online

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյանը կոլորատուրային սոպրանոյի դիապազոնին ավելացրեց ևս մեկ օկտավ:Եվ եթե Գոհարը ժամանակին հողմացրիվ արեց դիապազոնի համաշխարհային ճանաչված սահմանները, ապա այժմ նա մեզ վերանայել է տալիս ստեղծագործական երկարակեցության սահմանները:

                                                                Արամ  Խաչատրյան   

  goar_gasparyan 1924 թ. դեկտեմբերի 14-ին Նեղոսի ափին ծվարած մի գյուղաքաղաքում՝ Իբրահիմիա-Շարկիայում, եգիպտացի հայերի՝ Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների ընտանիքում աղջիկ ծնվեց: Ծնողները, դստերը կոչելով տարածված Գոհար անվամբ, չէին էլ պատկերացնում, որ իրենց դուստրը կդառնա Հայաստանի իսկական գանձը, հայկական արվեստի թագի ամենապայծառ ադամանդը: Մի աննշան դեպք Գոհարիկի համար դառնում է  ճակատագրական:Իրենց հույն հարևանի տանը նա առաջին անգամ լսում է պատեֆոնի վրա հնչող մի սկավառակ:Աղջնակն ապրում է իր կյանքի ամենացնցող պահը՝ զմայլվելով երաժշտությամբ ու երգչուհու ձայնով:Նա հիացմունքից դողում է, արտասվում, խնդում և օրերով այդ հույն հարևանի պատուհանի տակից չի հեռանում՝ աղաչելով պատեֆոնը միացնել կրկին ու կրկին…Գոհարի հայրը չդիմանալով դստեր աղիողորմ թախանձանքին՝ նրան առնում է պատեֆոն և սկավառակներ:Երջանիկ Գոհարիկը արդեն ոչ միայն անընդհատ ունկնդրում, այլ՝ սկսում է ձայնակցել սկավառակներում հնչող Կոմիտասին, Կարուզոյին, Լիլի Պոնսին… Խաչատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Կահիրե:Գոհարիկը ընդունվում է Գալուստյան վարժարան: Շատ  շուտով արդեն ողջ եգիպտահայությունը  սիրում ու գուրգուրում է  Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու իննամյա աղջնակի հոգեթով սուրբ երգերը:

Ծնողները՝ Միքայել և Արուսյակ Խաչատրյաններ:

Ծնողները՝ Միքայել և Արուսյակ Խաչատրյաններ:

Առեղծվածային մարգարեությամբ է նշված նրա պատանեկությունը: Դեռևս դպրոցական, Գոհարը մի սովորական օր, դասերից հետո տուն վերադառնալիս, ուշադրություն դարձրեց այն բանին, որ իր ետևից գալիս է ինչ-որ մարդ, տեսքով` հնդիկ: Աղջիկը վախեցավ և վազեց: Իսկ տղամարդն անսպասելիորեն նրան դիմեց անգլերենով. «Մի վախեցիր ինձանից: Ես աստղ եմ տեսնում քո գլխավերևում: Դու երջանիկ կյանք կունենաս »… Տասնհինգ տարեկան հասակում Գոհարը արդեն  Եգիպտոսի ազգային ռադիոյի մեներգչուհին է:Վոկալ և երաժշտական կրթություն է ստանում Կահիրեյի կոնսերվատորիայում՝ վոկալ արվեստի խոշորագույն ուսուցիչներ՝ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում: Հետո արդեն՝  բազմաթիվ  համերգներ, շռնդալից ելույթներ Եգիպտոս ժամանած աշխարհահռչակ նվագախմբերի և դիրիժորների հետ, հետո՝ հրավեր Իտալիայից և ապա բախտորոշ վճիռ հայրենադարձության մասին… 1948 թ. ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան: Հետաքրքրիր է նշել, որ Հայաստան հայրենադարձության  համար պահանջվեց իր` Ստալինի միջամտությունը, քանի որ Գոհարի առաջին ամուսնինն էր Եգիպտահայ Գասպարյանը` եգիպտական ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցը: Երևանը  ընդունեց երգչուհի հայրենադարձուհուն  գրկաբաց, որի ձայնը շատ շուտով պիտի սփռվեր հայոց ողջ երկնակամարով որպես լավատեսության, հորդաբուխ կենսասիրության լուսավոր խորհրդանիշ: Հաջորդ տարվանից 25-ամյա Գոհարը սկսեց երգել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:Նրա առաջին դերակատարումը եղավ Լակմեի կերպարը  Լ. Դելիբի համանուն օպերայում:Ու հետո միանգամից բազում դերերի փոթորկալի հաջողություններ, նախ հայրենի հանդիսատեսի  ցնծագին ընդունելություն ու նվիրում: Ձայնային բնատուր, բացառիկ տվյալներ, զարմանահրաշ երաժշտականություն, ֆանտաստիկ տեխնիկա, աշխարհում հավասարը չունեցող դիապազոն, մեկնաբանությունների ցնցող խորք, վերասլաց առեղծվածային  ներշնչանք, անմնացորդ նվիրում, կենսահորդ լավատեսություն, լեզուների իմացություն, անհատնում աշխատասիրություն և աշխատունակություն. ահա նախադրյալների ոչ լրիվ ցանկը, որոնք կանխորոշեցին երգչուհու ստեղծագործական ճախրանքը:Շուտով ողջ աշխարհը պիտի ճանաչեր ու գնահատեր մեծ կոլորատուրային սոպրանոյի    այս հատկանիշները:Հայկական թատրոնում բացարձակ հաջողությանը հաջորդեց թռիչք աշխարհով մեկ:Թռիչք , որ սկիզբ առավ ռուս մեծ երգչուհու ՝  Վալերիա Բարսովայի հովանավորությամբ ու բարձր գնահատությամբ. «Այս փոքրիկ աղջնակը փոթորիկի պես հեղաշրջեց մեր բոլոր պատկերացումները վոկալ արվեստի մասին»:Մոսկվան եղավ նախասկիզբը ոչ միայն Ռուսաստանում  և  ԽՍՀՄ բոլոր  հանրապետություններում աննախադեպ  համերգային հաղթարշավի, այլև երգչուհու համար պատուհան դարձավ դեպի աշխարհի լավագույն բեմերը՝ դեպի բազմաթիվ քաղաքներ ու մայրաքաղաքներ, դեպի 55 տարվա անընդմեջ հաղթանակներ, որոնք արժանացան աշխարհի խոշորագույն մասնագետների և միլիոնավոր հանդիսատեսների գերադրական գնահատականներին՝  մեծ երգչուհուն անվանելով «մինչ այժմ չտեսած-չլսած հրաշք»:

Գոհար Գասպարյանը ամուսնու՝ Տիգրան Լևոնյանի հետ

Գոհար Գասպարյանը ամուսնու՝ Տիգրան Լևոնյանի հետ

Նրա տաղանդի հիրավի մոցարտյան մասշտաբը այնքան ակնհայտ էր, որ նա անմիջապես դարձավ առաջատար մեներգչուհի և այդպիսին մնաց մի քանի տասնամյակ: Նրա հեղինակությունն անբեկանելի էր, իսկ նրա շուրթերից գովասանքը` բարձրագույն պարգև:«Երգելը իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, և ես ապրում եմ հանուն իմ արվեստի: Իմ հավատամքն է` ոչ թե զարմացնել, այլ հուզել», — ասում էր երգչուհին: Գոհար Գասպարյանի կատարողական վարպետությունը ապշեցնում էր ամենից պահանջկոտ մասնագետներին և արժանանում էր ամենից բծախնդիր քննադատների բարձրագույն գովեստներին: Յուրաքանչյուր կերպարի մեջ Գոհարը մտնում էր, իր հերոսուհիների զգացմունքները փոխանցելով հուզված ուկնդրին … Նրա ձայնի դիապազոնը երեք-չորս նոտայով ավելի բարձր էր համաշխարհային համբավ ունեցող երգչուհիների դիապազոնից, իսկ ձայներանգը` յուրահատուկ, առաջին նոտայից ճանաչելի: Մասնագետներն ասում էին, որ միայն նա էր վերցնում երրորդ օկտավայի «սոլ» նոտան: Գոհարի, «հայկական սոխակի» մասին, ինչպես ժամանակին նրան կնքել էր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, գրել են ոչ միայն երաժշտագետները: Արխիվները պահպանում են ավելի քան երեք հազար հիացմունքով հրապարակումներ աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ նրանց հեղինակությունը նույնքան բազմազան է, որքան և երգչուհու հյուրախաղերի աշխարհագրությունը: Նրա Ռոզինային, Օլիմպիային, Վիոլետային, Ջիլդային, Մարգարիտային, Ջուլիետային, Նեդեյին, Լակմեյին, Նորինային, Լյուչիային, Անուշին, Նորմային, Մարֆային, Շուշանին ծափահարել են Լեհաստանում, Հունգարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ուրուգվայում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում… Հայտնի իտալական երաժշտական քննադատը գրել է, որ ոչ մի պարագայում Գոհար Գասպարյանի մասնակցությամբ «Տրավիատա»-ի տոմսը չէր փոխի Ռենատա Տեբալդիի մասնակցությամբ լավագույն ներկայացման տոմսի հետ: Այն նույն Տեբալդիի, ով իտալական երաժշտամոլների կուռքն էր, և ում համեմատում էին միայն մեկ այլ մեծության` Մարիա Կալլասի հետ: Հանրահայտ «Նյու-Յորք թայմս»-ը գրում էր՝ «Միսս Գասպարյանն ապացուցեց, որ ինքն անզուգական երգչուհի է:Նրա ձայնն օժտված է կոլորատուրայի հիրավի արտակարգ տվյալներով»:Իսկ ահա թե ինչ էր գրում  ռուսական  «Օգոնյոկ»- ը. «Բեմի վրա հայտնվեց Գոհար Գասպարյանը: Հնչեց մի ձայն, որի գեղեցկությունը կարող է մրցել աշխարհի լավագույն երգչուհիների հետ:Պետք էր տեսնել՝ ինչպես էր նա խաղում, ինչպես էր երգում… Գոհարի կատարման միջոցով բացվում է արվեստի բուն էությունը:Դա նման է հրաշքի»:

Գոհար Գասպարյանը Ավետիք Իսահակյանի հետ

Գոհար Գասպարյանը Ավետիք Իսահակյանի հետ

Գոհար Գասպարյանը հանդես  է  եկել 23 օպերաների գլխավոր դերերում:Ամեն մի կերպար ստեղծելով բացարձակ յուրովի ու ամեն անգամ կարծես նոր մեկնաբանությամբ, հետեվաբար հանդիսատեսը ամեն անգամ սպասում էր մի նոր հրաշքի:Դյութական ձայնով նա բառացիորեն տիրում էր դահլիճին, և այդ կախարդությունը գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում մեկ գործողությունից մյուսին, մեկ մեներգից մյուսին, մոգական ազդեցություն գործելով շունչը պահած ողջ դահլիճի վրա, որը երբեմն ուղղակի դղրդում և ցնցվում էր օվացիայի փոխարկվող ծափահարություններից: Երբ բեմադրությունն ավարտվում էր և վարագույրը փորձում են իջեցնել, դահլիճի մի մասը  չգիտես  ինչու բղավում էր «բիս-բիս»: Սակայն ինչ «բիս» օպերայում, հանդիսատեսները պարզապես չէին ցանկանում հաշտվել այն բանի հետ, որ այլևս չեն լսի Գոհարի ձայնը, որ ներկայացումն ավարտվել է, և ցանկանում էին, որպեսզի հրաշքը շարունակվի… ՈՒ այսպես մեծն երգչուհու բոլոր ներկայացումներին…

Գոհար Գասպարյանը Վալերիա Բարսովայի հետ

Գոհար Գասպարյանը Վալերիա Բարսովայի հետ

Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվում էր «Սևիլյան սափրիչը»:Դա Գոհարի առաջին բեմելներից մեկն էր Մոսկվայում:Եվ ահա երկրորդ գործողության տեսարանում, ուր ըստ լիբրետոյի Ռոզինան երգեցողության դասին  երգում է իր վիրտուոզ համարը, հանդիսատեսը թույլ չի տալիս, որ ներկայացումը շարունակվի, ու ճարահատյալ բեմ է հրավիրվում նրա դաշնակահարուհին,որի նվագակցությամբ Ռոզինա-Գասպարյանը մի ամբողջ համերգային բաժին է «ներհյուսում» ընդհատված ներկայացման մեջ:Աննախադեպ փաստ օպերային արվեստի պատմության մեջ:Ահա ևս մի դեպք. Իրանում Գոհարի հյուրախաղերը համընկան Բրեժնևի այցի հետ: Գոհարը ընդունելության հրավիրվեց պալատ, շահ Ռզա Փեհլեվիի մոտ: Երբ երգչուհին երգեց հայկական «Կռունկ» երգը և նրա բովանդակությունը թարգմանեց անգլերեն (այն անմիջապես թարգմանեցին ռուսերեն` Բրեժնևի համար), իրանական շահը խնդրեց կրկնել երգը… Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ ազդագրերի փոխարեն երեկոյան վառվում էին նեոնային ծաղիկներ և գրություններ. «Այնտեղ, որտեղ երգում է Գոհար Գասպարյանը, բացվում են ծաղիկները»: «Ծիծեռնակ» երգի և Կոմիտասի երկու երգերի կատարումից հետո նրանից խնդրեցին նոտաներն ու բառերը: Ճապոնիա նրա երկրորդ այցին տեղական երգչախումբը կատարեց այդ ստեղծագործությունները հայերեն լեզվով:

Գոհարը Գասպարյանը Անուշի դերում (Ա. Տիգրանյան «Անուշ»)

Գոհարը Գասպարյանը Անուշի դերում (Ա. Տիգրանյան «Անուշ»)

Գոհար Գասպարյանը հայրենի Հայաստանի իսկական հայրենասերն էր: Թուրքիայում հյուրախաղերի լինելով այն օրերին, երբ ողջ երկրով մեկ նշվում էր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը, նա Խորհրդային դեսպանատնից հսկայական ծաղկեփունջ ստացավ` գերեզմանին դնելու համար: Սակայն երգչուհին քաղաքավարիությամբ հրաժարվեց. «Ես չեմ կարող ծաղիկներ դնել այն մարդու գերեզմանին, ով երեք անգամ կոտորած է կազմակերպել իմ ժողովրդի նկատմամբ…»: Նրան համոզում էին, սակայն, սովորաբար հանգիստ ու ժպտերես, Գոհարը մնաց անդրդվելի: Ուր էլ որ եղել է Գոհար Գասպարյանը, ինչ մեծագույն պարգևներ ու գնահատականներ  էլ որ ստացել է, մնացել է իր հայրենի հողի հավատարիմ զավակը՝ նրանից սնվելով ու սնելով , պանծացնելով նրան:Այս իմաստով հատկանշական է երգչուհու պատասխանը լրագրողի հարցին, թե՝ «Տիկին Գոհար, Ձեր անթիվ հյուրախաղերի մեջ ինչն է Ձեզ ամենամեծ ուրախությունը պարգևել… Որն է եղել Ձեր ամենամեծ ուրախությունը»:Եվ հնչել է անկեղծ ու խորիմաստ պատասխանը՝ «Ամենամեծ ուրախությունս եղած է Տուն վերադառնալս»… 1964 թվականից Գոհար Գասպարյանը սկսել է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան  պետկոնսերվատորիայում, հետագայում ՝ արդեն որպես վոկալ ամբիոնի ղեկավար:Նրա բազմաթիվ  աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: 2004 թ. դեկտեմբերի 14-ին Երևանում նշում էին Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակը: Այդ օրը նա, երկարատև ընդմիջումից հետո, դուրս եկավ բեմ…Երգեց… Դա առաջին ծննդյան օրն էր, որ նա դիմավորում էր առանց ամուսնու` դերասան, ռեժիսոր,  երգիչ (տենոր) Տիգրան Լևոնյանի, ում հետ համաձայնության և սիրո մեջ ապրել էին 47 տարի, չնայած այն բանին, որ շատ քչերն էին հավատում նրանց միության ամրությանը (Տիգրանը շատ ավելի երիտասարդ էր Գոհարից և եղել էր նրա աշակերտը): Եվս մեկ առեղծվածային զուգադիպություն` նրանք ծնվել էին միևնույն օրը — դեկտեմբերի 14-ին…Կորստյան ցավը Գոհարին չլքեց մինչև կյանքի վերջը… 2007-ին կյանքին հրաժեշտ է տալիս  Գոհար Գասպարյանը …

Գոհարը Գասպարյանը Նորմայի դերում (Վ. Բելինի «Նորմա»)

Գոհարը Գասպարյանը Նորմայի դերում (Վ. Բելինի «Նորմա»)

Գոհար Միքայելի Գապարյան  հայ մեծ երգչուհին իր ողջ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, նա ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի է, Ստալինյան Մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի Հերոս (խորհրդային օպերային արվեստի ներկայացուցիչներից առաջինը), Լենինի և  Բարեկամության  շքանշանակիր, Մեսրոպ մաշտոցի շքանշանի (Հայաստանի բարձրագույն շքանշանի) ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի և  Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Գոհար Գասպարյանը ոչ միայն հայ ժողովրդի մեծ երգչուհին է, այլև հիրավի ադամանդ, համաշխարհային օպերային արվեստի զարդը, աշխարհի լավագույն կոլորատուրային սոպրանոներից մեկը: Ամենալայն դիապազոնը, վառ և ճանաչելի ձայներանգը, ուժեղ և հավասար ձայնը ստորին և վերին նոտաների վրա, մանրանուրբ տեխնիկան, խորը ներթափանցումը կերպարների մեջ` այս ամենը թույլ է տալիս նրա ձայնն անվանել իդեալական, իսկ կատարումը` էտալոնային: Նախկին ԽՍՀՄ տարածքում Գոհար Գասպարյանը միակ երգչուհին էր, ով բելկանտո մեներգերը կատարում էր այնպես, որ դա հիացմունք էր պատճառում նույնիսկ ամենից խստապահանջ արտասահմանյան հանդիսատեսին: Նա ոչ միայն բացառիկ էր կոլորատուրային չքնաղ տեխնիկայով, գեղգեղանքով, ֆանտաստիկ վերին հնչյուններով, բարդագույն պասսաժների հրավառության պես կատարմամբ այլև նրանով, որ ուներ կոլորատուրներին ոչ հատուկ կրծքաձայնով հագեցած հյութեղ, թավշային տեմբր, վառ և գունեղ հնչերանգ ու հուզական այնպիսի մի երանգապնակ, որ խորքային ապրումների ամենանուրբ  շարժումն իսկ արտացոլում էր ձայնի մեջ բովանդակային ողջ գունեղությամբ:Նա՝ իր ողջ կյանքում մանկան անկեղծությունն ու անմիջականությունը  պահպանած էակը, բեմում մոգական մի հմայությամբ ոչ միայն առնչվել է Գոյի վերին ճշմարտությանը, այլև այդ վերին ճշմարտությանը Աստվածատուր դյուրությամբ հաղորդակից է դարձրել նաև իր հանդիսատեսին: Մեծն Գոհար Գասպարյանը դարձավ հայկական արվեստի խորհրդանիշը, իսկ նրա աստվածային տաղանդը հավերժ կմնա Հայաստանի հպարտությունը և փառքը:   Նյութը պատրաստեց

Սար Սարգսյանը

Տեղեկատվության աղբյուր Տիգրան Լևոնյան, Էմանվել Մանուկյան  «Գոհար Գասպարյան», Երևան 2001 musplanet.narod.ru,  hy.wikipedia.org, www.encyclopedia.am, www.anunner.com [fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top