online

«Նարեկացու» առաքելությունը

Նարեկ Հարթունյանի հարցազրույցը մոսկովյան «ժամ» ամսագրին

Նարեկ Հարթունյան

Նարեկ Հարթունյան

Նարեկ Հարթունյանը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիրն է: «Նարեկացին» հիմնադրվել է 2002 թվականին՝ ԱՄՆ-ում, և ունի մասնաճյուղեր Երևանում ու Շուշիում: Այն շահույթ չհետապնդող, բարեգործական հիմունքներով գործող հասարակական կազմակերպություն է, որը կոչված է ծառայելու հայ հոգևոր և մշակութային արժեքներին:
«Նարեկացին» ունի համերգասրահ, ցուցասրահ և պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա Երևանում և Շուշիում: Հրատարակել է շուրջ երկու տասնյակ ձայնասկավառակ, պոեզիայի ժողովածուներ, գեղարվեստական ալբոմներ: Իրականացրել է շուրջ 3000 համերգ, ցուցահանդես, դասախոսություն, վարպետության դաս: Համագործակցել է ավելի քան 2000 հայ և օտարերկրյա ստեղծագործողի հետ` նրանց տրամադրելով համերգներով հանդես գալու, ձայնագրվելու, ցուցադրվելու անվճար հնարավորություններ: Հաշմանդամների համար ստեղծված է ազատ տեղաշարժվելու բոլոր պայմանները: «Նարեկացին» իր ողջ գործունեությունն իրականացնում է անվճար հիմունքներով:
Արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների: 2008-ին հիմնել է «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը: «Նարեկացիում» անցկացվող բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

 

Հարթունյանների ընտանիքը
Ես ամեն ինչ նախախնամության հետ եմ կապում: Առանց Տիրոջ կամքի ոչինչ չի լինում կյանքում: Մեծ հայրիկներս երկուսն էլ ցեղասպանությունից փրկված են: Հորս կողմը հասել է Հալեպ: Հալեպում մեծ հայրս դարձել է բավականին հաջողակ գործարար և այդ ժամանակ օգնել է թե′ եկեղեցուն, թե′ մանկապարտեզի կառուցման աշխատանքներին և այլն: Նա մեծահոգի և առատաձեռն մի մարդ է եղել: Շատ է սիրել արվեստ: Միշտ երաժիշտներ է հրավիրել իր տուն և տան մեջ համերգներ է կազմակերպել: Հայրս այդ ամենը շարունակել և զարգացրել է: Նա ևս լինելով շատ հաջողակ գործարար` միևնույն ժամանակ եղել է շատ հոգևոր անձնավորություն: Շուրջ 25 տարի եղել է եկեղեցու դպիր և մեծ նվիրում է ունեցել մշակույթի հանդեպ: Ես հիշում եմ դեռ վաղուց, երբ աչքերս բացել եմ, մեր տան մեջ միշտ հյուրեր են եղել` մեծ մարդիկ, արվեստագետներ: Հիշում եմ Ալեքսանդր Հարությունյանին, Լևոն Հախվերդյանին և այլ արվեստի ու մշակույթի գործիչների: Հայրս իրենց միշտ օգնում և հովանավորում էր: Միևնույն ժամանակ օգնում էր Լիբանանի դպրոցներին, հովանավորում էր այն աշակերտներին, ովքեր ցանկանում էին խորանալ հայագիտության մեջ: Մայրս ուսուցչուհի էր: Մեր տան մեջ միշտ հնչել է հայ լավագույն հոգևոր, դասական, ազգագրական երաժշտությունը: Այդ մթնոլորտի մեջ եմ մեծացել:
Հայաստանի հետ ծնողներիս կապը սկիզբ է առել 1959 թվականին` իրենց մեղրամիսը ծնողներս անցկացրել են Հայաստանում: Դրանից հետո տարին գոնե մեկ անգամ այցելել են Հայաստան:
Կապը մշակույթի հետ
Անձամբ իմ կապը մշակույթի հետ եղել է դպրոցական տարիքից, երբ հաճախում էի թատերական խմբակ: Ընտանիքիս համար արել եմ այն, ինչ իրենք են ցանկացել, բայց միշտ եղել եմ արվեստի մթնոլորտի մեջ` ավելի շատ թատերական և երաժշտական: Երբ համալսարան գնացի, ինձ համար հոգեհարազատ չէր բիզնես ուսանել, դա իմ աշխարհը չէր: Համալսարանի շենքում կային թատերական ներկայացումներ, որոնց ես մասնակցում էի: Ինձ հոգեհարազատ էր այդ աշխարհը: Շատ հաճախ փախչում էի դասերից և գնում այնտեղ: Ես արվեստագետների հետ իմ շփումներից շատ ավելի բան եմ սովորել, քան դպրոցից կամ համալսարանից: Մանավանդ տաղանդավոր մարդկանց հետ իմ շփումերը ինձ շատ ավելին են տվել: Լիբանանում դեռ համալսարան ուսանելու տարիներին եղել են երաժշտական խմբեր, որ ես հովանավորել եմ: 1988թ.-ին տեղափոխվեցի Ամերիկա: Այդ տարիներին մասնակցեցի իմ համալսարանական ընկերոջ` Մհեր Գարագաշյանի ֆիլմարտադրության աշխատանքներին: Լիբանանում մեծանալով մեզ համար շատ կարևոր էր հայկական երաժշտությունը` հատկապես ժամանակակից երաժիշտներն ու երգահանները: Ինձ շատ հոգեհարազատ էր Ռուբեն Հախվերդյանի և Արթուր Մեսչյանի երգարվեստը:

 

Baroness Caroline Cox

Բարոնուհի Քերոլայն Քոքսի և Վարդան Թադևոսյանի հետ, Երևան, 2009թ.

Առաջին նախագծերը
Երբ Ամերիկա եկա և իմացա, որ Արթուր Մեսչյանը Բոստոնում է, ցանկացա հանդիպել իր հետ` որպես իր երգարվեստի երկրպագու: Ես գտա նրան Բոստոնում և այդտեղ հասկացա, որ իր կյանքում շատ կարևոր դեր եմ ունենալու: Սկսեցի համագործակցել իր հետ. կազմակերպել համերգներ, ձայնագրություններ և այլն: 2- 3 տարվա աշխատանքի արդյունքում ծնվեց «Կատարսիս» ձայնասկավառակը` բարձր որակի ձայնագրությամբ:

 

«Նարեկացին» ստեղծելու գաղափարը
Համագործակցելով մի շարք արվեստագետների հետ, ես վաղուց եմ սկսել մշակույթին ծառայելու իմ առաքելությունը: Հայ ժամանակակից ամենամեծ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ իմ շփումներն ու մտերմությունը ճակատագրական եղան: Իր շնորհիվ իմ մեջ ծնվեց «Նարեկացի» արվեստի միության գաղափարը: 1997 կամ 98թթ.-ին Արտո Չաքմաքչյանը հրավիրված էր Նյու-Յորքի «Արտ էքսպո»-ին, որտեղ մի փոքրիկ տաղավարի մեջ Արտոյի գործերը ոչ թե ներկայացված, այլ իրար վրա թափված Էին, իսկ կողքին էլ ուրիշ արվեստագետների գործեր: Ինձ զայրացրեց արվեստի գործի հանդեպ նման վերաբերմունքը: Մտածեցի՝ ինչու՞ չստեղծել շահույթ չհետապնդող մի կազմակերպություն, որտեղ արվեստագետին հարգանք կմատուցվի, ճիշտ ձևով կներկայացվեն արվեստի գործերը, կապահովվեն արվեստագետի իրավունքները: Այդ օրը ինձ հետ էին նաև իմ ընկերները: Իրենց հետ կիսվեցի, և իրենք էլ ոգևորվեցին: Հենց նույն օրը սկսեցինք կազմակերպության անունը որոշել: «Կիլիկիայից» սկսած «Արարատով» վերջացրած… հարյուր հատ անուն գրեցինք, որից հետո մեծամասնությունը «Նարեկացի» քվեարկեցին: Ի դեպ` ես ուրիշ անուն էի ընտրել, բայց հիմա չեմ էլ հիշում, թե ի՞նչ: Եվ միգուցե ճիշտն էլ այդ եղավ, քանի որ սուրբ Գրիգոր Նարեկացու անունը որդեգրելը նախ մեր սրբի միջոցով Տիրոջ օրհնություն ստանալն է և հետո` մեծ պատասխանատվություն հավատարիմ մնալու այդ անվան և ոգու մաքրությանը և այդ հավատքով ծառայել մշակույթին:
Երբ 1999թվականին եկա Հայաստան, Վահան Արծրունու հետ երկար խոսեցինք այդ մասին: 2000 թվականին գրանցեցինք «Նարեկացին» և սկսեցինք մեր գործունեությունը: Երևանում «Նարեկացու» դռները բացվեցին 2004թվականի սեպտեմբերի 5-ին, Շուշիում` 2006թվականի օգոստոսի 31-ին:

 

IMG_0602 (640x427)

Տիգրան Մանսուրյանի հետ, Երևան, 2011թ.

«Նարեկացին» Շուշիում
Ես տեսլական երբեք չեմ ունեցել, ունեցել եմ հավատ և ցանկություն, որը Տերն է դրել իմ մեջ: Երբ ես սկսեցի այս գործը, պատկերացում անգամ չունեի , որ այն կարող է այս աստիճան ծաղկել, և, որ այս աստիճան կարիք կա այսպիսի փոքրիկ մշակութային օջախների: Շուշիի մեր կենտրոն հաճախում են մոտավորապես հարյուր երեխա: Ունենք քսանչորս աշխատող: Կրթահամալիրում երեխաների համար կրթությունն անվճար է: Դա մեր սկզբունքն է թե’ Երևանում, թե’ Շուշիում: Մեր կենտրոնները իրենց առաքելությամբ պայքարում են նյութամոլության դեմ:

 

Քնարավան
Մայրիկիս կորցրեցինք 2002 թվականին: Հորս մոտ ցանկություն առաջացավ մի բան կառուցել ու նվիրել հանգուցյալ մորս հիշատակին: Նա մտահղացավ ազատագրված հողերի վրա զրոյից կառուցել մի գյուղ: 2003թվականից սկսեցինք կառուցել այդ գյուղը: Հիմա այդ գյուղը կա և կոչվում է` Քնարավան: Այսօր այդտեղ մոտավորապես 11-12 ընտանիք է ապրում: Ընտանիքները պարտավոր են առնվազն տասը տարի ապրել այնտեղ, որպեսզի տունը իրենց սեփականությունը դառնա: Առաջնահերթությունը տրված է բազմազավակ և անտուն ընտանիքներին:

Vaan Artsruni

Վահան Արծրունու համերգը «Նարեկացիում», Երևան, 2011թ.

 

Ամբաստանյալի կարգավիճակում
Կարծում եմ ավելի հեշտ է ուրիշներին օգնել, քան ինքդ քեզ: Ծնվել եմ Լիբանանում, հիմա ԱՄՆ քաղաքացի եմ, բայց արդեն երեք տարի ապրում եմ Հայաստանում: Այստեղ 2 տարի է, որ մի շարք դավադրությունների հետևանքով գտնվում եմ ամբաստանյալի կարգավիճակում: Ինձ արգելված է երկրից բացակայել: Դա էլ է ճակատագիր: Հայաստանում ներդրումներ ենք արել, վստահել ենք մարդկանց և լուրջ անարդարություններ են եղել, որոնք մինչ օրս շարունակվում են: Այդ ամենը հանգուցյալ հորս ամբողջ կյանքում վաստակածը յուրացնելու համար էր և ոչ միայն: Հայրս 2004 թվականին տեղափոխվեց Հայաստան և իր կյանքի վերջին տարիները ապրեց Հայաստանում: Նա Հայաստանում էլ փորձեց ներդրումներ անել: Սակայն այն մարդիկ, ում լիազորել էինք ու վստահել, և զանազան պետական մարմիններում աշխատող անձինք, ձեռք ձեռքի տալով` արեցին այդ մութ գործը: Դրանք խաչագողեր են, ովքեր չեն հասկացել, որ հարամ են գործում և մեղք ու անեծք են կուտակում իրենց հասցեներին: Արդեն 3 տարի է, որ այս փորձությունների մեջ եմ: Բավականին լուրջ մեղադրանքներ են ներկայացնում, ընտանիքիս արժանապավությունն են ոտնահարում: Նույնիսկ բանտ են նստեցրել… Շաբաթը երկու երեք անգամ ես դատարաններում եմ, փորձում ենք օրենքով առաջնորդվել և արդարությունը վերահաստատել: Յուրաքանչյուրս մեր խաչն ունենք: Փորձությունների միջով անցնելն էլ իր խորհուրդն ունի:

 

Գոյատևման խնդիրները
Այս ամենը իմ անձնական ֆինանսների հաշվին է: Ընտանիքս ինձ միշտ օգնել է. հայրս էր օգնում, եղբայրս՝ Սարո Հարթունյանը մինչ օրս օգնում է: Ես երբեք պատկերացում չունեի մեր աշխատանքների ծավալի մասին: Երբ մի քանի տարի անցավ ես հասկացա, որ ողջ ունեցածս հատկացրել եմ այս գործին: Նաև հասկացա, որ չի կարելի կանգնեցնել «Նարեկացին»: Ես երազանքներ ունեի կամ հույսեր էի փայփայում, որ կլինեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք տեսնելով մեր գործունեությունը` կմիանան մեզ կամ կհովանավորեն որոշ նախագծեր: Իհարկե եղել են այդպիսի մարդիկ, կազմակերպություններ, բայց մոտավորապես 50 աշխատակազմով, հրատարակություններով ու զանազան նախագծերով, որ մենք անում ենք, այդ ամենը մեկ մարդու կամ երկու եղբոր գործ չէ: Սա ազգային առաքելություն է: Ֆինանսների կարիք կա, բայց դիմանում ենք: Շուշիում, բացի կրթօջախը, մենք նախատեսել էինք ունենալ համալիր, որն իր մեջ պիտի ներառեր հանրակացարան, որտեղ անվճար կբնակվեին Շուշի հաճախող բոլոր այն կամավորները, ովքեր իրենց տաղանդն ու հմտությունները կկիսեին երեխաների հետ: Նախատեսում էինք ունենալ պրոֆեսիոնալ դահլիճ, որտեղ կարող էին հանդես գալ երաժշտական բոլոր ժանրերի խմբեր և անհատ կատարողներ: Մենք ունենք տարածք, բայց հնարավորություններ չունենք: Պետք են մարդիկ, ովքեր լուրջ ներդրումներ կանեն: Եթե այդպիսի հնարավորություններ լինեն, ոչ միայն Հայաստանից, այլ աշխարհի այլ երկրներից էլ խմբեր կգան և ելույթներ կունենան: Այս տարիների ընթացքում մենք արժանացանք բավականին շատ կոչումների ու տիտղոսների: Տիգրան Մանսուրյանը «Նարեկացին» հոգևոր տուն է անվանել: Մշակութային կենտրոն լինելով, երբ արժանացնում են նման գնահատանքի, դա նույնքան հաճելի է, որքան պարտավորեցնող: Այս առաքելությանը ես տրվել եմ լիովին՝ անելով կարելին ու անկարելին: Ինձ համար անչափ կարևոր է, որ «Նարեկացիում» ամեն ինչ լինի անվճար: Կարևոր է, որ մեր ծառայությունը մշակույթին լինի մաքուր:

 

Լուսանկարչություն
Այս տարիների ընթացքում ես սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել: Նույնիսկ յուրահատուկ մի ոճ ծնվեց: 2006թվականից սկսեցի այդ ոճով նկարել: Եվ բավականին հետաքրքիր լուսանկարներ են ստացվել: Ես այն կոչում եմ ֆոտորա: Դրանք պահի տակ են ծնվում՝ մարդկանց ու նրանց էներգիայի հետ կապված: Նրանց մեջ շատ շարժում և ոգի կա: Զանազան էլեմենտներ եմ փորձել միացնել իրար: Ես երբեք իմ լուսանկարները չեմ ցուցադրել:

 

Առաջիկա ծրագրերը
Նարեկացին միշտ իր հունի մեջ է, միշտ ծրագրեր ունի, միայն թե չխանգարեն: Կան երաժշտական ծրագրեր: Շուտով լույս կտեսնի Արթուր Շահնազարյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Շարական խազագրեալ» հրատարակությունը: Ձայնասկավառակում ներառված են 12 շարականի վերծանությունները` Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Արդեն 2 տարի է, որ աշխատում ենք այդ նախագծի վրա: Կլինի նաև հրատարակություն` Ռուբեն Հախվերդյանի և Վարդան Գալստյանի հետ: Ամն –ի դեսպանության և ԱՄԵՐԿՈՄ –ի հետ համատեղ Երևանում և Գյումրիում անց է կացվելու «1915. հետքերով որբերի հայոց» խորագրով փաստավավերագրական լուսանկարների ցուցահանդեսը, որի շրջանականերում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Նյու-Յորքի Ռոքֆելերի անվան արխիվային կենտրոնի բացառիկ հավաքածուն:

«Նարեկացի» արվեստի միությունն այս տարի հունիս ամսին նոր նախագիծ է իրականացնելու, որը կոչվում է «Նարեկացի» ամենամյա արվեստների փառատոն: Մեկ շաբաթ է տևելու և այդ ընթացքում յուրաքանչյուր օր ներկայացնելու ենք մի ոճի երաժշտություն. դասական, հոգևոր, հեղինակային, ազգագրական, ջազ և այլն… Զուգահեռ լինելու է նաև ցուցահանանդես: Առաջին անգամ այդ ցուցահանդեսին ես կմասնակցեմ նաև իմ լուսանկարներով: Դա էլ Վահան Արծրունու ցանկությունն էր, որ իր համերգի օրը իմ լուսանկարները ցուցադրվեն:

 

Նազելի Օհանյան, «Ժամ» ամսագիր
Լուսանկարները՝ Գարեգին Աղաբեկյանի

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top