online

Հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում

МНЕНИЕ

«Наша среда online» — Выступление главного редактора московского журнала «ЖАМ» Анны Гиваргизян на VIII Всеармянском форуме журналистов.

_____________

«Հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում»։
Վերլուծություն «Ժամ» կրթամշակութային պարբերականի՝ 2008-2016 թթ.-ի գործունեության փորձառությունից։

 

«Ժամ» կրթամշակութային պարբերականի  հիմնադիր և գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի զեկույցը Սփյուռքի նախարարության լրագրողների VIII համահայկական համագումարին:

 

«Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս․․․»

                                                          Հովհաննես Թումանյան, «Մեր ուխտը», 1903թ

Анна Гиваргизян. Фото Габриел Фаносян

Анна Гиваргизян. Фото Габриел Фаносян

Ա

1936 թվականին, երիտասարդ գրող Ուիլյամ Սարոյանը որոշում է իրականացնել ամսագիր հրատարակելու իր վաղեմի երազանքն ու խորհուրդ ստանալու նպատակով նամակ է հղում ԱՄՆ-ի ժամանակի լավագույն հրատարակիչներից մեկին՝ Հենրի Մենկենին, ով 1920-ականներին հիմնադրել և խմբագրում էր The American Mercury («Ամերիկյան լրատու») ամսագիրը:

Պատասխան նամակում Մենկենը գրում է հետևյալը․ «Հարգելի Սարոյան, իմացա, որ պատրաստվում ես ամսագիր հրատարակել։ Սույն նամակով ուղարկում եմ քեզ վեց փամփուշտանոց մի ատրճանակ՝ լիցքավորիր այն, մոտեցրու գլխիդ և դատարկիր բոլոր վեց փամփուշտները։ Դու ինձ շնորհակալություն կասես, երբ անմիջապես հայտնվես դժոխքում, որտեղ գտնվող բոլոր խմբագիրները քեզ կպատմեն, թե ինչ սարսափելի կյանք են ունեցել երկրի վրա»։

Ութը տարի առաջ, երբ նոր էր հիմնադրվում «Ժամ» ամսագիրը, մոսկովյան գրախանութներից մի քանի տասնյակ գիրք գնեցի, որոնք պատմում էին, թե ինչպես կարելի է կազմակերպել ամսագիր հրատարակելու գործը։ Առաջինը, որ կարդացի այդ գրքերից մեկի նախաբանում, վերոհիշյալ ատրճանակի պատմությունն էր։ Ասես այն ինձ էր ուղարկվել, բայց ոչ թե ինքնասպանություն գործելու, այլ զինված լինելու համար։ Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես։

Հետո եղան կայանալու անասելի դժվար, հիասթափություններով, սայթաքումներով ու սխալներով լի, բայց բովանդակալից ու հետաքրքիր օրեր, շաբաթներ,ամիսներ, տարիներ․․․

Չունեինք գործնական փորձ, անհույս ծեծում էինք համացանցում աջ ու ձախ հայրենասիրություն բղավողների փակ դռներն ու հայ մեծահարուստների էլ ավելի փակ սրտերը, վազում էինք ամեն լուսավոր կետի ետևից, հայտնագործում անսահման քանակությամբ հեծանիվներ, իսկ մեր միակ սփոփիչը այն իրողությունն էր, որ հաստատ գիտեինք ինչի՞ և ո՞ւմ համար ենք անում այս ամենը։

Ուստի, ինչպես Կոստան Զարյանն է ասում իր «Սպանիա» վեպում․ «Կարճամտություն է խոսել «առարկայական պայմանների», «դեպքերի դասավորման» և պատմական նյութապաշտությունների մասին: Պայմանները ոչինչ չեն որոշում, ընդհակառակը, նրանք ներկայանում են մեզ իբրև անդադար նորոգվող դիլեմաներ, որոնց առջև մենք ստիպված ենք նորանոր որոշումներ առնել: Փոխել, ընտրել, նորոգել, նորոգվել: Լինելու կամքը: Կերտելու, ստեղծագործելու կամքը: Տիրող քաոսի խավարում՝ մեր ուզած լույսը վառելու կամքը»:

Այսպես, 2008-ի նոյեմբերի 30-ին, «Ժամը» դարձավ իրականություն։ Մեզ օգնեցին մեր գաղափարակից հայ և օտար ընկերներն ու լրագրող գործընկերները։ Այն 112 էջանոց, հրատարակչական բարձր որակով, երկլեզու կրթամշակութային ամսագիր է, որի հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև՝ Հայաստանի և Սփյուռքի մշակութային և հասարակական կյանքի լուսաբանումը։

Ամսագիրն ունի եռալեզու կայք, հրատարակում է գրքեր, տարբեր երկրներում կազմակերպում միջազգային սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի պրեմիերաներ, համերգներ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ և հանդիպումներ նշանավոր անձանց հետ։ Շուրջ երկու տարի հրատարակել է «Մենք» երիտասարդական թերթը, 2010թ.-ին հիմնադրել է «Մենք» ստեղծագործական միությունը, որտեղ շուրջ հինգ տարի մոսկվաբնակ ռուսախոս հայ երիտասարդները հնարավորություն ունեին անվճար սովորել հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի և մշակույթի պատմություն։

Եվ այս ամենն անում էինք՝ յուրաքանչյուր քայլափոխի կռիվ տալով ադրբեջանական համայնքի ամբարտավան և անբարո ներկայացուցչների հետ, որոնց բախտն անհամեմատ ավելի էր ժպտում, քանի որ վայելում էին իրենց պետության խրախուսանքն ու օժանդակությունը։ Իսկ մենք ոչ միայն չունեինք և չունենք նման օժանդակություն և լիիրավ ձևավորված հայ համայնք Մոսկվայում, այլ նույնիսկ ժողովրդի լեզվով ասած՝ «երեսի զոռով» ենք ամեն բան անում։

Բ

Հարգելի գործընկերներ,

Ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում դժվար է գերագնահատել։

Համայնքը, որպես այդպիսին, կայանում է նախ և առաջ որպես հոգևոր կառույց, ուստի տպագիր խոսքի ու պարբերականի միջոցով հաղորդակցվելը, տվյալ գաղթօջախի համախմբելը, նրան այլ գաղթօջախների հայության հետ մամուլի միջոցով կապելը միշտ էլ եղել և մնում է կենսական անհրաժեշտություն, հոգևոր պահանջ:

Ամեն մի պարբերական, եթե չասենք նրա յուրաքանչյուր համարը, պատմական վավերագիր է դառնում, որի պատմական, կենսական ու գործնական նշանակությունը վեր է որևէ կասկածից: Եվ որքան շատ լինեն հայ պարբերականները, այդքան մրցակցությունը կմեծանա և որակը կբարձրանա։

Այս առումով ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հարցի վրա։

Այսօր Սփյուռքի թե՛ հայալեզու և թե՛ օտարալեզու հայ անկախ տպագիր մամուլը գտնվում է օրհասական վիճակում, այն օգնության կարիք ունի։

Մեր ողջ պատմության ընթացքում եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվել են որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվել են, կամ էլ հասկանալի պատճառներով ընկել իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ՝ դառնալով արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանցից  հույժ կախյալ։

Ունենք կուսակցական տպագիր պարբերականներ, որոնք այս կամ այն կուսակցության պաշտոնաթերթերն են և ի սկզբանե կոչված են լուսաբանելու սեփական կուսակցության գործունեությունը, նրա հասարակական, մշակութային և քաղաքական կյանքը, հետևաբար իրենց նյութական կարիքները հոգում է սեփական կուսակցությունը։

Ունենք եկեղեցական տպագիր պաշտոնաթերթեր, որոնք լուսաբանում են եկեղեցական կյանքն ու գոյատևում են եկեցեղեցու նյութական օժանդակության շնորհիվ։

Ունենք համայնքի կողմից հիմնադրված և համայնքի անդամների ջանքերով կամ համայնքի որևէ մեծահարուստի կողմից ֆինանսավորվող համայնքային պաշտոնաթերթեր, որոնք կոչված են առաջին հերթին ներկայացնելու համայնքի կյանքն ու առաջ քաշել նրա խնդիրները և այլն․․․

Սակայն, ցավոք, այս ամենի ֆոնին մենք ունենք անհամեմատ քիչ քանակություն կազմող անկախ պարբերականներ։

Լինելով զանգվածային տեղեկատվության և քարոզչության  հիմնական միջոցներից մեկը, մամուլը նաև հասարակական, քաղաքական պայքարի հզոր զենք է, լուսավորության, կրթության, գիտելիքների տարածման, մշակույթի զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևոր օղակ։

Անկախ մամուլն առողջ հասարակություն ձևավորելու և առողջ սերունդ դաստիարակելու անհրաժեշտ գրավականն է։ Ուստիև, հարկավոր է ըստ արժանվույն գնահատելով նրա դերն ու նշանակությունը «Հոգևոր Հայաստան» կերտելու գործում՝ պետական մակարդակով խրախուսել և օժանդակել նրան եթե ոչ նյութապես, ապա գոնե բարոյապես։

Գ

Հալեպահայության կացության իրական խնդիրների առաջ՝ բոլոր այս մեր զեկույցներն ու ծավալած հայրենանվեր գործունեության մասին պատմելը մի տեսակ գլուխգովություն են հիշեցնում։ Իսկ մամուլում հայտնված վերջին հոդվածներն ու որոշ մեկնաբանություններ պարզապես զավեշտական են։ Օրհասական վիճակն էլ ինչպե՞ս է լինում։ Անվերջ խոսում ենք հայրենադարձությունից, հիմնադրամներ ենք հիմնում, դրամ հավաքում․ սրանից լավ առի՞թ։ Մարդիկ պատրաստ են տեղափոխվել հայրենիք, իսկ ոմանք ասում են՝ թող մնան գաղթօջախը պահելու։ Բա ի՞նչի համար ենք այսքան ակտիվ գործունեություն ծավալում Սփյուռքում, ազգային և մշակութային արժեքներ տարածում, լեզու, գրականություն ու պատմություն սովորեցնում, եթե նպատակը հայ մարդուն ի վերջո հայրենիք վերադառնալու գաղափարը ներարկելն ու դեպի Հայաստան ուղղորդելը չէ։ Ամեն օր աշխարհից պատասխանատվություն ենք պահանջում 100 տարի առաջ կատարված մարդկային անարդարության համար, իսկ իրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության պահին կամ լուռ անտարբերություն ենք դրսևորում, կամ անտրամաբանական ու ապազգային եզրահանգումներ անում։

«Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա՝ միևնույն է — «դեպի Հայաստան»․․․ անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել»։ Սրանք Վահան Տերյանի խոսքերն են Եղեռնից ամիսներ առաջ, որոնք այսօր էլ արդիական են հնչում։

Ուստի, եթե մեր սրտերն ուղղված են դեպի հայության ապագան, եթե մենք իրոք հավատում ու ապավինում ենք այդ ապագային, ապա եկեք մեր հայացքն ուղղենք ոչ միայն դեպի Վան կամ Երևան, այլ նախ կառուցենք մեր ներսի Վանն ու Երևանը։ Այլապես այս էլ քանի դար գնում-գնում ու տեղ չենք հասնում։

Դ

Իսկ հիմա ուզում եմ բացել մի փոքրիկ գաղտնիք։ Այն ամենը, ինչի մասին խոսեցի, նորություն չէ ոչ միայն հիմնախնդիրների, այլ նաև ձևակերպումների առումով, քանի որ այս ամենն արդեն տպագրված է եղել։ Եվ տպագրվել է «Ժամ» ամսագրում։ Ելույթս կազմված էր մի շարք պարբերություններից, որոնք քաղել եմ ամսագրի 2008-2016 թթ․-ի տարբեր համարներից, ինչն էլ վկայում է թեմայի նկատմամբ մեր հետևողական վերաբերմունքի մասին։

«Ժամ» ամսագիրը մեծ բծախնդրությամբ ծառայում է հայրենիքին գործով՝ հիմք ընդունելով հին շարականով մեր պապերից մեզ ավանդված՝ «Ազգիս Հայոց՝ սեր, միություն…» փափագ-պատգամը։

Շնորհակալություն ուշադրության համար։

Երևան, 21 հոկտեմբերի 2016 թ․

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top