online

Эрика Атаян. Арцах, я люблю тебя!

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

Ասել-ասում են,թե լավ է այնտեղ,
Որտեղ մենք  չկանք:
Իսկ   ես պնդում  եմ,որ լավ է այնտեղ,
Որտեղ չենք կարող  չլինել ու կանք…

Պարույր Սևակ

Атаян Эрика

Атаян Эрика

Արցախ…ասել է թե  հայ ժողովրդի արծաթե քրտինք, որ  շաղախվելով քարի ու  աշխարհաշեն իր  արվեստի  հետ՝ քանդակյալ  ոսկու  է  փոխվում:

Ես հայ եմ,հայեցի,ծնվել և ապրում եմ աստվածային  այն  հողի վրա,որ կոչվում է Հայոց հող: Եվ ինձ ամուր ու հպարտ եմ զգում այդ բազմաչարչար հողի վրա: Զավակն եմ դարերի և ավերում տեսած,բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի:

Իմ  երկիրն   այն է,  որ  հողը  դարեր շարունակ ոռոգել է դառը քրտինքով ու աղի արցունքով և նոր տվել կուտակած իր քաղցրությունը:

Գրում  եմ  ես, ու տողերիս, հոգուս, մտքիս մեջ Արցախն է՝ աշխարհահայտ  իր  գեղությամբ, ակնահաճո շքեղությամբ, բազմաբուրյան իր բնությամբ, հողի վրա քրտինք թափող,իր ոստանը պահող, պաշտող ու պաշտպանող և լեռնական ժողովրդով, իր ջերմ ծոցում աճող,  փթթող,  կյանք արարող նոր սերնդով, ինձ թև տվող,ինձ հևք տվող սրբանվեր իմ այս փոքրիկ, իմ այս գողտրիկ հերոսածին բնօրրանով… Ուրիշ որտե՞ղ  կարող էր աղբյուրն այդքան պաղպաջուն, ժայռն  այդպես  ծանրախոհ ու մասրենին այդքան տոկուն լինել: Արևահամ  են մեր հողը,  բարը,  բառը,  օդը:  Արևավառ  են  սարալանջերն ու  դարավանդները:  Աշխարհի ոչ մի անկյունում միրգն այնքան մեղրածոր  ու անուշաբույր չէ,  որքան մեզ մոտ: Ասում են՝ մեզ ծնկի բերելու  համար մեր  թշնամիները մեր այգիներն են ոչնչացրել:

Մենք էլ, ի  հեճուկս  թշնամու, շարունակել ու շարունակում ենք այգիներ  տնկել,  աշխարհին զարմացնել մեր ոսկեհատ խաղողով, դեղձան թավշե դեղձով, անկրկնելի ծիրանով, մեղրահամ տանձով, խնձորով, սալորով:

Արցա՛խ, իմ աշխարհ,  դու՝   իմ չնաշխարհ,
Դու՝իմ հուզաշխարհ, դու՝ իմ հուշաշխարհ,
Դու՝բազմաչարչար,դու՝բազմաճարտար,
Դարերից    եկող,     դարեր    գնացող,
Դարերի դիտորդ,հավերժի ճամփորդ,
Իմ ազգի նշխար:

Ինչե~ր  ասես,  որ   չեն  տեսել  հայրենիքիս  լեռները, սուրբ  լեռները. ավեր,  տեղահանություն,   սուգ,  կոտորած,  կողոպուտ…

Խոսե՛ք,  Արցախի՛  լեռներ,  վիպասանե´ք  մեր անթիվ հաղթանակները, երբ  միաբան  ու արիակամ ենք եղել…

Չներվեց մեր առավելությունը…Մորթվեցին մեր երազները բարբարոսի  ձեռքով, ջախջախվեցին մեր անուրջներն ու խաչքարերը, բայց անարգ ոսոխը չկարողացավ կտրել Արցախի տոհմածառի բունը…Իմ  ժողովուրդը  հարատևում է հավերժի ճամփորդի նման, ինձնով և ինձ նմաններով է կանգուն իմ հայրենիքը՝ Արցախ աշխարհը:

Իմ   Արցա՛խ աշխարհ,  իմ փառապա՛նծ երկրամաս, ես քո արդար ցորենի արտն եմ, որ դարեր շարունակ տրորվել է օտարի այրուձիերի սմբակների տակ, որից   փրկված  մի բուռ ցորենը հասել է մեզ, դարձել հաց ու բարիք:  Խաղողի  համառ   որթն  եմ ես,  որի արմատները հասնում են մինչև արև, ես ինքը՝ կյանքն եմ, հարատևումը և անմահությունն իմ ժողովրդի:  Ես նա եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի, ես գիտեմ ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը,  այն է՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալ:

Մենք բոլորս երդվյալ զինվորներ ենք այս սուրբ հողի: Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ է գծվել, ու այդ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է:  Քո հավատը  մեր հավատն է՝  հանուն  խոստումնալից  ապագայի, հանուն  Արցախի  բարգավաճման և հանուն ողջ հայության միավորման…

Ոգու հերոսացումը պարզապես անպատմելի է ու անթարգմանելի: Մենք անմահության ու հավերժության ճամփան ենք ընտրել:

Ես  համոզված  եմ  և հավատում եմ, որ իմ հայրենիքի պաշտպանության դժվարին ու վսեմ գործը հուսալի ձեռքերում է: Հպարտությամբ եմ  համակվում ամեն անգամ,երբ լսում եմ պատերազմի բովով անցած մեր բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակ լինելու մասին: Հզոր ու անպարտ են մեր բանակն  ու նրա զինվորը,  քանի որ հայ զինվորների  երակներով հոսում է ազատատենչ Հայկի ու նրա ժառանգների արյունը, որը հանապազ ազատություն   ու անկախություն  է ճչում:

Իմ  սերնդի  ազատատենչ  ոգին պատրաստ  է պատերազմի.  չէ±  որ մեզ է կտակված  մեր  պապերի  հաղթանակի   տենչը:

Իմ Արցա՛խ, խոստանում եմ երբեք չլքել քեզ, մնալ ու մասնակցել  քո շենացմանն  ու  բարգավաճմանը:

Ապրել ու մեռնել հայրենիքիս  համար. ահա  խնդիրը,  որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար  իմ մանկության օրերից:

Ես սիրում եմ քեզ, Արցա՛խ, իմ  հա՛յ ժողովուրդ, և այդ  սերն անսահման է  ու  անմնացորդ,  մեծ  ու մաքրամաքուր:

 

ЭРИКА АТАЯН

ученица 11 класса Гадрудской средней школы

______________________________

Aleksanyan_Irina2Школа им. Микаела Манвеляна г. Гадрут
Директор: Минасян Артур
Преподаватель: Саркисян Лиана

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top