online

Ուրբաթագիրք

Портал «Наша среда» продолжает публикацию перевода на ашхарабар первой армянской печатной книги «Урбатагирк», изданной в Венеции в 1512 году Акопом Мегапартом. Перевод выполнен сотрудником Института литературы НАН РА, кандидатом филологических наук Лусине Аветисян, которая любезно предоставила нам для публикации все материалы.

Շարունակություն (1), (2)

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

Սուրբ Կիպրիանոսի28 աղօթքը

Որ ասուել է դեւերի, կախարդների եւ հմայական հնարքների դէմ

 

Ես Յիսուս Քրիստոսի սպասաւոր Կիպրիանոսն եմ Անտիոքից, ազգութեամբ յոյն, հեթանոս մարդու որդի։ Իմ հօր անունն է Եդեսիա, եւ մօրս անունը՝ Կղօդիա։ Երբ ծնուեցի ես իմ մօր որովայնից, իմ ծնողները նուիրեցին ինձ ուսման եւ կուռքերի ծառայութեան։ Եւ սովորեցի բոլոր արուեստները եւ կախարդութեան գրերը։ Եւ դարձայ աւելի մեծ, քան Սիմոնը, Նաքովրը եւ Կինոպասը։ Բազում անգամներ օդ էի բարձրանում, դէմքիս լուսնի եւ արեգակի ճառագայթներ էի առնում, եւ իմ դէմքը փայլում էր արեգակի պէս։ Եւ քայլում էի ծովի վրայ, ինչպէս ցամաքի վրայ։ Իմ հրամանատարութեան ներքոյ էին դեւերի բոլոր զօրագնդերը, եւ ուղարկում էի նրանց՝ ուր կամենում էի։

Այն ժամանակ կատարում էի դեւերի կամքը ամենայն ուրախութեամբ ու բազում ընծաներով եւ մոլորուած էի չարութեան գործերում եւ չէի ճանաչում արարիչ Աստծուն։ Ոմանց գլխացաւ էի տալիս, ոմանց՝ աչքացաւ, ոմանց միտքն էի շեղում-մոլորեցնում աղօթքի ժամանակ։ Ոմանց զրկում էի աղօթքից։ Ոմանց անյաջողութեան էի մատնում ճանապարհին։ Ոմանց գողութեան էի տանում։ Ոմանց՝ շնութեան ու պոռնկութեան, սպանութեան եւ բոլոր մեղքերը գործել էի տալիս երկրի վրայ։

Արդ, բոլոր կապանքները եւ կախարդութիւնները թող արձակուեն ու հեռանան Աստծոյ այս ծառայից։

Նաեւ իմ կախարդութեամբ երկինքն էի կապում, որ չպտտուէր, արեգակին ու լուսնին արգելում էի շարժուել ու լոյս տալ։ Ամպերն էի կախարդում, որ չանձրեւէին։

Երկիրն էի կապում, որ չծլեցնէր իր սերմերը։ Կապք էի դնում թռչունների վրայ, որ օդ չթռչէին, եւ սողունների, որ չխայտային երկրի վրայ։ Կապում էի գետերը, որ չհոսէին, ծովը, որ չալէկոծուէր։ Կապում էի ձկներին, որ չլողային։ Կապում էի ճանապարհորդներին, որ չընթանային։ Կապում էի վաճառականներին, որ չվաճառէին։ Կապում էի անասուններին, որ չյղիանային։ Կապում էի կանանց, որ չծնէին։

Կապում էի ամէն բան, ինչ չէր ենթարկւում իմ հրամանին29։ Ստեղծում էի վհուկների եւ կախարդների 6672 դիւթական հնարանքներ, որոնք կործանում են մարդկանց որդիներին։

Ուրեմն, թող արձակուեն ու հեռանան Աստծոյ ծառայիցս։ Ուրեմն, թող մնան երկինքն ու երկիրը իրենց հաստատութիւններում, ծովն ու գետերը՝ իրենց ընթացքի մէջ։

Արհեստաւորները՝ իրենց օրէնքներում, վաճառականներն՝ իրենց առեւտրում։ Թռչունները թող բազմանան, ճանապարհորդները յաջողեն, ամպերը ցողեն, սերմերը ծլեն եւ աճեն, երկիրը պտղաբերի, մեղաւորները շրջուեն իրենց անօրինութիւններից։ Կախարդներն ու հմայողները թող դառնան իրենց չարիքից։ Եւ բոլոր կապուածները թող արձակուեն վհուկների եւ կախարդների 6672 բժժանքներից եւ չար աչքերից ու չար լեզուներից եւ բոլոր որոգայթներից։

Թող խափանուեն ու հեռանան Աստծոյ այս ծառայից։

 

Ուստիանէ30 կոյսի պատմութիւնը

 

Ուրբաթագիրք, էջ 49

Ուրբաթագիրք, էջ 49

Այն ժամանակ Անտիոք քաղաքում կար մի շատ գեղեցիկ կոյս՝ մեծահարուստի դուստր, անունը Ուստիանէ։

Եւ մի երիտասարդ տեսաւ նրան, տենչաց նրա գեղեցկութիւնը։ Եւ ուղարկեց սուրհանդակներին, եւ չկարողացան բազում ինչքով համոզել հարսնանալ նրան։ Այն ժամանակ գնաց կախարդ Կիպրիանոսի մօտ եւ ասաց. «Կարո՞ղ ես դէպի ինձ դարձնել Ուստիանէ կոյսին»։ Կիպրիանոսը պատասխանեց. «Հեշտութեամբ կկատարեմ քո սրտի խնդրանքը»։

Այնժամ կանչեցի պոռնկութեան դեւին եւ ուղարկեցի նրա մօտ։ Երբ գնաց դեւը, սուրբ կոյսն իմանալով՝ խաչակնքեց սուրբ խաչի նշանով, եւ դեւը հալածուեց։ Դարձեալ ուղարկեցի ուրիշ դեւեր՝ աւելի չար, քան նա, եւ չկարողացան։ Այն ժամանակ կանչեցի դեւերի իշխանին եւ ասացի. «Կարո՞ղ ես դէպի ինձ դարձնել Ուստիանէ կոյսին»։ Եւ նա ասաց. «Անմիջապէս կկատարեմ քո կամքը»։

Երբ դեւը գնաց, սուրբ կոյսը ճանաչելով հալածեց նրան։ Եւ եկաւ դողալով Կիպրիանոսի մօտ։ Եւ հարցրեց Կիպրիանոսը. «Այդ ի՞նչ է»։ Դեւն ասաց. «Տեսայ սուրբ խաչի նշանը եւ դողալով փախայ»։ Եւ Կիպրիանոսը հարցրեց. «Ո՞րն է խաչի հրաշքը, որ տեսնում եւ սոսկում էք»։ Ասում են դեւերը. «Երբ Տէր Աստուածն ստեղծեց մեզ, աւելի բարձր էինք, քան միւս հրեշտակները։ Ապա ստեղծեց Ադամին եւ դրեց նրան դրախտի վայելքների մէջ, որպէսզի մշակի այն եւ պահի, մենք նախանձեցինք նրա փառքին։ Օձի միջոցով խաբեցինք Եւային եւ Ադամին, եւ կերան այն պտղից, լոյսի մէջ մերկացան, եւ հանեց հեռացրեց նրանց Տէր Աստուած։

Բայց Տէր Աստուած չցանկացաւ իր ծառայի կորուստը, իջաւ հայրական ծոցից եւ մարմին առաւ Սուրբ Կոյս Մարիամից, խաչուեց, թաղուեց եւ մեռելներից յարութիւն առաւ եւ փառքով երկինք համբարձուեց, նստեց Հօր աջ կողմում։  Գալու  է  նոյն  մարմնով եւ Հօր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին։ Այն է սուրբ խաչի զօրութիւնը, որ տեսնում եւ սոսկում ենք»։ Այն ժամանակ ասացի. «Եթէ սուրբ խաչի զօրութիւնն այնպիսին է, ապա ո՜րչափ է խաչուածի զօրութիւնը»։ Եւ ապա ես՝ Կիպրիանոսս, հաւատացի խաչուածին, որի զօրութիւնը հալածում է դեւին։ Եւ գնացի եկեղեցի՝ եպիսկոպոսի մօտ, եւ Քրիստոսի մկրտութիւնը ստացայ։ Եւ իմ կախարդութեան գրերը բերեցի եւ այրեցի հրով եւ հաւատացի Քրիստոսի ծնունդին եւ սուրբ մկրտութեանը եւ սուրբ թաղմանը եւ սուրբ համբարձմանը եւ յաջորդ գալստեանը։

Այն ժամանակ ամէն ինչ կապում էի սատանայի եւ դեւերի պիղծ խօսքով, իսկ այժմ սուրբ խաչի զօրութեամբ եւ մեծ անեղ Աստուծոյ իշխանութեամբ խափանում եմ բոլոր չար աչքերը, չար լեզուները, կախարդանքները, հմայքները եւ թշնամու որոգայթները, աւագների դառնութիւնը։ Ուստիանէ կոյսի շնորհիւ եւ աղօթքներով բոլոր սրբերի՝ թող քանդուեն ու հեռանան Աստուծոյ այս ծառայից։

 

Խնդրանք Աստծոյ բոլոր սրբերին

Ուրբաթագիրք, էջ 54

Ուրբաթագիրք, էջ 54

Բարեխօսութեամբ Սուրբ ամէնօրհնեալ Աստուածածնի եւ Յովհաննէս Կարապետի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի32 եւ երկնային ու երկրային քո բոլոր սրբերի՝ պահի՛ր, Քրիստո՛ս Աս-տուած, քո այս ծառային։

Նաեւ բարեխօսութեամբ սուրբ մարգարէներ Մովսէսի եւ Ահարօնի, Եսայու, Սամուէլի, Դաւթի եւ Եղիայի, Եղիսէի եւ Եզեկիէլի, Դանիէլի, Ովսէի, Ամովսի, Միքասի, Աբդիի, Յունանի, Նաւումի, Ամբակումի, Սոփոնիայի, Անգէի, Զաքարիայի, Մաղաքիայի, Գաթի, Նաթանի, նաեւ բարեխօսութեամբ սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբէլի, Սէթի, Ենովքի, Ենովսի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Սահակի, Յակոբի, Յովսէփի եւ եգիպտացի սուրբ հայրերի՝ Պօղոսի, Անտոնի33, Պօղի, Մակարի, Նեղոսի, Արսէնի, Սիսիանի, Յովհան Գբեցու, Յովհան Կարճահասակի եւ սուրբ առաքեալներ Պետրոսի եւ Պօղոսի, Յովհաննէսի եւ Յակոբի, Անդրէասի եւ Փիլիպոսի, Թումայի եւ Բարդուղիմէոսի, Շմաւոնի եւ Յակոբի, Մատթէոսի եւ Մադաթիայի եւ մնացած եօթանասունի։ Նաեւ սուրբ աւետարանիչների՝ Մատթէոսի եւ Մարկոսի, Ղուկասի եւ Յովհաննէսի, նաեւ՝ բարեխօսութեամբ մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի եւ Գրիգոր Աստուածաբանի34, Գրիգոր Ակռականդացու եւ Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Սքանչելագործի35 եւ Գրիգոր Նիւսացու36, Բարսեղ Կեսարացու37 եւ Հռոմի Սեղբեստրոս հայրապետի եւ Ղեւոնդիոս պատրիարքի եւ Եփրեմ Խորին Ասորու38 եւ սուրբ հայրապետեր Արիստակէսի39, Վրթանէսի40, Յուսիկի41, Գրիգորիսի42, Ներսէսի43, Սահակի, Դանիէլի44, Եպիփանոս Կիպրացու45, Յովհան Երուսաղէմի հայրապետի, Աթանասի46 եւ Կիւրեղի47, Պետրոս հայրապետի եւ Աբիսողոմ սարկաւագի48 եւ Նեկտարինէի, Իգնատիոս49 հայրապետի, Նիկողայոս հայրապետի, Փոկաս50 հայրապետի, Բաբէլաս51 հայրապետի եւ Շմաւոնի, Բագարատ52 եպիսկոպոսի եւ Աթանագինէ53 եպիսկոպոսի, Ամբրոսիոս եպիսկոպոսի եւ Կղեմէս54 հայրապետի, Մովկիմոսի, Թէոդորոսի, Օգսենտիոսի եւ սուրբ անարծաթ բժիշկների՝ Կոզմայի եւ Դամիանոսի55 եւ Պանդալէոն բժշկի եւ Երմողաս քահանայի56, Գեւորգ զօրավարի57  եւ  Մերկերիոս  զինուորի  եւ Սուրբ Սարգիս զօրավարի եւ նրա որդի Մարտիրոսի եւ Անդրէ58 զօրավարի եւ Թէոդորոս զօրավարի59 եւ Իշտուղաս Վկայի եւ Դեմետրիոս վկայի60 եւ Սուրբ Մինասի, Երմոգինէսի եւ Գրաբոսի61 եւ կամաւոր աղքատների՝ Յովհաննէսի62 եւ Ալեքսիանոսի63 եւ Գուրիասի եւ Սամունայի64 եւ Աբիբ65 սարկաւագի եւ Ռոմանոս Մէնակեացի եւ Տրոփոնասի եւ Վլաս եպիսկոպոսի եւ Սուրբ Տարագրոսի եւ Պրոպոսի եւ Անդրոնիկոսի66 եւ Ակիւղասի եւ Կուռնելիոսի եւ Մարութա67 հայրապետի եւ Փիլիկտիմոնի68 եւ Հերակլէսի եւ Երանոսի, Սուրբ Հպերիքեանների69 եւ Սուրբ Խարիթեանների70, Տիրոջ եղբայր Յակոբի եւ Մծբինի Յակոբ հայրապետի եւ Մարուգէ ճգնաւորի71 եւ Մելիտոս եպիսկոպոսի եւ Սրուճի Յակոբ եպիսկոպոսի, Կոդրատիոսի եւ Պարսամ ճգնաւորի, եւ Յակովկոսի եւ Իրաւափառի եւ միւս սուրբ վկաների, ովքեր նահատակուեցին յանուն Քրիստոսի։

Սրանց բարեխօսութեամբ եւ աղօթքներով պահպանի՛ր, Տէ՛ր Աստուած, քո ծառային չար աչքերից, չար մտքերից, սատանայական որոգայթներից, տէրերի զայրոյթից։ Եւ օգնի՛ր ու պահպանի՛ր նրան տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս, եւ թող նա չդողայ։ Եւ թող յաջողութիւն լինի նրա ունեցուածքին եւ վաստակին, աջից՝ Սուրբ Գաբրիէլը, իսկ ձախից՝ Սուրբ Միքայէլը. ամէն։

Նաեւ՝ բարեխօսութեամբ սուրբ թագաւորների՝ Եզեկիայի, Սեդեկիայի, Մանասէի, Աբգարի72, Կոստանդիանոսի եւ Տրդատի, Սմբատի եւ այլ սուրբ թագաւորների եւ աստուածասէր իշխանների, զօրավարների։ Եւ Սուրբ Վարդանանց եւ հայոց սպարապետ քաջ Մուշեղի եւ Անթիմոսի73 եւ Պօղոս Խոստովանողի74 եւ միւս սուրբ հայրապետերի։ Պահպանի՛ր, Տէ՛ր Աստուած, քո ծառային մարմնի եւ հոգու բոլոր փորձութիւններից։

Նաեւ բարեխօսութեամբ Աստուածածնի ընտանիքի75, Մարիամ Մագդաղինացու, Յակոբի Մարիամի, Յովսէի Մարիամի, Մարիամի ու Մարթայի, միւս իւղաբեր կանանց, սուրբ կոյսերի՝ Սանդուխտ կոյսի, Կատարինէ կոյսի, Սուրբ Թէկղէի76, Վառվառայի, Աշխէն տիկնոջ, Խոսրովիդուխտի, Շուշանի եւ Յուլիանի, Վասիլուհու, Եւփիմէ կոյսի, Քրիստինէի, Սուրբ Հռիփսիմեանց եւ Գայանեանց կոյսերի77, Նունէի78, Մանէի79 եւ քառասուն սրբերի, որ Սեբաստիայում նահատակուեցին։ Քառասունհինգ ու քսան հազար վկաների, Սուրբ Ատոմեանց80 եւ Սուքիասանց, Սուրբ Ոսկեանց81, Սուրբ Սահակի եւ Համազասպի եւ Բեթղեհէմի մանուկների եւ Աբդլմսեհ վկայի82, Սուրբ Սահակի, Յովսէփի եւ եօթ մանկանց, որ նահատակուեցին Քողքոս լեռան վրայ։

Ուրբաթագիրք, էջ 71

Ուրբաթագիրք, էջ 71

Եւ Նիկիայի սուրբ ժողովի երեք հարիւր տասնութ [.յ.ժը.] հայրապետերի, Կոստանդնուպօլսի սուրբ ժողովի հարիւր յիսուն [.ճ.ծ.] հայրապետերի, Եփեսոսի սուրբ ժողովի երկու հարիւր [.մ.] հայրապետերի, Աստուածածնի ծնողների՝ Յովակիմի եւ Աննայի, եւ Սուրբ Ստեփանոս Ուլնեցու83, Դաւիթ Դուինեցու84, Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի, Մեսրոպ վարդապետի, Եղիշէի, Մովսէս Քերթողի, Յովսէփ աստուածահօր, Յովսէփ Արիմաթացու85, Նիկոդիմոսի։ Եւ սուրբ նահատակների, ճգնաւորների, վանականների, երկնայինների ու երկրայինների։ Եւ սուրբ հրեշտակապետերի՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ բոլոր երկնային զօրութիւնների։

Պահպանի՛ր, Տէ՛ր Աստուած, քո այս ծառային։

 

Սուրբ Գրիգոր Նարեկացու

աղօթքը

 

Ամէնօրհնեալ Որդի՛ կենդանի Աստծոյ,

Դու փառաւոր Հօր անքնին ծնունդ,

Քեզ համար չկայ անհնար ոչինչ,

Այն պահին, երբ որ քո ողորմութեան

փառքի անստուեր

ճաճանչն է ծագում86,

Մեղքերն են հալւում,

դեւերն հալածւում,

յանցանքը՝ ջնջւում,

Կապանքը խզւում,

խորտակւում շղթան,

մահացածները՝ կենդանածնւում,

Խոցը՝ բժշկւում, վէրքն առողջանում,

ապականութիւնն իսպառ վերանում,

Թախիծն ընկրկում, ողբը նահանջում,

խաւարը փախչում,

Մէգն է հեռանում, մշուշը մերժւում,

մռայլը ցրւում,

Աղջը սպառւում, մութը վերանում,

գիշերը անցնում,

Տագնապն արտաքսւում, չարիքը չքւում,

յուսահատութիւնն անհետ հալածւում,

Եւ թագաւորում է ձեռքդ ամենակալ87,

ամէնի՛ քաւիչ։

Դու, որ եկել ես մարդկային հոգին88

Փրկելու, ոչ թէ կորցնելու համար,

Ների՛ր անհամար մեղանչումներն իմ

Ամենաառատ քո ողորմութեամբ89,

Զի միայն դու ես երկնքում անճառ,

երկրում անզնին,

Բոլոր գոյերի90 տարրերի մէջ ես,

Աշխարհի բոլոր ծագեզերքներում91,

Ամէնի սկիզբն ես եւ ամէն ինչում՝

ամբողջ լրութեամբ92,

օրհնեալ ի բարձունս.

Եւ քեզ վայել են փառք, իշխանութիւն

եւ պատիւ93։

 

Սուրբ Գրիգոր Նարեկացու

բարեխօսութեամբ՝ պահի՛ր,

Տէ՛ր Աստուած, քո այս ծառային։

 

Աղօթք պահպանութեան

 

Ուրբաթագիրք, էջ 72

Ուրբաթագիրք, էջ 72

Եւ ես ամէն ժամ կրկնում եմ, որ միշտ

Աստծոյ գիրքը գրկումս է,

Աստծոյ խօսքը՝ բերանումս,

Ձեռագիրը՝ ճակատիս։

Այս սէրը սէրն է սրտիս

Եւ անմոռաց է մտքիս։

Մարմինս տունն է տիրոջ,

Միտքս նման է սուրբ քահանայի,

Սիրտս վայր է սուրբ սեղանի,

Խորհուրդս՝ անարատ պատարագի,

Աղօթքս՝ խունկ ընդունելի,

Հայրը ամուր բերդն է անձիս,

Որդին՝ մտքիս պարիսպն ամուր,

Հոգին՝ հոգուս դուռն ամրակուռ։

Արդ ումի՞ց եմ ահով դողում։

Արդ, երդւում եմ այս սուրբ գրի վկայութեամբ, որ գրեցինք։ Այն տանը, որտեղ կայ եւ որտեղ կարդացւի94 այս գիրքը, չեն մօտենում չարիքն ու որոգայթը ո՛չ տղամարդու, ո՛չ կնոջ, ո՛չ ծերի եւ ո՛չ մանկան, ո՛չ երիտասարդի եւ ո՛չ կոյսի. ո՛չ մէնութեան մէջ, ո՛չ ճանապարհ գնալիս։ Այն խափանում է ամէն չարիք Աստծոյ ծառաների առջեւ։ 

 

Աւետարան ըստ Մատթէոսի [Ը, 5-13]

 

Եւ երբ մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ մօտեցաւ։ Աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը, չարաչար տանջւում է»։ Ասաց նրան Յիսուսը. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»։ Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես, բայց խօսքով ասա՛, եւ իմ ծառան կապաքինուի։ Քանի որ ես էլ իշխանութիւն ունեցող մարդ եմ։ Ինձ ենթարկուող զինուորներ ունեմ։ Սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, ուրիշին՝ ե՛կ, եւ գալիս է։ Եւ իմ ծառային՝ թէ՝ սա արա՛, եւ անում է»։

Երբ լսեց Յիսուսը, զարմացաւ եւ դիմեց նրանց, որ իր հետեւից էին գնում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլում այսչափ հաւատ չգտայ երբեւէ։

Բայց ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կգան եւ կբազմեն Աբրահամի, Սահակի եւ Յակոբի կողքին՝ երկնքի արքայութիւնում, իսկ արքայութեան որդիները կարտաքսուեն դէպի խաւարը, այնտեղ լաց եւ ատամների կրճտոց կլինի»։ Եւ ասում է Յիսուսը հարիւրապետին. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, թող լինի քեզ»։ Եւ առողջացաւ այնժամ նրա ծառան։

 

Աւետարան ըստ Մարկոսի [Ե, 35-43]

 

 

Ուրբաթագիրք, էջ 80

Ուրբաթագիրք, էջ 80

Մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից ինչ-որ մարդիկ են գալիս եւ ասում. «Քո դուստրը մեռաւ, ինչո՞ւ ես տակաւին չարչարում վարդապետին»։ Իսկ երբ Յիսուսը լսեց այն, ինչ ասուեց, դիմեց ժողովրդապետին. «Մի՛ երկիւղիր, այլ միայն հաւատա՛»։ Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին` Յակոբի եղբօրը։

Գալիս է ժողովրդապետի տուն եւ տեսնում մեծ ամբոխ, լաց եղողների, [լսում] սաստիկ աղաղակ։ Եւ մտնելով ներս՝ ասում է նրանց. «Ինչո՞ւ էք խռովուած եւ ինչո՞ւ էք լաց լինում, երեխան չի մեռել, այլ ննջում է»։ Եւ ծաղրում էին նրան։ Իսկ նա դուրս է անում բոլորին, իր հետ վերցնում է երեխայի հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտնում է այնտեղ, ուր երեխան էր պառկած։ Եւ բռնելով երեխայի ձեռքը՝ ասում է նրան՝ տալիթա կումի, որ թարգմանւում է՝ «Աղջի՛կ, քեզ եմ ասում՝ վե՛ր կաց»։ Եւ անմիջապէս ելաւ աղջիկն ու քայլեց, որովհետեւ մօտաւորապէս տասներկու տարեկան էր։ Եւ զարմացան մեծ զարմանքով։ Եւ պատուիրեց նրանց խստօրէն, որ ոչ ոք այն մասին չիմանայ, եւ ասաց, որ նրան կերակրեն։  

 

Աւետարան ըստ Ղուկասի [Զ, 1-11]

 

Եւ եղաւ, որ առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, ափի մէջ տրորում եւ ուտում։ Եւ փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ շաբաթ օրուայ օրէնք չէ»։ Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Մի՞թէ չէք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղցած էին ինքը եւ նրանք, որ իր հետ էին։ Ինչպէս մտաւ Աստծոյ տուն, եւ նուիրաբերուած հացը, որ բացի քահանաներից, որեւէ մէկի չէր թոյլատրւում ուտել, կերաւ ու տուեց նրանց, որ իր հետ էին»։ Եւ ասաց նրանց. «Մարդու Որդին նաեւ շաբաթուայ տէրն է»։

Իսկ մէկ այլ շաբաթ, երբ նա մտաւ ժողովրդի մէջ եւ ուսուցանում էր, այնտեղ մի տղամարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։

Եւ նրան էին սպասում դպիրներն ու փարիսեցիները, որ շաբաթ օրը բժշկի, որպէսզի չարախօսեն նրա մասին։ Իսկ նա գիտէր նրանց մտադրութիւնը։ Մարդուն, ում ձեռքը չորացած էր, ասաց. «Ելի՛ր, կանգնի՛ր կենտրոնում»։ Եւ նա ելաւ, կանգնեց։ Յիսուս ասաց նրանց. «Ձեզ մի բան պիտի հարցնեմ. շաբաթ օրը արժի բարի՞ք, թէ չարիք գործել, մի հոգու ապրեցնե՞լ, թէ՞ կործանել»։ Եւ զայրագին նայեց շուրջբոլորը ամէնքին եւ ասաց այն մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Եւ նա մեկնեց, եւ ձեռքը կենդանացաւ միւսի նման։ Եւ նրանք մոլեգնութեամբ լցուեցին եւ խօսում էին միմեանց հետ, թէ ինչպէս վարուեն Յիսուսի հետ։

 

Աւետարան ըստ Յովհաննէսի [Ե, 1-18]

 

Ուրբաթագիրք, էջ 83

Ուրբաթագիրք, էջ 83

Սրանից յետոյ հրեաների տօն էր։ Եւ Յիսուսը գնաց Երուսաղէմ, իսկ Երուսաղէմում՝ Պրոպատիկէ աւազանում, որ եբրայերէն95 կոչւում էր Բեթհեզդա, հինգ սրահներ կային, որոնցում պառկած էր մի մեծ բազմութիւն՝ հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, ովքեր ջրերի ալէկոծմանն էին սպասում։

Այնտեղ էր եւ մի մարդ, ով իր հիւանդութեամբ տառապում էր երեսունութ տարի։ Երբ Յիսուսը տեսաւ նրան պառկած եւ իմացաւ, որ բազում տարիներ այդ վիճակում է, հարցրեց նրան. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։ Պատասխանեց նրան հիւանդը. «Տէ՛ր, չունեմ մէկը, որ երբ ջրերը յուզուեն, ինձ աւազան իջեցնի։ Եւ մինչ դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից առաջ է իջնում»։

Յիսուսն ասաց նրան. «Վերցրու՛ քո մահիճն ու գնա՛»։ Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ քայլեց։

Շաբաթ օր էր։ Հրեաները բժշկուածին ասացին. «Շաբաթ է, եւ պատշաճ չէր, որ դու վերցնէիր մահիճդ»։

Պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով ինձ բժշկեց, նա ասաց՝ վերցրու՛ մահիճդ ու գնա»։ Հարցրին նրան. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրու մահիճդ եւ քայլիր»։

Իսկ բժշկուածը չգիտէր, թէ ով է, քանի որ Յիսուսը ամբոխի պատճառով խոյս տուեց այն վայրից։

Սրանից յետոյ Յիսուսը գտաւ նրան տաճարում եւ ասաց. «Ահա բուժուեցիր, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի որեւէ չարիք չպատահի քեզ»։

Մարդը գնաց եւ պատմեց հրեաներին, ասելով՝ Յիսուսն էր, որ բժշկեց ինձ։ Եւ այն պատճառով էին հրէաները հալածում Յիսուսին, որ այդ ամէնը իրագործում էր շաբաթ օրը։

Իսկ Յիսուսը պատասխան տուեց նրանց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, գործում եմ եւ ես»։

Դրա համար հրէաներն աւելի էին ցանկանում նրան սպանել, քանզի ոչ միայն եղծում էր շաբաթը, այլեւ Աստծուն իր հայրն էր կոչում, եւ Նրան էր հաւասարեցնում իր անձը։

 

_____________________

 

28 Կիպրիանոս–Թասկիոս Կիկելիոս, մ. թ. 3-րդ դ-ում ապրած հեթանոս փիլիսոփայ, ճարտարախօս, ճարտար մոգ, կուռքերի քուրմ։ Բանասէրների մի մասը գտնում է, որ նա ծնունդով աֆրիկեան Կարքեդոնից (Կարթագեն) էր, միւս մասը՝ Անտիոքից։ Անգամ կարծիք կայ, թէ եղել են երկու տարբեր ժամանակակից Կիպրիանոսներ։ Կիպրիանոսի մասին լեգենդի տարբերակները լայնօրէն տարածուած էին յունական եւ լատինական գրականութեան մէջ։ Նրան անդրադարձել են Գրիգոր Նազիանզացին 24-րդ ճառում, Թէոդոսիոս կայսեր կին Եւդոկիան մի բանաստեղծութեան մէջ։ Աւանդութիւնը հասել է մինչեւ իսպանացի թատերագիր Պեդրո Կալդերոն դէ լա Բարկային (1600-1681), որի «Զօրեղ մոգը» այդ թեմայի վերամշակումն է։ Կիպրիանոսը թերեւս Քրիստոֆեր Մարլոյի (1564-1593) եւ Վոլֆգանգ Գէօթէի (1749-1832) կերտած Ֆաուստի նախատիպն է եղել։ Կիպրիանոսը իր կախարդութիւններով գերազանցում էր բոլոր մոգպետերին եւ կախարդներին։ Նա շրջել է Աթէնքում, Եգիպտոսում, Անտիոքում, Քաղդէաստանում։ Շուտով քրիստոնէութիւն է ընդունել եւ դարձի բերել նաեւ իր ծնողներին։ Նա այրել է իր մոլորութեան ու կախարդանքի գրքերը, իր ունեցուածքը բաշխել է կարօտեալներին, հրաժարուել վայելած փառքից եւ սկսել իրեն կրթել խոնարհութեան մէջ, քննել նախկին սրբերի վարքը եւ ամբողջ սրտով ջանացել հետեւել նրանց։ Աստիճանաբար դպիր, ապա սարկաւագ, եպիսկոպոս եղաւ ու հասաւ հայրապետական աթոռին։ Ապա՝ Յուստիանէին սարկաւագուհի ձեռնադրեց եւ կարգեց վանամայր։ Քրիստոնեաների հանդէպ Դեկոս կայսեր օրօք սկսուած հալածանքների ժամանակ կայսրն իր առջեւ է բերել տալիս Կիպրիանոսին, ապա՝ Յուստիանէին, ում պատճառով դարձի էր եկել Կիպրիանոսը։ Հրամայում է կռապաշտ դառնալ, այլապէս կմեռնեն չարաչար մահով։ Կիպրիանոսը հալածանքներ ու աքսոր է կրում, իսկ Դեկոսի մահից յետոյ՝ Հռոմի Կուռնելիոս հայրապետի օրօք քրիստոնեաները ժամանակաւորապէս հանգիստ են գտնում։ Բայց Վալերիանոս կայսեր գահակալութեան ժամանակ  նորոգւում են քրիստոնեաների հանդէպ հալածանքները։ Ս. Կիպրիանոսը նահատակւում է 257 թ-ին։

29 Բնագրում՝ ոչ անցանէին զհրամանաւ…։ Այստեղ գործածուել է «հրաման» բառի պարառական հոլովը, որտեղ «զ» նախդիրը թարգմանւում է «շուրջ» կապով, էջ 68։

30 Բնագրում ՝ Յուստիանէ, էջ 70։

31 Բնագրում՝ Մարիամայ։ Մարիամ անունը ենթարկւում է ու հոլովման, թէեւ գրաբարեան տեքստերում երբեմն հանդիպում են կանոնական ձեւից շեղումներ, էջ 73։

32 Ստեփանոս Նախավկայ, ընդհանրական եկեղեցու սիրուած սրբերից, յանուն Քրիստոսի սիրոյ մարտիրոսուած առաջին նահատակը, որի համար կոչուել է «Նախավկայ»։ Նա ականատեսն էր Տիրոջ մահուան, թաղման եւ յարութեան։

33 Անտոն Անապատական, ճգնաւոր, հիմնադիրը ճգնաւորութեան ու վանական կեանքի։ Ծնուել է Եգիպտոսի Կոմա գիւղում 251 թ.-ին, ազնուական ծնողների ընտանիքում, որոնց մահից յետոյ ժառանգում է նրանց հարստութիւնը, սակայն, լսելով աւետարանական խոսքերը, վաճառում է ողջ ունեցուածքը եւ ապրում աղօթքներով, պահեցողութեամբ ու բարեգործութիւն կատարելով։ Բազմաթիւ փորձութիւններ յաղթահարելուց յետոյ հեռանում է անմարդաբնակ մի անապատ եւ 20 տարի ապրում մէնութեան մէջ։ Նրա սրբակեցութեան մասին լսելով՝ շատերն են հեռանում անապատ ճգնելու։ Սուրբը նրանց մի շարք կանոններ է թելադրում, որոնք էլ հետագայում դառնում են վանական կեանքի ուղեցոյց։

34 Գրիգոր Աստուածաբան, Գրիգոր Նազիանզացի (ծն. մօտ 330, Արիանզ՝ Նազիանզի մօտ, Կապադովկիա, մահ. 390, նոյն տեղում), յոյն գրող, աստուածաբան, մտածող, եկեղեցու հայրերից։ Բարսեղ Կեսարացու եւ Գրիգոր Նիւսացու մտերիմը։ Սովորել է Կեսարիայում, Պաղեստինում, Ալեքսանդրիայում եւ Աթէնքում, ստացել հռետորական—փիլիսոփայական կրթութիւն։ Եղել է Նազիանզի եկեղեցու առաջնորդը, 379–381-ին՝ Կ. Պօլսի եպիսկոպոս։ Կ. Պօլսի 381 թ.-ի Տիեզերաժողովի նախաձեռնողներից։ Պայքարել է արիոսականութեան դէմ։ Հեղինակ է 45 ճառի, 250 թղթի եւ բազմաթիւ բանաստեղծութիւնների, ինչպէս նաեւ նշանաւոր «Իմ կեանքի մասին», «Իմ ճակատագրի մասին», «Իմ հոգու տառապանքների մասին» ինքնակենսագրական պոեմների։ Սկսած 5-րդ դարից՝ Գրիգոր Նազիանզացու գրեթէ բոլոր գործերը թարգմանուել են հայերէն՝ որոշակի ազդեցութիւն գործելով հայ աստուածաբանական, փիլիսոփայական մտածողութեան վրայ։ Հայ մատենագրութեան մէջ երբեմն անուանուել է նաեւ Գրիգոր Ազազացի կամ Անձիանցի եպիսկոպոս։

35 Գրիգոր Սքանչելագործ (210-270), Նեոկեսարիայի եպիսկոպոս, ծնուել է Պոնտոսում՝ Նեոկեսարիա քաղաքում, ազնուականի ընտանիքում։ Ուսում է ստացել Աթէնքում, ապա՝ Կեսարիայում աշակերտել Որոգինէսին։ Իր անուան հետ կապուած բազում հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին։ Թողել է բազմաթիւ աստուածաբանական երկեր։

36 Գրիգոր Նիւսացի (ծն. մօտ 335, Կեսարիա, մահ. մօտ 394, Նիւսա), յոյն գրող, աստուածաբան, փիլիսոփայ, եկեղեցու հայրերից։ Գրիգոր Նազիանզացու ընկերը, Բարսեղ Կեսարացու եղբայրը։ Մօտ 371-ից Նիւսայի եպիսկոպոսը, եղել է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտը։ Կարեւոր դեր է խաղացել 381-ի Կ. Պօլսի Տիեզերաժողովում։ Գրել է մեկնողական բնոյթի երկեր, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառութիւններ։ Հին աշխարհի փիլիսոփայական մտքի ազդեցութեամբ (Որոգինէս, Պլատոն, Փիլոն Ալեքսանդրացի) Գրիգոր Նիւսացին յաճախ հակադրուել է ընդունուած դոգմաներին։ Գրիգոր Նիւսացու բոլոր նշանաւոր երկերը թարգմանուել են հայերէն, բազմաթիւ ձեռագրերում ընդօրինակուել են «Ինը երանութիւններին» նուիրուած բարոյախրատական աշխատութիւնը, «Ժողովող»-ի — «Երգ երգոց»-ի մեկնողական ճառերը։

37 Բարսեղ Կեսարացի, Մեծ, Սրբազան (329-379), կապադովկիացի գիտնական, մատենագիր, եկեղեցական գործիչ։ 357-364-ին վարել է ճգնաւորական կեանք, ապա ձեռնադրուել է քահանայ Կեսարիայի արքեպիսկոպոս Եւսեբիոսի կողմից։ Վերջինիս մահից յետոյ՝ 370 թ-ին, ընտրուել է Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հետեւողականօրէն պայքարել է արիոսականութեան դէմ։ Թողել է հարուստ գրական ժառանգութիւն՝ զրոյցներ, ճառեր, քարոզներ, մեկնութիւններ, 250 նամակ։ «Վեցօրէից» աշխատութեան մէջ 9 ճառով փորձել է բնագիտօրէն մեկնաբանել աշխարհի վեցօրեայ արարման աստուածաշնչեան պատումը։ Նրա բնագիտական իմացութիւնը խարսխուած է անտիկ աշխարհի մտածողների գիտական նուաճումների վրայ։ Նրա երկերը յաճախ ծառայել են որպէս աղբիւր՝ անտիկ մտածողների ուսմունքներին ծանօթանալու համար։ Դրանք հայերէն թարգմանուել են 5-րդ դարից։

38 Եփրեմ Ասորի (ծն. թ. անյայտ, Մծբին–մահ. 373 թ., Եդեսիա), ասորի մատենագիր։ Հայկական աղբիւրներում յայտնի է նաեւ Խորին, Խուրին, Խուր անուններով, որ նշանակում են՝ «վերծանող», «մեկնիչ»։ Գրել է մեկնութիւն Հին ու Նոր կտակարանների, ճառեր, ներբողներ, քարոզներ, կցուրդներ։ Զարգացրել է ասորական հոգեւոր բանաստեղծութիւնը։ «Տատիանոսի համաբարբառ Աւետարանի մեկնութեան» զգալի մասը, «Պօղոսի թղթերի մեկնութիւնը», 51 կցուրդ եւ մի քանի ճառեր պահպանուել են միայն հայերէն թարգմանութեամբ։ Հայ հոգեւոր բանաստեղծութիւնը, ճառագրութիւնը եւ, յատկապէս, մեկնողական ու դաւանաբանական գրականութիւնը կրել են Եփրեմ Խորին Ասորու ազդեցութիւնը։

39 Արիստակէս հայրապետ (264-333), հայոց երկրորդ կաթողիկոսը (325-333), Գրիգոր Ա Լուսաւորչի աւագ որդին։ Սպանուել է Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար։

40 Վրթանէս հայրապետ (285-341), Գրիգոր Լուսաւորչի կրտսեր որդին, կաթողիկոս 333-341 թթ.։

41 Յուսիկ հայրապետ (295-347), Գրիգոր Լուսաւորչի թոռը, Վրթանէսի որդին, կաթողիկոս 341-347 թթ.։

42 Գրիգորիս հայրապետ, Վրթանէս կաթողիկոսի աւագ որդին։ Ըստ Փաւստոս Բուզանդի՝ եղել է Աղուանքի եւ Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել է բոլոր եկեղեցիները՝ Աստծոյ խօսքը քարոզելով նաեւ մազքութների երկրում, որոնք սուրբին ձիու պոչից կապելով՝ բաց են թողել. այսպէս է նահատակուել Ս. Գրիգորիսը։ Ըստ աւանդութեան՝ թաղուած է Արցախի Ամարաս գիւղի Ս. Գրիգորիս եկեղեցում։ Նրա ոսկորները գտնուել են Վաչագան թագաւորի օրօք՝ 489 թ.-ին։

43 Ներսէս հայրապետ (մօտ 329-373), Գրիգոր Լուսաւորչի թոռան թոռը, կաթողիկոս 353-ից։

44 Դանիէլ Ասորի հայրապետ (ծն. անյայտ-347), քորեպիսկոպոս, կաթողիկոսութեան իշխանութեանը ենթակայ եկեղեցիների տեսուչ, Գրիգոր Լուսաւորչի աշակերտը, հրաշագործի հռչակ է վայելել։ Յուսիկ հայրապետի սպանութիւնից յետոյ՝ 347 թ.-ին, կարգուել է կաթողիկոս, սակայն նրա անունը Հայոց կաթողիկոսների պաշտօնական ցուցակում նշուած չէ։

45 Եպիփանոս Կիպրացի (ծն. մօտ 315, Ելեւթերապօլիսի մօտ (Հրէաստան)-մահ. 403, Կ. Պօլսից Կիպրոս վերադառնալու ճանապարհին), հրէայ աստուածաբան։ 367-ին ընտրուել է Կիպրոս կղզու Կոստանտիա (Սալամին) քաղաքի եպիսկոպոս եւ կղզու միտրոպոլիտ։ Մասնակցել է քրիստոնէական դաւանաբանական վէճերին, պայքարել օրիգենականութեան դէմ։ Սուրբ երրորդութեան հարցում հետեւել է Կապադովկիայի հայրերին՝ Գրիգոր Նիւսացուն եւ Բարսեղ Կեսարացուն։ Կտրականապէս մերժել է հեթանոսական տարրերի թափանցումը քրիստոնէութեան մէջ։ Նա պատկերամարտութեան առաջին տեսաբաններից է։ Գրել է ճառեր, հակաճառութիւններ, մեկնութիւններ։ Հին կտակարանում յիշատակուող 12 թանկարժէք քարերի այլաբանական նրա մեկնութիւնը թարգմանուել է բազմաթիւ լեզուներով։ Եպիփանոս Կիպրացու գործերի զգալի մասի բնագրերը հետագայում ոչնչացուել են։ Դրանք դեռեւս 5-րդ դարում թարգմանուել են հայերէն։ Հայ մատենագրութեան մէջ տարածում են գտել «Յաղագս երգոց Սաղմոսարանին», «Վասն ականց պատուականաց» գործերը եւ Ղուկասի աւետարանի թեմաներով գրուած ճառերը։ Եպիփանոս Կիպրացու «Գիրք հերձուածոց»-ը Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ի սկզբնաղբիւրներից է։

46 Աթանաս հայրապետ (295-373), մասնակցել է Նիկիայի 325 թ.-ի տիեզերաժողովին եւ լուրջ հակահարուած հասցրել Արիոսին եւ նրա հետեւորդներին։ 328-ին եպիսկոպոս է ձեռնադրուել, եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել է աքսորում։ Մահից 7-8 տարի անց Կ. Պօլսի 381 թ.-ի Տիեզերաժողովում վերջնականապէս ամրագրուել է նրա վարդապետութիւնը։ Ս. Աթանաս եւ Ս. Կիւրեղ Ալեքսանդրացի հայրապետերը Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի 12 համաքրիստոնէական վարդապետներից են։

47 Կիւրեղ Ալեքսանդրացի հայրապետ, Ալեքսանդրեան աստուածաբանական դպրոցի ներկայացուցիչներից մէկն է՝ ծնուած 380 թ.-ին։ Պայքարել է Կ. Պօլսի պատրիարք Նեստորի դէմ, ինչի արդիւնքը եղաւ այն, որ 431 թ.-ին Եփեսոսում հրաւիրուեց Տիեզերաժողով, որտեղ Նեստորն ու նրա ուսմունքը դատապարտուեցին։ Համաքրիստոնէական մեծագոյն 12 վարդապետներից է։

48 Պետրոս հայրապետ եւ Աբիսողոմ սարկաւագ, ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից են։ Ս. Պետրոսը՝ 4-րդ դ.-ի Ալեքսանդրիայի հայրապետը, Աբիսողոմ սարկաւագի աջակցութեամբ պահպանել է քրիստոնեաներին Դիոկղետիանոս, Գաղերիոս եւ Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների ժամանակ։ 311 թ.-ին հայրապետն ու սարկաւագը նահատակուել են։

49 Իգնատիոս Անտիոքացի, «Աստուածազգեաց»։ Ըստ աւանդութեան, երջանիկ այն մանուկն էր, որին Քրիստոսը գրկելով՝ պատուիրեց առաքեալներին լինել ինչպէս մանուկներ, այլապէս չեն մտնի երկնքի արքայութիւն։ Եղել է Պետրոս եւ Յովհաննէս առաքեալների աշակերտը, Անտիոքի եպիսկոպոսը։ Նահատակուել է քրիստոնեաների դէմ Տրայանոս կայսեր հրահրած հալածանքների ժամանակ 113-117 թթ.։

50 Փոկաս հայրապետ, սեւծովեան Սինոպ քաղաքի եպիսկոպոս։ Մանուկ հասակից հրաշքներ է գործել։ Վարքագրական տուեալների համաձայն՝ հալածում էր դեւերին, լուսաւորում կոյրերին, ունեցուածքը բաշխում աղքատներին։ Տրայանոս կայսեր զինուորները հորդորում են հրաժարուել իր հաւատքից, սակայն սուրբը, չուրանալով Քրիստոսին, 117 թ.-ին նահատակութեան պսակն է ընդունում։

51 Բաբէլաս հայրապետ, Ս. Բաբէլաս Ծերունի (նհտ. 298 թ.-ին), ուսուցիչ Նիկոմիդիայում, որ մանուկներին ուսուցանում էր Սուրբ Գիրքը, ինչի մասին իմանալով՝ Մաքսիմիանոս կայսրը նրան նետել է տալիս բանտ, իսկ երբ մանուկները հրաժարւում են կուռքերին երկրպագել, իրենց ուսուցչի հետ գլխատւում են։

52 Բագարատ եպիսկոպոս, Սիլիկիայի լուսաւորիչը՝ Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը, որին սպանում է մեծահարուստ մի հեթանոս՝ պատժուելով Տոռոմենայի քաղաքապետի կողմից։ Վերջինս սուրբի մարմինն ամփոփում է տապանի մէջ։

53 Աթանագինէ եպիսկոպոս, ծնունդով Սեբաստիայից, քրիստոնեայ ծնողների զաւակ։ Նշանակուել է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների շրջանում 10 աշակերտների հետ նահատակւում է՝ հրաժարուելով կուռքերին զոհ մատուցել։ Գրիգոր Լուսաւորիչը, որ նախքան Տրդատ արքայի պալատում ծառայութեան անցնելն ամուսնացած էր Աթանագինէի քրոջ՝ Մարիամի հետ, նրա մասունքները Ս. Յովհաննէս Մկրտչի նշխարների հետ Կեսարիայից վերադառնալիս բերում է Հայաստան եւ թաղում Տարօն գաւառի Գլակայ վանքում։

54 Կղեմէս հայրապետ, Հռոմի եպիսկոպոս։ Հռոմում հանդիպել է Ս. Պետրոս առաքեալին, նրա կողմից մկրտուել, 92 թ.-ին ձեռնադրուել եպիսկոպոս։ Նրան են պատկանում 85 կանոնները՝ «Կղեմէսի կանոնները» վերնագրով։ Նահատակուել է 98 թ.-ին։

55 Կոզմա եւ Դամիանոս, «անարծաթ բժիշկներ»՝ ծնուած եւ ապրած 3-րդ դ.-ում Արաբիայում, ովքեր իրենց մօր յորդորով շրջել ու բուժել են հիւանդներին։ Քրիստոնեայ եղբայրները նահատակուել են 285 թ.-ին՝ Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ։

56 Պանդալէոն բժիշկ եւ Երմողայոս քահանայ, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցներ Նիկոմիդիայից։ Պանդալէոնը քրիստոնեայ մօր մահից յետոյ դաստիարակւում է հեթանոս հօր կողմից, իրեն նուիրում բժշկութեանը՝ արժանանալով կայսեր բարեյաճ վերաբերմունքին։ Հանդիպում է Երմողաս հայրապետին, որը նրան դաստիարակում է քրիստոնէական ոգով, մկրտում, եւ Պանդալէոնը սկսում է հիւանդութիւնների, մեղքի եւ աղքատութեան դէմ պայքարել քրիստոնէաբար։ Քրիստոնեաների դէմ 303 թ.-ին սկսուած հալածանքների ժամանակ Պանդալէոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանում են կայսեր առջեւ։ Իսկ երբ կայսրն իմանում է, որ նրան դարձի բերողը Երմողայոս քահանան է, հրամայում է նախ՝ նրան գլխատել, ապա՝ Պանդալէոնին։

57 Գեւորգ զօրավար, Կապադովկիայից, քրիստոնեայ ծնողների զաւակ, զինուորագրուած հռոմէական բանակին։ Դիոկղետիանոս կայսեր խնդրանքով համաձայնում է զոհ մատուցել կուռքերին, սակայն հասնելով կռատուն՝ փշրում է բոլոր կուռքերը՝ իր այս յանդգնութեան համար գլխատուելով 303 թ.-ին։

58 Անդրէ զօրավար, համաքրիստոնէական սուրբ, որ նահատակուել է քրիստոնէական հաւատի տարածման համար։

59 Թէոդորոս զօրավար, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակից համաքրիստոնէական սուրբ։ Հեթանոսական մեհեան այրելու համար բանտ է նետուել։ 306 թ.-ին բազում չարչարանքներից յետոյ նահատակուել է՝ այրուելով խարոյկի վրայ։

60 Դեմետրիոս վկայ, սուրբ՝ ծնունդով Պարսկաստանից։ Եփրատի մօտ լքուած մի քարանձաւում իր երկու աշակերտների հետ ճգնել է եւ բժշկել հիւանդների։ Նահատակուել են՝ մնալով քարանձաւում, որի մուտքը Յուլիանոս Ուրացող կայսրը հրամայել է քարերով փակել։

61 Մինաս, Երմոգինէս եւ Գրաբոս, նահատակուել են 4-րդ դ.-ում՝ Մաքսիմիանոս կայսեր օրօք, Ալեքսանդրիայում։ Կայսրը Մինասին նրա դիւանադպիր Գրաբոսի հետ ուղարկում է Ալեքսանդրիա, որպէսզի հանդարտեցնեն խռովայոյզ քաղաքը, սակայն քրիստոնեաների հանդէպ նրանց ցուցաբերած հանդուրժողականութեան պատճառով բացայայտւում է նրանց քրիստոնեայ լինելը։ Նրանց դատելու համար կայսրն ուղարկում է Երմոգինէսին, որը, նրանց դարձի բելերու անկարողութիւնից զայրացած, խոշտանգումների է ենթարկում նրանց։ Իսկ երբ յաջորդ օրը տեսնում է հրաշքով բժշկուած Մինասին, ինքն էլ է քրիստոնեայ դառնում։ Այդ լուրն իմանալով՝ կայսրը երեքին էլ գլխատել է տալիս։

62 Յովհաննէս կամաւոր աղքատ, հարուստ ծնողների զաւակ Կ. Պօլսից, որ հեռանում է հայրական տնից, դառնում վանական, ապա՝ աղքատութեան ուխտից չհրաժարուելով՝ վերադառնում եւ բնակւում է հայրական տան մօտ՝ փոքրիկ մի հիւղակում։ Մահանում է 25 տարեկան հասակում՝ մահուանից առաջ բացայայտելով իր ինքնութիւնը։

63 Ալեքսիանոս կամաւոր աղքատ, ծնուել է 5-րդ դ.-ում ազնուականի ընտանիքում։ Իր ամուսնութեան օրը հեռանում է տանից, Եդեսիա քաղաքում իրեն նուիրում ճգնակեցութեան։ Երբ իր սրբութեան համբաւը տարածւում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս եւ մուրացկանի կերպարանքով ապրում է հայրական տան սանդուղքների տակ։ Մահուանից յետոյ Ալեքսիանոսի իրերի մէջ գտնուած մի գրութիւնից իմանում են նրա ով լինելը։ Հետագայում ծնողները նրա ճգնած վայրում աղօթատերի են կառուցում։

64 Գուրիաս եւ Սամունաս, Դիոկղետիանոս կայսեր օրօք՝ 284-305 թթ.-ին չարչարանքների ենթարկուած, նահատակուած եւ սրբերի շարքը դասուած քահանաներ։

65 Աբիբ սարկաւագ, ծառայում էր Եդեսիայում 4-րդ դ.-ի սկզբին։ Հալածանքների ժամանակ նա Աստծոյ խօսքն էր քարոզում գիւղերում եւ քաջալերում հալածուողներին։ Լուկիանոս կայսրն, իմանալով այդ մասին, հրամայում է ձերբակալել նրան, սակայն չի յաջողւում։ Իսկ երբ սուրբն իմանում է, որ բանտարկել են իր մօրն ու ազգականներին, յանձնւում է յօժարակամ, սակայն Քրիստոսին ուրանալու հրամանին չենթարկուելու պատճառով նրան այրում են 312 թ.-ին։ Նրան թաղում են այն տապանի մէջ, որում ամփոփուած էին նոյն քաղաքում նոյն օրերին նահատակուած Գուրիաս եւ Սամունաս քահանաների աճիւնները։

66 Տարագրոս, Պրոպոս եւ Անդրոնիկոս, զինուորներ եւ անբաժան ընկերներ։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին ձերբակալւում են, ենթարկւում տանջանքների եւ նահատակւում 304 թ.-ին Կիլիկիայի Անաբարզա քաղաքում։

67 Մարութա հայրապետ, Չորրորդ Հայքի Նփկերտ քաղաքի եպիսկոպոս։ Մասնակցել է 381 թ.-ի Կ. Պօլսի Տիեզերաժողովին։ Երկու անգամ որպէս Թէոդոսիոս կայսեր բանագնաց, դիմել է պարսից Հազկերտ արքային՝ քրիստոնեաների դէմ հալածանքները դադարեցնելու համար։ Վախճանուել է 422 թ.-ին։

68 Փիլիկտիմոն, յունական եւ լատինական վկայաբանութիւնների մէջ յայտնի է Ֆիլոմենոս անունով։ Ցորենի վաճառական էր։ Հաւատքի համար տանջանքների ենթարկուելով՝ նահատակուել է 274 թ.-ին։

69 Հիպերիքեաններ, 7 վկաներ Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, 3-4-րդ դդ.։ Քաղաքի կուռքերի պատուին կազմակերպուած տօնակատարութեան ժամանակ իրենց տանն աղօթում էին։ Կանչուելով ատեան եւ հաստատուն մնալով իրենց հաւատքում՝ նահատակուել են։

70 Խարիթեաններ, 523 թ.-ի նահատակներ, ազգութեամբ հաբեշ, Եթովպիայի Նեհրան քաղաքից, որտեղ 6-րդ դ.-ում հրէաները քաղաքի բնակիչներին ձգտում էին յուդայականութեան դարձնել։ Հոգեւորականներին ու միանձնուհիներին այրում, իսկ քաղաքի կառավարչին ու մեծամեծներին բանտարկում են, ապա՝ ենթարկում տանջանքների։ Մի քանի տարի անց ողջ Եթովպիայում քրիստոնէութիւնը հռչակւում է պետական կրօն։

71 Մծբինի Յակոբ հայրապետ եւ Մարուգէ ճգնաւոր։ Յակոբ հայրապետը ընդհանրական եկեղեցու սիրուած սրբերից է, որ կատարած բազում հրաշքների շնորհիւ արժանացել է «Սքանչելագործ» անուանը։ Ըստ վարքագրական աղբիւրների՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հօրաքրոջ որդին էր։ Պարսկաստանից գնում է Մծբին, հանդիպում Մարուգէ ճգնաւորին, նրանից իմանում, որ շատ հաւատացեալներ կասկածում են Նոյեան տապանի գոյութեանը, որոշում է բարձրանալ լեռը՝ տապանից մասունք բերելու։ Ճանապարհին նիրհում է, իսկ հրեշտակը տապանից մասունք է դնում սրբի գլխի տակ։ Ըստ աւանդութեան՝ Յակոբ Մծբնեցու պառկած տեղում մի սառնորակ աղբիւր է բխել, որ յայտնի է եղել բուժիչ եւ հրաշագործ յատկութիւններով։ Տապանի մասունքը պահւում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

72 Աբգար Ե թագաւոր, Եդեսիայի հայ թագաւոր, ըստ աւանդութեան՝ առաջին քրիստոնեայ թագաւորը, նրա օրօք է ծնուել Յիսուս Քրիստոսը, որի հրաշքների մասին լսելով՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղէմ՝ Փրկչին, որպէսզի նա գայ եւ ազատի իրեն տառապանք պատճառող ցաւերից։ Պատասխան թղթում Փրկիչը խոստանում էր իր աշակերտներից մէկին ուղարկել՝ բժշկելու արքային։ Քրիստոսի համբարձումից յետոյ Ս. Թադէոս առաքեալը գալիս է Եդեսիա, բժշկում Աբգարին, քարոզում Աւետարանը։ Ս. Թադէոսը նաեւ Յիսուսի դաստառակն էր բերել՝ նրա անձեռակերտ պատկերով, որ երկար ժամանակ պահւում էր Եդեսիայում։

73 Անթիմոս եպիսկոպոս, Նիկոմիդիայի եպիսկոպոս։ Կայսերական պալատի հրկիզման մէջ մեղադրուող քրիստոնեաների հալածանքների ժամանակ հաւատացեալների խնդրանքով ապաստանում է լեռներում, սակայն երբ իրեն որոնող կայսեր զինուորներին իր ապաստարանում հիւրասիրելուց յետոյ յայտնում է իր ով լինելը, նրան յորդորում են մնալ իր թաքստոցում։ Բայց Անթիմոսը յօժարակամ ներկայանում է ատեան եւ բազում տանջանքներից յետոյ գլխատւում 303 թ.-ին։

74 Պօղոս Խոստովանող, Կ. Պօլսի հայրապետ, որ բազմիցս աքսորուել է՝ արիոսականութեան դէմ պայքարելու համար։ Նահատակուել է Հայոց աշխարհի Կոկիսոն ք.-ում 350 թ.-ին արիոսականների կողմից։

75 Բնագրում՝ ընծանեաց, էջ 84։

76 Թէկղէ, սուրբ կոյս՝ Իկոնիայից (1-ին դ.)։ Շատերին դարձի բերելու համար կոչուել է «առաքելահաւասար»։ 18 տարեկանում լսելով Պօղոս առաքեալի քարոզները՝ դարձի է գալիս, որոշում չամուսնանալ եւ իրեն նուիրել Քրիստոսի խօսքի քարոզմանը։ Մայրը զայրոյթից որոշում է այրել դստերը, սակայն հորդառատ անձրեւը հանգցնում է կրակը։ Ապա ազատւում է նաեւ վայրի գազաններից, որոնց առջեւ նետում են նրա հարազատները։ Առանձնանում է Կիլիկիայի Սելեւկիա քաղաքի մօտակայքի մի մէնաստանում, քարոզում Աւետարանը, բուժում հիւանդներին։

77 Հռիփսիմեանք եւ Գայեանեանք, 37 քրիստոնեայ կոյսեր, որ Գայանէ մայրապետի հետ ապրել են Հռոմի լեռներում գտնուող Ս. Պօղոս վանքում, Դիոկղետիանոս կայսեր օրօք (284-305)։ Վերջինիս՝ Հռիփսիմէին կնութեան առնելու ցանկութեանը չենթարկուելով՝ կոյսերը փախչում են Արարատեան երկիր, որտեղ այս անգամ Հռիփսիմէի գեղեցկութեամբ հմայուած հայոց Տրդատ թագաւորը, չկարողանալով տիրանալ նրան, հրամայում է սպանել բոլոր կոյսերին։ Նրանց նշխարների վրայ հետագայում կառուցւում են Ս. Հռիփսիմէ, Ս. Գայեանէ, Ս. Շողակաթ եկեղեցիները։

78 Նունէ, վրացական աղբիւրներում՝ Նինո։ Հայոց Տրդատ թագաւորի հալածանքներից ազատուելով՝ մէկնում է Վրաստան՝ Մծխիթա մայրաքաղաք՝ քարոզելով եւ դարձի բերելով ժողովրդին։ Տարւում է արքունիք եւ բժշկում հիւանդ թագուհուն։ Միհրան թագաւորը դարձի է գալիս։ Ս. Նունէն դառնում է Վրաստանի առաքելուհին։

79 Մանէ, Հռիփսիմեան 37 կոյսերից մէկը, որ հեռանում է Եկեղեաց գաւառի Սեպուհ լեռան քարայրներից մէկը, որը նրա անունով հետագայում կոչուել է «Մանեայ այր»։ Նրա կեանքի վերջին օրերի մասին կայ հետաքրքրական պատմութիւն. այդ օրերին Գրիգոր Լուսաւորիչն էլ ցանկանում է առանձնանալ եւ գալիս է Դարանաղեաց լեռներ՝ իբրեւ բնակութեան վայր ընտրելով Սեպուհ լեռան հենց այն քարայրը, որտեղ ճգնում էր Մանէն։ Մօտենալով՝ լսում է Մանէի ձայնը, որ պատուիրում է այդտեղ գալ երեք օրից։ Վերադառնալով՝ գտնում է Մանէին վախճանուած եւ սաղմոսներ երգելով՝ թաղում է նրան քարայրում 323 թ.-ին։ Մանէ եւ Նունէ կոյսերը չեն նահատակուել Հռիփսիմեան միւս կոյսերի հետ։

80 Ատոմեանք, Ատոմեան նահատակներ։ Առաջին Ատոմեանները՝ շուրջ 1000 հոգի՝ Ատոմ Գնունու եւ Մանաճիհր Ռշտունու գլխաւորութեամբ նահատակուել են 449 թ.-ին՝ պարսից Հազկերտ թագաւորի կողմից քրիստոնեաների դէմ սկսուած հալածանքների ժամանակ։ Երկրորդ Ատոմեանները՝ 150 հոգի՝ Ատոմ Անձեւացու գլխաւորութեամբ նահատակուել են՝ մահմեդականութիւն ընդունելու արաբների առաջարկին «Մենք չենք կարող փոխել լոյսը խաւարի հետ» պատասխանելով։

81 Ոսկեանք, Ս. Ոսկեան քահանաներ, հայ եկեղեցու առաջին նահատակներից, Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագաւորի մօտ ուղարկուած 5 դեսպաններ, որոնք գալով Հայաստան՝ հանդիպում են Թադէոս առաքեալին, նրա քարոզներից ազդուած մկրտւում, դառնում քրիստոնեայ։ Նրանց գլխաւորը՝ Խռուսին (հայերէն՝ ոսկի), ձեռնադրւում է քահանայ։ Թադէոս առաքեալի նահատակութիւնից յետոյ մէկուսանում են Ծաղկոտն գաւառի լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնում։ Ապա գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեութիւն քարոզելու Արտաշէսին եւ Սաթէնիկին։ Սակայն նրանց հետեւում են միայն ալանների արքայադստեր հետ Հայաստան եկած 18 պալատականներ, որոնք մկրտւում են Եփրատ գետում եւ Ոսկեանների հետ հեռեանում լեռները։ Նրանք իրենց գլխաւորի՝ Սուքիասի անունով կոչւում են Սուքիասեաններ։ Արքայորդիները, չկարողանալով վերադարձնել պալատականներին, Ոսկեաններին եւ Սուքիասեաններին սրախողխող են անում։

82 Աբդուլմսեհ վկայ, Պարսկաստանում մեծահարուստ հրէայ ընտանիքի զաւակ, ում քրիստոնեայ հասակակիցները մկրտում են, Աբդլմսեհ անունը տալիս, որ նշանակում է «Ծառայ Աստծոյ»։ Հայրը, չկարողանալով կրկին դարձի բերել որդուն, դաշունահարում է նրան հենց մկրտուելու վայրում։

83 Ստեփանոս Ուլնեցի, քահանայի հոգածութեան ու դաստիարակութեան ներքոյ հասակ առած եւ Յուլիանոս Ուրացող կայսեր հալածանքների ժամանակ տանջանքների ենթարկուած նահատակ։

84 Դաւիթ Դուինեցի, իշխանական տոհմից, մահմեդական հօր եւ քրիստոնեայ մօր զաւակ, որ ծառայում էր արաբական բանակում։ Գալով Հայաստան՝ Անաստաս կաթողիկոսի կողմից մկրտւում է Դաւիթ անունով (իսկական անունը՝ Սուրհան) եւ 30 տարի ապրում Դուինում։ Հին հաւատին վերադառնալու արաբ ոստիկանի յորդորները մերժելով՝ ինքնակամ պառկում է խաչին եւ խաչուելով ու նիզակահարուելով՝ նահատակւում։

85 Յովսէփ Արիմաթացի, Յիսուսի ծածուկ աշակերտներից՝ հարուստ, պարկեշտ, բարեգործ եւ արդար մի մարդ, որն Աստծոյ արքայութեանն էր սպասում։ Պիղատոսից խնդրել է Տիրոջ մարմինը՝ թաղելու համար։ Նրա գերեզմանը Երուսաղէմի Փրկչական գերեզմանի մօտ է՝ Հայոց Պատրիարքութեանը պատկանող փոքրիկ մի մատուռում։

86 «Մատեան ողբերգութեան», 2003 թ-ի հրատարակութեան մէջ տպուած է «ի ծագեալ», էջ 247։

87 Նոյն տեղում՝ «ամենակար», էջ 248։

88 Նոյն տեղում՝ «ոգիս», էջ 248։

89 Ն. տ.՝ «Թո՛ղ ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ», էջ 248։

90 Ն. տ.՝ «գոյի»։

91 Ն. տ.՝ «յեզրս»։

92 Ն. տ.՝ «Սկիզբն ամենայնի եւ յամենայնի ամենայն լրմամբ»։

93 Ն. տ.՝ «Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ փառք յաւիտեանս»։

94 Բնագրում՝ կարդացւի, էջ 91։ Գրաբարը չունի կրաւորական ածանց։ Բայց քանի որ «Ուրբաթագրքի» լեզուն զուտ գրաբարը չէ, սա կարելի է օրինաչափ համարել այդ շրջանի համար։

95 Բնագրում գրուած է՝ երայեցերէն, էջ 99։

 

Լուսինէ Աւետիսեան (բ. գ. թ.)

Շարունակելի

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top