online

Алёна Енгибарян. Наши герои

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

Մեր հերոսները

Алёна Енгибарян

Алёна Енгибарян

Փոքրիկ արարածի պարզ ու խենթ պատկերացումներով մանուկը ստեղծեց իր հայրենիքի գեղահրաշ պատկերը: Այն սկսվում է իրենց տան բակից և տարածվում մինչև դպրոց` խանդավառ մանկության հետ մեկտեղ` ձեռք ձեռքի տված: Մեծանում է մանուկը` մանկությունը թողնելով կարոտատենչ անտառներում ու դաշտերում, անհոգ վազքը` մայթեզրերին, հիշողությունները` թփուտներում ու իր ընկերների անհուն հոգիների ակունքներում: Պատանու կապույտ-կապույտ երազները իրենց թևին տանում են նրա կյանքի հեքիաթը` հյուսված բազմագույն երիզներով:

Ավա~ղ, խարխլվեց նրա հեքիաթային երևակայությունը, ամեն ինչ փոշիացավ, դարձավ տեսիլք…

Նրանից ուզում են խլել մանկությունը, ուզում են կործանել նրա կյանքի հեքիաթը, ուզում են նրա հիշողությունը դարձնել ուրվական: Նա ընդվզեց, ըմբոստացավ: Նա նորից թույլ չի տա թշնամուն, որ աղավաղի իր մաքրամաքուր հայոց լեզուն, իր գիրն ու դպրությունը, քանզի իր երակներով հոսում է Նժդեհի, Անդրանիկի արյունը: Նա վեր հառնեց իր խրոխտ կեցվածքով` պաշտպանելու իր ունեցածը` ապրելու ու արարելու տենչով…

Դարավոր թշնամին նորից դավեր է նյութում` աղավաղում է դարերից եկած հաղթական իր հայերենը: Պատանին քաջ գիտի, որ թշնամին ուզում է խեղդել իր տենչն ու կորովը, այն լեզուն, որով գոյատևում է, ապրում ու արարում է:

— Հանդուրժել չի կարելի, քանզի դա մեր հոգու ցոլանքն է, նշխարն է մեր նվիրական, մեր նախնիների թափած արյան ցոլքն է, մենք պետք է պահպանենք մեր նվիրականը,-շշնջաց պատանին:

Եվ ցասկոտ ելավ պատանին Մոնթեի, Բեկորի հետ միասին: Ելավ, որ միանա Մայր Հայաստանին` ավելի վստահ լինելու համար: Ելավ` ի ցույց բոլորին, որ ինքը հայ է, որ չպիտի ապրի իր մայր հողի մի մասից անջատված: Ելավ, որ փրկվի թշնամու արյունոտ ճիրաններից, նենգ դավերից: Ելավ, որ պաշտպանի իր հայրենին…

Այո’, հային բնաջնջելու մոլուցքով տարված, թշնամին կանգ չառավ իր ապագան կերտող հային ոչնչացնելու համար: Եվ ի զորու  չլինելու պատճառով նա ծանր մռնչաց… Իսկ Արցախ աշխարհի հինավուրց` թուրք ջարդարարների հողմահար դոփյուններից վշտացած, դժնդակ օրեր ապրած, կենաց ու մահու կռիվներ կրած ու հաղթանակած հողը երկնեց: Երկունքի ցավով նա ծնեց հերոսներ, որ հետո նրանց տաքացնի իր ջերմ գրկում, նա տվեց նահատակներ, որ նրանք պատմեն աշխարհին իր մասին իր բարբառով:

Երկնեց Արցախ աշխարհի երկինքը, երկնեց թշնամու զարկերի ներքո, երկնեց հաղթական երգի ներքո: Եվ հյուսվեց մի պատմություն` պարուրված արցախյան հերոսի թափած արյունով, արցախյան հողի մշակի ճակատի քրտինքով, արցախցի մանկան ճիչով, հայ երիտասարդի հարսանյաց շորի շրշյունով, արցախցի թիկն տված պապ ու տատի տաք նիրհով: Պատմություն, որ գրված է հազարավոր ջահել-ջիվանի գերեզմանաքարերի, հազարավոր որբ մանուկների սպասումնալից սրտերում, հեռավոր դարերից լսվող սրտաճմլիկ «Դլե-յամանի» մեղեդու ծալքերում:

Մայր հողից այդ տաքուկ ասես դուրս է ժայթքում ու վետվետում հերոս զավակների պաթոսն ու կորովը, հաղորդում մեզ ջերմություն, կապում մեր հոգու լարերը: Դուրս է ժայթքում և դառնում հավերժի ճամփորդ` սերնդե-սերունդ տանելու համար այդ պատմությունը…

Կանգ ա’ռ, անցոր’դ, և նայի’ր…տե’ս, թե ինչ են պատմում այս հուշարձանները, կոթողները, լսի’ր նրանց պատմությունը, որ հյուսված է կենաց ու մահու պայքարի, ապրելու ու արարելու տենչի, հույսի ու հավատի ծարավի ալիքով…Նրանք կանգնած են որպես անցյալի պատմության լուռ վկաներ, ու նրանց պետք է հասկանալ` առանց պեղումների: Նրանք կանգնած են որպես անցյալի խոսուն վկաներ, որ դուրս են ժայթքել անցյալի դաժան ու դժվար սապատներից ու այսօր արյան ու երազանքի պատկերով վերարթնացնում են մեր նախնիների կյանքի հախուռն տարերքը: Նրանք ապրում են և ինձ ստիպում են, որ ես խոսեմ…

Կպատմեմ… Այս հուշաքարերը այնքան հարազատ են ու խորհրդավոր: Իմ նախնիների անհատական կնիքով ստեղծված այս քանդակները անմահության գրկում արցախցու կերպարն են մաքրագործում: Մեր հերոսների թողած լռությունը քար չէ, այլ կյանքի սիրուց ժայթքած հավատ, որը հսկում է Արցախի խաղաղությունը, և անվերջ վետվետում մի քաղցր երազ, հուշ, պատմություն` գրված մաքրամաքուր այս հուշաքարի վրա:

Կանգ ա’ռ, անցոր’դ, և ունկընդրի’ր, նրանք քո մեջ կծնեն հուսավառ զգացումներ, ըմպի’ր այդ հավատից մի կաթիլ և կըմբոշխնես հույսի կաթիլներ և կտեսնես մի մեծ ազգի ապրելու ու գոյատևելու արարողության ընթացքը…

Կանգ ա’ռ, անցո’րդ, որովհետև նրանք վեր են հառել խրոխտ կեցվածքով` պաշտպանելու իրենց ինքնուրույնությունը, մանկությունը, լեզուն, իրենց գիրն ու դպրությունը, իրենց նվիրականը: Անցո’րդ, նրանց ծնել է բազում հաղթանակներ կրած այս հողը հայրենի և այժմ ջերմությամբ ու գորովանքով փայփայում է անթեղված նրանց հոգիները, մրմնջում անուշ օրորոցային:

Սիրում եմ քեզ, իմ Արցա’խ աշխարհ, մեծ աշխարհի մեջ դու իմ մեծ աշխարհ: Այստեղ են ծլարձակել իմ տասնվեց գարունները, այստեղ եմ ես առաջին անգամ թոթովել, այստեղ եմ ես քայլել ու մեծացել: Այստեղ ես կշարունակեմ իմ հայրենիքի հերոսների գործը, կպեղեմ իմ հայրենիքի` աշխարհին դեռևս անհայտ պատմությունները, կհյուսեմ նոր պատմություն…

Կանգնած եմ Արցախի «Պապն ու տատը» խորհրդանիշի առաջ, և հոգիս լցվում է պաթոսով, որ կանգուն են իմ հայրենիքի մեծ պապն ու տատը, տեսնում են իրենց թոռնիկների հաջողությունները, օր ու գիշեր հսկում են նրանց արարիչ աշխատանքը, ըմբոշխնում արցախյան անարատ օդը և վայելում իրենց ծերունական հաճույքը… Դա է կյանքի իմաստը, որ դարերից եկել և արմատավորվել է մեր սովորույթներում…

Եկե’ք, ընկերներ, մեր քայլերով ուրախացնենք մեր Մեծերին, կանգուն պահենք մեր «Պապն ու տատը», մեր փյունիկ աշխարհը` Արցախը: Մենք մեր պայքարի կենդանի վկաներն ենք և ծնում ենք նոր վկաներ ու ապագայի ջահակիրներ:

Եկե’ք, ընկերներ, կերտենք մեր ապագան` աշխարհին պատմենք մեր մասին` մեր լեզվով, ինչպես արել են մեր հերոսները…

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,

Ասկերանի շրջանի Իվանյանի միջնակարգ դպրոցի

11-րդ դասարանի աշակերտուհի` Ալյոնա Աշոտի Ենգիբարյան,

Ուսուցչուհի` Անուշ Մխիթարի Բեգլարյան

 

_________________________________

engibaryan_alena (1)Иваняновская средняя школа, с. Иванян Аскеранского р-на

Директор школы: Гулян Гурген Рубенович

Учитель: Бегларян Ануш Мхитаряновна

 

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top