online

Армянская Библия 405 года — королева всех переводов

Статья взята из:
Kaрамян М., Головань С. История Большого Академического Словаря Русского Языка//Ակադեմիկոս Հ. Աճառյան, § 22 ՍՈԻՐԲ ԳՐՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ/ПЕРЕВОД АРМЯНСКОЙ БИБЛИИ 405 ГОДА (на арм.), Էջ 199/стр. 199: Σίγμα: Лондон, 2012.

NOTE. The editorial collegium of LA FILOLÓGICA POR LA CAUSA is presenting this essay based on handwritten copies of academician Adjarian’s “Armenian Alphabet”. The oeuvre was also published by Yerevan University Press. LA FILOLÓGICA POR LA CAUSA re-edited the text several times to justify the content exactly like Adjarian left his notes in the margins. This text was taken from the 4th B&W Proofs of a massive monograph, “the History of the Great Academic Dictionary of the Russian Language.”

 

§22. ՍՈԻՐԲ   ԳՐՔԻ   ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հեղինակ՝ Ակադեմիկոս Հ. Աճառյան:

 

1

Саак-Маштоцевская Библия 989 года, Эчмиадзин

Саак-Маштоцевская Библия 989 года, Эчмиадзин

Սահակը և Մեսրոպը ամբողջ Հայաստանի, Վրաստանի և Աղվանից զանազան գավառները կրթությամբ ու քրիստոնեական վարդապետությամբ լուսավորելուց հետո, ձեռնարկեցին հատկապես հայկական դպրությունը ծաղկեցնելու։ Այն ժամանակ տիրող գաղափարների   համաձայն,    այս   երկու   գործիչների   բուն   նպատակը ժողովրդի հոգևոր ու կրոնական կրթությունը լինելով, բնականաբար պիտի աշխատեին ամենից առաջ հայերենի թարգմանել Սուրբ Գիրքը, եկեղեցական պաշտամունքի վերաբերյալ ուրիշ գրքեր, և վերջապես հին եկեղեցական նշանավոր հայրերի թողած լավագույն կրոնական ու վարդապետական աշխատությունները։ Աստվածաշնչի թարգմանության գործը նոր չպիտի սկսվեր։ Արդեն շատ տարիներ առաջ, դեռ ասորական հողի վրա եղած ժամանակ, գրերի գյուտից անմիջապես հետո, Մեսրոպը Սամուսատ քաղաքում սկըսել էր թարգմանել Սուրբ Գրքից իր սիրած հատորը՝ Սողոմոնի Առակաց դիրքը։ Այս գրքի թարգմանության ժամանակ օգնական էին Մեսրոպին իր երկու հասուն աշակերտները՝ Հովհան Եկեղեցացի և Հովսեփ Պաղնացի։ նույնիսկ Հռուփանոս հույն գրիչը սկսել էր գրի առնել հիշյալ թարգմանությունը։ Այնուհետև, երբ Մեսրոպը Հայաստան դարձավ և Վաղարշապատում սովորեցնելով իր հնարած գրերը Սահակին ու մյուս ազգակիցներին, անցավ Մարաց կողմերը քարոզելու. այդ քարոզության ժամանակ, ինչպես տեսանք, սկսեց առձեռն թարգմանել Ավետարանը և գրի առնելով սովորեցնել ժողովրդին՝ հասկանալի լեզվով։ Մյուս կողմից Այրարատում լուռ չէր Սահակը. նա ևս իր աթոռանիստ քաղաքում և նրա շրջակա վայրերում քարոզում էր Սուրբ Գիրքը, մաս-մաս թարգմանելով հայերենի։ Թե՛ Մեսրոպի և թե՛ Սահակի համար Սուրբ Գրքի թարգմանությունը ծանր գործ չէր։ Իրենց երկար քարոզչական գործունեության ժամանակ անշուշտ հարյուրավոր անգամներ կարդացել, բերանացի թարգմանել ժողովրդին և գրեթե անգիր էին արել։ Այնպես որ քիչ ժամանակում ունեցանք ս. Գրքի բազմաթիվ գրքերի հայերենի թարգմանությունը, ինչպես Մովսեսի Հնգամատյանի, Մարգարեությունների, Ավետարանի, Պողոսի և մյուս առաքյալների թղթերի։ Ահա Կորյունի բառերը այս մասին՝ պատկերավոր ձևով. «Օրէնսուսոյց Մովսէս՝ մարգարէական դասուն (գործիական հոլով «դասով») և յառաջադէմն Պաւղոս՝ բովանդակ առաքելական գնդովն, հանդերձ աշխարհակեցոյց Աւետարանաւն Քրիստոսի, միանգամայն եկեալ հասեալ ի ձեռն երկուց հաւասարելոցն (այն է Սահակ և Մեսրոպ)  հայաբարբառք հայերենախօսք գտան» (էջ 13)։

Այս թարգմանությունը՝  իբրև առօրյա անմիջական պետքերը լրացնելու նպատակով եղած առձեռն թարգմանություն, շատ հապճեպով կատարված լինելով, չուներ այն մեծ արժանիքը, որով մեր Սուրբ Գրքի այժմյան թարգմանությունը նշանավոր է հանդիսացած։ Կորյունն այդ թարգմանությունը կոչում է «զյառաջադոյն զյանկարծագիւտ զփութանակի զթարգմանութիւնս» (էջ 21)։ Այստեղ կարևոր է  փութանակի   բառը,   որ   փոխառությամբ   կրկնում  է   նաև   Խորենացին (Գ, կա) ուրիշ առթիվ. «Զոր առեալ Մեծին Սահակայ և Մեսրոպայ, դարձեալ թարգմանեցին զմի անգամ թարգմանեալն փութանակի, հանդերձ նոքօք վերստին յօրինեալ նորոդմամբ»։ Տպագիրները ունեն «… զմիանգամ թարգմանեալն, փութանակի հանդերձ նոքօք…», իսկ Ե.Վ. Պարոնյանը՝ ստորակետը փոխադրելով հաջորդ բառի վրա, փութանակի բառը կապվում է ոչ թե երկրորդ թարգմանության, ինչպես կարծվել է, այլ հենց առաջին թարգմանության, ինչպես ասում է նաև Կորյունը (տե’ս Նորայրի Քննասերը, Ա, էջ 14)։ Այս փութանակի թարգմանությունը մեր մատենագրության պատմության մեջ հայտնի է Սուրբ Գրքի առաջին թարգմանութիւն անունով:

Այս առաջին թարգմանության մասնակից են եղել նախ Մեսրոպը, որ կատարել էր Առակաց գրքի թարգմանությունը դեռևս Սամուսատում, երկրորդ՝ Հովհան Եկեղեցացի, երրորդ՝ Հովսեփ Պաղնացի, որոնք օգնել էին այս թարգմանության մեջ և անշուշտ հետո էլ, և վերջապես Սահակը, որի աշխատության արդյունքն է անշուշտ Սուրբ Գրքի թարգմանության ամենամեծ մասը։ Այս կետը տարօրինակ չպիտի թվի մեզ։ Հայոց ազգը երկու գլխավոր կարիք ուներ այն ժամանակ. առաջինը՝ կենդանի խոսքով քարոզություն և նորագյուտ գրերի ուսումը, երկրորդ՝ այս նախնական կրթությունն ստանալուց հետո շարունակելու և վայելելու համար հայերեն լեզվով գիրք։ Երկու նշանավոր գործիչներ ունեինք մենք էլ այն ժամանակ, Սահակ և Մեսրոպ. առաջինը ալեզարդ ծերունի, պատկառելի դիրքի ու աստիճանի տեր, երկրորդը համեմատաբար ավելի երիտասարդ, չափազանց աշխույժ և չափազանց գործունյա վարդապետ։ Կրթության ու քարոզության գործը պահանջում էր անհանգիստ կյանք, աշխարհից աշխարհ ու քաղաքից քաղաք թափառում, անվերջ տքնություն ու ժիր գործունեություն, որ անհարմար էր Սահակի հասակին և դիրքին, բայց պատշաճ՝ Մեսրոպի աշխույժ բնավորության, աննկուն եռանդին ու անպարտաս հոգուն։ Ուստի այս ընտրեց Մեսրոպը. իսկ Սուրբ Գրքի թարգմանությունը, որ նստական, հանդարտ կյանք ու ինքնամփոփ աշխատություն էր պահանջում, հանձն առավ Սահակը։ Մինչդեռ Մեսրոպը Փայտակարան, Գողթն, Սյունիք և այլ տեղեր քարոզությամբ և դպրություն տարածելով ման էր գալիս, այստեղ, Վաղարշապատի Հայրապետանոցում նստած, Սահակը թարգմանությամբ  էր պարապում։

Ընդունել պետք է, թե Սուրբ Գրքի այս առաջին թարգմանությունը եղավ Մեսրոպի Փայտակարան քարոզության գնացած շրջանում, որ եթե համարենք, թե ունեցավ մեկ տարվա տևողություն, Սուրբ Գրքի թարգմանությունն էլ  մեկ  տարվա  գործ եղած պիտի  լինի (կատարված փութանակի)։ Այնպես որ, երբ Մեսրոպը Փայտակարանի քարոզությունից վերադարձավ Վաղարշապատ, Սուրբ Գրքի թարգմանությունը գրեթե պատրաստ էր, և եթե կային մի քանի պակաս մասեր, նրանք էլ երկուսը միասին գործակցությամբ, շուտով վերջացրին։ Այս բանը հետևում է Կորյունի այն մանրամասն հիշատակությունից, որ դնում է Փայտակարանի քարոզությունից անմիջապես հետո և Վաղարշապատի վարդապետանոցի բացումից անմիջապես առաջ, և որ մեջ բերինք մի քիչ վերը (Հնգամատյան, Մարգարեություններ, Ավետարան, Պողոսի և մյուս առաքյալների թղթերը)։

Ըստ այսմ բոլորովին սխալ պետք է համարել այն տեղեկությունը, որի համեմատ Սուրբ Գրքի առաջին թարգմանությունը կատարված է Սամուսատում՝ Մեսրոպի ձեռքով: այս մասին ընդարձակ տե՛ս  գլուխ  տասնհինգերորդ,  § 2։

 

2

Ամենից առաջ պետք է ստուգել, թե ի՛նչ լեզվից թարգմանվեց Սուրբ Գրքի այս առաջին թարգմանությունը։ Այս կետը շատ կարևոր է իմանալու համար, թե ո՛ր լեզվի ազդեցությունը կրեց մեր մատենագրությունը իր առաջին քայլերին։

Մեր բանասերների մեջ ընդհանրապես ընդունված կարծիքն այն է, թե Սուրբ Գրքի առաջին թարգմանությունը եղել է ասորերեն օրինակի վրայից։ Այս կարծիքի աղբյուրն է Խորենացու տված հետևյալ վկայությունը. «Ւնքն դառնա ի Հայս, և գտանէ զմեծն Սահակ թարգմանութեան պարապեալ յասորւոյն յոչ լինելոյ յունի։ Քանզի նախ ի Մերուժանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհիս յոյն գիրք. դարձեալ ի բաժանել զաշխարհս Հայոց չտային պարսիկ վերակացուքն յոյն ուսանել դպրութիւն ումեք յիւրեանց մասինն, այլ միայն ասորի» (Խորենացի Գ, ծդ)։ Ստեփան Մալխասյանը, «Դասընթաց Հայոց մատենագրության պատմության» (էջ 60), քըննում է մինչև իսկ այն խնդիրը, թե ասորական ո՛ր բնագրից է եղած հիշյալ թարգմանությունը։ Այժմ գոյություն ունեն ասորական չորս թարգմանություն, որոնց մեջ ամենահինը կոչվում է Պեշիտտա, որ նշանակում է «պարզ, անպաճույճ»։ Սրա թարգմանության ճիշտ ժամանակր հայտնի չէ։ Ավանդությունն ասում է, թե նրա մի մասը թարգմանված է Սողոմոնի ժամանակ, ոմանք այս թարգմանությունը ընծայում են Աբգարին, ուրիշներ՝ Թադեոս առաքյալին։ Այս բոլոր ավանդությունները՝ թեև սուտ, բայց ցույց են տալիս, թե թարգմանությունը կատարված է շատ հին ժամանակ։ Հայտնի է գոնե,   որ Գ դարի  ասորի   մատենագիրները   այս  թարգմանությունից են բերած իրենց վկայությունները, որից երևում է, թե Պեշիտտան Գ դարում արդեն գոյություն ուներ և հավանաբար թարգմանված պիտի լիներ Ա կամ Բ դարում։ Մյուս երեք ասորական թարգմանությունները կատարված են Ե դարում։ Հետևաբար պետք է ենթադրել, թե այն ասորական օրինակը, որի վրայից Սահակը և Մեսրոպը կատարեցին Սուրբ Գրքի առաջին հայերեն թարգմանությունը, էր Պեշիտտա կոչված ասորական բնագիրը։

Այս կարծիքը, ինչպես ասացինք, ընդհանուր ընդունված է մեր բանասերների մեջ, և որչափ ինձ ծանոթ է, չէ եղած բնավ մեկը, որ կասկած հայտներ այս մասին։ Միայն մանրակրկիտ քննադատ ու խորունկ մտածող հայկաբան Ա. Մ. Գարագաշյանը, Պոլսի Ազգային կենտրոնական վարժարանի հայ մատենագրության դասընթացի ժամանակ նկատել է, թե հայերեն Ա. Մ. Գարագաշյան Գրքի առաջին թարգմանությունը կասկածելի է դնել ասորերենից։ Ձեռքի տակ չունենալով այդ անտիպ աշխատությունը, մյուս կողմից բոլոր աշակերտական տետրակներս գրավված լինելով օսմանյան կառավարության կողմից, չեմ կարող մանրամասն մեջ բերել այն պատճառաբանությունները, որով առաջնորդված էր ուսուցիչս այդ կարծիքը փաստաբանելու համար։ 1892-1893 թվականների հիշողություններս դեռ ասում են ինձ, որ Գարագաշյանի ուժեղ փաստն այն կետն էր, թե անկարելի բան էր, որ Մերուժանը կարողանար այնպիսի կոտորած գցել հունարեն ձեռագրերի մեջ, որ գոնե մեկ օրինակ ողջ չմնար։ Եթե ենթադրենք մի պահ, որ նույնիսկ բնաջինջ եղած լինեին Հայաստանի բոլոր հունարեն ձեռագրերը, միթե չէ՞ր կարող Մեսրոպը Սամուսատում, այսինքն հունական այդ միջավայրում եղած ժամանակ մի լավ օրինակ գնել և հետը Հայաստան բերել, կամ թե Սահակը չէ՞ր կարող թույլտվություն ստանալ և մոտակա Հունահայաստանից մի օրինակ բերել տալ։ Վերջապես հունարեն չէր այն օրինակը, որի վրայից Մեսրոպն արեց իր Առակաց գրքի թարգմանությունը Սամուսատում։ Ավելացնենք այստեղ Մարկվարտի կասկածը նույնիսկ Մերուժանի գիրք այրելու դեմ։ Բուզանդը, ասում է Մարկվարտը («Պատմություն հայ նշանագրերում, էջ 5», որ Մերուժանի իշխանական գործերին ընդարձակ տեղ է նվիրած (գիրք Դ, գլուխ ԻԳ մինչև գիրք Ե գլուխ ԽԳ), «եկեղեցական հույն գրքերու կարծեցյալ այրման մասին որևէ լուր հաղորդած չէ»։ Նույնպիսի դատողություններ ունեն նաև Ֆնտգլյանը («Անահիտ», 1905, էջ 240) և Խալաթյանը (Армянские Аршакиды, էջ 324), որոնք չեն ընդունում, թե հայերեն Սուրբ Գիրքը թարգմանված չինի նախապես ասորերենից, այլ՝   հունարենից։

Գարագաշյանի   հիշյալ   պատճառաբանությունները   ձգտում   են ի դերև հանել Խորենացու վերի վկայությունը։ Բայց ի՞նչ ապացույց ունինք, թե այդ վկայությունը անպատճառ Սուրբ Գրքի թարգմանության համար է և ոչ թե ուրիշ զանազան եկեղեցական գրքերի։ Խորենացու խոսքերը այնպես ընդհանուր են, որ գրեթե անկարելի է Սուրբ Գրքի համար ասված կարծել, և ընդհակառակը, շատ պարզ ու հասկանալի կերպով կարող են նշանակել ընդհանուր եկեղեցական հայրերի գրքերը։ Մանավանդ որ, ինչպես արդեն նկատեցինք, Խորենացին Սուրբ Գրքի առաջին թարգմանությունը մի անգամ արդեն Մեսրոպին տված լինելով (Խորենացի Գ ծգ), չէր կարող երկրորդ անգամ էլ Սահակին տալ. հակառակ պարագային հարկ էր ընդունել Սուրբ Գրքի երեք հայերեն թարգմանություն։ Սրանից հետևում է, թե Խորենացու վկայությունը Սուրբ Գրքի համար չէ, այլ ուրիշ  եկեղեցական  գրքերի։

Թե զուր է կարծել, որ հայերեն Սուրբ Գիրքը առաջին անգամ ասորերենից է թարգմանված, ունենք այս մասին նաև Կորյունի փառավոր վկայությունը, որի համաձայն հայերեն առաջին թարգմանությունը եղած է հունարենից: Ահավասիկ Կորյունի հիշյալ վկայությունը. «Իսկ Սահակայ զեկեղեցական գրոց գումարութիւնն՝ կանխաւ [ի] յունական բարբառոյն ի հայերէն դարձուցեալ, և բազում ևս զհայրապետաց սրբոց զճշմարիտ զիմ աստութիւնն։ Ղարձեալ յետ այնորիկ առեալ հանդերձ Եզնակաւ՝ զգառաջագոյն զյանկարծագիւտ զփութանակի զթարգմանութիւնս, հաստատէր ճշմարիտ օրինակօք բերելովք, և շատ ևս մեկնութիւն գրոց թարգմանէին (Կորյուն, էջ 21): «Եկեղեցական գրոց դումարութեան մէջ» պետք է հասկանալ նաև Սուրբ Գիրքը» եթե ո՛չ միայն Սուրբ Գիրքը, իսկ մյուս գրքերը մտնում են «սուրբ հայրապետների ճշմարիտ իմաստության»   և  «գրոց  մեկնության»  մեջ։

 

3

Կասկածներին և տարապարտ կարծիքներին գործնականապես վերջ պիտի տար անշուշտ Սուրբ  Գրքի առաջին թարգմանության քըննությունն ու համեմատությունը, եթե սակայն մնացած լիներ։ Դժբախաաբար Սուրբ Գրքի երկրորդ թարգմանության հրապարակումիս հետո՝ առաջինը կամաց-կամաց հետ քաշված և հուսկ ապա բոլորովին անհետ է եղած։ Միայն 1896 թվականին ուսուցչապետն Գրիգոր Խալաթյան Էջմիածնի ձեռագրատան մեջ գտավ Մնացորդաց Ա և Բ գրքերի բոլորովին տարբեր մի թարգմանություն, որ Առաջին    թարգմանության    մասը    լինելու    հավանականությունն    էր ընծայում։ Ստուգվեց, որ նույնպիսի մի ձեռագիր կա նաև Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի ձեռագրատան մեջ։ Երկու ձեռագրերի համեմատությամբ նույն գրքերը շուտով հրատարակվեցին Լազարյան ճեմարանի կողմից, Գրիգոր Խալաթյանցի ձեռքով (Մոսկվա, 1899)։ Այսպիսով աշխատությունը ամենքի տրամադրության տակ էր գրված և կարելի էր սպասել, որ տեղի կունենա մասնագետների ուսումնասիրություն, որով վերջնականապես պիտի ստուգվեր կասկածի տակ եղած խնդիրը։ Դժբախտաբար, որչափ մեզ հայտնի է, ոչ ոք չզբաղվեց այս հարցով։ Եվ միակ քննությունը, որ մնում է այս առթիվ, այն փոքրիկ դիտողությունն է, որ Խալաթյանը գրել է հրատարակության առաջաբանում, որից արտատպում ենք նաև մենք։

«Գալով այն խնդրին, թե նորագյուտ Մնացորդաց գրքերը արդարև ասորերենից են թարգմանված, այս մասին ես թույլ կտամ ինձ այսպես ձևակերպել իմ կարծիքս՝ թողնելով խնդրի մանրակրկիտ հետազոտությունը և վերջնական եզրակացությունը մասնագետ ասորագետներին։— Մնացորդաց գրքերի ասորերենը, գոնե այն, որի հետ ես համեմատել եմ մեր նորագյուտ թարգմանությունը, սակավ նմանություն ունի մերինի հետ և, ընդհակառակը, ավելի մերձենում է Հունականին կամ Ցոթանասնից, շատ ավելի մոտ է մեր նորագյուտին Եբրայականը։ Այնուամենայնիվ ես ենթադրում եմ, որ Մնացորդաց գրքերի աոաջին հայերեն թարգմանությունը կատարված է եղել ասորերենից այն հնագույն ասորերեն թարգմանությունից, որ ծանոթ է Թարգում կոչումով, որ՝ ըստ կարգին, շատ մոտ էր Եբրայական բնագրին՝ իբրև սորանից թարգմանված, և որ հետո անհայտացավ, նորա տեղը հաջորդելով Հունականից կամ Ցոթանասնից ասորի թարգմանությունը.— ճիշտ այնպես, ինչպես  պատահեց հայերեն  Աստվածաշնչին»։

Ասորերենի կողմն է նաև J.A. Robinson, որ իր «Texts and studies» աշխատության մեջ (տպ. 1895, volume III. № 3, էջ 72-98) խոսում է Նոր Կտակարանի հայ թարգմանության վրա։ նա գտնում է, որ հայերեն բնագրի հունարենից տարբերությունները ճիշտ նույն են Սինայական ասորի կրկնագիր բնագրի հետ, որ թարգմանված էր Բ կամ Գ դարում, և 1895 թվին նոր էր գտնվել։ Սրանից հետևում է, որ հայերեն Նոր Կտակարանը նախ թարգմանված է եղել այս ասորի բնագրից, հետո հունարենի վրա սրբագրված, բայց այնպես, որ հին ասորի բնագրի հետքերը դեռ մնում են (տե՛ս «Հանդես ամսօրյա», 1896, էջ 87)։

Անգլիացի    հայագետ    Կոնիբիրը (Conibear [MK])    գրել    է    մի    քննադատություն այս աշխատության մասին «The Armenian version of the New Testament», տպ. «The Academy» հանդեսում, 1896 փետրվար, № 1239, էջ 98-99) և ուշադրություն է հրավիրում հենց մեզ հետաքրքրող կետի մասին։ Նա գտնում է, որ թեև Կորյունը և Փարպեցին Հունարենից են դնում Հայերեն թարգմանությունը, իսկ Խորենացին՝ ասորերենից, բայց այժմ պարզվեց, որ իրավունքը Խորենացունն է։ Նոր Կտակարանի հայ թարգմանության շեղումները հունարենից՝ նույն են վրացական օրինակի հետ և հայերենն ու վրացերենը նույնանում են հիշյալ ասորի Սինայական բնագրի Հետ։ Սրանից Հետևում է, որ վրացերեն թարգմանությունն էլ կատարված է ասորական նույն բնագրից (ըստ [ակադեմիկոս Նիկոլայ <MK>] Մառի՝ հայերենից), որ հետո, ինչպես հայտնի է, սրբագրվեց Սուրբ Եվթիմեոսի ձեռքով 1026 թվին (տե՛ս «Հանդես ամսօրյա», 1896, էջ 87-88)։

Մնացորդաց գրքի Համեմատական քննությամբ զբաղվել է նաև Հ.Ք. Չրաքյանը («Բազմավէպ», 1900, էջ 117-122)։ Այս լուրջ ու կոկիկ հոդվածի մեջ Չրաքյանը վերցնում է նորագյուտ Ա Մնացորդաց գրքի ԺԱ գլխի 11-19 համարները և մեր սովորական թարգմանության, ասորականի և եբրայականի հետ համեմատության դնում դեմ առ դեմ։ Բայց համեմատության եզրակացությունն այն է լինում, որ «անծանոթ է յուր բնագիրն ուսկից եղած է այս թարգմանությունս»  (էջ 122)։

Այս ուղիղ եզրակացությունը ընթերցողին շոշափելի դարձնելու համար՝ ես էլ դնում եմ այստեղ նորից մի Համար (Ա Մնացորդաց ԺԱ 18), որ եղածների մեջ ամենից ցայտունն է։ Նախ դնում եմ նորագյուտ թարգմանությունը, երկրորդ Սուրբ Գրքի մեր սովորական օրինակը (որ համեմատելով հունարեն Յոթանասնից օրինակի հետ, գտել եմ, որ բառ առ բառ նույն է), երրորդ Եբրայական օրինակը (որ ես թարգմանել եմ եբրայերենից հարազատորեն, համեմատելով     անգլիական      պաշտոնական     թարգմանության      հետ [King James Version <MK>]. —     Չրաքյանի թարգմանությունր հարազատ չէ) և չորրորդ Ասորականը, որ վերցրել եմ ուղղակի Չրաքյանից։ Մատնանիշ եմ անում վերջին «իբր ի նուէրս պատարագաց» բառերը, որ ոչ մեկի մեջ չկա և ցույց է տալիս նորագյուտի  անկախությունը բոլորից (տե’ս էջ 239)։

Սուրբ Գրքի թարգմանության ուսումնասիրության նվիրված մի պատվական աշխատություն է Հ.Պ. Էսապալյան ի «Տատիանի համաբարբառն և հայերէն Աւետարաններու առաջին թարգմանութիւնը»   (Վիեննա,    1937)։ Հեղինակը այս գրքում ամփոփել է բոլոր եվրոպացի քննիչների (Macler, Cuendet, Lyonnet, Merk, Mariès, Colwell, Blake  և այլն)  կարծիքները  և տվել իր եզրակացությունը։

Այս  գրքից  երևում է, որ

Ա.    Հայերեն Ավետարանները այնքան համապատասխան են

2. Մեր ոսկեդարյան թարգմանությունը . Եւ պատառեցին երե քնզբանակ այլազգեացն, և հանին ջուր ի ջրհորոյն Բեթղեհեմի որ է [ր] առ դրանն, եւ առին և եկին առ Դաւիթ. և ոչ կամեցաւ Դաւիթ ըմպել զայն, և նուիրեաց զայն  Տեառն:

1. Նորագյուտը. Եւ անդէն վաղվաղակի երեքն յարձակեցան ի վերայ գնդին այլազգեաց և զգունդն պատառեցին, և ջուր առեալ բերին ի ջրհորէ անտի ի Բեթղահէմ, որ էր մերձ առ դրանն։ Եւ առեալ Դաւիթ ոչ կամեցաւ ըմբել ի ջրոյ անտիք այլ զոհէր զնա առաջի Տեառն իբր ի նուէրս պատարագաց։

3. Եբրայականը. Եւ երեքն այնոքիկ անցին ընդ բանակն այլազգեաց և հանին ջուր ի ջրհորոյն Բեթղեոեմի, որ էր առ դրանն, և առին և բերին առ Դաւիթ, այլ ռչ կամեցաւ Դաւիթ ըմպել, եւ նուիրեաց զայն Տեառն:

4. Ասորականը. Եւ վաղվաղակի զայն լուեալ երիցունց արանցն այնոցիկ, պատառեցին և մտին ի բանակն այլազգեաց, և անցեալ հանին ջուր ի մեծէ ջրհորոյ անտի, որ էր ի Բեթդեհէմ առ դրան քաղաքին, և առեալ բերին և ընծայեցին     Դաւթի, որ սակայն ոչ կամեցաւ ըմպել զայն, այլ եհեղ զայն առաջի Տեառն։

հունարեն բնագրին, որ կարծես թե նրա վրայից կաղապարված (կամ ընդօրինակված) լինեին։ Սրա ապացույցներն են՝

1. Հատուկ անունների նույնությունր, մինչև անգամ պահելով հոլովական ձևերը, ինչպես՝ Փիլիպպէ,    Թէոփիլէ, Ղազարէ, Ցովհաննու…

2. Հայերենը հունարենի նման թարգմանությամբ դնում է այն արամերեն նախադասությունները, որոնք ասորականում չկան, այս պես են Մատթ. Իէ 46, Մարկ. Ե 41, է 11, 34, Հովհ. Ա 38, 41, 42, Թ 7։

Մատթ. Իէ 46. Ել զինն ժամաւն գոչեաց Յիսուս ի ձայն մեծ և ասէ, Էլի, Էլի) լամա սաբաքթանի, այսինքն է, Աստուած իմ, Աստուած իմ,  ընդէ՞ր թողեր  զիս։

Մարկ. Ե 41. Ել կալեալ զձեռանէ մանկանն՝ ասէ ցնա, Տալիթա, կո՛ւմի, որ թարգմանի,  Աղջիկ  դու, քեզ ասեմ,  արի։

Մարկ. Է 11. Եւ դուք ասէք, Եթէ ասիցէ ոք ցհայր կամ ցմայր, Կորբան,  որ է  պատարագ,  զոր յինէն օգտեսցիս։

Մարկ. Է 34. Հայեցաւ յերկինս, յոգւոց եհան և ասէ, Եփփաթա,   որ  է բացիր։

Յովհ. Ա 38. Իբրև դարձաւ Հիսուս և ետես զնոսա զի երթաին զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք. նոքա ասեն ցնա, Ռաբբի (որ թարգմանեալ  կոչի  Վարդապետ ),  ո՞ւր  են օթևանք քո։

Յովհ. Ա 41. Գտանէ սա նախ զեղբայր իւր զՍիմովն, և ասէ ցնա, Գտաք զՄեսիայն (որ թարգմանի Քրիստոս)։

Յովհ, Ա 42. Սա ած գնա առ Յիսուս, հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ, Դու ես Սիմոն որդի Յովնանու, դու կոչեսցիս Կեփաս (որ թարգմանի   Պետրոս)։

          Յովհ, Թ. 7. Եւ ասէ ցնա, Երթ, լոււս յաւազանին Սիլովամայ (որ թարգմանի  Առաքեալ). չոգաւ լուացաւ,   եկն  և տեսանէր։

3.       Հունարենի սխալներ, որոնք թյուրիմացությամբ սպրդել են հայերեն  թարգմանության մեջ,  այսպես են՝

          Մատթ,  Ե  18.  յովտ մի որ նշանախեց  մի է.

Հուն,  ιῶτα εν ἦ μια κερία

յովտ   մի  կամ մի նշանախեց հայերենում ή   «կամ» հասկացել են ἦ   «որ»։

          Ղուկաս Գ 23. Եւ ինքն Յիսուս էր ամաց իբր երեսնից սկսեալ որոց որպէս   կարծէր՝    որդի  Յովսեփայ։

Հունարենն է ῶν   «որ է», հայը կարդացել է ῶν «որոց»։

          Յովհ, ԺԲ 25. Որ սիրէ գանձն իլր արձակէ գնա, հուն, άπολλυει = կորուսանէ (հմմտ. Մատթ. Ժ 39, Մարկ, Ը 35, Ղուկ. Թ 24, ԺԷ 33, որոնց բոլորի մեջ ունենք «կորուսցէ»), այստեղ էլ հայը կարդացել է      απολύει = արձակէ։

          Մատթ. ԺԹ 24. Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան (= Մարկ, Ժ 35, Ղուկ. ԺԸ 25), հույնն ունի χάμηλοσ =  ասոր. ﺣﺟـاﺭ ուղտ.  հայը  կարդացել է χάμηλοσ «չուան,  մալուխ»։

4.       Քերականական  սխալներ.

Մատթ. ԺԱ 23.   Զի   եթէ ի Սոդոմ եղեալ էին զօրութիւնքն, ի քեզ եղեն, ապաքէն կայիս ևս մինչև ցայսօր։— Հուն, εμείνον «կային»  հոգնակի, որովհետև Սոդոմ τα Σοδομα հոգնակի է։

Այսպես և ուրիշներ և հատկապես Ղուկ. Ա 72—73, մեզ… փրկեալս, որ անիմաստ է հայերենի մեջ և սպասելի էր, որ լիներ եթե ոչ փրկեցելոցս (փրկելոցս), գոնե փրկեալ:

Բ. Հայերեն ձեռագրերը շատ միասնական են, այսինքն՝ չեն ներկայացնում սկզբունքային տարբերություններ, եղածները աննշան  սխալագրություններ են ընդհանրապես։

Գ. Հայերեն Ավետարանին իբրև մայր ծառայող հունարեն բնադիրը եղել է Koridethi (Θ) կամ Կեսարյան կոչված խումբը. Լիոնեն   միայն   Մարկոսի   Ա   գլխում   Կեսարյան   109   հատկանշական ընթերցվածներից  հայերենում  գտնում  է   52— 59  հատ,  ինչ  որ  շատ խոշոր թիվ է։

Դ. Հայերենը ներկայացնում է սակայն նաև ասորական ընթերցվածներ, Merk գտել է 200-ից ավելի տեղեր, որոնք ավելի ասորականին նման են, քան հունականին։ Եթե նույնիսկ այսքանն էլ ճիշտ չլինի, գոնե նրանց մի մասը ճիշտ է։ Որտեղի՞ց է հայերեն թարգմանության այս երկվությունը։ Անհնարին է մտածել, թե հայ օրինակը հետագայում ասորերենից սրբագրված էինի, որովհետև արդեն ասացինք, թե հայերեն ձեռագրերը չափազանց միասնական են։ Մնում է ընդունել, որ նախ հայերենը թարգմանվել է ասորերենից, ապա սրբագրվել հունարենով, իսկ այս ասորական ընթերցվածները սպրդել են կամ բաց են թողնվել նոր թարգմանության ժամանակ։ Սրան իբր ապացույց է ծառայում նախ՝ վրացերենը, որ ըստ Մառի թարգմանված է հայերեն օրինակից, ապա սրբագրված հունարենով։ Վրացին ավելի մեծ աղերս է ցույց տալիս ասորականի հետ, քան հայերենը, ուստի նա ներկայացնում է հին հայերեն (ասորական) թարգմանությունը։ Երկրորդ Ագաթանգեղոսը և Փարպեցին (ինչպես և Եզնիկ և ուրիշ հեղինակներ) տեղ-տեղ ունեն Ավետարանից կոչումներ, որոնք ճշտիվ չեն համապատասխանում արդի մեր օրինակին և տեղ-տեղ շեղվում են, այդ շեղումները համապատասխանում են Տատիանի համաբարբառին, ուրիշ խոսքով հին  հայ  ասորական  թարգմանության։

Ամբողջի եզրակացությունը հետևյալն է. նախ Տատիանոս ասորին Գ դարում կազմել էր Համաբարբառը (Diatessaron), որ ուրիշ բան չէր, եթե ոչ չորս Ավետարանները իրար ձուլելով մեկի վերածված մի Ավետարան, որ ընդհանուր գործածական էր Միջագետքում և Ասորիքում Գ—Ե դարերում, հետո անհետ ջնջվեց (անդ, էջ 93)։ Հայերն էլ երկար ժամանակ գործածել են այս Ավետարանը։ Ե դարում հայերը նախ թարգմանեցին Ավետարանը «յանկարծագիւտ փութանակի» (էջ 106, չի ասում ինչ լեզվից, բայց էջ 125, ֆրանսերեն համառոտության մեջ հայտնապես ասում է sur le grec հունարենից)։ Բայց որովհետև այդ թարգմանիչները ի մանկութենե ներծծված էին Ասորական Համաբարբառով, ուստի իրենց թարգմանության մեջ շատ բան մտցրին նրանից։ Երբ եղավ երկրորդ թարգմանությունը հունարեն ընտիր օրինակի վրայից, թեև շատ բան փոխեցին րստ այդ հունարեն բնագրի, բայց որոշ բաներ էլ մնացին։ Ահա սրանք են մեր արդի Ավետարանների ասորաբան հետքերը։

 

4

Սուրբ Գրքի թարգմանության մասին խոսել է նաև Փարպեցին. բայց այնպիսի ձևով, որ իր պատմությունը իրականությունից հեռու ժողովրդական ավանդության գույն է ստանում։ Ըստ Փարպեցու՝ երկու տարբեր թարգմանություն չկա, այլ միայն մեկը։ Թարգմանությունը եղած է հունարեն բնագրի վրայից՝ Վռամշապուհի թագավորության ժամանակ, գրերի գյուտից անմիջապես հետո, հետևաբար Փարպեցու հիշածը առաջին թարգմանությունն է, նա չգիտե երկրորդ վերջնական թարգմանությունը։ Վերջապես թարգմանությունը կատարել է միմիայն Սահակը, որովհետև ո՛չ Մեսրոպը և ո՛չ իր օգնական քահանաներից և ո՛չ մեկը չէր կարող ձեռնարկել այսպիսի մի գործի, հունարեն լեզվի տգիտության պատճառով։ Փարպեցին Մեսրոպին, Հայաստանի բոլոր ավագ քահանաներին, նախարարներին, տանուտերներին և Վռամշապուհ թագավորին տալիս է միաբան դիմել Սահակին և աղաչել, որ հանձն առնե այդ թարգմանությունը։ Սահակը հոժարում է և վերջապես հանձն է առնում, թարգմանությունը կատարում է, օտար ընթերցվածները վերանում են և Եկեղեցին հետզհետե սկսում է շուք ստանալ։

Ահավասիկ Փարպեցու ամբողջական բնագիրը.

«Կարգեալ այնուհետև Փրկչին առաջնորգութեամբ զգիր գրենոյն հայերէնի, և հելլենացին ուղղեալ յօրինուածս, ցանկային կարգել դպրոցս և ուսուցանել թազմութիւն մանկտւոյ. քանզի ամենայն անձն յոյդորեալ փափագէր յուսումն հայերէն գիտութեան, որպէս ի խաւարէ՝ յասորի տանջանացն զերծեալք ի լոյս՝ խնդային։ Բայց տարակուսեալք կասէին յանչքութենէ գրոց սրբոց, քանզի ոչ գոյին դեռ ևս հայերէն լսողութեամբ սուրբ կտակարանք Եկեղեցւոյ։ Ել երանելին Մաշթոց և որ ընդ նմա պատուական քահանայք էին՝ ոչ զօրէին համարձակել յայսպիսի սաստիկ և կարևոր գործ, թարգմանել գիրս ի յոյն լեզուոյն ի հայ բարբառ, վասն զի ոչ ինչ էին այնպէս տեղեակ գիտնապէս հրահանգի յունարէն  ուսման։

«Ապա ժողովեալ ամենայն աւագ քահանայք աշխարհին Հայոց, հանդերձ երանելեաւ Մաշթոցիւ և ամենայն՝ նախարարօք աշխարհիս Հայոց և մեծամեծ տանուտերօք՝ առ թագաւորն հայոց Վռամշապուհ, և հանդերձ թագաւորաւն սկսան աղաչել զսուրբ կաթողիկոսն Սահակ՝ արկանել զանձն յաշխատութիւն հոգևոր, և թարգմանել զԱստուածաշունչ Կտակարանս ի յոյն լեզուոյ ի հայ բարբառս։ Եւ դասք աւագ քահանայիցն ասէին ցսուրբ քահանայապետն, թէ Մեք որ կամքս առաջի քո,  հանդերձ երանելեաւն Մաշթոցիւ, զոր զարթոյց աստուածայինն շնորհ ի ցանկութիւնս այս կարգել զվաղնջուցն գրեալ շարագիրս տառիցն, զորս ոչ ուրուք էր՝ հոգացեալ արկանել ի կիր. այլ ասորի մեծաջան և անօգուտ ուսմամբքն աշխատեալք յոխորտ. չորոց բազմութիւնք ժողովրդոց ունայնք և թափուրք հրաժարեալք գնային յեկեղեցւոյն. և ուսուցիչքն հանելով յոգւոց և հառաչելով զղջանային զսնոտի շանն իւրեանց, յորում ոչ զոք յուսումնասէր ժողովելոցն տեսանէին օգտեալս ի վարդապետութենէ հոգևոր խրատուցն, որ է կերակուր և պարարումն իմաստնախնդիր անձանց» մինչև գտաւ գիր, և յաջողելով Քրիստոսի եկեալ յաճումն տակաւին զօրանայ։ Համայն և զայս վաստակոյս կարգումն, և քոյին առաքինութեամբդ գիտութեամբ եղիցի, և կատարեա։ Արդ՝ որպէս և սուրբ նահատակն Քրիստոսի Գրիգորիոս պահեալ ի խոշտանգանսն անվնաս աջով հզօրին ի լուսաւորութիւն գիտութեան աշխարհիս Հայոց տուաւ, պահեալ շնորհեցաւ և քեզ նորին շառաւիղի վիճակ ժառանդութեան պայծառութեան պաշտամանս այսորիկ, սկիզբն առնել գործոյ մշակութեանս այսմիկ, և լինել նմանող սուրբ նախնոյն քում, որ յանգիտութենէ ի ճշմարիտ աստուածգիտութիւն առաշնորդեաց աշխարհիս Հայոց։ Արդ և դու յանօգուտ մուրողաբանութենէն ի ստոյգ հոգեշահ և եկեղեցազարդ բանաւորութիւնս առաջնորդեա բազում ժողովրդոց աշխարհիս մեծի, լնուլ զպակասութիւնս զայս մնացեալ ի սուրբ նախնեացն քոց, զոր պահեաց քեզ Աստուած, զոր ոչ ումեք այլում ի Հայաստան աշխարհիս մարդկան գոյ հնար ձեռն արկանել յայդպիսի գործ մեծ։ Վասն զի և ոչ կարացաք հմուտ լինել և տեղեկանալ այդչափ արուեստաւոր ուսմանցդ, որպէս և քեզ տուաւ զօրութիւն ճարտարութեան ի վերին օգնականութենէն յաղագս քո առաքինասէր և պարկեշտ հոգւոյդ, որ նմանեալ ճշգրտապէս օրինակեցեր ի քեզ զվարս երանելւոյ հոր քո  Ներսեսի»։

«Ել լուեալ զայս ամենայն բարեպաշտ կաթողիկոսն Հայոց սուրբն Սահակ ի թագաւորէն Հայոց Վռամշապհոյ և յերանելւոյն Մաշտոցէ և ամենայն ուխտէ քահանայիցն, ևս առաւել յաւագ տանուտերացն և յամենայն նախարարացն Հայոց՝ զուարճացաւ յոգի իւր, փառաւորելով զփրկիչն ամենեցուն զՏէր Յիսուս Քրիստոս։ Ել կամաւոր յօժարութեամբ ետ գանձն ի գործ, պանծացեալ յԱստուծոյ գործակցութիւնն, որ ետ նմա զայնպիսի շնորհս առաւելապէս գիտրլթեան. և անվեհեր ջանալով զցայգ և զցերեկ՝ թարգմանեաց զԿտակարանս ամենայն, զխօսեցեալս ճշմարիտ մարգարէիւք Սուրբ Հոգւոյն, և հաստատեալ կնքեաց երջանիկ առաքելովքն զնորոց Կտակարանացն զլուսաւոր և զկենսատուր քարոզութիւնս նովին Հոգւով»։

Եթե այս խոսքերը համեմատենք վերը մեզ բերված պատմության հետ, որ Փարպեցին մեսրոպյան գրերի գյուտն էլ ուզում է Սահակին ընծայել, տարօրինակ չի թվի Փարպեցու այս չափազանցությունը, որի բուն նպատակն է անհամեմատ բարձրացնել Սահակի արժանիքը, մինչև իսկ ի վնաս Մեսրոպի։ նույն տեղում արդեն մեջ բերած ենք այն հերքումները, որ Գրիգոր Խալաթյանն իր «Ղազար Փարպեցի և գործք նորին» աշխատության մեջ (էջ 66-73) դնում է։ Այդ հերքումներն ուղղված էին Ղազարի այն պատմածի դեմ, որով սա հայերեն գրերի հնարող ուղում է դնել Սահակին։ Հենց Խալաթյանն իր հիշյալ գրքում աշխատում է ցույց տալ նաև, թե Ղազարի վերի պատմությունն էլ, ի մասին Սուրբ Գրքի թարգմանության, նույնպես անհիմն հերյուրանք է։ Խալաթյանի փաստն այն է, որ ժամանակակից և ավելի վստահելի պատմագիրը Կորյուն, ինչպես և հետո Խորենացին, ո՛չ թե միայն չեն անում այսպիսի նվաստացնող մի պատմություն, այլ նույնիսկ Սուրբ Գրքի թարգմանության ամենաառաջին քայլը (այն է Առակաց գրքի թարգմանությունը) ուղղակի ընծայում են Մեսրոպին, և այն՝ առանց Սահակի օգնության։ Եթե Մեսրոպը կարողացավ իսկույն թարգմանության ձեռնարկել, ապա ուրեմն զուր է Ղազարի այն կարծիքը, թե Մեսրոպն ամենևին ձեռնհաս չէր այսպիսի գործի սկսելու, կամ թե այնքան տգետ էր հունարենի ուսման մեջ, որ անկարող էր թարգմտնելու։ Ղազարի պատմությունը Սահակի վախճանից հետո ձևացած ժողովրդական չափազանցված գովեստի (Διθύραμβος [MK]) բնավորությունն ունի և զուրկ է պատմական արժանիքից (Փարպեցին ծնվել է Սահակի մահից 2 տարի հետո, իսկ իր գիրքը գրել է նրա մահից 60 տարի հետո)։

Իսկ Չամչյանը («Պատմութիւն Հայոց», Ա, էջ 772) Փարպեցու այս պատմությունը առնելով Սուրբ Գրքի երկրորդ թարգմանության համար, որին իրոք չմասնակցեց Մեսրոպը, ավելորդ է համարում երկար խոսել  այս մասին։

 

5

Սուրբ Գրքի թարգմանությունից հետո, Սահակն սկսել էր նաև ուրիշ այլևայլ եկեղեցական ու կրոնական գրքերի թարգմանության։ Երբ Մեսրոպը վերադարձավ իր հինգերորդ առաքելությունից, երկուսը միասին շանացին ավելի մեծ խնամք տանելու թարգմանչության գործին, մանավանդ Սահակը, որ իրեն համար այս գործը առանձին պարապմունք էր դարձրել, «Յետ այնորիկ ուշ եդեալ երկոցունց   երանելեացն՝ զիւրեանց   ազգին   դպրութիւն   առաւել   յարգել և դիւրացուցանել, ձեռն ի գործ արկանէր ի թարգմանել և ի գրել մեծն Իսահակ՝ ըստ յառաջագոյն սովորութեանն» (Կորյուն, էջ 20)։ Առանձնապես Սահակին հիշելը նշան է, թե թարգմանչության այս մասումն էլ մեծագույն բաժինը նա էր ստանձնել, իսկ Մեսրոպն անշուշտ ավելի զբաղվում էր դպրոցական գործով՝ Հայոց վարդապետությամբ։ Սակայն այս չի նշանակում, թե Մեսրոպը շատ պակաս մաս ուներ, այլ, ընդհակառակը, ինչպես հետո պիտի տեսնենք, իրեն էր ընկած ճառական գրվածքների առանձին մի բաժին։ Հին հույն եկեղեցական հայրերի գրվածքների մի ժողովածու էր կազմած արդեն Մեսրոպը Հունահայաստանում գտնված ժամանակ և հավանաբար այս գրվածքներից մի քանի լավագույններն էին, որ հետզհետե երկուսը միասին հայերենի էին վերածում։

Երկու գործիչներին գործակից էին լինում իրենց չափահաս աշակերտներից ոմանք, ինչպես որ հատկապես էլ հիշված են Հովսեփ և Հովհան՝ Առակաց գրքի թարգմանության մեջ, իբրև գործակից Մեսրոպի։ Բայց երևի մյուս աշակերտների գործակցությունը շատ մեծ չէր մինչև այն ժամանակ, որովհետև նրանց համար առանձին հիշատակություն չկա։

Մեսրոպի հինգերորդ առաքելության վերադարձից հետո, աշակերտների թարգմանության գործն էլ ուրիշ կերպարանք ստացավ։ Սրանք արդեն բավական վարժված ու զարգացած լինելով, վարդապետները մտածեցին ուղարկել Եդեսիա և Կոստանդնուպոլիս, այնտեղ այլևայլ հայրերի կրոնական նշանավոր գործերը հայերենի թարգմանելու համար։ Այս նպատակով առաջին անգամ ուղարկվեցան երկու երևելի աշակերտներ, որոնցից առաջինի անունն էր Հովսեփ Պազնացի, նա, որ ընկերացած ու օգնած էր Մեսրոպին՝ Ասորիքի ճամփորդության մեջ, և երկրորդին Եզնիկ՝ Այրարատյան գավառի Կողբ գյուղից։ Այս երկուսը, Սահակի և Մեսրոպի հրամանով, գնացին նախ Ասորիք՝ Եդեսիա քաղաքը, ասորական սուրբ հայրերի գրությունները ասորերենից հայերեն թարգմանելու համար։ Այս պաշտոնը կատարելուց հետո, իրենց թարգմանած գրքերը ուղարկեցին Սահակին ու Մեսրոպին, և իրենք անցան Կոստանդնուպոլիս, ուր մի ժամանակ հունարենի ուսմամբ պարապելուց հետո, բավական հմտանալով այդ լեզվին, սկսեցին հունարենից թարգմանություններ անել։

Հովսեփի և Եզնիկի առաքումից քիչ ժամանակ հետո, Սահակը և Մեսրոպը երկու նոր աշակերտներ էլ ուղարկեցին Կոստանդնուպոլիս՝ նույն նպատակով, սրանցից առաջինն էր Ղևոնդ կամ Ղևոնդէս և երկրորդը Կորիւն՝, որ Հետո Մեսրոպի կենսագրությունը դրեց։   Երկու   աշակերտները   Պոլիս   հասնելով ընկերացան Եզնիկին, «իբրև առ ընտանեդոյն սննդակից» և այնտեղ բոլորը միասին աշխատեցան  իրենց  հանձնված պատվերը ճշտությամբ կատարելու։

Բացի թարգմանություններից, աշակերտները ունեին նաև ուրիշ մի պատվեր, որ մեր մատենագրության մեջ մեծագույն դերը պիտի խաղար։ Այդ պատվերն էր ձեռք ձգել և Հայաստան բերել հունարեն Սուրբ Գրքի հարազատ և վավերական մի օրինակ։ Որովհետև Սահակի և Մեսրոպի ձեռքով եղած Սուրբ Գրքի առաջին թարգմանությունը կատարված էր բոլորովին շտապ կերպով և այն էլ ո՛չ շատ հարազատ և վստահելի մի օրինակի վրայից, ուստի երկու գործիչները մտածել էին նոր և լավագույն մի օրինակ բերել տալ Կոստանդնուպոլսից, և նույն օրինակի վրայից անել երկրորդ լավագույն թարգմանությունը, որ այնուհետև պաշտոնական նշանակություն պիտի ստանար մեր Եկեղեցու մեջ։ Աշակերտները իրենց հանձնարարված թարգմանությունները կատարելուց հետո, ձեռք ձգեցին Աստվածաշնչի մի վավերական օրինակ, եկեղեցական հայրերի զանազան գրվածքներ, Նիկիայի և Եփեսոսի ժողովների կանոնները և Հայաստան վերադառնալով՝ ներկայացրին դրանք իրենց վարդապետներին։

Այսպես սկսվեց ահա հայ ուսումնասեր երիտասարդների ճամփորդությունը դեպի Արևմուտք՝ ուսում և կրթություն ստանալու նպատակով։

 

6

Այս թարգմանիչ աշակերտների երթի առթիվ Խորենացին (Գ կ, կա) ունի մի քանի նոր տեղեկություններ, որ նշանակում ենք այս  հատվածում։

Երբ Սահակը և Մեսրոպը Հովսեփին ու Եզնիկին թարգմանության համար Եդեսիա ուղարկեցին, նրանց վերադարձից հետո միտք ունեին ուղարկելու նաև Բյուզանդիոն, նույնպիսի նպատակով։ Սակայն մի քանի «սուտակասպաս» մարդիկ թուղթ գրեցին Հովսեփին ու Եզնիկին՝ իբր թե Սահակը և Մեսրոպը մտադիր են ուրիշ աշակերտներ ուղարկել Բյուզանդիոն։ Ուստի այս երկուսը առանց իրենց վարդապետների հրամանին, ուսման բարի նախանձով թողեցին անմիշապես Եդեսիան և գնացին Բյուզանդիոն։ Այնտեղ լավ սովորելով հունարեն լեզուն, ձեռնարկեցին զանազան գրվածքներ հայերեն թարգմանել։ Այս երկուսի վրա նախանձելով իրենց աշակերտակից ընկերներից երկուսը՝ Ղևոնդ և Կորյուն, ինքնակամ ելան Բյուզանդիոն գնացին՝ նրանց մոտ։ Այնտեղ հասան նույնպես Հովհան և Արձան, որոնց Սահակը և Մեսրոպն ավելի   առաշ ուղարկել էին։ Բայց սրանք դանդաղ ճանապարհորդելով և Կեսարիայում էլ մի ժամանակ դեգերելով՝ բավական ուշացան։ Բյուզանդիոնի Մաքսիմիանոս եպիսկոպոսը մեծ ընդունելություն արավ բոլոր այս աշակերտներին։

 

7

Նույն ժամանակները, այն է 428 թվին Կոստանդնուպոլսի Պատրիարքական Աթոռը նստավ Նեստորը, որ աշակերտել էր Մոպսուեստացի Թեոդորոս եպիսկոպոսին. սա էլ աշակերտած էր Ղեոդոր Տարսոնացուն։ 430 թվին Նեստորը հետևելով իր վարդապետներին, մի նոր հերձված հրատարակեց, թե Սուրբ Կույսին պետք չէ կոչել «Մայր Աստուծոյ», այլ միայն «Մայր Քրիստոսի»։ Պոլսի Մայր Եկեղեցում, ժողովրդի ներկայությամբ, նա քարոզեց հայտնապես, թե «կարո՞ղ էր միթե Աստված Մայր ունենալ. հնարավո՞ր է բնավ, որ ստեղծյալը ծնի ստեղծողին. ինչպե՞ս կարող էր Մարիամ ծնիլ նրան, որ իրանից առաջ կար. թերևս հաղորդակից էր աստվածային էության. և իրոք, այսպես պիտի լիներ, եթե Աստուծուն էր ծնել, որովհետև ճշմարիտ մայրը պետք է որ բնութենակից լինի իր որդուն, իսկ Մարիամ եղավ մայր Քրիստոսի իբրև լոկ մարդու, որովհետև Սուրբ Հոգու զորությամբ հղացավ նրան իբր մարդ սոսկական, և այդ մարդու հետ միացավ Քրիստոս կամ Բանն Աստված, և վերցրեց նրան իբրև գործիք՝ նրանով մեր փրկությունը կատարելու համար»։ Այսպիսով Նեստորը համարում էր, թե Սուրբ Կույսը Աստվածածին չէ, այլ քրիստոսածին կամ մարդածին։ Ենթադրում էր երկու Որդի Աստուծո, մին բնական, «ի յավիտենից ծնեալ ի Հօրէյօ», և մյուսը որդեգրական, «ժամանակաւ ծնեալ ի Մարիամայ». թե աստվածային և մարդկային բնության միավորությունն ի Քրիստոս՝ անձնավորական և ճշմարիտ չէ, այլ պատահական  և բարոյական։

Ո՛չ միայն Նեստորի ճարտար պերճախոսությունը, այլև իր խստամբեր կյանքը, իր ցույց տված առաքինությունները և այն նախանձախնդրությունը, որով զինված էր հերետիկոսների դեմ, նպաստեցին Նեստորի վարդապետության տարածման և շատերին իր  կողմը  դարձրին։

Այս հերձվածի դեմ զինվեցին եպիսկոպոսներից շատերը, որոնց մեջ ամենից նշանավորն եղավ Պրոկղ եպիսկոպոս Կիզիկոնի և մանավանդ Կյուրեղ պատրիարք Ալեքսանդրիայի։ Սա հրավիրեց Եգիպտոսի եպիսկոպոսներին, ժողով գումարեց և Նեստորի դեմ 12 նզովք   արձակեց։ Նեստորը անսաստ գտնվեց և   ինքն  էլ Կյուրեղի դեմ ուղարկեց 12 նզովք. մյուս կողմից իրեն դարձրեց իր աշակերտակից՝ Անտիոքի Հովհաննես պատրիարքին և ասորոց եպիսկոպոսներից շատերին։ Թեոդոս Փոքր կայսրն էլ հակված էր իր կողմը։ Կյուրեղը տեսնելով, թե վտանգը մեծացավ, իսկույն գրեց Հռոմի Կելեստիանոս Ա պապին և Փոքր Թեոդոս կայսեր, հորդորելով, որ պետք է գումարել տիեզերական ժողով, այս խնդիրը պատշաճապես լուծելու համար։ Թեոդոսը համաձայնվեց և հրամայեց, որ եպիսկոպոսները հավաքվեն Եփեսոս քաղաքը 431 թվի հունիս ամսին։ Հրավեր գնաց բոլոր երևելի աթոռների առաջնորդներին։ Ըստ Չամչյանի՝ հրավիրյալների մեջ էր նաև Սահակը՝ իբրև Մեծ Հայոց եպիսկոպոսապետ, բայց որովհետև Սահակը գնացել էր Պարսկաստան Բրքիշոյ ասորուն պաշտոնանկ անել տալու համար, ուստի չկարողացավ ընդունել կայսերական հրավերը։ Օրմանյանը («Ազգապատում», Ա, էջ 311) չի դնում որևէ նման հրավեր։ Մեր մատենագրության մեջ այս մասին գտնում եմ հետևյալ տեղեկությունը.— Կոմիտաս կաթողիկոսի և Պոլսի պատրիարքի միջև խոսակցության ժամանակ ասվում է, թե «իսկ Փոքր Թէոդոս առ Սուրբն Սահակ գրէ գալ ի ժողովն Եփեսոսի, և զգուշանալ երկուսիրս՝ ի Նեստորէ և ի Լեվոնի տումարէն» («Գիրք թղթոց», էջ 492)։

Եփեսոսում հավաքվեցին զանազան կողմերից 260 եպիսկոպոսներ, ժողովի նախագահն էր Կյուրեղ Աղեքսանդրացի։ Նեստորը երեք անգամ կանչվեց ներկայանալու ժողովին և իրեն պաշտպանելու, բայց նա երեք անդամ էլ հրաժարվեց, ուստի ժողովը պարտք համարեց ի բացակայության դատել։ 431 թվի հունիս ամսի 22֊ին վճռվեց ճանաչել Նեստորին իբրև հերետիկոսապետ, դատապարտել նրա վարդապետությունը և զրկել իրեն իր եկեղեցական աստիճանից։ Այս վճիռը ստորագրեցին 198 եպիսկոպոսներ։ Շուտով Նեստորը կարգալույծ եղավ, պատրիարքական գահից իջեցվեց և աքսորվեց։ Աքսորվեցին նույնպես իր համախոհներից շատերը, մի մասն էլ առ երկյուղի և առ երեսս դարձի եկավ, իսկ ուրիշներ անցնելով արևելյան գավառները, պարսից պետության պաշտպանության տակ, նեստորական եկեղեցիներ կանգնեցին և սկսեցին օրեցօր շատանալ։ Արանց շարունակությունն են կազմում արդի նեստորական   ասորիները։

 

8

Ինչպես էլ լինի, Եփեսոսի ժողովում հայերից ներկայացուցիչ չկար. Կորյունն այս մասին ոչինչ չի ասում, իսկ «Գիրք թղթոց»-ի մեջ (էջ 296) հատկապես հիշվում է, թե «Դարձեալ որք յԵփեսոս Ասիայ ժողովեցան 200 սուրբ հարքն վասն Նեստորի յիմարութեանն, որ թէպէտ ոչ ով էր ի մերմէ աշխարհէս անդր հասեալ…»։ Նմանապես Խորենացին (Գ կա) «Ոչ հանդիպեցան յայնմ ժողովի Մեծն Սահակ և Մեսրոպ»։ Թեև այդ միջոցում Պոլսումն էին մեր վեց (6 [MK]) թարգմանիչները՝ Ղևոնդ Երեց (1 [MK]), Հովհան Եկեղեցացի (2 [MK]), Հովսեփ Պաղնացի (3 [MK]), Արձան (4 [MK]), Եղնիկ (5 [MK]) և Կորյուն (6 [MK]), բայց նրանցից ո՛չ մեկը չուներ եպիսկոպոսական կոչում, ուստի կարելի չէր հրավիրել նրանց ժողովի։

Երբ ժողովը վերջացավ, բնականաբար հայրերը իրենց վճիռներն ու որոշումները պետք է ուղարկեին բոլոր քրիստոնեական եկեղեցիներին, սրանց թվում նաև հայոց։ Բարեբախտաբար այնտեղ էին մեր թարգմանիչները։ Նեստորի անկումից հետո Պոլսի Պատրիարքական գահն էր բարձրացել Մաքսիմիանոս, որ մեր թարգմանիչներին լավ ընդունելություն ցույց տվեց։ Նա տվեց անշուշտ Նիկիայի և Եփեսոսի ժողովների կանոնները, օգնեց նրանց ձեռք բերելու զանազան հունարեն գրքեր և մանավանդ Սուրբ Գրքի վավերական օրինակը և իր կողմից ողջույնի և հանձնարարական գրեր,  ինչպես   սովորություն  է,   ուղարկեց Հայաստան։

Այս ժամանակից հասել է մեզ մի թղթակցություն Եզնիկի և Մաշտոցի միջև։ Այս թղթակցությունից մնում է միայն հինգ հատված, որոնցից պատմական արժեք ունի միայն առաջին հատվածը, որ ավանդում են «Կնիք հաւատոյ» (էջ 130) և «Գիրք թղթոց» (էջ 1)։ Առաջինի վերնադիրն է «Ի թղթոյն Եզնկայ Կողբացոյ թարգմանչի. զոր գրեաց ի Կոստանդնուպոլիս (կարդա՛ «ի Կոստանդնուպոլսոյ»). առ երանելին Մաշդոց վարդապետ, յետ առաջնոյ ժողովոյն Եփեսոսի, (որում լուծին ի պսյտուոյ զՆեստոր Կոստանդնուպոլսի եպիսկոպոսն։ Երկրորդի մեջ թերթերի հետևառաշությամբ, Եզնիկի թուղթը խանգարվել միացել է Պրոկղի նամակին։ Հինգ հատվածները դասավորելով միասին հրատարակեց Ակինյանը («Հանդես ամսօրյա», 1935, էջ 615-617)։ Թղթից երևում է, որ Եզնիկը իր վարդապետի մոտ հանցապարտ է զգում իրեն և ներողություն խնդրում։ Հետո հայտնում է, որ տեղի ունեցավ Եփեսոսի ժողովը, ուր նզովեցին Նեստորին։ Սրանից երևում է, որ նամակը գրված է 431 թվի  երկրորդ կեսին։

Ոմանք   ասում   են,   թե   նույն   ժամանակները   Սահակը   նոր   վերադարձավ Պարսկաստանից և Մեսրոպի հետ ժողով գումարեց Տարոն գավառի Աշտիշատ գյուղում (ըստ Չամչյանի 432 թվին). ժողովի նպատակն էր երկրի մեջ մտցնել նորանոր կրոնական բարեկարգություններ և առաջքն առնել այն անկարգությանց, որ ծագել էին Սահակի բացակայության ժամանակ։ Այստեղ ներկայացրին թարգմանիչները իրենց բերած հանձնարարականները և Նիկիայի ու Եփեսոսի կանոնները։ Ժողովականները քննեցին ու երկրորդ անգամ հաստատեցին այդ վճիռները և դատապարտեցին Նեստորի վարդապետությունը։

Բայց ժամանակակից պատմիչները չգիտեն Աշտիշատի այս ժողովի գումարումը. Կորյունը ո՛չ մի բառ չունի այս առթիվ. Խորենացին (Գ, կա) ասում է պարզապես. «Ապա եկեալ թարգմանիչին մեր զորոց անուանքն յիշատակեցաք յառաջագոյն, գտին զմեծն Սահակ և զՄեսրոպ յԱշտիշատ Տարօնոյ, և մատուցին զթուղթսն և զկանոնս ժողովոյն Եփեսոսի՝ վեց սահմանեալ կանոնաւ գլխովդ և զստոյգ օրինակս Գրոց»։ (Եփեսոսի կանոնները միայն 6 են. տե’ս «Կանոնագիրք Հայոց», «Արարատ», Ղլտճյան, էջ 267-269)։ Աշտիշատի այս հիշատակությունն է, որ ավելի ուշ դարձել է ժողով, այսպես, Օձնեցին ասում է. «Երրորդ ժողով արար Սուրբն Սահակ և երանելին Մեսրոպ յԱշտիշատ, յորժամ հասին թուղթքն ի Կիւրղէ և ի Պրոկղէ որ յԵփեսոս հաւանեալ եղեն, յորժամ զՓառք ի բարձունսն կարգեցին, յաճախելով ի բանս հովուացն, պարսպելով ընդդէմ Նեստորի անիծելոյ» («Գիրք թղթոց» էջ 220)։ Նույնիսկ այս էլ Գագիկ Արծրունի թագավորի առ Ռոմանոս կայսր ուղղած թղթում հերքվում է, հետևյալ ձևով. «Դարձեալ որք յԵփեսոս Ասիայ ժողովեցան 200 սուրբ հարքն վասն Նեստորի յիմարութեանն, որ թէպէտ ոչ ոք էր ի մերմէ աշխարհէս անդր հասեալ, սակայն երանելոյն Կիւրղի և Պրոկղի և առ Ակակայ զգուշացուցանող թղթովթ փութացան հասին առ մեծն Սահակ և երանելին Մաշտոց, և միաձայնութեամբ ի մի ուղղափառ խոստովանութիւն վերագրեցան ընդ սուրբ հայրապետսն՝ ժողովեալք յԵփեսոս ծովահայեաց» («Գիրք թղթոց», էջ 296)։ Օրմանյանն էլ («Ազգապատում», Ա 313) չի ընդունում նման ժողով, այն հասարակ պատճառաբանությամբ, որ «պետական կաթողիկոսությունը Շմվելի ձեռքն էր և Սահակը չէր կարող   պաշտոնապես   նման   համախմբություններ   կատարել»։

 

9

Սահակն ստանալով Սուրբ Գրքի ստույգ օրինակը, երկրորդ անգամ   ձեռնարկեց   թարգմանելու՝   Եզնիկի   օգնությամբ։    Այս   թարգմանությունը եղավ միայն Սահակի և Եզնիկի ձեռքով և մյուս թարգմանիչները, նույնիսկ Մեսրոպը, մաս չունեն այստեղ։ Այս բանը որոշակի ցույց է տալիս Կորյունը. «Իսկ երանելոյն Սահակայ… դարձեալ յետ այնորիկ առեալ հանդերձ Եզնակաւ զյառաջագոյն զյանկարծագիւտ զփութանակի զթարգմանութիւնս՝ հաստատէր ճշմարիտ օրինակօք բերելովք և շատ ևս մեկնութիւն գրոց թարգմանէին»։ Այստեղ եզակի հաստատէր բայը ցույց է տալիս, թե գործը պատկանում է միայն Սահակին՝ Եզնիկի ընկերակցությամբ։ Մյուս թարգմանությանց համար է, որ կարծես հատուկ շեշտել է հոգնակի թարգմանէին բայով։

Այսպես է նաև Փոքր Կորյունը, որ թեև առաջին թարգմանությունը Սահակին և Մեսրոպին միանգամայն է տալիս, բայց երկրորդ թարգմանությունը՝ Սահակին ու Եզնիկին։ Ահա իր բառերը. «Իսկ երանելեացն սրբոյն (կարդալ սրբոցն) Սահակայ և Մեսրովբայ զեկեղեցական զգրոց զգումարութիւնն կանխաւ ի յունարէն բարրառոյ ի հայերէն թարգմանեալ… դարձեալ յետ այսորիկ առեալ հանդերձ Եզնկաւ զյառաջագոյն զյանկարծագիւտ զփութանակի թարգմանեալսն հաստատէր ճշմարիտ օրինակօքն բերելովք» (էջ 34)։

Իսկ Խորենացին (Գ, կա) Կորյունի այս հաստատ վկայության դեմ ունի «Զոր առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ, դարձեալ թարգմանէին զմի անգամ թարգմանեալն փութանակի, հանդերձ նոքօք վերստին յօրինել նորոգմամբ», իբր թե երկրորդ թարգմանության ժամանակ մասնակցեցին ո՛չ միայն Սահակը և Մեսրոպը, այլև Հունաստան  գնացած բոլոր աշակերտները։

Նոր թարգմանությունը, որ մեր մատենագրության մեջ ծանոթ է Երկրորդ թարգմանություն անունով, այնուհետև դարձավ հայերեն  Աստվածաշնչի վերջնական օրինակը։

Պետք է քննել այժմ հինգ կարևոր խնդիր, նախ՝ թե ի՛նչպես եղավ այս երկրորդ թարգմանությունը, երկրորդ՝ ի՛նչ օրինակ էր աշակերտների բերած այդ հարազատ կամ վավերական բնագիրը, երրորդ՝ թե թարգմանությունը ամբողջակա՞ն էր, այսինքն ամբողջ ՍուրբԳիրքը թարդմանվե՞ց, չորրորդ՝ թե ո՞րքան ժամանակ տևեց թարգմանությունը, և, վերջապես, հինգերորդ՝ թե ի՛նչ արժեք է ներկայացնում մեր  Սուրբ Գրքի թարգմանությունը։

Ոմանք կարծում են, թե Սուրբ Գրքի երկրորդ թարգմանությունը, որ կատարեցին Սահակ և Եզնիկ, առաջինից բոլորովին անկախ ամբողջական թարգմանություն էր. այսինքն թե Սահակ և Եզնիկ, մի կողմ թողնելով առաջին թարգմանությունը, սկզբից սկսեցին երկրորդ անգամ թարգմանել։  Ընդհակառակը  ուրիշներ  կարծում են, թե երկրորդ թարգմանություն կոչվածը ուրիշ բան չէր, եթե ոչ նախորդի սրբագրությունր, երկու թարգմանիչները նախկին թարգմանությունը ամբողջապես համեմատեցին նոր հույն բնագրի հետ, և ուր որ տարբերություն տեսան, մտցրին հնի մեջ նոր թարգմանությամբ։

Առաջին կարծիքը կարելի է հաստատել Խորենացու վկայությամբ, որ կարծես թե բոլորովին նոր թարգմանություն է ենթադրում. «Զոր առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ, դարձեալ թարգմանեցին…»։ Բայց հազիվ թե կարելի լինի ընդունել այսպիսի մի կարծիք, որովհետև թարգմանիչների համար բոլորովին ավելորդ ու աննպատակ հոգնություն պիտի լիներ երկրորդ անգամ թարգմանել, քանի որ առաջին թարգմանությունը չէր կարող այնպիսի խոշոր տարբերություններ ընծայել, որ նորից թարգմանելու կարիք զգացվեր։ Բնավ միտք չունի Խորենացու հիշյալ վկայությունը բառացի առնել, «դարձեալ թարգմանեցին և այլն» ընդհանուր ձևով ասված մի խոսք է և երկրորդ համեմատությամբ նոր թարգմանված մասերն է ակնարկում։ Ապա թե ոչ ի՛նչպես կարող էին Սահակ և Եզնիկ այնպես արագ թարգմանել ամբողջ Աստվածաշունչը, ինչպես ենթադրում է Խորենացու փութանակի բառը, որ ըստ սրբագրության Սուրբ վարդապետ Պարոնյանի վերաբերում է արդեն ո՛չ թե երկրորդ թարգմանության, այլ առաջինին։

Երկրորդ կարծիքը իբրև վավերական հաստատում են ո՛չ միայն բնական խելքը, այլև Կորյունի վկայությունը. «Դարձեալ յետ այնորիկ առեալ հանդերձ Եզնակաւ զյառաջագոյն զյանկարծադիւտ զփութանակի զթարգմանութիւնս, հաստատէր ճշմարիտ օրինակօք բերելովք» (Կորյուն, էջ 21), ուր հաստատէր չի կարող ամենևին նոր թարգմանություն ենթադրել, այլ առ առավելն ուղղություն և սրբագրություն։

Խնդրին գործնական լուսաբանություն կարող էր տալ Առաջին թարգմանությունից մնացած Մնացորդաց գրքերի թարգմանության քննությունն ու համեմատությունը՝ Երկրորդ պաշտոնական թարգմանության հետ։ Բայց այս խնդրով էլ դեռ ոչ մեկը մանրամասն չի զբաղված։ Միայն Գր. Խալաթյանն իր հրատարակած Մնացորդաց գրքի առաջաբանում համառոտ կերպով քննելով այս խնդիրն էլ, նկատում է. «Սորանից զատ, ինձ թվում է, թե սույն թարգմանության շնորհիվ մենք կարող էինք պարզել, թե ինչպես է կատարված եղել Սուրբ Գրքի երկրորդ կամ հունականից հայերեն թարգմանությունը. այն է՝ թարգմանիչները՝ ըստ երևույթին, կատարել են իրենց գործը՝ միշտ աչք պահելով աոաջին թարգմանության վերա, զգուշությամբ   պահպանելով   նորանից   ինչ   որ   համաձայն   էր   Հունականին,   և  փոփոխելով ինչ   որ  հակառակ  էր  նորան,   որոց  թվում և հատուկ անունների ուղղագրությունը» (էջ Ժ)։

Բացի Մնացորդաց գրքից՝ կրկին թարգմանությամբ ծանոթ են մեզ Սաղմոսները, Սողոմոնի Առակները, Ժողովող, Ւմաստութիւն Սողոմոնի, Երգ երգոց, Սիրաք։ Այս գրքերը ունենք թե’ առաջին փութանակի թարգմանությամբ և թե’ երկրորդ սրբագրված թարգմանությամբ (տե՛ս Ակինյան, «Հանդես ամսօրյա», 1935, էջ 559)։ Սիրաքի առաջին թարգմանությունը հրատարակեց Զոհրապյանը (հատ. Դ, հավելված, էջ 4-40), իսկ սրբագրյալ օրինակը տպված է Վենետիկ, 1833։ Երգ երգոցի կրկին թարգմանությունները համեմատությամբ և ուսումնասիրությամբ հրատարակեց Ոսկյանը (Վիեննա,  1924)։ Մյուսները անտիպ են։

 

10

Այժմ անցնենք երկրորդ խնդրին, թե ո՛րն էր թարգմանիչների բերած ստույգ և հարազատ օրինակը։ Այս մասին հետևյալ տեղեկություններն ենք քաղում Ստեփան Մալխասյանի վիմատիպ և իմ ուսուցիչ   Գարագաշյանի   անտիպ   մատենագրության   պատմություններից։

Ե դարում հունարեն լեզվով գոյություն ունեին Սուրբ Գրքի մի քանի թարգմանություններ, որոնք կատարված էին զանազան հայրերի ձեռքով կամ հետո ուրիշների ձեռքով սրբագրված։ Այսպես անվանի էին Ակյուղասի, Թեոդիտոնի, Սյումաքոսի թարգմանությունները և Ղուկիանոսի, Հյուսիքոսի և ուրիշների ուղղագրած բնագիրները, բայց այս օրինակները քրիստոնեական եկեղեցիներում չէին վայելում այն հարգանքը, որ տրվում էր Յոթանասնից թարգմանության։

Այս թարգմանության մասին բյուգանդական մատենագիրները հետևյալն   են  պատմում։

Երբ Եգիպտոս անցավ Պտղոմյան իշխանության ձեռքը, Ալեքսանդրիան դառնալով մայրաքաղաք, ուսումնասեր թագավորների շնորհիվ սկսեց օրեցօր ծաղկել գիտություններով և վաճառականությամբ։ Նա դարձավ ամբողջ աշխարհի համար գիտական նշանավոր կենտրոն, ուր դիմում էին բոլոր ուսումնասեր անձինք։ Հռչակավոր էր մանավանդ Ալեքսանդրիայի գրադարանը, որ ուներ 700 000 գիրք։ Պտղոմեոս Եղբայրասեր (Ֆիլադելֆոս) թագավորի ժամանակ (284-295 մ.թ.ա.) գրադարանի կառավարիչը խնդրում է թագավորից, որ գրադարանի համար թարգմանել տա Հրեաների կրոնի գիրքը (Աստվածաշունչը) և ուրիշ գրքեր։ Պտղոմեոսը սիրով է ընդունում այս խնդիրքը և մեծ  ընծաներով պատգամավոր է ուղարկում հրեից Եղիազար քահանայապետի մոտ, խնդրելով, որ ուղարկի 70 հրեա հունագետ ռաբբի և Աստվածաշնչի ընտիր մի օրինակ, որպեսզի Ալեքսանդրիայում թարգմանել տա եբրայեբենից հունարենի։ Քահանայապետը ուրախությամբ ընդունում է Պտղոմեոսի խնդիրը և ուղարկում է 72 գիտնական ծերեր և Աստվածաշնչի ընտիր մի օրինակ։ Պտղոմեոսը ամեն հարմարություն ընծայում է ռաբբիներին և թարգմանությունն սկսվում է։ 74 օրվա մեջ թարգմանությունը վերջանում է և համեմատելով միմյանց հետ կազմվում է վերջնական բնագիրը։ Ավանդությունն ասում է, թե Պտղոմեոս ռաբբիներին փակեց առանձին-առանձին խցերի մեջ, որպեսզի թարգմանությունը իրարից բոլորովին անկախ լինի։ Երբ թարգմանությունը վերջացավ, տեսան, որ բոլորն էլ միևնույնն են և իրարից ամենափոքր տարբերություն անգամ չունեն։ Այս ավանդությունը ցույց է տալիս, որ թարգմանությունը կատարված է մեծ խնամքով  և  մեծ  ճշտությամբ։

Այս թարգմանությունը կոչվեց Յոթանասնից թարգմանություն և երբ քրիստոնեությունը տարածվեց հունաց պետության մեջ, Յոթանասնից թարգմանությունն էլ մեծ նշանակություն ստացավ. արտագրվեց բազմաթիվ օրինակներով և տարածվեց ամբողջ պետության մեջ։ Բայց ժամանակ անցնելով բնագիրը ենթակա եղավ բազմաթիվ աղավաղությունների, որոնք առաջացած էին զանազան գրիչների պատահական սխալագրություններից։ Բացի սրանից, այնտեղ ներմուծվել սկսեցին նաև այլևայլ դիտավորյալ աղավաղություններ հունական բազմաթիվ աղանդավորների ձեռքով, որոնք այսպիսով ուզում էին մի կողմից իրենց վարդապետության համար նպաստավոր կետեր ավելացնել և մյուս կողմից աննպաստ կետերը  ջնջել  կամ  փոփոխել։

Գ դարում այս աղավաղությունները արդեն բավական շատացած պիտի լինեին, այնպես որ հույն նշանավոր հայրերից մեկը՝ Որոգինես, ձեռնարկեց մի տաժանելի աշխատության, այն է կազմել Աստվածաշնչի զանազան օրինակներից համեմատական ստույգ մի օրինակ։ Որոգինեսը պատրաստեց նախ երկիջյան, հետո քառիջյան և վերջապես վեցիջյան օրինակը, որի յուրաքանչյուր էջը բաժանված էր վեց սյունակի։ Այս սյունակները պարունակում էին կարգով 1) Եբրայական բնագիրը՝ եբրայական տառերով, 2) Եբրայական լեզվով բնագիրը՝ հունարեն տառերով, 3) Ակյուղասի թարգմանությունը, 4) Սյումաքոսի թարգմանությունը, 5) Յոթանասնից թարգմանությունը, 6) Թեոդիտոնի թարգմանությունը։ Որոգինյան Աստվածաշունչը իբրև թունդ գիտական աշխատություն չէր կարող գործածվել ընթերցանության   համար,   ուստի Դ դարում, Եվսեբիոս Կեսարացին Որգինյան վեցիջյանի մանրակրկիտ բաղդատությամբ կազմեց նոր ընտիր մի օրինակ։ Այս աշխատության հավատարիմ մի օրինակը պահվում էր Պոլսի արքունական գրադարանում, որից արտագրում ու տարածում էին։ Այս օրինակը՝ որ կոչվում էր Պաղեստինական օրինակ, բոլոր հույն եկեղեցիներում մեծ հարգ էր վայելում և անշուշտ նույն օրինակի մի ընտիր արտագրությունն էր, որ ստացան մեր թարգմանիչները՝ Սահակին մատուցելու համար։

Գարագաշյանը, 1892-1893 թվերին, Պոլսի Ամերիկյան Աստվածաշնչական ընկերությունից հանձնարարված լինելով պատրաստել հայերեն Սուրբ Գրքի վավերական տպագրությունը, առիթ ունեցավ երկու ընկերակիցների հետ (մին եբրայագետ, մյուսը հունագետ) համեմատել մեր բնագիրը ասորական, եբրայական, հունական և լատին բնագրերի հետ։ Իր համեմատություններից տեսնվեց, որ հայերեն Սուրբ Գիրքը համաձայն է գնում մերթ ասորականի, մերթ եբրայականի և մերթ հունականի հետ. բայց ճիշտ ու ճիշտ և միայն մեկի հետ միաբան չէ։ Սրանից հետևցնում է Գարագաշյանը, թե թարգմանիչների բերած օրինակը պիտի լինի Որոգինեսի վեցիջյանը, որի մեջ Յոթանասնից թարգմանության հետ կար նաև եբրայականը, և Սահակն ու Եզնիկն առիթ ունեին այս բոլորը համեմատելու և իրենց լավագույն երևցած ընթերցվածը առնելու, մերթ Եբրայականից և մերթ Յոթանասնից թարգմանությունից։ (Այս բոլորը իմ աշակերտական հիշողություններից են)։

Վերջին խոսքը տալիս ենք Կոգյանին։ Այս հեղինակը մի շատ մանրամասն ուսումնասիրություն ունի Մակաբայեցվոց Բ գրքի հայ թարգմանության վրա, որ գլուխ առ գլուխ և համար առ համար համեմատում է հունարեն բնագրի հետ։ նա ի նկատի է ունեցել հունարեն բնագրի զանազան օրինակներ և նրանց ընթերցվածները։ Համեմատելով այդ բոլորի հետ, ահա թե ի՛նչ եզրակացության է հասնում նա։ 1. Մակաբայեցոց հայերեն թարգմանությունը ներկայացնում է թե՛ Ալեքսանդրյան, թե՛ վեցիջյան և թե՛ Լուկիանոսյան ընթերցվածներ և կարելի չէ ասել, թե սրանցից մեկի կամ մյուսի վրա կաղապարված է։ 2. Մեր թարգմանության սկզբնագիրը մեզ ծանոթ ոչ մի խմբագրության մեջ չկա։ 3. Հայ թարգմանությունը ունեցել է ուրեմն մի ուրիշ բնագիր խառն նկարագրով, որի ընթերցվածները մերթ նույնանում են մյուս ծանոթ խմբագրությանց հետ և մերթ բոլորովին անկախ են։ 4. Բայց այդ բնագիրը երկրորդական տեղ չի գրավում, այլ եղել է մի շատ ընտիր օրինակ (տե՛ս Կոգյան, «Մակաբայեցվոց Բ գրքին հայերեն թարգմանությունը», Վիեննա,  1923,  էջ 60 և 72)։

 

11

Երրորդ հարցը ա՛յն է, թե Սուրբ Գրքի թարգմանությունը ամբող՞ջակա ն էր, այսինքն Սուրբ Գրքի պարունակած բոլոր գրքերը թարգմանվեցի՞ն։

Վերը տեսանք Կորյունի թվումը՝ Սուրբ Գրքի առաջին թարգմանության ժամանակ։ Թարգմանվել էին Հնգամատյանը, Մարգարեությունները, Ավետարանը, Պողոսի և մյուս առաքյալների թղթերը։ Բայց սրանով Սուրբ Գիրքը չվերջացավ. դուրս են մնում Հին Կտակարանից Հեսու, Դատավորք, Հռութ, 4 Թագավորությունները, 2 Մնացորդաց, Մակաբայեցվոց 3 գրքերը, Եզրի 3 գրքերը, Նեեմի, Եսթեր, Հոր, Հուգիթ, Տովբիթ, Սաղմոսները, Սողոմոնի 4 գրքերը Սիրաք, Բարուք և նոր Կտակարանից էլ գոնե Հայտնության գիրքը: Արդյոք այս գրքերը առաջին թարգմանության ժամանակ չթարգմանվեցի՞ն։ Բայց ինչպե՞ս կարելի է երևակայել Սուրբ Գիրք առանց Սաղմոսի։ Նկատենք նաև, որ Կորյունն իր թվումի մեջ չի հիշում Առակաց գիրքը, որի համար առաջուց արդեն ասել էր, որ թարգմանվել   էր  նույնիսկ Մեսրոպի  ձեռքով։

Սրանից    հետևում    է,    որ    Կորյունի    թվումը    միայն    ընդհանուր շրշագիծ   է   և   ո՛չ   ամբողշական   հիշատակություն։   Պետք   է   ավելացնել այնտեղ Սաղմոսը  և Առակաց  գիրքը,  հետո  Երգ  երգոցը  և Մնացորդաց    երկու    գրքերը,    որովհետև    սրանցից    ունենք    երկու-երկու թարգմանություն,   և  եթե  վերջինը   տանք   Երկրորդ թարգմանության անշուշտ   մյուսը   պիտի   մնա    Առաջին   թարգմանության   (Երգ   երգոցի  մասին  տե՛ս  Ոսկյան,   «Հանդես  ամսօրյա»,   1924,   էջ 222)։  Բայց ինչպե՞ս   կարելի  է  երևակայել Հին   Կտակարան,   որի  մեջ  կան  Մնացորդաց   գրքերը,   որոնք   մի   տեսակ   հավելված   են   Չորս   Թագավորությանց,    և   չկան   նրանց   մայրը    կազմող   Չորս   Թագավորությունները։    Այսպիսով    երկրորդ    անգամ    ապացուցվում    է    ա՛յն,    ինչ   որ քիչ   առաջ   ասացինք,   թե   Կորյունի   թվումը   միայն   ընդհանուր  շրշագիծ է և ո՛չ ամբողջական  հիշատակություն։

Այստեղ կա սակայն մի լրացուցիչ կետ, որ ընդհանրապես վրիպած է ուշադրությունից և որ շատ հաշող կերպով նկատում Աբեղյանը («Սովետական գրականությունն, 1941, № 2, էջ 47ա): — Կորյունն իր ընդհանուր թվումը տալուց հետո, հետևյալ մանրամասն բացատրության է անցնում, «Անդ էր այնուհետև սիրալի, ուրախութիւն և ակնվայել տեսիլ հայելւոյն։ Քանզի երկիր (=Հայաստան), որ համբաւուցն անգամ օտար էր կողմանցն այնոցիկ (=Պաղեստին), յոր ում ամենայն աստուածագործ սքանչելագործութիւնքն   գործեցան (=Երուսաղեմ), առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր, ոչ միայն ժամանակաւ պաշտեցելոցն, այլև յառաջագոյն յաւիտենիցն, և ապա եկելոցն սկզբանն և կատարածի, և ամենայն աստուծատուր աւանդութեանցն» (Կորյուն): — Արդ, եթե այդ թարգմանության միջոցով հայ աշխարհը ծանոթացավ ո՛չ միայն անցած գնացած բաներին (=Հին Կտակարան), այլև հետո եկածներին  (=Նոր Կտակարան), սկղբին (=Ավետարան) և վերջին (=Հայտնության գիրքը, որ խոսում է աշխարհի վերջի մասին), ուրեմն և ամբողջ Աստվածաշնչին, որ այլ անունով  Կորյունը  կոչում  է  «աստուածատուր աւանդութիւն»։

Մի գեղեցիկ միտք էլ հայտնում է Հ.Գ. Աարբհանալյանը («Բազմավէպ», 1851, էջ 233):— Ե դարի երեց թարգմանիչների ձեռքով թարգմանված ունենք Եվսեբիոսի Եկեղեցական պատմությունը, Քրոնիկոնը, ավելի ուշ Կալլիսթենեսի Պատմություն Ալեքսանդրի և այլ նման գործեր, որոնցից առաջինն էլ Մեսրոպն է թարգմանել տվել (Խորենացի Բ, ժ)։ Եթե մեր մատենագրության նախահայրերը ջանք և գործ են դրել այսպիսի երկրորդական ու երրորդական գրքեր թարգմանելու կամ թարգմանել տալու, ինչ՞պե ս կարող էին անտեսանել կամ կիսատ թողնել Աստվածաշունչը,   որ  այն  ժամանակի  հայացքներով    գրքերի  գիրքն  էր։

Այս միտքը թելադրում է ինձ մի ուրիշ միտք ևս։ Ոսկեդարյան թարգմանությամբ մենք ունենք բազմաթիվ մեկնություններ Սուրբ Գրքի զանազան մասերի, այսպես Ոսկեբերանի «Մեկնութիւն Եսայեայ, Մատթէի, Յովհաննու, Թղթոցն Պօղոսի, Սաղմոսաց, Կիւրղի Աղեքսանդրացւոյ Մեկնութիւնք Սուրբ Գրոց, Եփրեմի Ասորւոյ Մեկնութիւն Հին Կտակարանի, Համաբարբառ, Մեկնութիւն Գործոց առաքելոց» և այլն և այլն։ Ւ՞նչի էին պետք այս բոլոր մեկնությունները, եթե նրանց մայրը, այսինքն մեկնելի գրքի բնագիրը, որ են Սուրբ Գրքի զանազան մասերը, թարգմանված չլինեին։ Ուստի, եթե մեկնությունները կան,  կային նաև բնագրերը։

Հ.Ս. Կոգյանը մի առանձին ուսումնասիրություն ունի «Մակաբայեցվոց Բ գրքին հայերեն թարգմանության» մասին (Վիեննա, 1928), ուր ցույց է տալիս, որ Մակաբայեցվոց գրքերը չկային Առաջին թարգմանության մեջ, ուստի անցնում են Երկրորդ թարգմանության։ Հեղինակի պատճառաբանությունը ա՛յն է, որ 1 ) Կորյունը չի հիշում իր ցուցակում Մակաբայեցվոց գրքերը, 2) Եթե Սահակը և Մեսրոպը հապճեպով էին թարգմանում Սուրբ Գիրքը, ուրեմն պիտի թարգմանեին առաջին հերթին կանոնական գրքերը և որոնք որ եկեղեցական պաշտամունքի մեջ գործ են ածվում. Մակաբայեցիք կանոնական չեն և չեն էլ կարդացվում եկեղեցում, ուստի   և  դուրս   մնացին   Առաջին   թարգմանությունից. 3)   Մակաբայեցվոց գրքերը սրբագրիչի ձեռք չեն տեսել երբեք, այլ ինչպես որ բուն թարգմանչից դուրս են եկել, այնպես էլ իրենց բոլոր թերություններով հասել են մեզ։ Թարգմանիչը նախ կատարել է հունարեն օրինակից իր թարգմանությունը, հետո ինքն իր ձեռքով լուսանցքների վրա ավելացրել է նոր ուղղումներ, բայց ժամանակ չի ունեցել այդ ուղղումները ներս առնելու։ Հետագա արտագրողը այս ուղղումները մտցրել է բնագրի մեջ, առանց ուղղելիները ջնջելու։ Այնպես որ այսօր մեր ձեռքը հասած Մակաբայեցվոց գրքերը պարբունակում են բազմաթիվ կրկնակ ձևեր մեկը ուղիղ, մյուսը սխալ, երկուսն  էլ  կողք կողքի։

Այս բոլորից հետևում է, թե Սուրբ Գրքի մեծագույն մասը արդեն առաջին թարգմանության ժամանակ թարգմանված էր, մի քանի նվազ կարևոր և ոչ կանոնական գրքեր թարգմանվեցին երկրորդ թարգմանության ժամանակ։ Այնպես որ այսօրվա մեր ունեցած Սուրբ Գիրքը ամբողջապես Սահակի և Մեսրոպի և նրանց առաջին թարգմանիչների գործն են։ Այդ ապացուցում է լեզուն, որ ծայրից ծայր բնիկ դասական հայերեն է։ Բացառություն է կազմում միայն Հայտնության գիրքը» որ ոսկեդարյան հայերենով չէ, այլ ուշ ժամանակ Լամբրոնացու ձեռքով թարգմանվելով, միացված է նախորդին։ Բայց սրա էլ իսկական ոսկեդարյան թարգմանությունը գտնվեց Ֆ. Մուրատի ձեռքով և հրատարակվեց Երուսաղեմում, 1905-1911 թվականներին։ Միայն այդ գրքերից մի քանիսի համար հայտնի չէ, թե Առաջի՞ն թարգմանության ժամանակ են կատարված, թե՞    Երկրորդ։

 

12

Որքա՞ն  ժամանակ  տևեց Սուրբ Գրքի թարգմանությունը։

Այս նյութը քննության առարկա չպիտի դարձնեի ես, եթե մեր նշանավոր մասնագետ պրոֆեսորներից մեկը Արմֆանում կարդացած իր մեկ դասախոսության մեջ չհայտներ այն միտքը, թե «Հայերեն Սուրբ Գիրքը մի անգամից և կարճ ժամանակում թարգմանված չէ, միայն գերմանացիք եղան, որ Սուրբ Գիրքը թարգմանեցին մի տարում։ Հայերեն թարգմանությունր շատ երկար տարիների աշխատության  արդյունք  է»։

Կորյունի տված տեղեկությամբ՝ Սուրբ Գրքի մեծ մասի թարգմանությունը կատարված վերջացած էր Վաղարշապատի վարդապետարանի բացումից և Մեսրոպի Գողթն ու Սյունիք քարոզության գնալուց առաջ, ուրեմն՝ 405 և 406 երկամյակի ընթացքում։ Այնպես  որ  Սուրբ Գրքի  վրացերեն թարգմանությունը (սկսված 409  թվին) ինչպես և աղվաներեն թարգմանությունը (423 թ.) արդեն կարելի եղավ կատարել հայերեն թարգմանության վրայից։ Երկրորդ թարգմանությունը, ինչպես հետո ավելի ընդարձակ ցույց պիտի տանք, տեղի ունեցավ 431-432 թվին, որից 6 տարի հետո արդեն Սահակի մահն է։ Մակաբայեցվոց գրքերը, որոնք կանոնական և եկեղեցական գրքեր չլինելով ավելի ուշ թարգմանվեցին, այնպես որ Սահակը և Մեսրոպը ժամանակ չունեցան սրբագրելու (տե՛ս Կոգյան, «Մակաբայեցվոց Բ գրքին հայերեն թարգմանությունը», Վիեննա, 1923, էջ 8), անշուշտ թարգմանված և հրատարակված էին 450 թվից առաջ։ Եղիշեն պատմում է, թե Վարդանն Ավարայրի պատերազմի նախօրյակին իր բանակը քաջալերելու համար էջեր կարդաց զինվորների առաջ. «Վարդան ի ձեռն առեալ զքաջ նկարագիրն Մակաբայեցւոց, ընթեռնոյր ի լսելիս ամենեցուն» (տե՛ս Հ.Գ. Զարբհանալյան, «Բազմավէպ», 1851, էջ 234 և Կոգյան, անդ, էջ 15)։ Սրանով ջուրն են ընկնում այն բոլոր տոմարական հաշիվները, որոնցով Ադոնցը («Հանդես ամսօրյա», 1928, էջ 94) ուզում է ցույց տալ, թե Մակաբայեցվոց գիրքը թարգմանված է 460-468 թվերին։ Վերջապես եթե ուրիշ ո՛չ մի ապացույց էլ չունենանք, ամբողջ ս. Գրքի ոսկեդարյան լեզուն բավական է ապացուցելու համար, թե թարգմանությունը կատարված է մի անգամից և Ե դարի առաջին կեսում։

Ավելի պատասխանատու մի հայտարարություն արել է Նոյման հայագետն իր «Հայոց մատենագրության պատմության» մեջ (էջ 38-39)։ նա կարծում է, թե Հին Կտակարանի անհայտ գրքերը (Հուդիթ, Տովբիթ, Մակաբայեցվոց 3 գրքերը, Բարուք և այլն) ծանոթ չէին հին հայոց. հայերը ծանոթացան այդ գրքերին միայն ունիտոռների ժամանակ և լատինների միջոցով, ուստի և այդ գրքերի թարգմանությունն էլ կատարված պիտի լինի 13-14֊րդ դարերում: Սխալ է այս ենթադրությունը, որովհետև Աստվածաշնչում կան և կարիք չկար սպասելու մինչև ունիտոռների գալը։ Երկրորդ, ինչպես ճիշտ նկատում է Ստ. Նազարյանը («Հյուսիսափայլ», 1860, Ա, էջ 140-141), այդ թարգմանությունների լեզվի մաքրությունը չի թույլ տալիս ամենևին մտածել այդքան ուշ ժամանակի մասին, երբ հայերեն գրաբար լեզուն բոլորովին ընկած և աղճատված էր։

 

13

Սուրբ Գրքի հայերեն թարգմանության արժանիքը։

Եվրոպացի հայագետ Լակրոզը, խոսելով Սուրբ Գրքի հայերեն թարգմանության վրա՝ կոչել է    «Թագուհի    թարգմանությանց»։    Այս    գնահատականը,    որ հաճախ կրկնված է ուրիշներից, երկու կողմ ունի։ Նախ՝ հայերեն թարգմանության ճշտությունը և հավատարմությունը՝ համեմատությամբ ուրիշ թարգմանությունների և երկրորդ՝ լեզվի ու ոճի գեղեցկությունն ու վեհությունը։ Առաջին կետի վրա խոսում են բոլոր եվրոպացի այն քննիչները և բանասերները, որոնք զբաղվել են Սուրբ Գրքի զանազան թարգմանություններով և նրանց մանրամասն համեմատությամբ բնագրերի հետ (եբրայերեն և հունարեն)։ Իսկ երկրորդի մասին վկա է ամեն մի հայկաբան և բանասեր, որ հիանում է Սուրբ Գրքի հայ թարգմանության լեզվի գեղեցկությամբ։ Եթե Եզնիկն է մեր հայկաբանության գլուխգործոցը, այդ նույն Եզնիկը խորասուզված է նաև Եսայիի և Երեմիայի մարգարեությանս մեջ։ Ահա մի երկկողմանի գնահատական՝ մի կողմից Սուրբ Գրքի թարգմանության հավատարմության և մյուս կողմից նրա լեզվի գեղեցկության վերաբերմամբ։ «Խղճամիտ խնամք և ամենաչնչին իրերի վրա տարածվող հավատարմություն փայլում են այնտեղ։ Հայ թարգմանիչները՝ լիուլի հմուտ հայ և հույն լեզուներին, կարողացել են ոչ միայն (քիչ բացառությամբ) ուղիղ իմաստին թափանցել, այլ նաև ուղիղ հայացնել, և որ ավելին է կարողացել են իրենց ուժը Սուրբ Գրքի մատյանների բովանդակության ու հեղինակներին համապատասխանող այնքան այլազան ոճերի համաձայն եղանակավորել, փոփոխել։ Իբր քույր լեզու հունարենի՝ հայերենը համ ընթանում է նրան քայլ առ քայլ, բառ առ բառ, մթինը՝ մթին, պայծառը՝ պայծառ բացատրում է. գիտե պերճախոսել ու պարզաբանել գիտե պճնվել ու անպաճույճ երևալ, առանց սակայն իր բնածին ազատությունը զոհելու, և օտարի ստրուկը դառնալու։ Սուրբ Գրքի հայ թարգմանիչները նախանձելի և անգնահատելի առավելությունն են ունեցել լեզվի ազնվություն, մաքրություն և վեհություն միացնելու ամենախիստ  հավատարմության  հետ»  (Կոգյան,   անդ,  էջ  73)։

Կոգյանից հետո պետք է հիշել եվրոպացի մի նորագույն հեղինակ՝ Կյոնդե (Ժընևից), որ ուսումնասիրեց հայերեն Ավետարանի թարգմանության լեզուն մանրամասն համեմատելով հունարենի հետ։ Իր մի հոդվածում («Exactitude et adresse dans la version arménienne de la Bible», «Հանդես ամսօրյա», 1935, էջ 563-570), ահա թե ինչ գովասանական խոսքեր ունի Սուրբ Գրքի հայ թարգմանության վրա. «Ինչքան ավելի ենք ուսումնասիրում այս թարգմանությունը, այնքան ավելի հիացմունք ենք զգում այս գլուխգործոցի համար և համոզվում հեշտությամբ, թե ինչպիսի արտասովոր ջանք գործ դրին այս նշանավոր խելքի տեր մարդիկ… Ամեն թարգմանություն իր սկզբնագրի ազդեցությունն է կրում. հայերեն թարգմանությունը դուրս է այս օրենքից։ … նորհիվ իրենց մայրենի լեզվի շատ վստահ և նուրբ հմտության, սրա հետ միասին հունարեն լեզվի խոր և երբեմն էլ զարմանալի գիտության, այս թարգմանիչների համար չկա բնավ մեքենական մոտեցում»։ Հիշատակելուց հետո միևնույն հույն բառի դեմ ըստ երանգի տարբերության զանազան հայերեն բառերի գործածությունը, որի համար մեջ է բերում զանազան օրինակներ, հիշատակելուց հետո շարադասության, համաձայնության և նախդիրների գործածության նրբություններ, անցնում է հայերեն թարգմանության տրամաբանական ճշտության։ Այս բանը երևում է բայերի հաջորդության և շարքի մեջ, օրինակ հունարենն ասում է, «Կորզէին  աշակերտքն նորա հասկս և ուտէին շփեալ ընդ ափ»։

Անտրամաբան է ուտել և հետո շփել, ուստի հայ թարգմանիչը տրամաբանական կապը պահելով   ասում է.

«Աշակերտքն նորա կորզէին հասկ, շփէին ընդ ափ և ուտէին» (Ղուկ. Զ 1)։

Նույնպես  հունարենն  ասում է.

«Վէրս ի վերա եգեալ գնացին՝ թողեալ  կիսամահ»։

Անտրամաբան է նախ վիրավորել, հետո գնալ, հետո կիսամահ թողնել. ուստի հայ թարգմանիչը պահում է տրամաբանական կապը  և ասում է.

«Վէրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին» (Ղուկ. Ժ, 30)։

 

14

Վերջին մի խնդիր էլ երևան է հանում Խորենացին։

Այս խընդիրը տեղի է տված բազմաթիվ վիճաբանությունների և նրա մասին երկար խոսել այս աշխատության մեջ պատշաճ չլինելով, հիշում ենք համառոտ կերպով։

Երբ Աստվածաշունչը երկրորդ անգամ թարգմանվեց, ասում է Խորենացին, Սահակ և Մեսրոպ անգետ լինելով Խորենացու ունեցած արվեստին (?), թարգմանությունը շատ կողմերով թերի դուրս եկավ, ուստի այն երկու վարդապետները Խորենացուն ուղարկեցին Ալեքսանդրիայի ճեմարանը, որպեսզի այնտեղ սովորելով՝ երևի վերադառնա և Սուրբ Գրքի երկրորդ թարգմանության թերությունները շտկե. «Բայց քանզի անգէտք էին մնում արուեստի, ի բազում մասանց թերացեալ գործն գտանէր, վասն որոյ առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ զմեզ առաքեցին յԱղեքսանդրիա՝ ի լեզու պանծալի, ի ստոյդ յօդանալ ճեմարանին վհրաբանութեան» (Խորենացի Գ, կա)։ Ուստի Խորենացին ճանապարհ է ընկնում և Եդեսիա, Երուսաղեմ, Ալեքսանդրիա, Հռոմ, Աթենք ու Պոլիս ման գալուց և տեղ-տեղ ուսում ստանալուց Հետո, դառնում է Հայաստան, բայց արդեն Սահակը և Մեսրոպը վախճանած էին, ուստի ձեռնարկությունը կիսակատար և հետևաբար Սուրբ Գրքի թարգմանությունն էլ թերի մնաց և մնում է,  ավաղ,  մինչև այժմ։

Խորենացու այս հատվածի քննությամբ զբաղվել է մասնավորապես Գարագաշյանր («Քննական պատմութիւն», Դ, էջ 58-69), որ մանավանդ ժամանակագրական հաշիվներով ցույց է տալիս, թե չէր կարող մի այսպիսի ճանապարհորդություն գոյություն ունեցած լինել և ամբողջ պատմությունը, ՍուրբԳրքիերկրորդ թարգմանության պարունակած թերությունների և Խորենացու երևակայական սրբագրությունների հետ միասին՝ բացարձակ սուտ է կամ խաբեբայի  հավերժած։

 

…………………………………………..

 

Сноски:

1.   Եփեօոսի ժողովի պատմոությունը և Նեստորի վարդապետության քննությունը մանրամասն տե՛ս Հ.Կ. Ամատունի, «Բազմավէպ», 1931, էջ 385-408 և Փեչիկյան,անդ,էջ412-416։

  1. Հունարենօրինակներըդնումեմհայերեն՝բառացիթարգմանելով    հունարենից։
  1. Ձեռագրի մեջ առանձին մի էջի վրա հեղինակը գրել է. «Ավելացնել Միաբանի կարծիքը, թե Սուրբ Գիրքը երրորդ անգամ թարգմանված է. այս առթիվ տե՛ս և ա՛ռ Էսակուլյանի «Տատյանի…», էջ 98։ Ես չեմ ընդունում երրորդ թարգմանության գոյությունը։ Եթե մեկը ենթադրել է մի բան, որի համար տալիս է մի ապացույց, եթե դու ջնջես այդ ապացույցը, ի՞նչ արած կլինես, ենթադրությունը ընդունա՞ծ, թե՞ ջնջած։ Ես այս վերջինն եմ արել։

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top