online

Ուրբաթագիրք

Портал «Наша среда» продолжает публикацию перевода на ашхарабар первой армянской печатной книги «Урбатагирк», изданной в Венеции в 1512 году Акопом Мегапартом. Перевод выполнен сотрудником Института литературы НАН РА, кандидатом филологических наук Лусине Аветисян, которая любезно предоставила нам для публикации все материалы.

ԱՌԱՋԱԲԱՆ

ԱՅՍ ԳՐՔԻ ԱՆՈՒՆՆ Է ՍՈՒՐԲ ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ

Ա

Ուրբաթագրքի տիտղոսաթերթը

Ուրբաթագրքի տիտղոսաթերթը

Ուրբաթ օրը կամ չորեքշաբթի հիւանդին տանում են եկեղեցու դուռը։ Եւ երգում են «Հարցի» սաղմոսը3 մինչեւ «Գործատունք»4։ Եւ ապա տասներկու5 անգամ «Տէր ողորմեա» են կանչում, եւ [քահանան] ասում է այս աղօթքը։

Քեզ ենք դիմում, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, Տէ՛ր զօրութիւնների, որ գազանին կապեցիր եւ դեւերի իշխանութիւնը դատապարտեցիր։

Մեծ ես դու, Տէ՛ր, եւ անպատում՝ քեզ ապաւինածներիս համար։ Լսի՛ր աղաչանքները քո ծառաների եւ աղախինների։

Քանի դեռ զգում ու մտածում եմ, հոգով եւ մարմնով դաւանում եմ Հօրը, ում հայրութիւնը անըմբռնելի է, եւ Որդուն, ում ծնունդը անմեկնելի է, եւ Սուրբ Հոգուն, որ Հօրից է ելնում եւ լցնում է ամբողջ աշխարհը եւ փառաբանւում է Որդու հետ մէկտեղ։

Դաւանում եմ նրան, որ լոյս Հօրից է ծագել։ Դաւանում եմ Սուրբ Հոգուն, որ անպարագիծ է Որդու եւ բարձրեալ Հօր հետ միասին։ Անբաժանելի եւ մէկ աստուածութիւն Ամենասուրբ Երրորդութիւնը փառաւորւում է չորս եւ վեց հրակերպներից6։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Նրա անուամբ, ով նստում է երկու սերովբէների7 միջեւ, ում բերանից հրեղէն հուր է ելնում, ում ոտքերի տակ հրեղէն լեզուներ կան։ Չի դադարում որոտումը Նրա տաճարում, Նրա, ով չի ընդունում ձեզ այս տանջահար հրեշտակի պատճառով։

Կապում եմ քեզ, սատանա՛յ, անուամբ Աստծոյ, ով արարեց երկինքն աստղերով, եւ տուեց իմաստնութիւն Սողոմոնին8, ով ստեղծեց քեզ լոյսից եւ խաւարում կործանեց։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Աստծոյ անունով, ումից սարսում են սերովբէները, եւ դողում են քերովբէները9։ Նրանից հրեշտակները զարհուրում են, եւ հրեշտակապետերը սարսում եւ ցնցւում են։

Կապում եմ քեզ անուամբ Աստծոյ, բոցեղէն սերովբէներով եւ գերազանցեալ լոյսով։ Կապում եմ քեզ անուամբ Աստծոյ եւ սուրբ ավետարանիչներ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի ու Յովհաննէսի, եւ10 Դաւթի տոհմով, որ հաստատուեց Սուրբ Հոգու կողմից։ Կապում եմ ձեզ, սատանա՛յ, Աստծոյ անուամբ, ով ճեղքեց Կարմիր ծովը, եւ երեւաց ցամաքը, ով ցոյց տուեց Մովսէսին տապանը, որում Յովսէփի մարմինն էր։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Աստծոյ անուամբ, որ անցաւ ծովի միջով եւ ընկղմեց փարաւօնին ծովի մեջ։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Աստծոյ անունով, Դաւթի քնարով, Մովսէսի տախտակով, Սողոմոնի մատանիով։

Կապում եմ քեզ, սատանա՛յ, աւետիսներով հրեշտակապետի, Սուրբ Հոգու գալստեամբ, Մարիամի որդեծնութեամբ, խաչափայտով Քրիստոսի, եռօրեայ թաղումով Քրիստոսի, մկրտութեամբ Աստուածորդու, ով մկրտուեց Յորդանանում Յովհաննէսի ձեռքով։

Երդուեցնում եմ քեզ, սատանա՛յ, եւ կապում անուամբ սուրբ առաքեալների՝ Պետրոսի եւ Պօղոսի եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի։ Երդուեցնում եմ քեզ, սատանա՛յ, համագոյակից ջրով, որի վրայ շրջում էր Սուրբ Հոգին, որ կար աշխարհի արարումից առաջ։ Երդուեցնում եմ քեզ, սատանա՛յ, լոյսով, որ փայլում է Քրիստոսի անմահ գլխի վրայ։ Սերովբէները եւ քերովբէները, հրեշտակները եւ հրեշտակապետերը, հրեղէնների եւ բոցեղէնների եւ հոգեղէնների դասերը նրա առջեւ սարսում են։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Աստծոյ Որդու անուամբ։ Քանզի Աստծոյ Որդին յաւերժօրէն փառաւորւում է իր սիրելիներից։ Նրա առջեւ ձգւում են բիւրաւորներ, որոնց տեսողութիւնն աւելի սուր է բարձունքներ կտրող իրենց թեւերից, եւ օրհներգում են շարունակ Ամենասուրբ Երրորդութիւնը։

Փորագրանկար, Սուրբ Կիպրիանոսը բժշկում է հիւանդին, էջ 2

Փորագրանկար, Սուրբ Կիպրիանոսը բժշկում է հիւանդին, էջ 2

Կապում եմ քեզ, սատանա՛յ, անուամբ Աստծոյ եւ փրկիչ Յիսուս Քրիստոսի։ Սեռակի. արփիակին. առ Փիլատորին11։ Ուրեմն, խօսի՛ր, թշնամի՛ աներեւոյթ, եւ տուր ինձ պատասխանն այն ամէնի, ինչ հարցնում եմ քեզ, խօսի՛ր հրամանով Աստծոյ Որդու, իսկ եթէ ոչ՝ կբերեմ քեզ վրայ բազում հրեշտակներ, որ իշխանութիւն ունեն քո դեւերի վրայ՝ Աբիուղին, Սեդրակին, Միսաքին, Եղկիոսին, Սինայէլին, որովհետեւ դուք՝ բոլոր դեւերդ, ասացիք, թէ որտեղ այս անունները յիշուեն, կփախչէք այն վայրից։ Ո՞վ ես դու, մեղաւո՛ր սատանայ, որ հակառակ ես մարդու որդիներին, ահ եւ երկիւղ ես տարածում մարդկանց սրտերում եւ զարհուրանք ես պատճառում նրանց։ Փախի՛ր եւ թաքնուի՛ր արտաքին խաւարում, որտեղ անպակաս է որոգայթը, որտեղ հանգիստ չունեն քո ոտքերը, այնպէս, ինչպէս կապեց քեզ Սողոմոնը դիւակապանքներով, եւ տարաւ դէպի տաճարը։

Կապում եմ քեզ, սատանա՛յ, Պետրոսի եւ Պօղոսի կապանքներով, պայծառակերպութեամբ Քրիստոսի, որ այլակերպուեց Թաբօր լեռան վրայ, եռակերպ լոյսով, որ երեւաց Քրիստոսի անմահ գլխի վրայ։

Արդ, նետելու է ձեզ Տէրը խորքն անդունդների, եւ կդողաս դու Մարիամի երկունքից։

Արդեօք երկնայի՞ն ես, թէ՞ երկրային, ծովի՞ց ես, թէ՞ ցամաքից կամ օդից, լոյսի՞ց, թէ՞ խաւարից ես, արդեօք արեւելքի՞ց ես, թէ՞ արեւմուտքից, հիւսիսի՞ց, թէ հարաւից, արդեօք դե՞ւ ես, թէ սատանայ, քա՞ջք, թէ վիշապ, գուցէ կենդանի քարայծ12 ես, գուցէ՝ ջրանցք, կամ էլ այդ դասից, միգուցէ դեւերի իշխանն ես, թէ՞ համրն ես, լեգէո՞ն ես, թէ՞ Բելիարն ես։

Դու մարդու աչքն ես խաղացնում, գլուխն ես ցաւեցնում, զկռտալ ես տալիս, քնկոտ ես դարձնում,  մռնչեցնում  ես,  յօրանջեցնում, մղում ես

շատակերութեան կամ հարբեցութեան, գունատ ես դարձնում, ուժն ես խլում, ատելութիւն ես սերմանում այր ու կնոջ միջեւ։

Կապում եմ քեզ, սատանա՛յ, կենսաշնորհ դրախտով եւ անմահական տնկիով։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, խօսքով Աստծոյ, ով ասաց. «Մարդ ստեղծենք՝ մեր պատկերով եւ նմանութեամբ»։ Կապում եմ քեզ, սատանա՛յ, Հօր իշխանութեամբ, Որդու հոգածութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ։ Արդ, թող ուղարկի Տէրը խաղաղութեան հրեշտակներին, որոնք իշխում են դեւերի վրայ, գալով՝ հրեղէն պարիսպ են քաշում եւ պահպանում են Աստծոյ ծառաներին, ինչպէս դրախտը՝ Ռաբիէլին13, Միքայէլին14, Գաբրիէլին15, որ պաշտպանում են Աստծոյ ծառաներին երեւելի եւ աներեւոյթ թշնամուց։

Երդուեցնում եմ քեզ, սատանա՛յ, եւ կապում անուններով սուրբ առաքեալների՝ Պետրոսի եւ Պօղոսի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի։

Դեւե՛ր՝ չարոգի եւ կախարդացած, հեռացէ՛ք Աստծոյ այս ծառայից, եւ մի՛ զարհուրեցրէք նրան ո՛չ քնած, ո՛չ արթուն ժամանակ։ Օգնի՛ր, Տէ՛ր, օգնական եղի՛ր սրան ամէն ժամ։

Մօտենալով Տիրոջը՝ Սուրբ Ստեփանոսը հարցնում է. «Ի՞նչ են անունները եօթ հրեշտակների, որ իշխանութիւն ունեն դեւերի վրայ»։ Տէրը պատասխանում է. «Արաւօթ, Սաբաւօթ, Սեդրակ, Միսաք, Եղկիոս, Սինայէլ, Ուրիէլ»։ Որտեղ այս անուները յիշուեն, դեւերն այնտեղից կփախչեն։ Վեց հարիւր այն դեւերը կհալածուեն։ Վիշապները կպատառոտուեն։ Չար ոգիները կթողնեն իրենց որջերը, յանուն Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու. ամէն։

Անսկիզբ Աստուածը՝ Հայրը Սուրբ, այն միածին Որդին, այն Սուրբ Հոգին ճշմարիտ, բազմութիւնը սերովբէների եւ քերովբէների, որոնց անուններն են՝ Միքայէլ, Գաբրիէլ, Ուրիէլ, Սաղաթէլ. նրանք են, որ Աստծոյ աթոռի շուրջն են, եւ հիւանդութիւնները բժշկելու զօրութիւն ունեն։

Առաջին գլխի՝ «Սուրբ Ուրբաթ», սկիզբը, էջ 3

Առաջին գլխի՝ «Սուրբ Ուրբաթ», սկիզբը, էջ 3

Եւ եթէ մի մարդ սատանայական ցաւերից տանջուելիս լինի եւ դիմի Ռափայէլ հրեշտակին, նրան ոչ մի վնաս չի հասնի։

Իսկ նա, ով իշխում է լեռների վրայ, Ռաքէլ անուամբ է յորջորջւում. սա անասունների դարմանիչն է, հովիւների ուրախութիւնը, երինջների բեղմնաւորումը, կաթի առատութիւնը, առողջութեան պահապանը։ Ովքեր կանչում են նրա անունը, նրանց շտեմարանները ընդարձակւում են ու բազմապատկւում առողջութեամբ, իսկ նրանց երինջները, հորթեր ծնելով, սնում են իրենց որդիներին։

Իսկ նա, ով ջրերի վրայ է իշխում, Մեղքոս անուամբ է կոչւում. երբ ջուր ես խմում, նրա անունը կանչի՛ր։ Նա օրհնեց ջրի աղբիւրները, նա օդի մեջ է եւ խօսքի հնչիւնն է անապատում։ Նա իջաւ երկնքից եւ օրհնեց Յորդանանը եւ մեր տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, որ աշխարհի լոյսն է եւ լուսաւորում է մարդկանց որդիների սերունդներին։

Իսկ ով հսկում է քունը, անունը Յովէլ է։ Սա է ճրագը, որ լուսաւորում է մարդու որդիների տոհմերը, եւ արթնացնում՝ փառաբանելու համար Աստծուն։ Եւ ով կրում է նրա անունը, փրկւում է խաւարից։

Իսկ նրա անունը, ով ծննդաբերութիւնն է հսկում, Սարաքինէլ է։ Ով  յիշում է նրա անունը, չի վտանգուի ծննդի ժամանակ։ Ովքեր կանչում են նրա անունը, մեղքի մէջ չեն ընկնում, այլ արժանանում են ապաշխարութեան։

Ով մանուկներին է հսկում, Աթանայէլ է նրա անունը։ Ովքեր նրա անունն են կանչում, ազատւում են մեղքերից։ Եւ մանուկ երեխաների օգնականն է։ Սա փրկեց մանուկներին Հերովդէսից։ Սա լուսավորեց երեխաներին՝ այդ տաճարը անձեռակերտ։

Իսկ ով ջերմութեան վրայ է իշխում, անունը Սուքայէլ է։ Եւ ով յիշում է նրա անունը, ջերմը նրան չի մօտենում։

Իսկ ով անտառների վրայ է իշխում, անունը Մազանայէլ է։ Սա է կարգաւորում անտառները, զօրացնում տները, պահում եւ մեծացնում է աղքատներին։

Իսկ հիմքերի վրայ իշխանութիւն ունեցող հրեշտակների անուններն են՝ Թովբան, Ազգբան, Սուքայէլ, որոնք ամրացնում են ամբողջ տիեզերքը, դարմանում են բոլոր հիւանդութիւնները եւ նրանց, ովքեր չարիքի մէջ են ընկնում։

Եւ ով իշխանութիւն ունի երկու լուսատուների վրայ, Կռետիոս է նրա անունը։ Սա է ղեկավարում արեգակն ու լուսինը։ Սա է, որ Աստծոյ դիմաց է, երբ ձայնում են սերովբէներն ու քերովբէները՝ դիմելով. «Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութիւնների, լի են երկինքն ու երկիրը քո փառքով»։

Նրանց, ովքեր ունեն Միքայէլ, Բարեքէս, Փութէլ, Թերուքէլ, Քառիբէն, Թովբէնի, Մինէլ, Բէլիսադագին, Կեպիմէլ, Մուսէլ, Խթէլ  անունները  եւ  դրանք

կրում են սրբութեամբ, գլխաւոր հրեշտակապետը՝ Անանիան, կօգնի նեղութեան մէջ, կհալածի դեւերին, կապաքինի ցաւագարների հոգիներն ու մարմինները։

Յիսուս Քրիստոսով՝ աստուածորդի մեր Տիրոջով, եւ սուրբ խաչի նշանով, Սուրբ Սիոնով եւ Երուսաղէմ մայրաքաղաքով թող [այս աղօթքը] զօրացնի եւ պատսպարի, թող պահպանի եւ առողջացնի Աստծոյ այս ծառային հոգով եւ մարմնով, եւ նա միշտ փառաւորի Հօրը եւ Որդուն։

 

Երդումը եւ բժշկութիւնը հոգու եւ մարմնի՝ յանուն մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, եւ Սուրբ քաղաք Երուսաղէմի

 

Երդուեցնում եմ բոլոր դեւերին եւ ջերմը նրա անուամբ, որից դողում են երկինքն ու երկիրը, հրեշտակներն ու հրեշտակապետերը եւ երկնքի բոլոր զօրութիւնները։ Եւ բոլոր այն չար ախտերը, որ պիղծ դեւերից եւ չար հնարանքներից են, հալածում եմ ցասմամբ։

Կապում եմ քեզ Աստծոյ խօսքի հրամանով, որ ելնես եւ փախչես այս մարդու միջից եւ նրա բնութիւնից։ Որովհետեւ ձեզ հնար չկայ մտնել Աստծոյ ստեղծածի մէջ, փախի՛ր եւ գնա՛ որտեղից եկել ես՝ կայծակից ես ծագում, թէ դաշտային կածաններից, նոր ու անծանօթ ես, թէ դիւային ու նեղում ես աստուածապաշտներին։

Կապում եմ բոլոր դեւերին ու ցաւերը եւ վտարում եմ այս մարդու միջից։ Ասա՝ ով ես դու։ Սաբաւօ՞թն ես դու, Միքայէ՞լը, Գաբրիէլը, Սաղաթէլը։ Չէ՞ որ դուք՝ բոլոր դեւերդ, ասացիք, թէ որտեղ այս անունները յիշուեն, կփախչէք այն վայրից եւ կգնաք դէպի ծով, եւ այլեւս երբէք չէք համարձակուի մտնել մարդու մէջ, եւ ցաւ ու հիւանդութիւն տարածել նրա մէջ։

Կապում եմ քեզ անունով նրա, ով գալիլիացիների Կանայում ջուրը գինու վերածեց։

Կապում եմ ձեզ անուամբ նրա, ով հրամայեց ձեզ մտնել խոզերի երամակի մէջ եւ Սիլովամում կաւով ծեփեց կոյրի աչքերն ու լուսաւորեց։ Եւ հինգ նկանակով ու երկու ձկներով կերակրեց բազմութիւնը։

Երդուեցնում եմ ձեզ նրա անուամբ, ով հրամայեց անդամալոյծին քայլել, եւ քայլեց. ով երեք հարիւր հրեշտակներով կործանեց Սոդոմն ու Գոմորը նրանց անօրէնութիւնների պատճառով։ Երդումն այս իջնի դեւիդ, պիղծ Պիղատոսիդ16, երիցս անամօթիդ վրայ17։

Դո՛ւ, օ՛ձ անիածեալ, ասա՛ ինձ, ինչի՞ վրայ ես իշխում, արդեօք քնա՞ծ, թէ՞ արթուն ժամանակ ես սողոսկում, արդեօք կաթնասէ՞ր ես, թէ՞ մեղրասէր, ջրասէ՞ր ես, թէ գինեսէր։

Երդուեցնում եմ քեզ Հօրով եւ Որդով եւ Սուրբ Հոգով։ Թող Աստուած ուղարկի ձեզ մօտ Գաբրիէլին, ով իշխանութիւն ու սուր ունի ձեռքին, եւ թող տայ բժշկութիւն այս մարդուն։

Երդուեցնում եմ ձեզ նրա անունով, ով տուեց Ադամին լուսավոր մագաղաթը։ Գրեց այս Կտակարանը եւ կնքեց եւ դրեց իր գանձարանում եւ ասաց. «Ցած իջնեմ երկիր, որտեղից ստեղծուեցի»։ Եւ ապա փչեց նրա մէջ շունչ կենդանի։ Դիմեց նա տիրոջը եւ ասաց. «Ես սատանան եմ եւ Ադամի զգեստն ունեմ, եւ ամբողջ աշխարհը, որ դու տուեցիր ինձ, այնտեղ հաստատեցի նրան»։

«Ուրբաթագիրք», էջ 9

«Ուրբաթագիրք», էջ 9

Երդուեցնում եմ քեզ Բանի18 նեղութեան չարչարանքներով, Սուրբ Դանիէլ մարգարէի վկայութեան փորձանքներով, Աստծոյ հրեշտակների անուններով՝ Գաբրիէլի, Միքայէլի, Ուրիէլի, Մելքիսեդեկի, Բարսիոքի, Կարիսի, Կաբէնի, Ազազայէլի, Ասանայէլի, Մաթիմոխորի։ Որովհետեւ սրանք են հսկում որոտման, գետերի, հեղեղների եւ կարկուտների վրայ։

Երդուեցնում եմ քեզ Սողոմոնի զօրութեամբ, որովհետեւ նա էր իշխում եւ թագաւորում դեւերի զօրքերին, որոնց նետում էր կաւէ, իսկ երեկոյան պղնձէ սափորի մէջ, գոտով եւ մատանիով կնքում էր։ Եւ չանսաց Բեղզեբուղանը նրա խօսքին, այլ փախաւ եւ ընկաւ ծովը։ Եւ Սողոմոնը յիսուն օր վշտաբեր19 դեւին տանջահար արեց, կապեց եւ տարաւ դատաւորի առջեւ։ Բացեց իր բերանը Բեղզեբուղանը եւ ասաց. «Իմ մեղքերին թողութիւն տուր, գնամ բերեմ այն, ինչ խլել եմ20 այն մարդուց։ Վաթսուն կանգուն երկարութիւն եւ երեսուն կանգուն լայնութիւն բերեմ ու վերականգնեմ նրան»։ Եւ գնաց, մտաւ, մի մեծ վէմ բերեց իր դատաւորի վրայ։ Բացեց իր բերանը Սողոմոնը, ասաց. «Կանգնի՛ր եւ պինդ բռնիր, մինչեւ գայ քո տէրը»։ Եւ նա կանգնել եւ մնում է՝ ըստ նրա հրամանի։

Ուրեմն՝ ո՞վ ես դու, անիծեա՛լ սատանայ, որ ստանում ես տարբեր կերպարանքներ, թէ՞ տարբեր կերպարանքներով ես գործում։ Արդեօք խոնաւութեան դեւ ես, որ դարանում է տանը հարմար եւ դուրս է փրփրում մի կողմից։ Թէ՞ նստում ես մաքու կզակում, կամ ձիու բաշի մէջ, կամ ծառերի վրայ, կամ՝ ջրային վայրերում, կամ վնասում ես մանուկներին իրենց մօր որովայնում։

Ասա՛ ինձ, որոնցի՞ց ես, Սադայէ՞լն ես, Բելիա՞րը, թէ՞ Բեղզեբուղանը։ Թէ՞ այն նաւից ես, թէ՞ նա ես, որ ծիծաղելու ժամանակ է ներս սողոսկում, թէ՞ նա ես, որ աղօթելու ժամանակ է ներս սպրդում, թէ նա ես, որ սուտ խօսել է տալիս եւ սնափառութիւն սերմանում մարդու սրտում։

Ինչ էլ լինես, կապում եմ քեզ Աստծոյ աջով եւ ձեր դէմ եմ հանում Ռափայէլին, Ուրիէլին, Միքայէլին, Սաղաթէլին, որ յաւերժօրէն տանջեն ձեզ։

Կապում եմ քեզ անուամբ Աստծոյ, չունես իրաւունք այստեղ լինելու։ Գնա՛ այնտեղ, որտեղ չեն ճանաչում Աստծոյ օրէնքները։ Արդեօք նա՞ ես, որ տարփածել է տալիս, թէ՞ նա, որ պոռնկութիւն անել է տալիս։ Գուցէ նա ես, որ սպանել է տալիս։ Թէ՞ նա, որ մարդուն յուսահատեցնում է։ Նա՞ ես, որ երազով է խաբում, մտնում է խելքի մէջ, կամ թաքնւում հիւսի մէջ, թէ՞ նա, որ գետերի մէջ է, կամ  նստում է եղբայրների միջեւ եւ գժտեցնում։ Գուցէ աղօթքի ստուե՞ր ես, որ մարդու աչք է որսում։ Թէ՞ Բեղզեբուղանն ես, կամ նրա զօրքից։

Շրջեցիք դուք՝ երկու հազարդ, երկրի երեսին, հանդիպեցիք Մելքիսեդեկին եւ Ահարօնին։ Իսկ նա [Յիսուսը] հանեց [դեւերին] իրենց կացարանից։ Նզովեց երեք խորհուրդներով, եւ նրանց երեսներին ջուր ցանեց։ Ընկան ծնկաչոք, գոչում եւ կանչում էին.

«Աշխարհի ահեղ եւ անպատում տէ՛ր, հրամայի՛ր, որ մեր բազուկներն արձակուեն»։ Այն ժամանակ հրամայեց եւ ասաց. «Գնացէ՛ք, մտէ՛ք խոզերամակը։ Ծովի յատակը ձեզ պիտի նետեմ»։ Եւ գնացին ընկան ծովը՝ ըստ Տիրոջ հրամանի։

Ուրեմն, ո՞վ ես դու, անիծեա՛լ սատանայ, որ հակառակ ես նրա խօսքին։ Երդուեցնում եմ նրա աջով, ով նստում է հրեղէն կառքում, իսկ նրա անունը հուր ու հրեղէն բոց է փայլատակում։

Անիծեա՛լ սատանայ, լրացրինք եօթանասուն ժամանակահատ (՞)։ Արդեօք Ելքինաւէնն ես, կամ նրա զօրքից, թէ՞ մանկանց չարք ես, որ ցնցում է երեխային իր մօր որովայնում, կամ բռնում մօր արգանդը եւ խանգարում նրա զաւակին։ Երդուեցնում եմ անունով նրա, ով նստում է քառակերպ աթոռին, եւ նրա ահից ծխում են լեռները։

Անիծեա՛լ սատանայ, արդեօք բանական կենդանի՞ ես, կամ տեսանելի արարած, որ տասը-տասը մատներով կամ քառասուն հոդերով վերածնուած՝ ոտքի ես ելել եւ վրայ հասած՝ ծծում ես սրա ոսկրածուծը, եւ սրա մատներից տանում ես ուժը։

Չափածոյ աղօթքի հատուած (էջ 42-43)

Չափածոյ աղօթքի հատուած (էջ 42-43)

Երդուեցնում եմ Տիրոջ աջով, որ նստում է քերովբէների մէջ եւ նայում երկրին, եւ նրա ահից լեռները դողում են ու ծխում, ժայռերը ճեղքւում են, վիշապները՝ պայթում։

Անիծեա՛լ սատանայ, արդեօք ջե՞րմ ես, թէ ջերմութեան տենդ, լեռնաբնա՞կ ես, թէ՞ ձորաբնակ, ճմլկոտո՞ղ ես, թէ յօրանջող, արդեօք ունե՞ս քթանցքեր կամ կողեր, կամ քթի խլինք, կամ յօդեր, կամ կուրծք, թէ՞ ընտանի դեւ ես եւ խելք ունես ու գլխի շարժուածք։ Թէ՞ հեղեղատի դեւ ես եւ ունես կէս գլուխ եւ մտնում ես ուղեղն ու շարժում։ Թէ՞ գիշերուայ դեւ ես, որ ճանճի կերպարանք է առնում, նստում բբերի22 վրայ եւ խաւարեցնում։

Երդուեցնում եմ նրա անուամբ, ով երկնքից է գալիս, որ աջից եւ ձախից հոգաբարձութիւն է վերցնում։

Երդուեցնում եմ կենդանի Աստծոյ անուամբ, ում ահից եւ փառքից սարսմամբ23 սարսում է աշխարհը։ Սպասելով հնչման ժամին՝ [նրանք] տարածւում են աշխարհով մէկ, ինքնածին Աստծոյ անուամբ սեպում-կապում են բոլոր դեւերին եւ ցաւերը։

Հրեշտակներով եւ հրեշտակապետերով եմ երդուեցնում քեզ, որոնք Աստծոյ աթոռի շուրջն են։ Սրանց անուններն են՝ Աթիաս, Գաբրոնէլ, Ափոնահետ, Պատրոքէլ, Միաք, Կորեա, Զարբանալ, Բիէլ, Ուզլեմ, Անբաւամագ, Բաղբաքէս, Էբեսագ, Բարեգէս։

Տասնհինգն էլ քո զօրագլուխ հրեշտակներն են, որ ձեռքներին հուր ունեն, գոհաբանում են եւ բոլոր դեւերին պիղծ եւ չար շղթայում։

Երդուեցնում եմ բոլոր չար դեւերին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ հրամայեց անդամալոյծին քայլել, եւ քայլեց, իսկ յետոյ մօտեցաւ նրան այն տեռատէս կինը, եւ դադարեց նրա արեան հոսքը։

Երդուեցնում եմ այս չար դեւերին տէր Յիսուսով, ով քանանացի կնոջ միջից հանեց դեւերին, ով լսել է տալիս խուլերին եւ համրերին՝ խօսել, ով առողջացրեց քահանայապետի ծառային։

Երդուեցնում եմ ձեզ Տէր Յիսուսով, ով սաստեց դեւերի զօրախմբերին, եւ փախան դեւերը։ Երդուեցնում եմ ձեզ Քրիստոսով, ով մտաւ Պետրոսի տուն եւ տեսաւ, որ նրա զոքանչն անկողին է ընկել։ Բռնեց նրա ձեռքը, եւ տենդը անցաւ։

Երդուեցնում եմ քեզ Դաւթի քնարով, Սողոմոնի մատանիով, Մովսէսի տապանակով, Ահարօնի գաւազանով։

Երդուեցնում եմ քեզ խաչով Քրիս-տոսի, ով լոյսն է աշխարհի եւ բարութիւն ներարկողը։

Երդուեցնում եմ քեզ Տէր Յիսուսով, ով քայլեց ջրերի վրայ եւ սաստեց ալիքներին, եւ հանդարտուեցին։

Երդուեցնում եմ քեզ հրեշտակներով եւ Գաբրիէլ, Միքայէլ, Ռափայէլ, Ուրիէլ հրեշտակապետերով, Աստծոյ որդու գալստեամբ։ Ելի՛ր ու փախի՛ր Աստծոյ այս ծառայից։

Երդուեցնում եմ քեզ Սուրբ Գրիգորով, ով բագինները կործանեց եւ հալածեց դեւերին։

Բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնի, Յովհաննէս Կարապետի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի եւ քո բոլոր սրբերի, եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ։

Եւ սաղմոսերգում է. «Մի՛ յանդիմանիր քո սրտմտութեամբ…»24։

Եւ ապա կարդում է Աւետարան ըստ Մատթէոսի [Ը, 5-17]։

Եւ երբ մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ մօտեցաւ։ Աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը, չարաչար տանջւում է։ Ասաց նրան Յիսուսը. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»։ Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես, բայց խօսքով ասա՛, եւ իմ ծառան կապաքինուի։ Քանի որ ես էլ իշխանութիւն ունեցող մարդ եմ։ Ինձ ենթարկուող զինուորներ ունեմ։ Սրան ասում եմ՝գնա՛, եւ գնում է, ուրիշին՝ ե՛կ, եւ գալիս է։ Եւ իմ ծառային՝ թէ՝ այս արա՛, եւ անում է»։

Չափածոյ աղօթքի հատուած (էջ 45)

Չափածոյ աղօթքի հատուած (էջ 45)

Երբ լսեց Յիսուսը, զարմացաւ եւ ասաց նրանց, որ իր հետեւից էին գնում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլում այսչափ հաւատ չգտայ երբեւէ։ Բայց ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կգան եւ կբազմեն Աբրահամի, Սահակի եւ Յակոբի կողքին՝ երկնքի արքայութիւնում։

Իսկ արքայութեան որդիները կարտաքսուեն դէպի խաւարը, այնտեղ լաց եւ ատամների կրճտոց կլինի»։ Եւ ասում է Յիսուսը հարիւրապետին. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այդպէս թող լինի քեզ»։ Եւ առողջացաւ այնժամ նրա ծառան։

Եւ մտաւ Յիսուսը Պետրոսի տուն, եւ տեսաւ, թէ ինչպես նրա զոքանչը պառկած ջերմում էր։ Բռնեց նրա ձեռքը, եւ ջերմը անցաւ։ Ոտքի ելաւ եւ ծառայում էր նրանց։ Իսկ երբ երեկոյացաւ, նրա մօտ բերեցին բազում դիւահարների, եւ խօսքով հանեց քաջքերին, եւ բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի խօսքը, որ ասուեց Եսայի մարգարէի կողմից. «Նա մեր հիւանդութիւնները վերացրեց, եւ վերցրեց մեր ցաւերը»։

Եւ ասում է այս աղօթքը25.

 

Տէ՛ր Աստուած ամենակալ,

հզօր եւ փառաւորուած,

մեծութիւն՝ անհաս, նաեւ անքնին,

Զի չեն ընդգրկում

էութիւնները արարածների,

եւ հոգիները հրեղենների

չեն ընդնշմարում Աստուածութիւնդ,

որ դիտելի է առանց աչքերի։

Անպարագիծ են քո սէրը անծիր,

ողորմութիւնդ եւ գութդ անբաւ։

Քանզի Տէրն ես դու ամենայն ինչի,

դու բարձրագոյնն ես բոլոր մեծերի,

իսկ փոքրերի մէջ՝ խոնարհն առաւել։

Խնամարկում ես ողորմութեամբ քո,

որ բաժանւում է բոլորին,

նաեւ՝ անարժաններին։

Եւ ինչ որ մարդկանց մտքում է ծագում,

կամ գոյացել է քո հրամանով,

դուրս չի մնում քո հոգածութիւնից։

Քանզի երկինքն ու երկիրը միայն

ընթանում են քո խիստ կարգադրութեամբ,

եւ նրանց բոլոր արարածները

քո հայացքով են հովանաւորւում

եւ ապրում իրենց կացարաններում։

Դրա համար էլ ես՝ անարժանս,

դեռ փայփայում եմ յոյսը փրկութեան,

եւ չի վհատւում սիրտն իմ՝ շնորհիւ

քո ամենագութ բարեհաճութեան։

Քանզի աշխարհիկ հարստութեան տեղ,

եւ արեգակի ներքոյ գտնուող

ամէնի դիմաց

ես քեզ սիրեցի,

նախընտրեցի քեզ,

դէպ քեզ հաճեցայ անձկալի իղձով,

տենչացի հասնել քո երախտիքին,

քանի որ հենց դու եղար ուղեցոյց

առաջնորդ՝ կյանքի այս ճանապարհին,

հոգուս խաւարած աչքը բացեցիր՝

շողերիդ անխոյզ վիհն ըմբռնելու,

եւ յայտածեցիր աստուածութիւնը

քո վարագուրուած

դժոխքի խորքերն ընկղմուածներին,

որ չար վիշապի ժանիքների մէջ

շղթայուած էին կռապաշտութեամբ։

Արդ, որովհետեւ անվախճան կեանքին

վերադարձրեցիր անանց դժոխքի

կորստեան վիհը գահավիժածիս,

եւ ինձ փրկեցիր

նահատակութեան զօրահանդէսում,

մի՛ զատուիր ինձնից,

թոյլ մի՛ տուր գայլին այն ապականող՝

զազրահոտ այսին,

հոգուս անդաստան մուտք գործել, քանզի

նա իմ մարմինն է կամենում որսալ։

Թող որ ինձանից պատնէշուեն չարի

նետերը հրէ։

Իսկ տկարակամ բնութեանը իմ

տո՛ւր կարողութիւն

փշրելու չարի զինապահոցը,

քանզի նրա զօրությունը

տկարությամբ է աւարտւում։

Հա՛յր, թէպէտ ես արժանի չեմ

անմեկնելի քո զօրութեան

չարչարանքները կիսելու,

բայց դու Տէր ես ստրկահաճ

եւ մարդասէր։

Եւ քո սէրը դէպի աշխարհն

այնքան մեծ էր, զօրահզօր,

որ անեզր եւ անսահման

աստուածութիւնդ իջեցրիր մահուան լծով։

Ուրեմն դո՛ւ, բարերար եւ մարդասէր Տէ՜ր,

ընդունի՛ր մեր պաղատանքներն

ու շնորհի՛ր

ողջակիզում մարմնիս բոլոր անդամների՝

փոխարէն այն անճառ սիրոյ,

որ յանուն մեզ դու հեղեցիր։

Քանզի ձեռքդ, որ ստեղծեց երկինքը այս

եւ ծաւալեց հաստատութիւնը երկնքի,

ինքն ընդունեց հարուածները բեւեռների,

իսկ խոցումը այն գեղարդի

քո կենարար կողն ստացաւ։

Ուստի որքա՜ն աւելի մե՛ր՝

մեղսապաշար էակներիս

թեւ ու կողերն են արժանի  հրասուզման,

ու բովանդակ անդամներն իմ՝

չարչարուելու՝

աստուածային արեանդ համար։

Արդ, բարի՛ եւ մարդասէր Տէ՜ր,

ինձ սատարի՛ր, որ անվրդով

տանեմ բոլոր փորձութիւններն

սպասուելիք, որ մօտ են ինձ,

եւ սա հասցրո՛ւ անարատութեամբ,

որ գտնեմ բարու իրագործումը։

Եւ քեզ վայել են փառք, իշխանութիւն

եւ պատիւ։

 

Թարգմանութիւնը գրաբարից՝ Լուսինէ Աւետիսեանի

Շարունակելի

 

1 Աբգար Թօխաթեցի, Աբգար դպիր, Աբգար Եւդոկացի, հայ տպագրիչ (ծն. անյայտ-մահ. մօտ 1572 թ.)՝ Թօխաթ քաղաքից։ Իր որդի Սուլթանշահի հետ 1565 թ-ին Հռոմում տպագրում է «Սաղմոս»-ը։ 1567-ից գրքեր են տպագրում Կ. Պօլսում։

2 Սուլթանշահ Աբգարյան Թօխաթեցի (մօտ 1550 թ.–մահ. թ. անյայտ)։ Հայ տպագրիչ, Աբգար Թօխաթեցու որդին։ Նրա պատուիրած տառերը՝ «Սուլթանշահգրանժոնեան», ամենատարածուած տպատառերի նախանմուշներն են։

3 «Հարց», Առաւօտեան ժամերգութեան սկիզբը՝ «Օրհնեալ ես, Տէր, Աստուած հարցն մերոց…»։ Տե՜ս «Երգ երից մանկանց», Դանիէլ Գ, 26։

4 Հարցի վերջին մասը, որ սկսւում է «Օրհնեցէ՛ք ամենայն գործք Տեառն…»։ Տե՜ս Դանիէլ Գ, 57։

5 Բնագրում՝ տասուերկու, թէեւ գրաբարեան ձեւն է՝ երկոտասան։ Միջնադարեան բնագրերում յաճախ են հանդիպում շեղումներ կանոնաւոր ձեւերից, իսկ տասուերկու ձեւը բնորոշ է խօսակցական լեզուին։

6 Չորս եւ վեց հրակերպներ՝ սերովբէները եւ քերովբէները։

7 Սերովբէներ–եբր.՝ «հրեղէններ»։ Յուդայական եւ քրիստոնէական կրօններում հրեշտակներ, որոնք յատկապէս մօտ են Աստծոյ գահին եւ փառաբանում են նրան։ Նրանք Եսայի մարգարէի գրքում նկարագրւում են որպէս վեցթեւանի էակներ (Ես. 6, 2-3)։ Սերովբէները քերովբէների հետ գտնւում են 6-րդ երկնքում՝ Գաբրիէլ հրեշտակապետի հսկողութեան ներքոյ։

8 Սողոմոն–եբր. Շոլոմո («Խաղաղասէր»), Իմաստուն (մ. թ. ա. մօտ 975-928 թթ.), Հրէաստանի թագաւոր մօտ մ. թ. ա. 950-ից։ Դաւիթ թագաւորի որդին, գահակիցը (մ. թ. ա. 967-ից) եւ յաջորդը։ Երուսաղէմում կառուցել է Եհովայի հռչակաւոր տաճարը, որ յայտնի է նաեւ Սողոմոնի տաճար անունով։ Նրան են վերագրւում «Ժողովողի», «Առակք Սողոմոնի», «Երգ երգոց» կանոնական եւ «Իմաստութիւն Սողոմոնի», «Սաղմոսք Սողոմոնի» պարականոն գրքերը։

9 Քերովբէներ–հրեական եւ քրիստոնէական կրօններում հրեշտականման պահապան էակներ։ Դրախտից Ադամի եւ Եւայի վտարումից յետոյ նրանք նշանակուել են պահպանելու Կենաց ծառի ճանապարհը (Ծնն. Գ, 24)։ Եզեկիէլ մարգարէի տեսիլներից մէկում նկարագրւում են երկդիմի քերովբէներ, որոնք մի կողմից մարդու, միւս կողմից՝ առիւծի դէմք ունեն (Եզ. ԽԱ, 18-19)։ Սերովբէների նման փառաբանում են Աստծուն նրա գահի առջեւ։

10 Բնագրում՝ «.է. պարունակաւն Դաւթի», էջ 22։

11 Չթարգմանուող խօսքեր են, էջ 25։

12 Բնագրում՝ կենդանայ քարանց, էջ 27։

13 Ռաբիէլ–Ռափայէլ, եբր.՝ «Աստուա՛ծ, ապաքինի՛ր»։ Յետաստուածաշնչեան միֆոլոգիայում եօթ մեծ հրեշտակներից մէկը (երկրորդը՝ Միքայէլից յետոյ), ովքեր սրբերի աղօթքներն են վերառաքում։ Նա ապաքինող հրեշտակ է եւ միւս հրեշտակապետերի հետ հաւասարապէս կատարում է լուսաւորչի դեր. նա սովորեցրեց Նոյին ճանաչել բուժիչ խոտաբոյսերը, Ադամին յանձնեց գաղտնի գիտելիքների գրքերը։

14 Միքայէլ–հրեշտակապետ, Հին կտակարանում փրկում է Աբրահամին, նաեւ՝ երեք մանկանց հրոյ հնոցից, դուրս բերում Ղովտին Սոդոմից, Իսահակին փրկում մահից՝ նրա փոխարեն գառնուկ դնելով։ Նա իսրայէլցիների ուղեցոյցն էր անապատում Եգիպտոսից դուրս գալիս։ Գաբրիէլի հետ կանգնած է Աստծոյ գահի առջեւ եւ հանդէս է գալիս նաեւ որպէս Աստծոյ հրեշտակ-դպիր (գրող, գրագիր, ինչպիսին հայոց Տիր աստուածն էր, ում ժողովուրդն իր յիշողութեան մէջ պահպանել է հենց Գրող անուամբ՝ «Գրողը տանի» կամ «Գրողի ծոցն ուղարկել» արտայայտութիւնների մէջ), ինչպէս նաեւ՝ պահապան հրեշտակ գաղտնի գրութիւնների եւ այն մոգական խօսքերի, որոնցով արարուել են երկինքն ու երկիրը։ Նա նաեւ ուսուցիչ հրեշտակապետ է. Ադամին սովորեցրել է հողագործութիւն, Աբրահամին՝ աստուածիմացութիւն, Սինա լեռան վրայ Մովսէսին յանձնել է օրէնքի տապանակը։ Փաստօրէն, նա միջնորդ է Աստծոյ եւ մարդկանց միջեւ։ Նաեւ ուղեկցում է հոգիներին դէպի երկնային Երուսաղէմի դարպասները։

15 Գաբրիէլ–եբր.՝ «Աստծոյ ուժ», «Աստծոյ մարդ»։ Յուդայական, քրիստոնէական եւ մահմեդական կրօններում հրեշտակապետերից մէկը։ Եթէ ցանկացած հրեշտակ լրաբեր է, ապա Գաբրիէլի նշանակութիւնը մարգարէական տեսիլների իմաստի բացայայտումն է, յատկապէս այն տեսիլների, որոնք առնչւում են մեսիայի գալստեան հետ։ Նա հանդէս է գալիս Դանիէլի տեսիլներում։ Նոր կտակարանում, յայտնուելով Մարիամին, կանխաբանում է Աստծոյ որդու ծնունդը եւ պատուիրում կոչել նրան Յիսուս։ Որոշ յուդայական տեքստերում Գաբրիէլին է վերագրւում նաեւ իշխանութիւն՝ հրի կամ ջրի տարերքների, ինչպէս նաեւ պտղի հասունացման վրայ։

16 Բնագրում՝ պիզատոսիդ, էջ 41։

17 Բնագրում՝ վերնա։ Վրիպակ է. երդումն բառի վերջնատառը շարուածքում զետեղուել է վերայ բառի մէջ։ Տե՛ս պատճենը, էջ 40։

18 Բան=Քրիստոս։

19 «Վշտիկ բառը, որ, ինչպէս տեքստից է երեւում, ածական է՝ դրուած հայցական հոլովով, Հայկազեան բառարանում չկայ։ Ենթադրւում է, որ գործածուել է վշտաբեր իմաստով, էջ 43։

20 Բնագրում՝ խլել։ Գրաբարում վաղակատար ժամանակաձեւերը կանոնաւոր կերպով կազմւում են անցեալ դերբայով, էջ 44։

21 Բնագրում՝ զաչքն։ Յոգնակի հայցականը կազմելիս ք յոգնակերտը վերածւում է ս-ի, էջ 46։

22 Բնագրում՝ բըդանցն, երեւի վրիպակ է, էջ 50։

23 Բնագրում՝ մարսմարմ։ Հայկազյան բառարանում մարսմարմ բառ չկայ, ամենայն հաւանականութեամբ, վրիպակ է, էջ 51։

24 Տե՛ս Սաղմոս Զ կամ  ԼԷ։

25 Յիշեցնում է Թէոդորոս Կեսարացու աղօթքը։ Տե՛ս «Վարք Սրբոց», հ. Բ, Ս. Էջմիածին, 2009 թ., էջ 221։

 

Լուսինէ Աւետիսեան (բ. գ. թ.)

Շարունակություն

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top