online

Թոնիր

ТонирՀայկական գյուղական կյանքում չկա ավելի հաճելի բան, քան նստել հացաբույր թոնրատանը, ճաշակել թարմ լավաշ ու գաթա՝ դեռևս վառվող թոնրի շուրջ, նախշազարդ բրդյա գուլպայով ոտքերը կախել թոնրի վրա, շյուղերով բրդյա հագուստ գործել ու զրուցել դրկից, հոգեկից աղջիկների հետ։ Այդ զրույցներով էր իմաստնանում կյանքը, ստանում ջերմություն ու բույր, հաղորդակցման հրճվանք և ինքնաարտահայտման հանգստություն։ Սիրտը թափում էին բազմահոգս «տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» և շարունակում ապրել ու աշխատել ավելի թեթև, հասկացված, հանգիստ սրտով։ Այդ զրույցներում էին ծնվում բարբառային բոլոր համով-հոտով պատմությունները, բառ ու բանը, հեքիաթն ու առակը։ Ձեզ չի՞ հաջողվել երբեք այդ անել, ուրեմն դուք չեք ճաշակել հայրենի կենցաղի շատ քաղցր ու տաք զգացողություններ։
Թոնիրը հենց ի սկզբանե հաց թխելու հարմարանք էր, օջախի մի տեսակ, արևի, կրակի խորհրդանիշ և ջերմության աղբյուր։ Բառը հավանաբար կազմված է ցախի այրվելու ճարճատյունի արձակած «դոռն», «դոն-դոն», «դուր-դուր» բնաձայնից և նմանակերպ է հնչում համարյա բոլոր արևելյան լեզուներում։
Առաջին թոնիրների պատերը շարել են շիկահողից, կավահողից, նախ բլիթել և արևի տակ չորացրել են ցեխի ուղղանկյունաձև ողորկ կտորներ, հետո դրանցով երեսպատել նախօրոք կտրված կլոր փոսի ներքին պատերը։ Ամբողջ թոնրատան հատակը սալաքարապատել են։
Հայկական հինավուրց գյուղի բազմաբաժին քարե շենքերի մեջ մտնում էին թոնրատուն-խոհանոցը, մառանը, ննջարանները, գոմերը, մարագը և այլ սենյակներ։ Թոնրատունը տան ամենակարևոր բաժանմունքն էր։ Մեծ հացատան դռան հանդիպակաց ծայրին հաճախ կառուցվում էր խորանաձև, կրկնակի փոքր մի ենթաբաժին։ Սրա հատակը թոնրատան ընդհանուր մակարդակից մեկ-երկու աստիճանաչափ բարձր էր լինում։ Ցածրադիր մեծ մասը կոչվում է «մեծ տուն», իսկ բարձրադիր փոքր մասը՝ «պզտի տուն»։ Փոքր տան կենտրոնում թաղում էին մեծ և փոքր թոնիրներ։ Մեծը՝ հաց թխելու, փոքրը ջուր տաքացնելու և կերակուրներ պատրաստելու համար։ Փոքր տուն չունեցողները մեկ ընդհանուր թոնիրը զետեղում էին մեծ տան կենտրոնում։ Պատերի մեջ փորված էին պահարան- պատրհաններ (աչքունքեր) որոնց մեջ զետեղվում էին խոհանոցային սպասք և հաց թխելու մանր պարագաները՝ տաշտածհան, թթխմորի պուլիկ, աղաման, գրտնակ, տախտակ, խոնչաներ, տաշտ, մեզար և այն։
Մեծ թոնրատան վարագույրով կամ շիրմայով առանձնացված բաժիններում գիշերում էին երիտասարդ ընտանիքները։ Ծերերը և երեխաները քնում էին թոնրի շուրջ։ Նորապսակների համար կառուցվում էր առանձին ննջարան։ Բոլոր ննջարանները դռնով կապվում էին թոնրատան հետ, որովհետև այն ջերմության հիմնական աղբյուրն էր։ Թոնրատան տանիքը բարձր էր՝ գմբեթաձև երդիկով։ Թոնրատունը նաև խոհանոց էր։ Թոնրի մեջ բացի հաց թխելուց նաև բազմազան կերակուրներ էին պատրաստում՝ խորոված (գառ, կաքավ, հնդկահավ, ուլ , խոզի և հորթի միս և այլն), հարիսա (կորկոտ- ձավարով, մսով շիլայանման ճաշ), փլով, ղափամա և այլ ուտեստներ, թխում էին տարբեր գաթաներ և թխվածքներ, ծիսական հացեր։ Այն կատարում էր ջեռոցի դեր։ Գաղտնիք չէ, որ կենդանի կրակի վրա խորոված ամեն ինչ շատ ավելի համով է և դյուրամարս։
Թոնրատունը նաև աշխատանոց էր, բրդի և կավի մշակման գրեթե բոլոր աշխատանքները այնտեղ էին կատարվում։ Առաջներում թոնրատանը հավաքվում էին նաև տղամարդիկ, այժմ այն դարձել է զուտ կանացի տեղամաս։
Նավթավառների և էլեկտրականության ներմուծման շնորհիվ նվազեց թոնրատների դերը, նրանք վերածվեցին հացատների։ Հացատան հիմնական կահույքն է բարձրադիր փայտե թախտը, որի վրա հունցում, բլիթում են խմորը, տախտակե խոնչաները, ծեղհանները, թոնիր-խառնիչը, հաց-հանիչը։ Հաց թխելու պրոցեսին մասնակցում են հիմնականում չորս հոգի, մնացածները զրուցողներ և օգնողներ են, նաև հյուրասիրվողներ։ Գործընթացի ղեկավարը հացթուխն է, օգնողներից մեկը բացում է գունդը (լավաշը՝ գրտնակով, իսկ կլոր հացը՝ ձեռքով) և մատուցում թխողին, երկրորդը հետևում է, որ հացը չլինի «թեժաթուխ» կամ «ետուատոր» (այսինքն ոչ շատ կարմրի կամ վառվի, ոչ էլ մեջը մնա հում, չթխված), պատին կպած հացը չընկնի թոնրի մեջ, իսկ երրորդը թխած հացերը հանում, դարսում է մաքուր սփռոցով ծածկված փայտե հարմարանքի վրա։ Բոլորը ենթարկվում են հացթուխի հրահանգներին։ Երբ ցախով վառած կրակը թուլանում է, պողը հավաքում են թոնրի մեջտեղում, պատերին ջուր շպրտելով թրջում, հացթուխը բացած խմորագնդերը մեկ-մեկ դնում է հատուկ հարմարանքի՝ տեփի (թըմփ բնաձայնից) վրա և կպցնում պատին։
Դարեր շարունակ հայկական կենցաղում հացահատիկի տարբեր տեսակներից թխած հացը կամ լավաշը հիմնական սնունդ էր։ Հնում հացարարը կամ հացթուխը, անձեռնմխելի մարդ էր համարվում։ Ոչ մի հաղթող, արյունակից թե այլազգի, չի սպանել հաց թխող մարդուն։ Այդ պատճառով թշնամու հարձակման ժամանակ հացարարները ոչ երկյուղում էին մահից, ոչ էլ մտածում իրենց կյանքը փրկելու համար թաքնվել կամ փախչել։ Հույն պատմիչ Քսենոփոնը, նկարագրելով տասը հազարանոց հունական բանակի նահանջը Հայաստանի միջով Քրիստոսից առաջ 401 թվականին, իր «Անաբասիս» գրքում գրել է. «Իսկ բարբարոսները աղմուկը լսելով, չդիմացան ու փախան։ Բայց բարբարոսներից ոմանք սպանվեցին և ձեռք բերվեց մոտ քսան ձի, միաժամանակ գրավվեց Տիրիբազոսի վրանը և նրա մեջ արծաթե ոտքերով մահիճներ և ըմպանակներ, ինչպես նաև մարդիկ, որոնք ասացին, թե հացարարներ են ու մատռվակներ»։
Հացի ու թոնրի հատ կապված բազում նախապաշարմունքներով ու զրույցներով հարուստ է հայ ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝
• առաջին հացից ով ուտի, ամուսինը անժամանակ կմեռնի,
• թարմ թոնրահաց պետք է նվիրել գյուղի բոլոր աղքատներին և խեղճերին,
• ամեն անցնող պետք է համտեսեր թաժա թխվող հացից կամ լավաշից,
• ընկած հացը պետք է վերցնել, համբուրել, դնել ճակատին,
• փոխ առած հացը անպայման պետք է վերադարձնել և այլն։
Եվ այս ամենի իր ուշագրավ մեկնաբանությունն ուներ։
Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ շատ ու շատ հազար տարիներ առաջ Մեծամորի ձուլարաններում վահանաձև «սաջեր» (պողպատե ողորկ հարմարանք կրակի վրա դնելու համար) էին կոփում-պատրաստում և բաժանում Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին։ Ամեն մարդ իր հացը սաջի վրա էր թխում։
Մի անգամ Ասորեստանի Սև արքան նվաճեց Հայոց աշխարհը և բնակիչներին միանգամից վերջ տալու նպատակով հրամայեց հավաքել բոլոր սաջերը։
Սարսափած մարդիկ սաջերը հանձնեցին ահասարսուռ, գլխատմամբ սպառնացող զորականներին, բայց չգիտեին, թե այնուհետև ինչ պիտի անեն։ Հենց այդ ժամանակ էլ օգնության հասավ ժողովրդական հնարամտությունը, և հայերը որոշեցին տներում կավից գետնափոր փուռ՝ թոնիր սարքել, որը չի կարող խլել ոչ մի դաժան բռնակալ։ Ասորեստանի Սև արքային թվաց, թե թոնրի հացով հայերը երկար չեն ապրի։ Բայց թոնիրը մինչև այսօր էլ պահում է Հայոց աշխարհը։
Առաջներում անգամ պսակադրություն էին անում թոնրատանը։ Աղջիկն ու փեսան ձեռք-ձեռքի տված պտտվում էին թոնրի շուրջ, ապա համբուրվում։ Հետո աղջիկը հայրական թոնրից մի բուռ մոխիր էր վերցնում ու լցնում գրպանը։ Երբ մտնում էին փեսայի տուն` հարս ու փեսա նախ երեք անգամ պտտվում էին կրակարանի ու թոնրի շուրջ, ապա չոքում, համբուրում կրակարանն ու թոնիրը։ Հարսը հոր տնից բերած մոխիրը թափում էր թոնրի մեջ, և մինչև մահ կապվում այդ սրբազան օջախին։
Այսօր ինչ-որ չափով նվազել է թոնրի դերը հայկական կենցաղում, սակայն գյուղական վայերում այն դեռևս մնում է որպես հացի արարման հնոց, հարևան ու բարեկամ կանանց հավաքատեղի, պատառ կիսելու, բամբասելու, բացատրվելու և տաքանալու վայր։ Եթե բախտի բերումով հայտնվեք հայկական որևէ գյուղում, թարմ հացի զգլխիչ բույրով կերող եք գտնել թոնրատան տեղը և համարձակ ներս մտնել։ Համոզված եղեք, որ կճաշակեք անուշաբույր լավաշի և քաղցր զրույցի անկրկնելի համը։

Երազիկ Հարությունյան

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top