online

Շուշիի Խանդամիրյան թատրոնի պատմությունը

Լեոնիդ Հարությունյանը

Լեոնիդ Հարությունյանը

Արվեստաբան ակադեմիկոս Հ. Հովհաննիսյանը «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքում գրում է, որ 1865թ հուլիսի 16-ին Շուշիում զարմանքով են դիմավորում Չմշկյանին ու նրա ընկերներին: Մարդիկ նայում են դեկորներ բարձած ֆուրգոնին, վարժապետի կերպարանքով անծանոթներին ու հարց տալիս մեկը մյուսին, թե ովքեր են, ու  պատասխանում՝ ջամբազներ են:

«Եվ ներս մտանք մենք Շուշվա փողոցները,- գրել է Չմշկյանը «Իմ հիշատակարանը» գրքում,- կրելով մեր ճակատների վրա էկվիլիբրիստական վսեմ արվեստի նշանաբանը»:

Բազում դժվարություններ են հաղթահարում դերասանները, նախապաշարված շուշեցի երիտասարդներին իրենց ներկայացումներին մասնակից դարձնելու համար և հավաքված խմբի հետ աշխատանքներ տանելիս:

Քարաշեն շենքերից մեկը հարմարեցնելով թատրոնի պահանջներին` խաղում են «Սամվել» և «Վարդան Մամիկոնյան», ժամանակի բոլոր խմբերի համար պարտադիր պիեսները: Բ. Խանդամիրյանի Ս. Հարությունյանի «Էջեր Շուշիի հայ թատրոնի անցյալից» գրքի սուղ տողերից անգամ տեսանելի էր երևույթի անսովորությունն ու ցնծությունը, պահի եզակիության հանդիսավորությունը, որ ապրում էր շուշեցին:

shushi_teatr2Խանքենդիի (Ստեփանակերտ) ռուսական կայազորի նվագախումբը առանձին շուք է հաղորդում…Կին չկար ո՛չ բեմի վրա, ո՛չ դահլիճում… Իսկ կրկնվող ներկայացումներին արդեն ներկա են նաև հայ կանայք…Ոգևորությունն ու խանդավառությունը մեծ էր։ Պատկերը կենդանի կերպով նկարագրված է Հ. Հովհաննիսյանի գրքում։ Շատերին թվում է, թե բեմից դուրս էլ գործ ունեն եթե ոչ իրական հերոսների, ապա նրանց դեսպանների հետ, մարդկանց, որոնց տրված է Աստծո հետ խոսելու իրավունք, և եկել են այդ մարդիկ հերոսացնելու Ղարաբաղի հայությանը: «Իմ քաջ զինվորներ»- ասում է Վարդան-Չմշկյանը, և դահլիճը կրկնում է։ «Կեցցե՛, Վարդանը» — պատասխանում են զինվորները, և դահլիճը դարձյալ կրկնում է:

«Օ՜ն, անդր առաջ» գոչում է բեմական Վարդանը, և հանդիսականը դա ընդունում է որպես իրական պայքարի կոչ: Բոլոր ներկայացումներն ավարտվում են այսպես և բազմամարդ խնջույքներով:

Լրիվ կռահելի է հարգանքի ու համարումի այն աստիճանը, որին արժանանում էին դերասանները այս ամենից հետո, իսկ ունևոր երևելիները պատիվ էին համարում ու պարտականություն օրը մեկի տանը խնջույք կազմակերպել, որտեղ ներկա էին լինում նաև թուրք բեգեր ու ունևորներ, ռուս  սպաներ: Այս ամենն անշուշտ բարերար ազդեցություն ուներ և արձագանքվում էր շուշեցու հոգում:  Դրական ցնցման ազդակը շուշեցուն անվերադարձ  կապելու էր թատրոնի հետ, իսկ Շուշին համբավավոր ու հայտնի իր բազում շնորհներով,  ճակատին  կրելու  էր  հայ  թատերական  Մեքքայի  կնիքը:  Ներկայացումներ  տալու  գալիս  են  ժամանակի  համարյա  բոլոր  հայ  խմբերն  ու  դերասան — դերասանուհիները:

«Նիկիտա  Խանդամիրյանի թատրոնը, շնորհիվ իր տիրոջ, աչքի էր ընկնում իր սարք ու կարգով մաքրությամբ… և մանավանդ դեպի դերասանները ունեցած սիրով ու հարգանքով։ Այս  ամենը  Շուշիի  Խանդամիրյանի  թատրոնը  մեզ  համար  դարձրել էր մի  ուխտատեղի»,- գրում  է  Գրիգոր  Ավետյանը:

1873 թվին  հատուկ  թատրոնի  համար  Խանդամիրյանի  ջանքերով  կառուցվում է  քաղաքային ակումբի շենքը փայտից, և ի  պատիվ  կառուցողի  էլ  կոչվում  է  «Խանդամիրյան  թատրոն»:

shushi_teatr3Նրա նախնիները Ղափան գավառի Շահկերտ (Ղազանչի) գյուղից էին: Եղել են  զինվորական և պղնձագործ: Ինքը ծնվել է Շուշիում 1847թ., հոր`  Աբրահամի մահից հետո  նրա  թողած  ժառանգությունը  Նիկիտան,  նույն  ինքը`  Մկրտիչը, ունեցվածքը  ներդնում է  թատրոնի ստեղծման գործում: Ֆրանսիայում կրթված ու ֆրանսիական  բարձր  թատերական  արվեստի  հավատամքը որդեգրած  այս  լայնախոհ  ու  խստապահանջ  հայը  պիտի  դառնար  Շուշիի  թատրոնի  ու  նրա  կյանքի  մեկենասն  ու  ոգևորիչը,  անմնացորդ  նվիրվելով  ու  դառնալով  Մելպոմենեի  արվեստի  նվիրյալ  քուրմը:

1883թ. Աբրահամ Տեր-Գասպարյանի և Հովհաննես  Ճաղարբեկյանի  համատեղ  նախաձեռնությամբ  ստեղծվում  է  Շուշիի  տեղաբնակների  թատրոնը,  իսկ 80-ականների  վերջերին  արդեն  Խանդամիրյանի  գլխավորությամբ Շուշին  ուներ  իր  մշտական  սիրողական  թատերախումբը` Գ. Նազարյան,  Ա. Աբրամյան,  Ա. Կոստանդյան, Օ. Թառումյան, Ս. Միքայելյան,  Գ. Իշխանյան, Մ. Դավթյան, դերասանուհիներ  Գ. Թառումյան, Գ. Աթաբեկյան, Գ. Գյանջեցյան, ահա նրանցից  մի  քանիսը`  որոնց  ազգանունները  պահել  է պատմությունը:

Թատրոնի  խաղացանկը  հիմնականում  Սունդուկյանի  պիեսներն են, նաև Միքայել  Տեր-Գրիգորյանի, Էմին  Տեր-Գրիգորյանի  վոդևիլները,  ինչպես  նաև  Մոլիեր,  Մուրացան:

1880 թ.  Սաֆրազյան  ամուսինները  Շուշի  են  բերում  մի  քանի  հայրենասիրական  պիեսներ, ինչպես նաև թուրքերեն մի քանի վոդևիլներ: 1882թ. կրկին  այցելելով  Շուշի՝  Սաֆրազյանները  կազմակերպում  են  թուրքական  սիրողական  խումբ  տեղի  ուսանողներից  ու  երիտասարդներից:  Ներկայացնում  են  Ախունդովի մի քանի  պիեսները: Հաջողությունն աննախադեպ էր:

shushi_teatr4 Ըստ երևույթին,  Սաֆրազյանների  այս  քայլի  նպատակն  էր Շուշիի  թուրք  հասարակության  շրջանում հայկական  թատերական  կյանքի հանդեպ առաջացած  խանդն  ու  նախանձը մեղմելն էր, որն  աճում  էր  տարեցտարի:  Հետագայում  Աբելյանը  ևս  օգնում  է  Արաբլինսկուն  խաղալու  «Լիր  Արքա»,  բեմադրում է «Օթելլո»  նրա  մասնակցությամբ:

1882 թվականի  ամառը  Շուշիի  համար  թատերական  տոնախմբություն  եղավ,  հայ բեմի  հանճարի`   Պետրոս  Ադամյանի  գալով:

Մեծ  արտիստը Շուշիում մնաց  մեկ  ամիս՝  ոգեշնչվելով  հասարակության  ջերմ  վերաբերմունքից:

Արտիստի  անսովոր  մուտքի  նկարագրությունը  Հ. Հովհաննիսյանի  գրքից է.  «Քսանյոթ հեծյալ  երիտասարդներ  ընդառաջ  են գալիս  մեծ  արտիստին, ուղեկցում  հյուրանոց,  մեծ  խնջույք  է  սարքվում,  մեծարանքի  խոսքեր  են  ասվում,  բայց  երբ գալիս  է  ներկայացման  երեկոն, Արտիստը  դեմ  է  առնում  կիսադատարկ  դահլիճին,  հետագայում  նա  հիշել է այս  դեպքը   ու  կատակի  տվել`  «Թող  ավանակների  հեծած  թատրոն գային»»:

…Նույն  վերաբերմունքին նա հանդիպել  է  Համբարձում  Հախումյանի  տան  դահլիճում,  ինչի մասին  Լեոն  գրում է.  «Համլետ-Ադամյանը»  այնպիսի  տպավորություն  չթողեց  հանդիսականների  վրա  Համբարձում  աղայի  տան դահլիճում,  ինչպես  թողեց  մյուս  օրը  կլուբի  դահլիճում,  երբ  դուրս  եկավ  սև  սյուրթուկ  հագած  և  արտասանեց  Գամառ   Քաթիպայի  մի  քանի  ոտանավորները:  Մինչև   այժմ  էլ  թվում  է  թե  պահել  եմ  ականջներիս  մեջ  մեծ  արվեստագետի  շեշտերն  ու  հնչյունները,- «Ստրու՛կ,  գնա  արյան  դաշտը,  վերադարձիր  ազատված…»  Շուշեցիներին  հետաքրքրում  է  Ադամյան  դերասանի  ոչ  արվեստը,  այլ  ազգային  դեմքը.  ով  է նա,  ինչ  է մտածում  որպես  հայ:

shushi_teatr5 Թատերական  կյանքի  կազմակերպումն  ու  ջատագովումը  կատարվում  էր  անհատ  մեծահարուստների,  ուսանողների,  մտավորականների,  եկած  պրոֆեսիոնալ դերասանների  նվիրաբերումների  շնորհիվ  ու  ջանքերով:  1873 թվականին  Խանդամիրյանի  անհատապես  կառուցած  փայտաշեն  ակումբը  երկու  անգամ  այրվել  էր,  ուստի  հարկավոր  էր  կառուցել  ավելի  հաստատուն  շենք:  Եվ  դարձյալ  այս  անխոնջ  անհատականության  անձնական  նախաձեռնումով   ու  նախագծով  կառուցվում  է  շենք`  առաջին  հարկն  իբրև  տուն  14  երեխաներից  բաղկացած  իր  մեծ  գերդաստանի  համար,  իսկ  երկրորդ  հարկը  որպես  թատրոն, ըստ  ամենայնի  նմանը  չունեցող  հարմարություններով:  Ահա  նրա  14-րդ  երեխայի  Բորիս  Խանդամիրյանի  վկայությունը.  «Հարմարավետ  բեմ,  գեղեցիկ  դահլիճ,  սրահ տանող  լայն  ճեմասրահ»:

Թատրոնի  շենքում  նախատեսված  էր  հանրակացարան  դերասանների  համար,  որին  դրսից  հարում էր  մրգատու  ծառերով  պարտեզը:  Թատրոնի  շենքը  կանգնեցվում  է  Ղազանչեցոց եկեղեցուց  ոչ  հեռու…  թատրոնը  քարաշեն  էր:  Դրսի  կողմից  երկհարկանի,  բակից  մասամբ  եռահարկ,  ուր  պահվում  էին  դեկորները,  բուտաֆորիան,  ռեկվիզիտը,  թատրոնական  այլ  պարագաներ`  պատրաստված  անձամբ  թատրոնատիրոջ  կողմից  և  նրա ճաշակով ու անմիջական մասնակցությամբ: Դեկորների օգտագործումը  մեքենայացված  էր,  դերասաններն  ունեին  իրենց հարդասենյակները,  առաջին հարկում  գրադարանն էր:  Դահլիճն  ուներ  350  աթոռ`  պարտեր,  օթյակներ,  ամֆիթատրոն:  Այն  լուսավորվում  էր  նավթի  լամպերով:  Շենքն  ու  ներկայացումները  սպասարկում  էին  Խանդամիրյանի  կողմից  պատրաստված  մարդիկ,  որոնց  աշխատավարձը  վճարում  էր  ինքը  թատրոնի  եկամուտներից:  Շենքը  տրվում  էր  վարձով՝  նախապես  կայացված  համաձայնությամբ:  Ահա  այսպես.  իսկ  և  իսկ  եվրոպական  չափանիշ,  ինչին    հիմա  էլ  կարելի  է  նախանձել  ու  երազել:

shushi_teatr6Ահա  թե  ինչու  Շուշիի  Խանդամիրյան  թատրոնը  եղավ  ու  մնում  է  մեր  իրականության  մեջ  «թատրոն»  բառի  ընդգրկուն  իմաստով՝  իր  ողջ  ընթացքի  մեջ  կատարելագործվելով  ու  հարստանալով  ինչպես  եկվոր  դերասանների,  այնպես  էլ  տեղի  հեղինակների  գործերով:

1891թվի հուլիսի  7-ին  հանդիսավոր  բացվում  է  թատրոնի  վարագույրը:  Մուրացանի  «Ռուզան» դրամայի  խաղարկմամբ  սկսվում  է   Խանդամիրյան  թատրոնի  որակապես  նոր  փուլ,  ինչը  իրավամբ  կարելի  է  ոսկեդար  համարել: Շուշիի  հանդիսատեսը, որն ըմբոշխնել  էր  Գևորգ  Չմշկյանի,  Ամերիկյանի  ու  Մանդինյանի,  Գևորգ  Պետրոսյանի,  հանճարեղ  Ադամյանի,  Սիրանույշի  ու  Աբելյանի,  Զարիֆյանի,  Արամ  Վրույրի  և  ժամանակի  համարյա  բոլոր  մեծերի  խաղը  հայ,  ռուս  և արևմտաեվրոպական  ծանրակշիռ  դրամատուրգիական  գործերի  բեմադրություններում,  այժմ  նոր  փուլ  էր  թևակոխում:

Ստեղծվելով  Ալեքսանդրապոլի,  Ախալցխայի, Երևանի, Գանձակի  թատրոնների  հետ միաժամանակ՝  90-ականների  վերջերին  արդեն  Շուշիի  թատրոնը  դառնում  է  գրավիչ  բոլոր  դերասանների  ու  խմբերի  համար  և  ավելի  կարևոր, քան  վերը նշված թատրոնները: Այստեղ բեմադրվում են Սունդուկյանի, Պարոնյանի, Մոլիերի, Հյուգոյի ու Սկրիբի, Շեքսպիրի, Չեխովի, Օստրովսկու և Գոգոլի պիեսները: Նշվում է Գոգոլի 100-ամյա հոբելյանը: 16 տարի  շարունակ թատերաշրջանը բացվում է Արամ Սարդարյանի «Ղարաբաղի աստղագետը» պիեսով, ըստ Պլատոն Զուբովի վեպի:

1900 թ. Աբելյանն իր խմբով Շուշիում խաղում է 17 ներկայացում՝ այդ թվում «Ասլան Բալասի»,  «Դոն Քիշոտ»,  «Ուրվականներ», «Օթելլո», «Պաղտասար աղպար», «Անմեղ մեղավորներ», «Արդյունավոր պաշտոն», «Անսանձի սանձահարումը» և ուրիշներ: Օգոստոսի 15-ին նշվում է Շուշիի թատրոնի ստեղծման 35-ամյակը:

shushi_teatr7Սակայն միայն թատրոնով չի  սահմանափակվել  Շուշիի արվեստական կյանքը: Խանդամիրյանը Շուշիի կիսաեվրոպական, կիսաասիական իրականությունում լայն իմաստով լուսավորիչ էր մշակույթի ասպարեզում և ելք է տվել երաժշտության, դրամատուրգիայի, պարարվեստի, ազգային-ժողովրդական ստեղծագործության բոլոր ձևերին:

Եվ այսպես՝ մինչև 1905 թվականը, երբ մի նոր բարբարոսություն վերջակետ դրեց Շուշիի և նրա ծաղկուն թատրոնի ոսկեդարին:

Այժմ, երբ անհավանականը իրականություն է արդեն,  և Շուշին երկու  տասնամյակ  ի վեր արդեն հայերեն է շնչում, ուրախությամբ արձանագրենք, որ ի թիվս կրթական հաստատությունների, մի շարք համույթների և օրավուր աշխուժացող մշակութային կյանքի՝ իր ուրույն ծնունդով ու գոյությամբ ճանապարհ է հարթում  նաև սկզբում  «Աստղիկ»  մանկապատանեկան, այժմ մեծ երախտավորի`  Մկրտիչ Խանդամիրյանի անունը կրող պետական թատրոնը:

shushi_teatr8Շուշիի «Մ. Խանդամիրյանի անվան պետական  թատրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2008 թվականի հունվարի 7-ին, ԼՂՀ Կառավարության որոշման համաձայն՝ Շուշիի «Սոս Սարգսյան» մանկապատանեկան, «Երվանդ Մանարյան» տիկնիկային և Շուշիի դրամատիկ թատրոնների միաձուլման հետևանքով։ Գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լ. Հարությունյանի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ բեմադրվել է 4 ներկայացում՝ Լ Հարությունյանի «Գարուն» գրական-երաժշտական կոմպոզիցիան, Ա. Շահինյանի «Շունն ու կատուն» (տիկնիկային), Վ. Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» (դրամա), Խ. Ասատրյանի «Գյումրեցի խուլ պառավների զրույցը» (մանրապատում)։ Իր ներկայացումներով թատրոնը մասնակցել է 6 փառատոների։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին արժանացել է ՀՀ «Արարատի մարզպետ» ոսկե մեդալի, «Նռան հատիկ» մանկապատանեկան ամենամյա փառատոնին՝ «Թռիչք» մրցանակի, Տիկնիկային արվեստի հանրապետական 4-րդ փառատոնին՝ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի և դիպլոմի, «Գիսանե» երիտասարդական փառատոնին՝ Առաջին մրցանակի՝ լավագույն բեմանկարչական լուծման համար։

shushi_teatr92009-2010 թվականներին թատրոնի խաղացանկը համալրվել է ևս չորս ներկայացումներով՝ «Դաս կանանց», «Լուսերեսն ու Վարդերեսը» (տիկնիկային), «Եղերերգ», «Ձմեռ պապն արթնացավ» (մանկապատանեկան) և Շուշիում անցկացվող ամենամյա «Մուրացանյան օրեր»-ի առթիվ հատված «Ռուզան» պատմա-հայրենասիրական դրամայից։ 2011-2012 թվականներին բեմադրել է «Թռչուն ընկեցիկը», «Հարության ժամանակը», Ծպտված Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայացումները։ Իր խաղացանկով թատրոնը ելույթ է ունեցել ՀՀ քաղաքներում ու ԼՂՀ գրեթե ողջ տարածքում։ Նա հատկապես հետևողական է զինծառայողների ու մանուկ հանդիսատեսի շրջանում արվեստի տարածման գործում, որի համար պարբերաբար ելույթներ է ունենում Արցախի զորամասերում, մանկապարտեզներում, դպրոցներում ու ճամբարներում։ Թատրոնն ամենուրեք արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, ինչի մասին են վկայում մամուլում և թատրոնի «Տպավորությունների գրքում» զետեղված կարծիքները, որոնցից մի քանիսը ներկայացնենք այստեղ։

 

S«Բառերն անզոր են թղթին հանձնելու իմ հուզմունքը, ոգևորությունը, ուրախությունը… Անչափ տպավորված եմ։ Հոգևոր բավարարությունից թրթռում է սիրտս… Բարի երթ եմ մաղթում։ Թող ձեր լույսը երկարատևի, հավերժի…»։

Գորիսի պետական համալսարանի

գրականության ամբիոնի լաբորանտ Լ. Միրզոյան

(«Հարության ժամանակը» ներկայացման մասին)

 

«Այսօրվա ներկայացումը ոգևորիչ էր ՊԲ N զորամասի անձնակազմի համար… Զորամասի հրամանատարության ու ողջ անձնակազմի անունից մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում թատրոնի կոլեկտիվին՝ հանձին նրա ղեկավար պարոն Լ. Հարությունյանի…»։

ՊԲ N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ

Ռ. Մարգարյան

 

shushi_teatr10«Երբ բեմում այսպիսի հրաշալի արտիստներ են, լռում են բառերը… Այս հրաշալի դերասանները  դիպան մեր հոգու ամենանուրբ լարերին։ Հույզերի, պոեզիայի դրական լիցքերի հրավառություն էր բեմում։

Գորիսի պետական համալսարանի

հայոց լեզվի և գրականության բաժնի ասպիրանտ Ն. Միրզոյան

 

«Շուշիի թատրոնը բաբախող տաք սրտի պես կարևոր է ու կենսատու։ Հավերժ թող լինի այդ բաբախյունը»։

Հեռուստահաղորդավար, թատրոնի և կինոյի դերասանուհի

Նազենի Հովհաննիսյան

 

««Շունն ու կատուն» ներկայացումով Մ. Խանդամիրյանի անվան թատրոնը հիմք է դրել ապագա արվեստի մայրաքաղաքի»։

Բանաստեղծ Ռոբերտ Եսայան

 

S«Ոտնամուտդ բարի, Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրո՛ն… Թող թատրոնը մեզ համար դառնա նվիրյալների մի բույլ, ուր դուք կարողանաք ասել ձեր սրտի լարերի թրթիռներից հյուսված անկեղծ ու շիտակ խոսք։ Թող հանդիսատեսը հասկանա ու գնահատի ձեզ, քանզի թատերարվեստը եղել է ու մնում է ամենակենդանի արվեստը բոլոր արվեստների մեջ»։

Արտաշատի պետական թատրոնի տնօրեն

Գեղանուշ Սայադյան

 

«Ամենածանր տարիներին ու ամենադժվարին պայմաններում անգամ իմ լավագույն ընկեր, թատերարվեստի մեծ անհատ Լեոնիդ Հարությունյանը ի վիճակի է զարմացնել բոլորիս։ Շնորհակալություն համով-հոտով ներկայացման համար։ Հերթական անգամ բարի երթ քեզ, իմ արվեստակի՛ց ընկեր, քո նորաստեղծ թատրոնով, ու Աստված պահապան քեզ, քո ընտանիքին ու տաղանդավոր, խոստումնալից երիտասարդներին»։

Թատրոնի և կինոյի դերասան Վրույր Հարությունյան

 

2013 թվականի հունվարին թատրոնը բոլորեց իր գոյության 5-րդ տարին, մանկան հասակ, որը կարոտ է հոգածության, գուրգուրանքի, որ վաղն իրավամբ համաքայլ ընթանա թատերական բարձր արվեստը կրողների հետ, իսկ ծնողներն էլ հպարտ լինեն իրենց տվածի ստացվածքով:

Շուշիի  թատրոնի  փոքրիկ համերաշխ   ու   աշխատունակ  երիտասարդ   կոլեկտիվը,  հասցրել  է  բեմադրել  ժանրային  առումով    տարբեր  ներկայացումներ՝ դրամատիկ,  մանկա-պատանեկան,  տիկնիկային  և  պոեզիայի:

Այս  իմաստով՝  բոլոր  հայ  թատրոնների մեջ  միակն է :

SՇուշիի  նորաբաց  «Կինոյի  և  թատրոնի  պետինստիտուտի»  մասնաճյուղի  12 ուսանողներից  7-ը  մեր  դերասաններն  են: Արցախի  պետական  հեռուստատեսության   «Հեքիաթին  հյուր» մանկական հաղորդումը  իրականություն  է  դարձել  այն  վարող  մեր  դերասանների  շնորհիվ:

Չենք  ուզում  անհոգ  ու  ինքնաբավ  տպավորություն  թողնել,  բայց  այն,  ինչ  թվարկվեց, իրականություն  է,  որը  տրվում  է  թատրոնին`  բազմաթիվ  դժվարին,  երբեմն  անհնար  թվացող  իրավիճակներից  դուրս  գալով:

Այժմ   ժամանակը  կանչում,  կամ  արդեն  կանչել  է  մեզ  ասպարեզ,  որ  կարողանանք ձեռքբերումների հարթակից  ոստնել  դեպի  աստղերը, հաստատել  մեր  իսկ  կողմից  մեզ  նշանաբան  դարձրած  «մոխիրներից  հառնող փյունիկի արարչագործ  ոգին»  ու  կերտել  հին  ու  նոր   Շուշի՝  Նոր Խանդամիրյան  թատրոնով,  արժանի  իր  ոսկեդարյա  անցյալին,  մեր  նախնիների  ոգու  ու  մեծության  հանգույն,  նրանց  նվիրումի,  մտքի  ու  երազի  թռիչքի  ծիրով…

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top