online

Анна Мартиросян. Я люблю тебя, Арцах

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

Ես սիրում եմ քեզ, Արցա՛խ

 

Ուզում եմ` ապրես իբրև մի հսկա,
Եվ ժողովուրդդ արևոտ, պարզկա
Քո երկինքներով միշտ հպարտանա
Եվ միշտ արարի պայծառ ապագա…

 

Анна Мартиросян

Анна Мартиросян

Իմ հայրենիքը լեռների գրկում ծվարած մի անկյուն է` փոքրիկ, ինչպես ծերացած մայր, փոքրիկ, ինչպես նորածին զավակ, հեզ ու քնքուշ, ինչպես օրիորդ, բայց և խրոխտ, ու արի , ինչպես քաջարի մարտիկ:

Իմ երկիրը Մեծ Հայքի` մեր պատմական հայրենիքի մի չքնաղ բեկորն է` Արցախ աշխարհը, որն այսօր համայն աշխարհին պատմում է իր հերոսական անցյալը, որն այսօր մարդկությանն է ներկայանում իր կոթողներով, իր չքնաղ բնությամբ, իր անկեղծությամբ, իր Գանձասարով ու Ամարասով, Դադիվանքով ու Կաչաղակաբերդով, Շուշիով ու Ամենափրկիչ եկեղեցիով…

Սա իմ չքնաղակերտ Արցախն է, իմ հինավուրց ու հավերժ երիտասարդ, իմ միակ հայրենիքը, որը գալիս է դարերի խորքից և դեպի ապագա դարերն է գնում:

Հպարտ եմ, որ ապրում եմ Արցախում, որ արժանի եմ արցախցի լինելու, արցախցի կոչվելու պատվին:

Իմ մա՛յր Արցախ, իմ չքնա՛ղ օջախ, իմ սու՛րբ բնօրրան, ամեն անգամ քո անունը տալիս համակվում եմ հպարտությամբ, քանզի դու այն երկիրն ես, որ քաջություն է ունեցել արժանապատվորեն ընդունելու ճակատագրի բոլոր հարվածները, կարողացել է ազնիվ մնալ իր հանդեպ կատարված այնքան վայրագություններից հետո:

Արցա՛խ իմ, դու դիմացել ես դարերի մուժին, քանզի դարերում եղել ես անվախ ու միշտ հուսացել ես: Դու այն երկիրն ես, որ ամենադժվարին պահերին իսկ ստեղծագործել, արարել, արվեստի անմար կոթողներ է կերտել…

Հերոսակա՛ն իմ Արցախատուն, դու տեսար ավեր ու վիշտ, տեսար թալան ու կոտորած, բզկտվեցիր, ընկար անօգնական, բայց ելար նորից, շտկեցիր մեջքդ ու հպարտ քայլերով ընթացար առաջ` դեպի լուսավոր ու պայծառ գալիք:

Այսօր մենք ապրում ենք մի բարգավաճող երկրում, որի յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է ներշնչում: Հարկավ, ամեն մի շինարարության ավարտ հաղթանակ է: Ինչու՞: Մի պարզ պատճառով. քանի որ մենք պատերազմի բովով ենք անցել:

Իմ աննման Արցախի մեջ անթեղված են կոշտը, լեռնցիականը, բայց և քնքուշը, կանացին, նուրբը: Եվ դա պատահական չէ. Արցախցին միշտ էլ արարել է, տանջվել է, բայց միշտ անհիշաչար է մնացել նույնիսկ արյունռուշտ թշնամու հանդեպ:

Արցախյան երկինքը ասես անչար ու անաչառ արցախցու հոգին, էությունն ու խառնվածքը լինի` մաքուր ու  անարատ:

Բայց հազար ինը հարյուր ութսունութին մեր լուրթ երկինքը մթագնեց, քանզի մռայլվեց արցախահայության հոգին: Ազատատենչ հայը այլևս չէր կարող հանդուրժել անարդարություն. նրա համբերության բաժակը լցվել էր: Մենք ելանք պայքարի, հաղթական պայքարի…

Մեզ պատերազմ պարտադրեցին` մեծամտորեն կարծելով, թե կարող են կոտրել արցախցու ամրակուռ ոգին:

Մենք խոշտանգվեցինք, թալանվեցինք, մենք ուղղակի տանջվեցինք մի քոչվոր ցեղի կողմից, որը նույնիսկ պատմություն չունի, սակայն իրեն հորջորջում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տիրակալ:

Արցախյան պայքարի թեժ պահին ծնվեց հայոց բանակը` յուրաքանչյուր հայի հույսերի, նվիրական երազանքների խտացումը: Թշնամին այլևս ի զորու չէր որևէ բան անելու, քանզի մեր բանակը անպարտելի էր: Մաքառելով, մեկը մյուսի հետևից կենդանի լեգենդներ ծնելով, կյանքից ամուր կառչելով` կարողացանք հաղթել այս օրհասական պայքարում: Հազարավոր հայորդիների արյան գնով վաստակեցինք ազատ ապրելու ու արարելու իրավունքը:

Ես սիրում եմ քեզ, Արցա՛խ, ինձ ծնո՛ղ, ինձ սնո՛ղ մայր, սիրում եմ քեզ ամբողջ սրտով, հոգու ամբողջ զորությամբ: Այսօր դու տոնում ես հաղթանակներդ, պարտադրված պատերազմում տարած արժանի հաղթանակներդ:

Արցա՛խ, ես սիրում եմ քեզ քո անկոտրում կամքի համար: Ես համոզված եմ, որ Նորին մեծություն ճակատագիրը ընդունել է քո զոհը, որովհետև այն ամենաթանկն էր…

Ես` որպես արցախցի, այսօր անհուն բերկրանք եմ ապրում, որովհետև մենք կարողացանք դիմանալ ճակատագրի արհավիրքներին, ճակատագրի բոլոր հարվածներին և աներեր քայլերով առաջ ընթանալ:

Յուրաքանչյուր արցախցի մի սար է` անառիկ ու անպարտ: Յուրաքանչյուր  արցախցի մշակութային գործիչ է. չէ՞  որ մեր երակներում հոսում է մեր նախնիների արյունը, չէ՞  որ մեր նախնիների համար մշակույթը կյանք էր: Այդ են վկայում մեր հուշարձանները, վանքերը, կոթողները, որոնք հպարտությամբ ասում են. <<Ահա՛ մենք, որ եկել ենք դարերի խորքից և այսօր աշխարհին ենք ներկայանում մեր հինգհազարամյա պատմությամբ: Զգու՜յշ անցիր այստեղով: Այստեղ է ինքը`  Ժամանակը, այստեղ է ինքը` Հավիտենությունը>>:

Մեր երկիրը այսօր փթթում է նաև Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ: Այս երրորդության մեջ Հայաստանն ինձ համար Հայր է, Սփյուռքը՝Աստված, Արցախը՝ Սուրբ հոգի:

Հավիտենության իմ սու՛րբ մասունք Արցախ, ի՛մ տուն, իմ շենշո՛ղ հայրենիք, դու իմ սրտում ես միշտ լինելու, ուր էլ լինեմ, այս լուսնի տակ ուր էլ գնամ…

 

Մարտիրոսյան Աննա

__________________________

hqdefaultСтепанакертский филиал физико-математической специальной школы имени А.Шагиняна  при Ереванском государственном университете

Директор Нерсесян Сусанна Гургеновна

Конкурс сочинений курировала Аванесян Лиана Асцатуровна

 

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top