online

ԿԵՐՈՒԽՈՒՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Еразик Арутюнян

Еразик Арутюнян

Ընդհանրապես հայ ընտանիքներում ընդունված չէ «մենակ»՝ ընտանիքով հաց ուտել, առանձնապես, երբ տանտիրուհին համով ճաշ է պատրաստում, տանտերը գերադասում է կանչել որևէ բարեկամի կամ հարևանի՝ միասին ճաշելու։ Երբեմն տղամարդը դուրս է գալիս փողոց և առաջին պատահած մարդուն հրավիրում մի բաժակ օղի խմելու։
Երբ ընտանիքում որևէ առիթ է լինում նշելու, հավաքվում են բոլոր բարեկամները, հարևաններն ու ընկերները, «Թուփ ու ծուպը»։ Թուփը դա ընտանիքի ծնողների եղբայրների ու քույրերի ընտանիքներն են, իսկ ծուպը՝ որդիների ու դուստրերի առանձին կազմած ընտանիքները։
Սեղանին նստում են հետևյալ հերթականությամբ. գլխին նստում է ընտանիքի հայրը, նրա աջ ու ձախ կողքերին՝ պատվավոր հյուրերը, ամենահարգելի մարդիկ՝ ընկեր, բարեկամ կամ հարևան, ապա աջ ու ձախ կողմերին շարվում են որդիները, փեսաները, հարսերն ու դուստրերը, ապա մյուսները՝ հասակի կարգով։ Տանտիրուհին նստում է ամուսնու դիմաց, ամենավերջում, երբ բոլորը արդեն տեղավորվել են։ Սովորաբար երեխաների համար առանձին սեղան են պատրաստում։ Սեղանը բացում է ընտանիքի ավագը, պարզաբանում է հավաքվելու պատճառը և նշանակում թամադա կամ սեղանապետ, որը պիտի «համով զրույց անի» և ղեկավարի սեղանը։ Առաջին կենացը բարձրացնում են թամադայի կենացը։ Յուրաքանչյուր թամադա յուրովի է վարում խնջույքը, նա է որոշում կենացների հաջորդականությունը և սահմանում ուտեստների մատուցման կարգը։ Սակայն կա կենացների որոշակի խումբ, որը պարտադիր հիշվում է յուրաքանչյուր անգամ։
Երկրորդ կենացը առիթի կամ պատճառի կենացն է, որը նախ գեղեցիկ արտահայտություններով ու դիպուկ բնորոշումներով ներկայացնում է թամադան, ապա խոսքը տալիս է մյուս ցանկացողներին՝ լրացնելու համար, մինչև առիթ հանդիսացող անձնավորությունը կամ երեևույթը ներկայացվում է բոլոր կողմերից։
Հաջորդաբար խմում են բոլոր անդամների կենացը՝ ավագության կարգով։ (Եթե մեկի կենացը մոռացվում է, նա խիստ նեղանում է, խռովում)։ Ում կենացը որ առաջարկվում է, նա վեր է կենում և շնորհակալություն հայտնում իր հասցեին հնչած գովեստների համար և պարտավորվում բազմապատկել սեփական արժանիքները և շտկել թերությունները։ Անձնական կենացները վերջանալուց հետո խմում են մի ընդունված կենաց՝ «Պարզերես լինենք, իրարից չկշտանանք, մեր պատվին, մեր օջախին, մեր հողին տեր լինենք, Աստված մեր ագահությունից կտրի մեր սերության վրա դնի, հացն ու գինին մեր սեղանից անպակաս լինի, մեր վատ օրը սա լինի»։ Վերջին տարիների, 1999-94 թթ. Արցախյան պատերազմից հետո ընդունված կարգով բոլոր սեղանակիցները հոտնկայս խմում են հայրենիքի համար զոհվածների հիշատակի կենացը, մաղթում, որ նրանք վերջին զոհերը լինեն հայրենիքի զոհասեղանին, բոլոր ծնողները «աչքը ցամաք» հեռանան այս աշխարհից ու ոչ մի մանուկ որբ չմնա։ Պարտադիր խմում են խաղաղության կենացը։ Վերջին կենացը՝ հյուրընկալ օջախի կենացն է, հիշվում են գերդաստանի բոլոր հարգարժան մարդիկ, շնորհակալություն է հայտնվում տանտիրուհուն։
Սեղանակիցներից ցանկացողները արտահայտվում են՝ խնդրելով թամադայի թույլտվությունը։ Կենացների ժամանակ սովորաբար հնչում են գովեստ և հաճոյախոսություն, բայց զգալի տեղ են գրավում նաև հորդորն ու խրատը, բարոյախոսությունն ու մաղթանքը՝ առանձնապես ուղղված երիտասարդներին։

Армянское застолье

դաշտահանդէսի, Խարբերդի շրջան, 1914

Բաժակներն իրար խփելը ունի միասին, միասնական լինելու խորհուրդը, և երբ դեպքերի բերումով մտերիմները հայտնվում են բարիկադների հակոտնյա կողմերում, դժվարանում են հակադրվել իրար։ «Ես նրա հետ բաժակ եմ խփել, ինչպես կարող եմ նրան վատություն անել»։ Միասին կերված աղ ու հացը պարտավորեցնում է։ Խնջույքի ավարտի հետ չի ավարտվում բարեկամությունը, բաժակի զնգոցը դեռ երկար հնչում է մտերիմների ունկերում։
Ընդհանրապես առաջ օղին խմում էին միայն առավոտները, անոթի, մի կում, մարսողության օրգանների ախտահանության համար։ Նախքան խմելը խաչ էին հանում երեսներին, որը կոչվում էր՝ «Աստված Քրիստոս» անել։ Այս արտահայտությունը փոխաբերական իմաստով նշանակում է առաջին աղոթքը կարդալ և նախաճաշել։ Հիմա խմում են բոլոր կերուխումների ժամանակ, բայց երեք բաժակից ոչ ավել, հետո անցնում են գինու։
Գինին սովորական խմիչք չէ հայ մարդու համար։ Այն առաջին կենարար հեղուկն է և հայերեն՝ կյանք, կին, գին և կենաց բառերի հետ ունի նույն արմատը՝ կեն – կյանք։ Գինի պատրաստում են համարյա բոլոր պտուղներից, բայց ամենահարգին խաղողի, նռան, մոշի, բալի գինիներն են։ Առաջինները անպակաս են յուրաքանչյուր հայկական ընտանիքից։ Առաջին երեք տարում գինին անընդհատ քամում են, ազատում նստվածքից, խմել սկսում են երեք տարուց հետո, երբ այն զուլալվում է, մաքրված գինին պահում էին մեծ կավե կարասների մեջ, որոնք երբեմն թաղում էին հողի մեջ։ Կարասը բացում էին հատուկ առիթներով։ Խաղողի գինին սովորաբար խմում էին մսով կերակուրների հետ, իսկ նռան գինին՝ ձկնեղենի։
Խնջույքի վերջում մատուցվում են միրգ, քաղցրավենիք, ընկուզեղեն, չոր մրգեր, թեյ ու սուրճ։ Հաճախ կազմակերպվում են զվարճալի մրցումներ։ Օրինակ՝ ով կարող է մի ամբողջ նուռ ուտել, առանց մի հատիկ գցելու։ Ով կարող է խնձոր ու տանձ ուտել առանց բերանի ձայն հանելու։ Ով կարող է հոն ու մոշ ուտել՝ առանց ձեռքերը կեղտոտելու։ Նման խաղերը ինքնանպատակ չեն, դրանք դաստիարակում են կոկիկ և քաղաքավարի ուտելու սովորություններ։
Սեղանը հայ մարդու համար միջոց է հաղորդակցվելու, համով զրուցելու, ավելի մտերմանալու հոգեպես մերձենալու համար։ Գինին մղում է անկեղծության ու ճշմարտախոսության։ Սեղանները սովորաբար լինում են ճոխ և առատ։ Ընդունված է հյուր կանչելու դեպքում ամեն բան դնել սեղանին՝ «Կաչաղակի կաթից մինչ սնկի յուղը»։ Ուտում ու խմում են երկար, բայց չեն հարբում, հարբելը համարվում է ամոթ, իսկական տղամարդ չլինելու նշան, աննամուսություն։ կանայք խմում են միայն գինի, մեկ-երկու բաժակ։
Սովորաբար եթե հյուրի տանը կա հիվանդ կամ ծեր մարդ, հղի կին, նրան անպայման հյուրի հետ բաժին են ուղարկում սեղանից։ Եթե գյուղում, շենքում կամ թաղում կա աղքատ մարդ կամ անօգնական ծեր, նրան էլ են բաժին ուղարկում։ Մի կտոր հաց տալը աղքատին կամ անկարողին բարեխղճության նշան է։ Եթե վիճակվում է կյանքում չար ու փորձանքից ազատվել, ապա հայ մարդը դա համարում է իր բախշած մի կտոր հացի պատասխան՝ տրված Աստծո կողմից։ «Տեսնես ու՜մ եմ մի կտոր հաց տվել, առաջս է եկել»։
Հայկական սեղանին միշտ դրվում է հյուրերի նախատեսված քանակից ավել սպասք, անսպասելի, հանկարծահաս հյուրի համար։ Ինչքան էլ դժվար պայմաններում ապրի, հայ ժողովուրդը հյուրասեր է և սրտաբաց, այդպես եղել է դարեր շարունակ, այդպես է նաև հիմա։

Երազիկ Հարությունյան

Արխիվային լուսանկար http://www.houshamadyan.org

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top