online

Ուրբաթագիրք

Портал «Наша среда» начинает публикацию перевода на ашхарабар первой армянской печатной книги «Урбатагирк», изданной в Венеции в 1512 году Акопом Мегапартом. Перевод выполнен сотрудником Института литературы НАН РА, кандидатом филологических наук Лусине Аветисян, которая любезно предоставила нам для публикации все материалы.

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

Գրքի շապիկը՝ «Յակոբ Մեղապարտ» հեղինակային քանդակով

ԱՌԱՋԱԲԱՆ

(աշխարհաբար թարգմանչի եւ գիտական հրատարակութեան հեղինակի)

 

Քաղաքակրթութեան մեծագոյն նուաճումներից է տպագրութիւնը, որի գիւտից յետոյ մարդկութեան պատմութիւնն ասես երկու մասի բաժանուեց՝ նախքան տպագրութիւնը եւ նրանից յետոյ։ Մեծագոյն այդ նուաճումն իր բոլոր զարգացումներով դեռ հաստատուն քայլում է տեղեկատուական տեքնոլոգիաներին զուգընթաց։

Տպագրութեան գիւտը, փաստօրէն, կրկնուել է՝ առաջինի անյայտացման պատճառով։ Այսօր չի էլ յիշատակւում առաջին գիւտի մասին, եւ աշխարհին տպագրութիւն պարգեւողը համարւում է Եւրոպան։

Մինչդեռ մեզ հասած հնագոյն տպագիր գիրքը բուդդայական քարոզների մի ժողովածու է՝ 1900 թ.-ին «Հազար բուդդաների քարանձաւում» յայտնաբերուած «Ալմաստէ գիրքը», որ փայտփորագիր տախտակների դրոշմուածքով տպագրուել է 868 թ.-ին բազմաթիւ գիւտերի հայրենիք Չինաստանում։ Իսկ իւրաքանչիւր նշանի համար առանձին տառամարմիններով շարժական տառաշարն ստեղծել է Բի Շենը, դարձեալ Չինաստանում, 1044-48 թթ.-ին։

Եւրոպան 14-րդ դարում որոշում է բացայայտել չինական «գաղտնիքը», եւ արշաւախմբեր են մասնակցում այդ գործին, որոնց մէջ Մարկո Պօլոյի, Հայր Օդերիկի եւ այլոց հետ իր որոնումներով յայտնի է վենետիկցի հայ նաւապետ Անտոն Հայկազունը։

Էջ գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստից

Էջ գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստից

Քաղաքակրթութեան ճանապարհով առաջադէմ մարդկութեան հետ համընթաց քայլելու համար կա՛մ նոր բան պիտի հնարես, կա՛մ աչալուրջ լինես՝ հետեւելու համար աշխարհում տեղի ունեցող մեծ ու փոքր տեղաշարժներին եւ արագ իւրացնես ցանկացած նորոյթ։ Եւ ահա, գիւտարարի անունն աշխարհում փառաւորող տպագրութեան գիւտից մօտ կէս դար անց Վենետիկում լոյս աշխարհ եկաւ հայերէն առաջին տպագիր գիրքը, որ յաւէրժօրէն փառաբանելու է իրեն կեանք շնորհողի խնկելի անունը՝ բոլոր էջերի յայտածումներում սրբազան դրոշմի պէս հպարտօրէն կրելով Մեսրոպ Մաշտոցի «ձեռագիրը»՝ որպէս յարատեւութեան երաշխիք։

Տպագիր առաջին գրքի ծնունդը վիճակուած էր ողջունել առանց պետականութեան, աւելին՝ գիրք տպագրել այդ պայմաններում, նշանակում էր՝ սխրանք գործել… առանց կասկածելու եւ հաստատ այն համոզուածութեամբ, որ անարեւ ներկայում միայն գի՜րքը կարող է անբացատրելի զօրութեամբ՝ արճիճէ նշանների մոգական զուգորդութիւններով հարիւրամեակներ շարունակ փոխարինել կորուսեալ պետականութիւնը…

Արեւմտեան աշխարհում առաջին տպագիր գիրքը Գուտենբերգի հրատարակած Աստուածաշունչն էր, տպագրական առաջին նշանները՝ լատինական տառերը։ Յակոբ Մեղապարտն ընտրեց նոյնպէս կրօնական, սակայն հասարակ ժողովրդի կենցաղում կիրառելի մի ժողովածու, եւ տպագրութիւնն իրականացաւ աշխարհի ամենակենսունակ գրերից մէկով, որը միաժամանակ ազգային է։ Յակոբ Մեղապարտի շնորհիւ հայերէնը արեւելեան եւ արեւմտեան շատ լեզուներից աւելի վաղ դարձաւ տպագրութեան լեզու։ Պետականութիւն ունեցող շատ ազգեր իրենց լեզուով տպագրութիւն հիմնելու փորձեր արեցին աւելի ուշ։ Ռուսերէն առաջին տպագիր գիրքը՝ «Апостол»-ը, լոյս տեսաւ «Ուրբաթագրքի» տպագրութիւնից 52 տարի անց միայն։ Հարուստ մշակոյթ ունեցող մէկ այլ պետութիւն՝ Պարսկաստանը, առաջին պարսկալեզու գիրքը տպագրեց 1546 թ.-ին։ Արաբերէն առաջին գիրքը լոյս տեսաւ 1514 թ.-ին։ Նախկին ԽՍՀՄ-ի հանրապետութիւնների գրատպութեան պատմութեան մէջ վերստին «Ուրբաթագիրք»-ն է առաջինը։

Յակոբ Մեղապարտի ծննդեան ու մահուան թուականներն անյայտ են։ Յայտնի չէ նաեւ՝ հոգեւորական է եղել, թէ վաճառական։ Կարծիքներ կան, թէ պատշաճ կրթութիւն ստացած դպիր է եղել, եւ որ հենց ինքն է հետագայում սրբագրել իր հրատարակած գրքերը։ Գ. Լեւոնեանը «Հայ գիրքը եւ տպագրութեան արուեստը» գրքում գրում է, թէ Յակոբը եղել է վաճառական։ Անշո՛ւշտ, վաճառականների աւանդը մեծ է եղել գրատպութեան գործում։ Հնատիպ գրքերի յիշատակարաններում, որոնք իւրայատուկ պատմագրական արժէք են ներկայացնում, յաճախ նշուած է, թէ ում միջոցներով է լոյս տեսել գիրքը։ Սակայն Յակոբ Մեղապարտի հրատարակած գրքերից միայն «Պատարագատետր»-ն ունի մի համեստ յիշատակարան, որտեղ նշուած է հրատարակութեան թուականը, վայրն ու տպագրիչի անունը. «Գրեցաւ սուրբ տառս ի ՋԿԲ (1513), ի աստուածապահ քաղաք ի Վէնէժ ֆռանկստեան. ձեռամբ մեղապարտ Յակոբին. ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»։ «Մեղապարտ» մականունը, որ յաճախ է գործածուել գրչագիր մատեանների ու հնատիպ գրքերի յիշատակարաններում, Յակոբի պարագայում յատուկ անուան արժէք է ստացել։

Սուրբ Խաչ եւ Սուրբ Նշան վանքերի տեղաբաշխման քարտէզ

Սուրբ Խաչ եւ Սուրբ Նշան վանքերի տեղաբաշխման քարտէզ

Նրա տպագրած գրքերի վերջում կայ տպարանանիշ, որ որպէս խորհրդանշան զետեղուած է նաեւ այս գրքի շապիկին։ Շրջանակի չորս մասերից իւրաքանչիւրում լատինական մէկ տառ կայ, որոնց վերծանութեան բազմաթիւ փորձերից առաւել հաւանականը Կ. Բասմաջեանինն է. Dei servus (Աստծոյ ծառայ), Iakobus (Յակոբ), Zanni (Ծաննի՝ Յովհաննէս(եան)), Armenius (Հայ

«Ուրբաթագիրք»-ը բաղկացած է 124 էջերից, որոնցից համարակալուած են միայն մամուլների առաջին 4 կենտ էջերը՝ այբբենական կարգով, եւ նրանց վերջին էջերը՝ մամուլների հերթական համարներով։ Համարակալուած էջերի առաջին տառակապակցութիւնները զետեղուած են գրքի վերջում (էջ 138-139) եւ իւրօրինակ բովանդակութիւն-ցանկ են յիշեցնում, որ հաւանաբար ստեղծուել է գրքի կազմումը հեշտացնելու նպատակով։ «Ուրբաթագրքի» էջերից իւրաքանչիւրը կրում է տպագրիչի պատուիրած 24 զարդախորագրերից մէկը։ Գրքում հանդիպում են չափերով բաւականին մեծ գեղագրուած ու զարդարուն 15 սկզբնատառեր, որոնք 10 տառամարմինների դրոշմուածքներ են։ Տպագրութիւնը երկգոյն է՝ կարմիր եւ սեւ։ Գրքում տեղ են գտել նիւթին առնչուող 4 վիմագրութիւններ։

Յակոբի տպագրական արուեստի աւանդներն օգտագործեցին հետագայ հայ տպագրիչներ Աբգար Թօխաթեցին1, Սուլթանշահը2 եւ ուրիշներ։ Եւ՝ ոչ միայն հայեր։ Ռուս ականաւոր պատմագէտ Ալեքսեյ Սիդորովը կարծում է, որ Յակոբ Մեղապարտի տպագրական արուեստից, զարդաձեւերից օգտուել են ռուս առաջին տպագրիչ Իւան Ֆէոդորովը եւ եւրոպացի տպագրիչներ։ Ընդհանրապէս, արաբեսկ ոճի զարդերի օգտագործումը ռուսական վաղ շրջանի գրքերի մէջ գիտնականը կապում է Յակոբ Մեղապարտի տպագութեան հետ։

Երկար ժամանակ կարծում էին, թէ «Ուրբաթագիրք»-ը ձեռագիր գիրք է։ Պատճառն այն էր, որ Յակոբ Մեղապարտի պատուիրած շարժական տառերը, ինչպէս եւ կարելի էր ենթադրել (քանի որ «Ուրբաթագիրք»-ը տպագիր գրքի նախադէպն է, եւ տպատառերը մշակուել են ժամանակի ընթացքում), ձուլուել են ձեռագրերի նմանութեամբ՝ ակամայ թաքցնելով, որ իրենք են տպագրական նշանների նախանմուշները։

Մինչեւ 1970-ական թուականները հայերէն առաջին տպագիր գիրքը թիւրիմացաբար համարւում էր «Պարզայտումարը». 1912 թուականին, երբ պետականութիւն չունեցող ժողովուրդը տօնում էր իր համար այնքան կարեւոր երեւոյթի տարեդարձը, հայ առաջին տպագրիչի երախայրիքը համեստօրէն իր տեղը զիջել էր «Պարզայտումար»-ին։ Ժամանակագրութիւնը ճշգրտել օգնեցին Յակոբի գրքերի էջերը պսակող ժապաւէնաձեւ ճակատազարդերը, որոնց մաշուածութեան աստիճանով էլ Ռ. Իշխանեանը որոշեց գրքերի տպագրութեան յաջորդականութիւնը՝ «Ուրբաթագիրք» (1512), Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներ ամփոփող «Պատարագատետր» (1513), աստղագուշակութեան, աստղաբաշխութեան, գործնական բժշկութեան նուիրուած տեքստերի ժողովածու «Աղթարք» (1513/14), օդերեւութաբանական կանխատեսումներ, տօնացոյց, արտաքին նշաններով բնաւորութեան գուշակութիւններ, լուսնային բարենպաստ օրերի ամրագրում պարունակող «Պարզայտումար» (1513/14) եւ Գրիգոր Նարեկացու, Ներսէս Շնորհալու, Յովհաննէս Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի եւ այլ տաղերգուների երկերի ժողովածու «Տաղարան» (1513/14)։ Որոշ բանասէրներ Յակոբ Մեղապարտին են վերագրում նաեւ մի «Սաղմոսարան»-ի տպագրութիւնը, որ մեզ չի հասել։

Նմուշներ օգտագործուած մանրանկարներից

Նմուշներ օգտագործուած մանրանկարներից

Հայերէն առաջին տպագիր գրքի համար հիմք են ծառայել ձեռագիր ուրբաթագրքերը, որոնք ժողովածուներ էին՝ կազմուած տարբեր տեքստերից՝ հիմնականում հմայական աղօթքներ, հատուածներ Աւետարանից, ինչ-որ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ից, կիսաառասպելական զրոյցներ, ինչպիսին է Ս. Կիպրիանոսի պատմութիւնը իր գործած չարիքների, ապա՝ հրաշքների մասին, Ուստիանէ կոյսի պատմութիւնը, սրբերին ու «Սուրբ Խաչ»-երին ուղղուած աղերսներ, սաղմոսներ, չար աչքից ու խայթոցներից պաշտպանող պահպանագրեր եւ այլն։ Ի դէպ, Մատենադարանում պահուող հնագոյն ձեռագիր «Ուրբաթագիրք»-ը 1476-ով թուագրուող թիւ 3248 ձեռագիրն է։

Լինելով առաջինը՝ «Ուրբաթագիրք»-ը չպիտի զերծ լինէր արհեստագիտական (տեքնիկական) թերութիւններից։ Շատ էջերում կարելի է հանդիպել գլխիվայր շրջուած տառերի։ Գրաշարելիս որոշ տառեր սայթաքել են իրենց տիրոյթից՝ ընկնելով հարեւան կամ յաջորդ տողում գտնուող որեւէ բառի մէջ՝ դժուարացնելով տեքստի վերծանումը, մանաւանդ որ բառերը, ինչպէս ձեռագիր մատեաններում, շաղաշարուած են, եւ անհրաժեշտ է նախ տարանջատել դրանք միմեանցից։

Ինչ վերաբերում է լեզուին, ապա այն մաքուր գրաբարը չէ եւ ժողովրդախօսակցական տարրերով խառն է։ Որոշ բառեր ու արտայայտութիւններ ընկալւում են որպէս մոգական խօսքեր, որոնք հնարաւոր չէ թարգմանել. դրանք պէտք է միայն արտաբերել, ինչպէս, օրինակ՝ գազայ, պինայ եւ մանեայ (էջ 136)։

Հայ ժողովուրդը ակնածանքով ու երկիւղածութեամբ է վերաբերուել գրքին, անգամ գրել-կարդալ չիմացողները գիտէին գրքի յարգը։ Պատուհասից ու չարից պաշտպանող այդ հրաշագործ մասունքը իւրօրինակ պաշտամունքի առարկայ էր, որը սրբութեամբ պահում էին նրբօրէն ասեղնագործուած կերպասէ ծրարում, տան ամենաապահով վայրում։ Հաւատում էին խօսքի զօրութեանը՝ յատկապէս գրաւոր խօսքի։ Իրենց ցանկութիւնն ի կատար ածելու համար այն ամրագրելու խնդրանքով դիմում էին «գիր անող»-ներին, որոնք ասես կերպաւորումն էին հնագոյն Տիր աստծոյ՝ Գրողի, որին պաշտում եւ որից վախենում էին, որովհետեւ նրանից էր կախուած անգամ աստուածների ճակատագիրը։

Ժողովրդի պատկերացումներում Ուրբաթագիրքը Նարեկի պէս բուժիչ զօրութիւն է ունեցել։ Այն պաշտպանել է չար ուժերից. նրանում «կապքի աղօթք»-ներ կան, որոնք հմայական բանաձեւեր ու երդմնեցումներ են։ Մարդկութիւնը խօսքի ուժը յայտնաբերել է անյիշելի ժամանակներում, եւ կեանքում յաջողել են նրանք, ովքեր ճանաչել են այն եւ ճիշտ կիրառել։ Համոզմունքը, որ որոշ խօսքեր ու բանաձեւեր կրկնելով կարելի է անցանկալի երեւոյթները խափանել կամ դէպի ինքը տրամադրել բարի ոգիներին, ձեւաւորել ու մշակել է դիւթութեան ու թովելու արուեստը, որ հետագայում դարձել է քրմերի մէնաշնորհը։ Մարդկութեան նախահայրերը դէմյանդիմանօրէն (ինտուիտիւ) կռահել են ներազդելու այն եղանակները, որ այսօր գործածւում են կիրառական հոգեբանութեան մէջ, երբ հիպնոսի են ենթարկում մարդուն եւ նրա ենթագիտակցութեան մէջ արգելափակում խանգարիչ միտքը կամ նոյն ենթագիտակցութեան մէջ փականքից ազատում փրկարար ուժերը։ Ուրբաթագրքում քրիստոնէական հանդերձաւորումով ներկայացող աղօթքները մատնում են իրենց ծագման իրական պատմութիւնը։

Տիեզերածնական առասպելներից ժառանգուած սիմվոլներ են սփռուած շատ էջերում, ինչպէս չար աչքը խափանող գրում, որտեղ Յորդանան գետով հոսող-եկող խաչը ներկայանում է որպէս պատուական մի ծառ՝ շրջապատուած սերովբէներով ու քերովբէներով եւ ճշմարիտ մարմնաւորումն է Տիեզերական ծառի։

«Ուրբաթագրքի» տիտղոսաթերթը զարդարում է եռատող մի նախադասութիւն՝ «Անուն գրոցս է սուրբ ուրբաթագիրք»։ Գիրքն այդպէս է կոչուել ոչ «ուրբաթ» բառով սկսուելու պատճառով։ Նրա առաքելութիւնն է եղել խօսքով բժշկելը եւ չար ուժերից պաշտպանելը, յանձնարարուել է կարդալ ուրբաթ օրը։ Մարդիկ հաւատացել են շաբաթուայ օրերի խորհրդին։ Հայ Առաքելական Եկեղեցու տօնական համակարգում շաբաթուայ իւրաքանչիւր օր իր նշանակութիւնն ունի։ Առանձնայատուկ է ուրբաթը, որ մարդու արարման, բայց նաեւ Մարդու Որդու խաչելութեան օրն է, այդ պատճառով երկակի բնոյթ ունի։ Ուրբաթի խորհուրդը ժառանգուել է նախաքրիստոնէական հաւատալիքներից, որոնցից էր Արտաւազդի շղթաներն ամրացնելու նպատակով «կապքի աղօթքի» նմանուող բանաձեւի ուղեկցութեամբ դարբինների՝ կռանով զնդանին հարուածելու փոքրիկ ծէսը, որ կատարւում էր ուրբաթ օրը։ Ուրբաթը նուիրւում է Քրիստոսին խորհրդանշող Սուրբ Խաչին, որն էլ օրուայ խորհրդով իր առանցքի շուրջ միաւորում ու միմեանց է շաղկապում Ուրբաթագրքի բոլոր մասերը, ասես թոյլ տալով այն կոչել նաեւ Սուրբ Խաչի գիրք։ Ուրբաթը զօրութիւն է տալիս չարից պաշտպանող աղօթքներին, եւ ընձեռում մեղքերի պատճառով հոգու եւ մարմնի կորսուած ներդաշնակութիւնը վերագտնելու հնարաւորութիւն…

Բնօրինակի մշակուած էջեր

Բնօրինակի մշակուած էջեր

Յակոբ տպագրիչի մեծ բարերարութեան դիմաց փոքրիկ հատուցումը, որ իմ թարգմանած ու պատրաստած գիտական հրատարակութիւնն է, ընդգրկում է՝ ա. բնօրինակ տեքստի պատճէնը, որ հնարաւորութիւն է տալիս առանց միջնորդի ուսումնասիրել բնօրինակը, դիտել առաջին գրքի ձեւաւորումն ու առաջին ձուլածոյ տառերի դրոշմուածքը, բ. գրաբար-աշխարհաբար զուգահեռ տեքստերը, գ. նիւթին առնչուող մի քանի մանրանկարներ՝ իրենց հակիրճ տեղեկատուութեամբ, որոնք ոչ միայն հետաքրքիր են դարձնում գիրքը, այլեւ լուռ կերպով քարոզում են հայկական մշակոյթի հրաշալի մի շերտ, դ. Ս. Խաչ եւ Ս. Նշան եկեղեցիների ցանկը, ե. գիտական ու բանահիւսական աղբիւրներից քաղուած նրանց տեղեկատուն, զ. տեղաբաշխման քարտէզը, է. ծանօթագրութիւններ, ը. տեղանունների եւ անձնանունների ցանկեր, ինչպէս նաեւ հայկական գրատպութեան ժամանակագրութիւնը տեղագրութիւնն ու վիճակագրութիւնը 1512-1920 թթ.-ին։

Գիրքը հրատարակուած է դասական ուղղագրութեամբ, որով 405 թուականից գծուել են սահմանները Հոգեւոր մեր Հայրենիքի, որի անսահմանութիւնն է այսօր ընդգծւում նոյն ուղղագրութեամբ. այն հարազատ ձայնագրութիւնն է Ազգի մտածողութեան, նրա ամենաանհրաժեշտ պայմանականութիւնը։

Գիրքը նուէր է հայ ժողովրդին, որի երկու հատուածներն էլ փոքրիկ դժուարութիւն պիտի յաղթահարեն, մէկը լեզուի, միւսը՝ գրութեան։ Եւ, ինչպէս հայկական տպագրության 500-ամեայ առաջնեկը, այս գիրքը եւս նախ եւ առաջ համախմբման խորհուրդ ունի…

 

Լուսինէ Աւետիսեան (բ. գ. թ.)

հետագա

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top