադրուել է Ժառանգաւորաց վարժարանը, որի առաջին շրջանաւարտներն էին Արսէն Թոխմախեանը եւ Գարեգին Սրուանձտեանցը։ Խրիմեան Հայրիկը վանքում հիմնադրել է տպարան եւ «Արծիւ Վասպուրականի» ամսագիրը (1858-1864)։ 13-17-րդ դդ-ում այստեղ ընդօրինակուել են հայերեն բազմաթիւ ձեռագրեր։ 20-րդ դ-ի սկզբներին Վանքի մատենադարանում պահւում էին շուրջ 400 ձեռագրեր եւ 1000-ից աւելի տպագիր գրքեր։ Շրջակայքում կային հայկական գերեզմաններ եւ խաչքարեր։ 1915-ին վանքը աւերուել է, կողոպտուել ու ամայացել։

ՎԱՐԱՆԴԱՅԻ Ս. ՆՇԱՆԲռի Եղցի վանք, Աւագ Ս. Նշան։ Գտնւում է Արցախի Վարանդայ գաւառում՝ Հացի գիւղի արեւելեան կողմում, բլրի գագաթին։ Կառուցել են Աղուանից կաթողիկոս Ստեփանոսը եւ նրա եղբայր Ներսէս եպիսկոպոսը 13-րդ դարում։ Վանքի տարածքում պահպանուել են 5-6-րդ դդ.-ի կոթողների բներ, խարիսխներ եւ խոյակներ։ Վանքի համալիրը կազմուած է միմեանց կից երկու միանաւ եկեղեցիներից, արեւմուտքից նրանց կից է խաչուող կամարներով ընդհանուր ծածկով գաւիթը, արեւմտեան կողմում առանձին կանգնած է ճարտարապետ Խաչիկ Անեցու կառուցած միանաւ եկեղեցին, դէպի արեւմուտք՝ բլրի ստորոտին, Շահէն ճարտարապետի կառուցած համանման եկեղեցին եւ 3 որմնափակ խաչքարեր, որոնցից մէկին կայ 1270-ով թուագրուած արձանագրութիւն։ Հարաւարեւմտեան խաչքարը եւս Խաչիկ Անեցու ստեղծագործութիւնն է։ Անիից հրաւիրուած ճարտարապետի մասնակցութիւնն արցախեան վանքի եկեղեցու եւ խաչքարի կառուցմանը նպաստել է վանքի շինութիւնների ճակատների ձեւաւորման «գեղատեսիլ ոճի» կիրառմանը, որը Հայաստանում երեւան է եկել 12-13-րդ դդ.-ում եւ կապուած էր քաղաքային, առաջին հերթին՝ Անիի մշակոյթի զարգացման նոր փուլի հետ։

ՎԱՐՈՍԻ ՎԱՆՔ-Տեղանունների բառարանում երկու նույնանուն վանք կայ, որոնցից մէկը գտնւում է Այրարատ աշխարհի Արշարունիք գաւառում։ Սրա մասին յիշատակում է Վարդան Արեւելցին (13-րդ դ.) («Աշխարհացոյց», էջ 13)։ Երկրորդը գտնւում է Սիւնիք աշխարհի Կովսական գաւառի Վարոս գիւղում։ Վանքի աւերակները գտնւում են Կապանի Ճակատէն գիւղի մօտ՝ անտառում։ Նկատւում են եկեղեցու աւերակները եւ մի քանի գերեզմաններ։ Ղ. Ալիշանը «Այրարատ» աշխատութեան մէջ ներկայացնում է մէկ այլ Վարոսի վանք, որ գտնւում է Գաբեղենից գաւառի արեւելեան ձորահովտում։ Յայսմաւուրքը եղբայրներից աւագ է համարում Վարոսին, իսկ Թաթուլի հոգեսէր հանճարի մասին մինչ օրս վկայում են աշակերտ Թումասին աւանդուած նրա խոհական խրատները, որ հաւասար են Նեղոսի, Ոսկեբերանի եւ Եզնիկի երկերին։ Ծնունդով Բղբուջ գիւղից էին (տեղադրութիւնն անյայտ), Ս. Սահակի եւ Մեսրոպի աշակերտները, թարգմանիչների աշակերտակիցներն ու վաստակակիցները։ Վարդանանց նահատակութիւնից յետոյ, երբ թարգմանիչները ցրուեցին ու թաքնուեցին այս ու այն կողմում, նաեւ Անտոն-Թաթուլը փնտրեց իր համար անմատոյց մի վայր, իր հետ վերցրեց կրտսեր եղբօրը՝ Վարոսին, բերեց Գազանածակք կոչուող այդ վայրի ու անմարդաբնակ ձորակը։ Այդտեղ հիմնւում է Թաթլոյ վանքը։ Իսկ Վարոսի ճգնութեան վայրը լեռնահովտում էր՝ «Դից մայրի» կոչուող անապատում։ Այստեղ անլուր վախճանուեց Ս. Վարոսը եւ գտնուեց որսորդների կողմից, որոնք աղբիւրի մօտ մի յարմար վայրում հողին յանձնեցին նրա մարմինը եւ վայրն անուանեցին «Գտուկ»։ Իշխան Դաւիթ Կամսարականն այդտեղ կառուցել է Գտկոյ վանքը, որի առաջնորդներից է եղել ապագայ կաթողիկոս Յովհաննէս Գաբեղեանը։

ՎՐԱՑ Ս. ՆՇԱՆ–երեւի Զարեհնու Ս. Նշան եկեղեցին է (այժմ՝ Ս. Վարդանանց)։ Գտնուել է Ախալցխայի Մարդա քաղաքամասում, գեղատեսիլ մի բլրի վրայ։ Եկեղեցու հիմնադրման ժամանակը յայտնի չէ։ Առաջին յիշատակութիւններից մէկը վերաբերում է 1575 թ.-ին, երբ ոմն մահտեսի Մկրտիչ ուխտի է գալիս Ախալցխայի Ս. Նշանի դուռը, վերականգնում է նրա խորանը եւ այդ առթիւ թողնում արձանագրութիւն՝ աղերսելով պատարագի մէջ յիշել իրեն։ Եկեղեցու հերթական նորոգումը տեղի է ունեցել 1619 թ.-ին, քանի որ երկար ժամանակ էր, ինչ աւերուել էր «անօրէնների կողմից»։ Այս մասին իմանում ենք 1445 թ.-ին ստեղծուած մի ձեռագրի՝ 1619 թ.-ին յաւելած յիշատակարանից։ Բլուրը, որի վրայ գտնուել է եկեղեցին, Սուրբ Նշան է կոչուել հին եկեղեցու աւերումից յետոյ էլ։ Անգամ նոր եկեղեցին Ս. Վարդանանց անուամբ օծուելուց յետոյ ժողովուրդը Ս. Նշան է անուանում այն։

ՏԷՐՈՒՆԱԿԱՆ Ս. ՆՇԱՆ–Հաղպատ գիւղից արեւելք կայ Տերունական անուամբ անտառապատ մի լեռ, նաեւ՝ մի վայր (հաւանաբար՝ հանդամաս) Մեծ Հայքի Սիւնիք աշխարհում։ Յիշատակում է Ստեփանոս Օրբելեանը (13-րդ դ.) Աղբին եւ Դարատափ գիւղերի սահմանները մատնանշելիս։ Նաեւ՝ բերդ Մեծ Հայքի Ուտիք աշխարհում, որ յայտնի է եղել Դըռկեանայ բերդ, Տէրունակալ անուններով։ Ճշգրիտ տեղադրութիւնը եւ հիմնադրումը որոշուած չեն։ Ենթադրւում է, որ գտնուելիս է եղել Կուրի աջակողմեան Ձեգամ վտակի հովտում։ Բագրատունիների թագաւորութեան անկումից յետոյ (11-րդ դ.) բերդը գտնւում էր Կիւրիկեան թագաւորութեան կազմում, ապա անցել է Գանձակի սելջուկեան աթաբեկութեանը։ 1123 թ-ին գրաւուել է վրացիների կողմից, 13-րդ դ-ի սկզբներին ազատագրուել է Զաքարեանների վասալ Վահրամեանների ջանքերով։ Վրացական միջնադարեան աղբիւրներից մէկում յիշատակուած է Տէրունակալ ձեւով։ Տեղանունների բառարանը նշում է, որ մոնղոլական նուաճումների ժամանակուանից սկսած (13-րդ դ.) այլեւս չի յիշատակւում։ Եթէ «Ուրբաթագրքում» յիշուած Տէրունական Ս. Նշանը այլ տեղադրութիւն չունի, ուրեմն՝ 16-րդ դ-ում դեռ յիշատակւում է։

 

Վերջ

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top