online

Հայկական հարսանիք

ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀարսանիքը՝ նոր ընտանիքի կազմավորման առիթով կատարվող տոնախմբությունը հայկական կենցաղի ամենաճոխ դրսևորումներից է, այն միշտ համարվել է մարդու կյանքում տեղի ունեցող ամենաուշագրավ իրադարձությունը և ծնողների անպարփակ ուրախության ու բացառիկ պատասխանատվության հրապարակային դրսևորման առիթ։
Հարսանիքին նախորդում է խնամախոսությունը, որին առաջ փեսացուն չէր մասնակցում իսկ այժմ պատգամախոսների հետ հարսնացուի տուն է գնում նաև տղան։ Հրավիրվում են մոտիկ ավագ ազգականները, խոսք առնելուց հետո որոշվում է նշանդրեքի օրը։
Այդ օրը Փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանդրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը։
ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀարսանիքի նախորդ օրը հավաքվում են ավագ բարեկամներն ու հարևանները, հյուրասիրվում են, տալիս են իրենց խորհուրդներն ու օրհնանքները։
Դարեր շարունակ տնտեսական պատճառները ստիպում էին հիմնել ապագա ամուսնացողների անձնական սեփականությունը՝ գերդաստանի կամ եռաստիճան ընտանիքի ներսում, որտեղ նրանք պետք է ապրեին ու աշխատեին։ Նրանց ամբողջ վաստակը մտնում էր ընտանիքի ընդհանուր գանձարանը և նորապսակներին թույլատրելի չէր ցուցաբերել անձնական նախաձեռնություն։ Աղջկա տանը որոշվում էր հարսնաբաժինքի համար հատկացվելիք գումարի և օժիտի չափերը։ Նոր ստեղծվող ընտանիքի նյութական հիմքի քննարկմանը ներկա էին լինում աղջկա հայրը՝ իր ընտանիքի մեկ-երկու անդամներով, տղայի հայրը՝ քավորի, միջնորդների և հաշտարարի դերակատար քահանայի ուղեկցությամբ։ Բանակցությունները տևում էին մի քանի ժամից մինչև մի քանի օր և ունեին թատերական-կատակաբանական երանգ։
ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀին Հայաստանում հարսանիքները բացառապես տեղի էին ունենում աշնան և ձմռան ամիսներին, երբ դաշտային աշխատանքները ավարտված և տարվա պաշարները հավաքված էին։ Ձմռանը պսակվելու հանգամանքը առընչվում էր նաև առողջապահական նկատառումների հետ, որոնց վերաբերյալ կան միջին դարերի հայ բժիշկների ցուցումները։
Հարսանեկան նախապատրաստությունները սկսում էին հինգշաբթի օրը։ Ծեսը տևում էր յոթ օր (յոթը և երեքը ընդհանրապես սուրբ, մոգական թվեր էին հայկական կենցաղում)։
Հարսանիքի հրավիրելու ամենահին սովորությունը նվագախմբով կանչելն էր։ Զուռնա-դհոլ նվագողները բարձրանում էին հարսանքատան կտուրը և հատուկ եղանակ էին նվագում։ Ավելի ուշ հրավերը կատարվում էր բանավոր հաղորդմամբ, իսկ նոր ժամանակներում՝ հրավիրատոմսով։ Հարսանիք հրավիրված հյուրերի կողմից օգնություն տրվում էր թե փեսայի, թե հարսի ընտանիքներին։ Ընդունված կարգով ամենաթանկարժեք նվերը մատուցում էր քավորը, որը ավանդաբար կամ փեսայի կնքահայրն էր, կամ նրա որդին։ Փեսայի հայրը հարսի տուն էր ուղարկում մսացու ոչխարներ կամ եզ։
ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀարսենիքը ամենամասսայական տոնահանդեսն էր, որին մասնակցում էին ծեր ու երեխա,
հիվանդ ու հաշմանդամ, անգամ մուրացկանների համար առանձին սեղան էին գցում, հեռվից եկած հյուրերի և քարվանների համար պատրաստում իջևանատեղի։
Բնակավայրի պատվավոր մարդկանց և քավորին հրավիրում էին հատուկ այցելությամբ կամ հետևից կարմիր խնձոր ուղարկելով։
Նախօրոք որոշվում էր հարսնառի օրը (եթե հարսը փեսայի բնակավայրից չէր) և հարսնառի մասնակիցների թիվը։ նախապես ընտրվում էին հարս ու փեսային զբաղեցնող ծաղկոցավորներն (ծաղկվորներ) ու ազապները (մակառներ, թագվորցիներ)։
Բազմաթիվ ծիսական արարողություններով կանայք հավաքվում էին մի օր առաջ և ալյուր էին մաղում հարսանեկան հացի ու գաթայի համար (տաշտամաղ, տաշտադրոնք)։
ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔԾաղկվորները պաշտպանում էին հարսնացուի զգեստները, ագանելիքները և հարդարանքի պարագաները փեսայի շքախմբի անդամների «հափշտակումներից»։ Նրանք լողացնում էին հարսին, հագցնում, հյուսում, հարդարում մազերը։ Արդեն ամունացած մերձավոր կանայք խորհուրդներ էին տալիս, հարսին տրամադրում, նախապատրաստում ամուսնական կյանքի։ Այս բոլորը ուրախ և տխուր երգերի հաջորդական ուղեկցությամբ։
Ազապները ընտրում էին ազապբաշի (մակառապետ), թիկնապահների նման շրջապատում էին փեսային և պաշտպանում նրան անակնկալներից։ Փեսան ոչնչի դիմադրելու իրավունք չուներ, լուռ ու մունջ ենթարկվում էր ընկերների հորդորներին։ Վերջիններս կազմակերպում են փեսայի թրաշվելու, լոգանքի, հագնվելու ծեսերը։ Փեսայի և քավորի կուրծքը զարդարում են կարմիր կամ ճերմակ ծաղիկով, ազապբաշին ձեռքին ունենում է զարդարված ճիպոտ։ Հարսնառի մասնակիցները աղջկա տանը մոտենալիս մեծ աղմուկ էին բարձրացնում, աղջկա կողմի երիտասարդությունը նույնպես աղմուկով ու բացականչություններով էր նրանց դիմավորում։ հարսի բակում հարսնառները պարում են զամբյուղներով, այնքան ժամանակ, մինչև աղջկա ընկերուհիները դուրս են գալիս, նրանց դիմավորում, զամբյուղակիրներին նվերներ մատուցելով, վերցնում հարսնացուին բերած նվերները և տանում ամուսնացող աղջկան։ Մինչև կանայք, քավորկնոջ գլխավորությամբ, երգելով ու բարեմաղթանքներով հարսանեկան հանդերձ են հագցնում հարսին, հարսնառները հյուրասիրվում են քաղցրավենիքով և մրգերով։
ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՍԱՆԻՔԱրդեն պատրաստ, հագած-կապած, քողածածկ հարսնացուի մոտ է առաջնորդվում փեսացուն, ապա մոտենում է աղջկա հայրը և «ձեռք ձեռքի դնելով» դստերը հանձնում է փեսային։ Հարսն ու փեսան կրում են կանաչ և կարմիր ուսակապեր, որպես ջահելության, ավյունի և մաքրության խորհրդանիշ։ Հարսնացուին հայրական տնից հանում են տխուր, հոգեցունց երաժշտության տակ։ Հետդարձի ճանապարհի բազմաթիվ կետերում փակում են ուղին և խանգարում հարսնառի երթը՝ պահանջելով դրամ։
Փեսայի տանը հարսին դիմավորում են ողջագուրումներով և օրհնանքներով, տան շեմին «թագվորն ու թագուհին» ջարդում են ոտքի տակ դրված ափսեները, որպես չարի խափանում և նոր, անփորձանք կյանքի սկզբի ազդարարում։ Փեսայի մայրը նրանց դիմավորում է լավաշով ու մեղրով, ոսկյա զարդերով, նրանց գլխին շաղ են տալիս ծաղիկներ, անուշեղեն, չիր ու չամիչ և ընդեղեն, որպեսզի ամբողջ կյանքում ապրեն քաղցրության, առատության ու լիության մեջ։
gabrielyan_svadba (13)Հարսանեկան արարողությունների ողջ ընթացքում կազմակերպվում էին բազմաթիվ խաղեր ու մրցույթներ, անգամ ընկերական ծեծկռտուքներ։ Ազապներն ու ծաղկոցավորները զարդարում էին հարսանիքը, անընդմեջ պարում և հրավիրում մարդկանց։ Հարսնացուի մոտիկ հարազատները չէին պարում, աղջկա տանը նվագվող պարեղանակները տարբերվում էին տղայի տանը հնչողներից՝ իրենց մեղմությամբ և մելամաղձոտությամբ։ «Ուզունդարան» (ուզին, տարան) հարսի ընդունված մենապար էր, օրիորդները պարում էին «Թուրաջի»(կաքավապար), փեսայի ծնողները հարսի տարիքով բարեկամների հետ պարում էին դանդաղ, արժանավայել «Խնամիների պարը» և այլն։ Տղայի տանը ընդունված պարեղանակներից էին «Քոչարին», «Շալախոն», «Վեր-վերին» և բազում այլ աշխույժ պարեր։
Նախօրոք ընտրված թամադան ավանդական կարգով հիշատակում է հետաքրքիր և բազմախոս կենացներ, խրատում և բարեմաղթում նորապսակներին ու նրանց յոթը պորտը։ Հարսի գիրկն են դնում գերդաստանի որևէ արու մանուկ, որ նա շուտով որդի ունենա։
Շատ բան է փոխվել ժամանակի հոլովույթում, սակայն հայկական հարսանեկան սովորույթները, իրենց էական կողմերով, երբեմն անվերծանելի դարձած խորհրդանիշներով մնացել են նույնն։ Պարզապես որոշ ավանդապաշտ երանգներ տեղի են տվել աշխարհիկ շքեղությունների առաջ։

Երազիկ Հարությունյան

նկարները՝ Ալբերտ Գաբրիելյանի

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top